Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյան. Հայաստանը իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը

Արմեն Սարգսյան. Հայաստանը իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը
08.01.2019 | 10:47

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ,
Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումների:


Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և նոր կառավարություն: Նրանց գործունեության հաջողությունը մեծապես կախված է լինելու Հայաստանի քաղաքացուց: Քաղաքացու աջակցությունից և հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին նրա ակտիվ մասնակցությունից:
Հայաստանը իրոք կարո՛ղ է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում: Սակայն այդ ուղին հեշտ չի լինելու:
Կլինեն նաև դժվարություններ, հաճախ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողություններով:
Եվ ես բոլորիս մաղթում եմ սթափություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և հանդուրժողականություն:
Սրանք են հաջողության հասնելու բանալիները:


Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը շարունակելու են գերակա լինել մեր կյանքում:
Մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդյան վայրից, ունենք մեկ Հայրենիք: Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով: Մենք պետք է հոգ տանենք ազգային ինքնության հիմնասյուների՝ մեր մշակույթի, կրթության, հոգևոր և ընտանեկան արժեքների մասին:
Այս գործում առանցքային դեր է կատարում մեր Սուրբ Եկեղեցին:
Պետք է ավելի հոգատար լինենք մեր պատմական և ազգային ժառանգության, մեր բնության, գյուղի, քաղաքի և ընդհանրապես մեր երկրի նկատմամբ:


Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին՝ սահմանում կանգնած զինվորի և սպայի, շտապ օգնության մեքենայում և հիվանդանոցում հերթապահող բժշկի, ծառայություն իրականացնող ոստիկանի, հրշեջի, հացթուխի և տաքսու վարորդի, գյուղացու և բանվորի, գիտնականի, արվեստագետի և մյուսների:
Հատկապես մտահոգված եմ դժվար ապրող ընտանիքների համար:
Նրանց, որ դեռ տուն չունեն, նրանց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում: Մտահոգ եմ վիրավորների, հիվանդների համար:
Մաղթում եմ հոգսերի թեթևացում: Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները: Թող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը:


Մեզ բոլորիս պետք է առաջնորդի հետևյալ նշանաբանը. «Կարողացել են ուրիշները՝ կարող ենք նաև մենք, չի կարողացել ոչ ոք աշխարհում՝ մենք կլինենք առաջինը»:
Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, մեր ընտանիքներին՝ առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն, մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, տարեցներին՝ արժանապատիվ հանգիստ:
Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրը, ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհի յուրաքանչյուր հայ կարողանա երազել և իրականացնել իր երազանքները:
Շնորհավոր Նոր տարի:

Դիտվել է՝ 2455

Մեկնաբանություններ