Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ստանիսլավ Տարասով. Փաշինյանը` Ալիևի գրկում

Ստանիսլավ Տարասով. Փաշինյանը` Ալիևի գրկում
24.01.2019 | 13:07

Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումը: Կողմերը «կարծիքներ են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի ու հետագա քննարկումների մասին»` ըստ Փաշինյանի: Նրա հաղորդմամբ` «հանդիպումւ տևել է մոտ ժամուկես», որ նույնիսկ ամենահամեստ դիվանագիտական չափանիշներով քիչ չէ:

Նախօրեին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցել են Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները, հանդիպումը տևել է 4 ժամ: Բանակցողները չհրապարակայնացրին սկզբունքները, որոնց վրա կառուցվում է բանակցային բազան: Որոշ փորձագետներ վստահ են, որ խոսքը 2016-ի ապրիլին պետերբուրգյան պայմանավորվածությունների իրագործման մասին է, որոնցով նախատեսվում է հակամարտող կողմերի շփման գծում վերահսկողության համակարգի տեղակայում և միջազգային դիտորդների հայտնություն: Սակայն Ալիևի ու Փաշինյանի` Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունից հետո առաջնագծում լարվածությունը նկատելի նվազել է, ինչպես և պետերբուրգյան պայմանավորվածությունների նշանակությունը: Ավելին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, որ Փարիզում ի թիվս այլ հարցերի քննարկվել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար որոշակի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հարցը, նաև կարևորվել են տարածաշրջանի տնտեսական ներուժի օգտագործման կողմերի փոխշահավետ նախաձեռնությունները, ակնհայտ է դառնում, որ արդեն կա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման կոնկրետ սցենար և կողմերը առարկայական քննարկում են անում, իսկ գուցե առևտուր:


Բոլոր նշաններով` Դավոսում Ալիևն ու Փաշինյանը դիրքորոշումներում որոշակի սրբագրումներ են արել, որ առաջ տանեն բանակցային գործընթացը փետրվարին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որին կարող է հետևել Ալիև-Փաշինյան պաշտոնական հանդիպումը, որն անպայման կավարտվի ինչ-որ կոնկրետ, բայց միջանկյալ համաձայնագրի ստորագրումով: Պարզ է, որ ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի պահպանվի: Բաքուն ու Երևանը, շրջանցելով Ստեփանակերտը, գնում են փոխադարձ զիջումների: Պարզ է, որ այս փուլում Ադրբեջանը ակնկալում է շրջանների մի մասի վերադարձը իր վերահսկողության տակ, այլապես հազիվ թե այդպես իր «դիվանագիտական գիրկն» առներ Հայաստանին: Տարածքային ամբողջականության սկզբունքից Ալիևի ցանկացած հետքայլ հանգեցնելու է հեղինակության ու նույնիսկ լեգիտիմության կորստի Բաքվում: Այդ պատճառով հայ քաղաքագետներն ու փորձագետները, որ մինչև այժմ վստահություն են հայտնում, որ «Հայաստանը երբեք չի գնա Ադրբեջանին տարածքային զիջումների առանց Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակ որոշարկման», ռոմանտիկ պատրանքների գերի են: Ստեփանակերտի կարգավիճակն ու մասնակցությունը բանակցություններում իբրև կոնֆլիկտի կողմ, որ նախկինում հայտարարում էր Փաշինյանը, հիմա արդեն Երևանն էլ չի դիտարկում: Գործընթացի տրամաբանությունը, որի մեջ ներքաշվել է Փաշինյանը, արդեն նրան թելադրում է որոշակի քայլեր ղարաբաղյան ուղղությամբ: Պարզ չէ, թե ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ Բաքուն` դա առաջին: Երկրորդ` փաստացի Ադրբեջանը խաղը վարում է Թուրքիայի հետ համատեղ` Հայաստանի համար նախապատրաստելով փաթեթային համաձայնագիր: Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Անթալիայում ուսանողների հետ հանդիպմանը, «հանկարծ» հիշեց Հայաստանին ու ասաց. «Գոյություն ունեցող որոշ խնդիրների լուծման համար պետք է նախաձեռնող լինել:

Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանել: Այսօր, երբ Ղարաբաղի կոնֆլիկտը կա, կայունություն ապահովել Կովկասում ու նորմալացնել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, հնարավոր չէ: 2019-ին մենք առավել հետևողական ենք լինելու այս հարցերում»:

Առաջ Անկարան նույն կերպ, բայց պատճառաբանված արձագանքում էր Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի կոչերին: Ի՞նչ է հիմա կատարվել: «Ազատության» հայկական ծառայությունը հաղորդեց, որ Թուրքիայի իշխանություններ թույլատրել են երկրում բացել հայկական առաջին հեռուստաալիքը` Luys-ը («Լույս»): Հեռուստաալիքը հգործի մարտից և շուրջօրյա հաղորդումներ կհեռարձակի հայերեն, մասնակի` թուրքերեն: Հետաքրքիր է` որքա՞ն քաղաքացիներ ունի այսօր Թուրքիան, որ տիրապետում են հայերենին և ինչու՞ է իշխանությունը այդքան բարձր ուշադրություն դարձրել նրանց: Հավելեք, որ Շվեդիայի ԱԳՆ-ի աջակցությամբ Թուրքիայում հրապարակվել է երկրի պատմության մեջ թուրքերեն առաջին ուղեցույցը Հայաստանով, որ հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով: Գրքույկի հեղինակներն իրենց հայրենակիցներին կոչ են անում ուշադրություն չդարձնել փակ սահմանին, այցելել ու ծանոթանալ, ճանաչել հարևան երկիրը: Սիմոն Կարախանյանը այսպես բացատրեց. «Նիկոլ Փաշինյանի կառավարումը (չնայած Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Թուրքիայի նեոօսմանական միտումներին) բոլոր շանսերն ունի առաջընթաց արձանագրել Թուրքիայի հետ հարաբերություններում և հասնել այնպիսի կարգավորման, որ կլինի հասարակության պահանջը, այլ ոչ վերջից պարտադրված», «Ժողովուրդները կխոսեն մշակութային մեկ, միմյանց հասկանալի լեզվով և սահմանների բացումը ինքնըստինքյան հասկանալի կդառնա, իսկ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը` անհրաժեշտ: Այս խնդրի լուծումը լիովին հնարավոր է, որովհետև հիմա ստեղծված են բարենպաստ պայմաններ: Երիտասարդ քաղաքական գործիչների, քաղաքագետների, հասարակական գործիչների նշանակալից մասը, որ աջակցել են իշխանափոխությանը Հայաստանում, այսօր վաստակել են պատգամավորական մանդատ, աշխատում են կառավարությունում, գերատեսչություններ են ղեկավարում»:


Այսինքն` քանի դեռ Բաքուն ու Երևանը նախապատրաստում են «ժողովուրդներին խաղաղության», Անկարան ձեռնամուխ է եղել իրագործմանը: Այդ պատճառով կասկած չկա, որ Ալիևի ու Փաշինյանի համաձայնության հասնելու դեպքում, հաջորդ քայլը լինելու է Թուրքիայի խորհրդարանում 2009-ի հոկտեմբերին ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը, որ նախատեսում էին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում ու սահմանի բացում, որը աշխարհաքաղաքական իրավիճակ կփոխի Անդրկովկասում, նաև` Մերձավոր Արևելքում: Երևանը կհայտնվի Բաքվի ու Անկարայի միջև սեղմված վիճակում` մանրևի բոլոր հնարավորությունները ղարաբաղյան ուղղությամբ հեշտորեն կփակվեն: Ադրբեջանը շտապում է կոնֆլիկտի արագ կարգավորմանը` ակնհայտ պատճառներով` իր անվտանգությունից ելնելով: Հնարավոր ռազմական գործողություններն Իրանի դեմ իր սահմանների երկայնքով Բաքվի համար անմիջական վտանգ են հարավից, կարող են հանգեցնել Ռուսաստանի, ոչ թե Թուրքիայի դերի ուժեղացմանը: Իսկ ու՞ր է շտապում Երևանը: Նախորդ ղեկավարությունը կասկածի տակ չէր առնում Ռուսաստանի հետ դաշինքային քաղաքականությունը, նոր ղեկավարությունը հավասարակշռում է` գտնելով, որ Լեռնային Ղարաբաղն իր համար աքիլեսյան գարշապար է, որ պետք է արագ բուժել, բայց այնպես, որ երկրի ներսում հասարակական կտրուկ զայրույթ չառաջացնի: Ալիևը, իբրև բավականաչափ խելացի ու փորձված քաղաքական գործիչ, ամեն ինչ հասկանում է, ուստի պետք է կարծել, որ կօգտագործի քայլ առ քայլ դիվանագիտության հնարքները` իրավիճակը հասցնելով այն պահին, երբ Երևանն արդեն հետդարձ չի ունենա: Նա Փաշինյանի հետ լուրջ խաղ է սկսել և բավականին հաջող էլ վարում է: Տեսնենք` ի՞նչ կլինի հետ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իսկ հետո ոչինչ չի լինի, որովհետև նման հրապարակումները ընդամենը ռուսական հերթական սադրանք կամ շանտաժ են` իրենց անհրաժեշտության թեման ամրապնդելու համար ու Լավրովի պլանի վարիացիաներն են: Ըստ տարասովյան սցենարի` հետո Նիկոլ Փաշինյանը լայվ կմտնի ու հուզված կասի` ժողովուրդ ջան, հասավ այն պահը, երբ ես կարող եմ ձեզ պատմել այն, ինչ առաջ չէի կարող պատմել` դուք էլ եք հասկանում` ինչու՞: Այս կետում մի 5 րոպե կպատմի իր տվայտանքների մասին, հետո միանգամից կասի` ես ու Իլհամ Ալիևը եկել ենք համաձայնության, որ հանձնում ենք մի քանի շրջան ու միջանկյալ համաձայնագիր ենք կնքում, որ Ադրբեջանը այլևս չի կրակում, այսինքն` խաղաղություն է լինելու մեր սահմաններին: Ու դա շատ կարևոր քայլ է, որովհետև հաջորդ քայլով մենք անդրադառնալու ենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին: Ժողովուրդ ջան, հիմա դիմում եմ ձեզ` ի՞նչ անենք, ոնց ասեք` այնպես կանենք, որովհետև իշխանությունը Հայաստանում ժողովրդինն է: Եվ ժողովուրդը նրան կասի` հեռացիր, ու իշխանության կվերադառնան նրանք, որ հողեր Ադրբեջանին չտվեցին: Սա Կրեմլի բյուրեղյա երազանքն է: Եթե Ալիևը չի կարող հետքայլ անել, որովհետև վտանգում է իր լեգիտիմությունը, հետքայլ չի կարող անել և Փաշինյանը իր ողջ լեգիտիմությամբ: Սա արդեն չափազանց լուրջ խնդիր է` օտարազգի փորձագետի հրապարակմանը թողնելու համար, որ միանշանակ իր թեմաներն ու մեկնաբանությունները տեղավորում է ՌԴ ԱԳՆ-ի, գուցե նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի գծի մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ