Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարպետ փոքրիկները՝ Սպենդիարյանի տանը

Վարպետ փոքրիկները՝ Սպենդիարյանի տանը
26.04.2019 | 13:37

Երևանի առաջին երաժշտական-հուշային թանգարանը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն է՝ Նալբանդյան 21 հասցեում։ Այն իր գործունեության 52 տարիներին առանձնացել է ինքնատիպ, շարունակական և ժամանակին համահունչ ձեռնարկների շնորհիվ¸ որոնք նպաստել են մայրաքաղաքի կրթամշակութային միջավայրն ամբողջացնելուն։ Տուն-թանգարանը, հավատարիմ մնալով իր այս գործելակերպին¸ տարեսկզբից ձեռնարկել է «Վարպետ փոքրիկները» մենահամերգների շարք՝ ի նշանավորումն Երևանի առաջին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի գործունեության 90-ամյակի։ Համերգաշարը ոչ միայն կոմպոզիտորի անունը կրող երկու հաստատությունների տասնամյակներով ամրապնդված համագործակցության նոր ձևաչափ է, այլև պատանի տաղանդաշատ երաժիշտներին ներկայացնելու հարթակ, հասարակությանը և հատկապես դեռահասներին բարձրակարգ երաժշտությանը առնչակից դարձնելու ձեռնարկում։


Չնայած «Վարպետ փոքրիկները» համերգաշարը կշարունակվի ողջ տարին, բայց այն կարելի է հաջողված համարել արդեն այսօր։ Մեծ սիմֆոնիստի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող դպրոցի ազգային նվագարանների բաժնի քանոնի դասարանի մի քանի սաների՝ 9-ամյա Էլենա Մկրտումյանի, 15-ամյա Ելենա Թորոսյանի, 14-ամյա Գրետա Վարդանյանի մենահամերգները անցել են տուն-թանգարանի լեցուն դահլիճում և արժանացել ունկնդիր-հանդիսատեսի զարմացական ու ոգևորիչ գնահատականներին։ Բոլոր նրանք, և իրենց մենահամերգներին մասնակցած մյուս պատանի երաժիշտները՝ Քրիստինե Ենգոյանը, Մերի Մուսինյանը, Լիլիթ Պետրոսյանը, Միլենա Մկրտումյանը ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի սաներն են և բացի պրոֆեսիոնալիզմին հասնելու ճանապարհը մեծ քայլերով կտրելուց¸ ունեն մի քանի անշեղ ընդհանրություններ՝ աշխատասիրություն, համառություն, կամք, բարձր պատասխանատվություն, ճիշտ ինքնագնահատական ու համեստություն, որոնք ներկայացնում են որպես իրենց հաջողությունների գրավական։ Քանոնահարուհիներն առաջին հերթին և մեծ երախտագիտությամբ ընդգծում են Ծովինար Հովհաննիսյանի վճռորոշ դերակատարությունը իրենց հաջողությունները տարեց տարի ամրագրելու և շարունակաբար ընդլայնելու հարցում։


Ծովինար Հովհաննիսյանի դերակատարությունն ակնառու է ինչպես քանոնին դպրոցի զարգացման, այնպես էլ Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության հանրահռչակման հարցումերում։ Նրա բոլոր սաները կատարում են մեծ սիմֆոնիստի գործերից, որոնց փոխադրումը քանոնի համար հեղինակում է ինքը՝ ԵՊԿ պոֆեսորը։
Իսկ «Վարպետ փոքրիկները» համերգաշարի հաջողության գրավականը կլինեն շարունակականությունը և այլ երաժշտական ու արվեստի դպրոցների սաների ներգրավումը։ Ի դեպ համերգաշարի արդեն առկա հաջողությունը ապահովել է որոշակի շարունակականություն և հաջորդ մենահամերգը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 13։00-ին։ Այս անգամ հանդես կգա կոմպոզիտորի անվան դպրոցի մեկ այլ սան՝ 11-ամյա ուդահար Էդուարդ Գրիգորյանը (դասատու՝ Անահիտ Մամիկոնյան)։


Յուրաքանչյուր մենահամերգ իր հետ բերում է նաև նոր ունկնդիր-հանդիսատես¸ իսկ համերգեշարի աշխարհագրական ու մասնագիտական ընդլայնման համար Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն արդեն ձեռնակրում է հատուկ քայլեր և շատ շուտով հանրությանը կտեղեկացնի սպասվելիք մենահամերգների մասին։ Տուն-թանգարանը հակված է նաև առաջարկների ու նոր համագործակցությունների։

Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ