Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուկաշենկոն հարվածի տակ է դրել Պուտինին, Սերժ Սարգսյանին և Ալիևին

Լուկաշենկոն հարվածի տակ է դրել Պուտինին, Սերժ Սարգսյանին և Ալիևին
21.12.2018 | 02:02

Մեր երկրի հանրությունը և Արցախի ողջ ժողովուրդն արդեն գիտեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սկանդալային, համարյա թե փողոցային հայտարարությունների մասին։ Բելառուսական կոլտնտեսություններից մեկի նախկին նախագահի խոսքի բոլոր գոհարները չեմ կրկնի։ Բայց որոշ բաներ վերհիշենք։ Մոսկվայում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց իբր հետաքրքրություն գրգռող մի պատմություն այն մասին, որ առաջ (Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահ եղած ժամանակ) Մինսկը և Մոսկվան արցախա-ադրբեջանական հակամարտության լուծման առաջարկներ են արել։ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ Լուկաշենկոն իբր ասել է Ս. Սարգսյանին. «Լսիր, նրանք ասում են, որ 7 շրջան եք գրավել։ Սերժ, տուր այդ 5 շրջանը։ Դրանք չվերադարձնելու ի՞նչ պատճառ կա, չէ՞ որ անբնակ են։ Նա ասում է. «Եթե ես վերադարձնեմ, նրանք կկտրեն մեր ճանապարհը, Ղարաբաղը կօկուպացնեն և այլն»։ Ես ու Պուտինը հստակ խոստացանք, որ զորք կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ էինք դա ասում)։ Նա ասաց. «Ոչ, մենք դա չենք անի»։ Այդ ժամանակ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կլինեին և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում։ Դա այն պայմանն էր, որի դեպքում Ադրբեջանը կարող էր մտնել այդ կազմակերպությունների մեջ։ Ինչու՞ հրաժարվեցիք»։


Ինչպես մեկնաբանել Բելառուսի նախագահի այդ խոսքը, և ինչու այն ասվել է հենց այժմ, երբ Ռուսաստանը հանդես է գալիս որպես գլխավոր միջնորդ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Ճիշտ է, Լուկաշենկոն բարձրահունչ հայտարարություններ անելու հակում ունի։ Իսկապես, նրա հայտարարությունները բազմանշանակ են ընկալվում. Սարգսյանն ընդհանրապես չի՞ ցանկացել Բաքվին վերադարձնել հինգ շրջանը, թե՞ չի ցանկացել, որ հակամարտության գոտում հայտնվեն ռուս և բելառուս խաղաղարարները։ Ընդ որում, Բելառուսի նախագահն ակնհայտորեն ընդգծում է, որ Ադրբեջանը դեմ չէր իրադարձությունների զարգացման առաջարկվող սցենարին։ Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովում հետաքրքրություն հարուցող հայտարարություն է արել. «Կարելի է ասել, որ անվտանգության հարցն այսօրվա գագաթնաժողովի կենտրոնական հարցն է։ Բոլոր նախագահներն են դա ասում։ Նույնիսկ մենք` թվում է, թե հանգիստ Բելառուսը, մշտապես այդ մասին ենք խոսում, հաշվի առնելով նաև այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք թաքնված են մեր սահմանների, միութենական պետության սահմանների մոտ արևմտյան պետությունների ու ՆԱՏՕ-ի գործողություններում։ Մանրամասներ չեմ հայտնի, բայց ես և նախագահ Պուտինը առանձնազրույցում քննարկել ենք հենց այդ խնդիրը` ՈՒկրաինայի արևելքի, Մերձդնեպրի, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցերը։ Մենք պետք է ինչ-որ ձևով կազմակերպվենք և լուծենք այդ գորդյան հանգույցը»։


Ըստ ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, դրանով Լուկաշենկոն ուզում է դրդել Ռուսաստանի, Ադրբեջանի գործող և Հայաստանի նախկին նախագահներին, որ արձագանքեն իր հայտարարությանը։ Ինչու՞։ Չէ՞ որ 2017-ի մարտին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Լուկաշենկոն, խոսելով Արցախի մասին, ասել է, թե «դա մեր խնդիրը չէ, իմ խնդիրը չէ», «մենք այնտեղ անելու բան չունենք», «հակամարտող կողմերն իրենք պետք է դա լուծեն»։ Այնուհետև. «Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը տասնամյակներով ոչինչ չի արել և չի անի, մինչև երկու առաջնորդները չնստեն և չասեն` եկեք խնդիրը լուծենք ի շահ մարդկանց»։ Ինչ-որ բան հուշում է, որ Մինսկի այդ ակտիվությունը կարող է վերջերս Մինսկ այցելած Ալիևի հետ ինչ-որ պայմանավորվածության արդյունք լինել։ Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Մինսկը դրանով հայտնում է Ալիևի ու Փաշինյանի ենթադրվող հանդիպման վայրը դառնալու իր հավակնությունը։ Երկրորդ. ԵԱՀԿ Մինսկի խմբի սուր քննադատությամբ Լուկաշենկոն փորձում է հանդես գալ Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանձին։ Չէ՞ որ ոչ նախագահ Պուտինը, ոչ ՌԴ ԱԳՆ-ն դեռ չեն արձագանքել Լուկաշենկոյի` որպես կարգավորման գլխավոր միջնորդի հայտարարություններին, և այդ հարցում, ինչպես սիրում է ասել Լուկաշենկոն, «կան որոշակի ենթատեքստեր»։ Ինչպես հայտնի է, Մինսկի խմբի կազմում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը, համանախագահ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։


Գաղտնիք չեն նաև Ղազախստանի հետ Լուկաշենկոյի, իսկ Թուրքիայի հետ` Ղազախստանի «հատուկ հարաբերությունները», որոնց հիման վրա էլ Լուկաշենկոն ժամանակի ընթացքում դարձավ թրքասեր։ Իսկ Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հետ իր «անձնական» հարաբերությունների մասին կոլտնտեսության նախկին նախագահը, առանց քաշվելու, տարփողում է աջ ու ձախ։ Գաղտնիք չէ, որ Մինսկը և Անկարան ձգտում են համանախագահի կարգավիճակ ստանալ կամ ընդհանրապես փոխել բանակցությունների ձևաչափը։ Ահա և ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարում է, որ «Լուկաշենկոն շատ ավելի ակտիվ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, քան համանախագահ երկրների նախագահները, իսկ Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և ՈՒկրաինայում անհրաժեշտ է «եվրոպավարի, քաղաքակիրթ ձևով կարգ հաստատել»։ Եվ ընդհանրապես, «ԵԱՀԿ-ն կարող է հույս դնել Բելառուսի վրա` որպես եվրոպական տարածաշրջանի անվտանգության գործում օգնություն տրամադրողի», և «Բելառուսի նախագահի առաջարկը (Մինսկում Ալիև-Փաշինյան հանդիպման մասին) համապատասխանում է Ադրբեջանի շահերին»։ Ի դեպ, բելառուս փորձագետներն էլ են կարծում, որ «ղարաբաղյան հակամարտությունը լիովին կարող է դառնալ Մինսկին ինչ-որ չափով շահեկան գործոն»։


Սակայն հարավկովկասյան ուղղությունում Լուկաշենկոյին դժվար թե հաջողվի իր գիծը տանել` լինելով ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև Ռուսաստանի հետ միութենական պետության անդամ։ Չնայած բարդ վիճակներ ստեղծել Մինսկը կարող է։ Բայց դա նա անում է այնպիսի իրադրությունում, երբ Արցախում և նրա շուրջը «ինչ-որ բանի հոտ է գալիս»։ Չարժե նմանվել մի շարք ռուս փորձագետների և այն միտքը պնդել, թե «քաղաքա-դիվանագիտական խաղաղ կարգավորման հոտ է գալիս»։ Չկա նման բան։ Այնուամենայնիվ, ես ուշադրություն եմ դարձնում մեր խորհրդարանական արտահերթ ընտրությունից և Լուկաշենկոյի սկանդալային հայտարարություններից հետո ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի երկրորդ անգամ արած հայտարարությանը։ Ըստ ԶԼՄ-ների, «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հետ դեկտեմբերի 17-ի հարցազրույցում Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի ու Երևանի միջև պայմանագիր է կնքվելու, որը երաշխավորելու է Հայաստանի տարածքում օտարերկրացի զինծառայողների բացակայությունը։ Ըստ Լավրովի, ներկայումս ավարտվում է այդ փաստաթղթի նախապատրաստումը, որը «երաշխավորելու է սպառնալիքների և ռիսկերի բացակայությունը» Հայաստանում օտարերկրացի զինծառայողների ներկայությունից։ Այսպիսով, Լավրովը մեկնաբանեց Երևանի վերահսկողության տակ գտնվող տարածքում ամերիկյան կենսալաբորատորիաների (Պենտագոնի խնամակալության տակ գտնվող) տեղաբաշխման հարցը։ Գուցե Լավրովի խոսքում կան նաև այլ ազդանշաններ, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանում ոչ այն է` երեք, ոչ այն է` վեց ամերիկյան ռազմական կենսալաբորատորիաներին։


Առաջին անգամ Լավրովն իրավիճակին անդրադարձավ, երբ դեկտեմբերի 14-ին Բաքվում Իլհամ Ալիևի հետ բանակցության ժամանակ ասաց հետևյալը. «Ես գիտեմ, որ Դուք շփումներ եք ունեցել Հայաստանի վարչապետի հետ, իմ գործընկեր և բարեկամ Էլմար Մամեդյարովը շփվել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Եվ այսօր մենք չափազանց շահագրգռված ենք լսելու Ձեր գնահատականները, թե ինչպիսին եք տեսնում առաջընթացը։ Ցանկանում ենք, որ այդ կարգավորումը լինի արդարացի և փոխադարձ ընդունելի հիման վրա։ Ռուսաստանը` և իր ազգային որակով, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամեն ինչ անելու է այդ պայմանավորվածությունների ձեռքբերմանը նպաստելու համար»։ Հետո, արդեն լրագրողների հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ, Լավրովը հավելեց, որ ադրբեջանական կողմը անկեղծորեն տրամադրված է կարգավորման բանակցությունները շարունակելուն, և այդ մասին «շատ երկար ու մանրամասն զրույց է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։ «Մենք զգացինք նրա անկեղծ շահագրգռությունը, որ վերականգնվեն բանակցությունները, որպեսզի փնտրվեն կառուցողական լուծումներ,- ասաց Լավրովը։- Ռուսաստանը, որպես Ադրբեջանի և Հայաստանի մերձավոր գործընկեր և Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն փոխզիջման հասնելու համար»։ Նա նաև հույս հայտնեց, որ նոր կառավարության ձևավորումից հետո հայկական կողմը պատրաստ կլինի բանակցային գործընթացը վերականգնելուն։


Հիշենք` թե ընդհանրապես, թե Երևանում երբ լուրեր ու ասեկոսեներ եղան, իբր Ռուսաստանը պարտադրում է, որ իր խաղաղարարները մտնեն Արցախ։ Եվ իբր հնարավոր է, որ բելառուսներ էլ լինեն։ Դա մոտավորապես 2011-ին էր, այն թվին, երբ տխրահռչակ «Կազանյան փաստաթուղթը» հետաձգվեց, ինչպես ասում էր Լավրովը, այն պատճառով, որ «վերջին պահին» Իլհամ Ալիևն «ինչ-որ տեղից» հանեց «10 կամ 12 նոր կետ»։ Վերջ։ Վերջացա՞վ «Կազանյան փաստաթուղթը»։ Վերջացան և «հակամարտության գոտում ռուսների և բելառուսների» մասին խոսակցությունները։ Դժվար է հասկանալ, թե 7 տարի հետո այդ ինչ է «վերհիշում» Լուկաշենկոն և ինչ որոշակի պատճառով։ Ինձ չի լքում այն զգացողությունը, որ Ռուսաստանի հետ Բելառուսի նախագահը ոչինչ չի համաձայնեցրել, այլապես ավելի առարկայական խոսակցություն կլիներ։ Դրա փոխարեն նա կարող էր իր ելույթը հեշտությամբ համաձայնեցնել Ալիևի, Թուրքիայի և Ղազախստանի հետ։ Եվ պետք է հիշել. Արցախի խնդիրները և Հայաստանում ամերիկյան ռազմական կենսալաբորատորիաները միացնող օղակը Լավրովի այն խոսքն է, որ պայմանագիրը երաշխավորում է Հայաստանի տարածքում օտարերկրացի զինծառայողների բացակայությունը։ Ոչ ոք ոչինչ չի՞ զգում։ Իզուր։ Լավրովի ասածը Կասպից ծովի և Մերձկասպքի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի միջև համեմատաբար վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն է։ Դա Իրանի այն պահանջների արտացոլումն է, որ միջազգային-իրավական մակարդակով ամրագրվի և պահպանվի արտատարածաշրջանային ուժերի չմասնակցությունը այս կամ այն հարցում, ինչը բացառում է արտատարածաշրջանային երկրների զինվորականների ներկայությունը Մերձկասպքում, և ոչ միայն այնտեղ, այլև Իրանի նախկին իրանա-խորհրդային սահմանի ողջ երկայնքով։


Հետևաբար, շուտով Հայաստանի հետ նման պայմանագիր կնքելու մասին Լավրովի հայտարարությունը նշան է, որ Ռուսաստանը հիշում և հարգում է տարածաշրջանում Իրանի անշեղ պահանջները։ Բայց, ըստ այդ սկզբունքի, Բելառուսը նույնպես արտատարածաշրջանային երկիր է։ Նշանակում է` Լուկաշենկոն, ինչպես միշտ, իզուր է անտեղի ձեռուոտ ընկնում։ Մոսկվայում նրանից վաղուց «չեն նեղանում»։ Կարծում եմ, որ Հայաստանում մենք էլ չպետք է ուշադրություն դարձնենք Լուկաշենկոյի սարքած սադրիչ «տեղեկատվական արտահոսքերին»։ Այնուամենայնիվ, հնարավոր չէ թաքցնել այն պարզ իրողությունը, որ Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք ոչ մի Լուկաշենկո չէր համարձակվի իրեն պահել շուկայական կիսագրագետ պառավի նման։ Եվ այն, որ նա իրեն հենց այդպես է պահում, մեր մեղքն է, ոչ թե Լուկաշենկոյի. մենք ենք նրան տվել այդ հնարավորությունը։ Իսկ ընդհանրապես, կոլտնտեսականը պարզապես հարվածի տակ է դրել Պուտինին, Սերժ Սարգսյանին և Ալիևին, չնայած չի բացառվում, որ դա արել է հենց «Ապշերոնի խանի» հետ համաձայնեցրած։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ