Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավաճանությու՞ն, թե՞ փրկություն

Դավաճանությու՞ն, թե՞ փրկություն
21.06.2019 | 02:24

Գեղասահքում մարզիչների ու մարզիկների առանձնակի հարաբերություններ են, ու այս մարզաձևի յուրահատկություններից մեկն էլ սա է։ Այստեղ մարզիչը պարզապես մանկավարժ ու մոտիվատոր չէ, այլև ընտանիքի լիարժեք անդամ, որը երբեմն փոխարինում է գեղասահորդի ամենամտերիմ մարդկանց։ Սակայն լինում է, որ այդ սերտ կապը ճաք է տալիս, կտոր-կտոր լինում, ու մարզիկը գնում է այլ մարզչի մոտ։

«11 տարի միասին ենք ու էլի միասին ենք լինելու»,- օլիմպիական խաղերից անմիջապես հետո ասում էր Եվգենյա Մեդվեդևան իր ու մարզչի՝ Էթերի Տուտբերիձեի հետ փոխհարաբերությունների մասին։ Երկու ամիս անց Ժենյան գնաց նրանից հնարավորինս հեռու՝ փոխելով անգամ բնակավայրը, ու սույն քայլի մոտիվները մինչև այժմ էլ քննարկում են մարզաշխարհում ու լրատվամիջոցներում։
«Առայժմ իմ ապագան անորոշ է, սակայն շուտով ես ուղղություն կվերցնեմ արտասահմանյան մարզական ճամբար։ Ես ուզում եմ ավելի հեռուն գնալ (նկատի ունի մարզական ձեռքբերումները՝ Մ.Հ.),- սա արդեն Շոմա ՈՒնոն է, որը հայրենական սահադաշտից գնաց արձակուրդ ու այնտեղից ուղղություն վերցրեց... Ռուսաստան։
Ինչու՞, ինչու՞ են մարզիկները փոխում մարզիչներին։

ԽԱՆԴ ԵՎ ՄԱՐԶՉԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ


Մեդվեդևան ու Զագիտովան լույս աշխարհ էլ չէին եկել, երբ կատարյալ դրաման ցնցում էր մարզաշխարհը։ Գլխավոր դերակատարներն այն ժամանակ տղամարդկանց մենասահքում աշխարհում լավագույն մարզիչ Ալեքսեյ Միշինն ու նրա երկու սաներն էին՝ Յագուդինն ու Պլյուշչենկոն։ Ի միջի այլոց, հիշողության հետ խնդիրներ չունեցող մարզասերը պիտի որ հիշի այս մասին տարիներ առաջ այս նույն թերթի էջերում հրապարակված մեր ծավալուն նյութը, որն, ի դեպ, ջերմ ընդունելության արժանացավ իր խորքային վերլուծության համար (ի՞նչ կլինի, որ մի քիչ էլ մենք գլուխ գովենք, մանավանդ որ ասածս հիմնազուրկ չէ)։
Երկու մարզիկն էլ աներևակայելի օժտված էին ու աներևակայելի ամբիցիոզ, իսկ օլիմպիական ոսկե մեդալը մեկն էր։ Ընդունված է ասել, որ Յագուդինը մարզչից հեռացավ ավելի պակաս ուշադրության արժանանալու պատճառով, սակայն մարզիչ-մարզիկ հարաբերությունները սրվել են անհամեմատ ավելի վաղ՝ նախքան Պիտերում Պլյուշչենկոյի հայտնվելը։

ՅԱԳՈՒԴԻՆՆ ԸՆԴԴԵՄ ՊԼՅՈՒՇՉԵՆԿՈՅԻ


Խորապես վստահելով ընթերցողի հիշողությանը, այնուամենայնիվ, այս պատմությունը վերաթարմացնենք, մանավանդ որ դիտարկման մեկ այլ անկյունից ենք քննության առնելու։
Միշինի խմբում Յագուդինը միանգամայն անակնկալ հայտնվեց։ Նրա մարզիչը՝ Ալեքսանդր Մայորովը, Շվեդիայում աշխատելու հրավեր էր ստացել, սակայն ֆինանսների բացակայության պատճառով Լյոշան նրան չէր կարող ընկերակցել։ Մայորովն իր տաղանդավոր սանին առաջարկեց Միշինին, ում մոտ երիտասարդ տարիներին ինքն էլ էր մարզվել։ Մարզչական աշխարհի հանճարը համաձայնեց, ու այդպես Յագուդինը հայտնվեց ապագա օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ ՈՒրմանովի հետ նույն խմբում։
Սկզբում պատանյակը հիացքի մեջ էր ՈՒրմանովի հետ նույն խմբում մարզվելու համար։ Վերջինս նրանից մեծ էր յոթ տարով, ու ոչ մի մրցակցության մասին խոսք չէր կարող լինել։ Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ 1994-ի Բարի կամքի խաղերին, որտեղ Յագուդինին վերջին պահին տեղ տվեցին հավաքականում։ Ալեքսանդր Աբտի փոխարեն։
Մանրամասների մեջ չմտնենք, միայն կարճ ասենք, որ ձախողման համար Յագուդինը մեղադրում է Միշինին։ Այդ պահից սկսած՝ նրա մոտ անպատասխան հարցերի շարան էր ամենագլխավորով՝ ինչու՞ Միշինն իրեն պակաս ուշադրություն է դարձնում։ Սակայն նրա ամենախոշոր բացահայտումն այն էր, որ տանուլ է տվել բոլոր այն մրցաշարերում, որտեղ հանդես է եկել ՈՒրմանովի հետ։ Միտքն այն, որ իր հաջողությունը պայմանավորված է ավելի հեղինակավոր ՈՒրմանովի անհաջողությամբ, նրան հունից հանում էր նաև այն պատճառով, որ խմբում հայտնվել էր նորեկ՝ տակավին պատանյակ, որը հաղթանակ հաղթանակի հետևից էր տոնում։ Այդ նորեկի անունն էր Ժենյա Պլյուշչենկո։
Բարի կամքի խաղերից հետո Յագուդինը ձախողվեց նաև 1998-ի օլիմպիադայում։ Սա ավելի քան լարեց մարզչի հետ ունեցած առանց այն էլ լարված հարաբերությունները։ Հաջորդ հարվածը ղեկավարության որոշումն էր՝ նրա փոխարեն Պլյուշչենկոյին ուղարկել աշխարհի առաջնություն։ Այստեղ նույնպես բավականին մանրամասներ բաց թողնենք, մանավանդ որ դրանք ընդամենը մեզ կշեղեն ընդհանուր թեմայից։ Ի վերջո, Ալեքսեյը հայտնվեց Տարասովայի խմբում, որը, եթե անկեղծ, մարզական առումով Միշինից ավելին չէր կարող տալ մարզիկին, իսկ, այ, մայրական հոգատարության կտրվածքով՝ արդեն կներեք։
Չերկարացնենք։ 2002-ի օլիմպիական խաղերն Ալեքսեյ Յագուդինն ավարտեց ոսկե մեդալով, ու նրա միակ մրցակիցը Եվգենի Պլյուշչենկոն էր՝ Ալեքսեյ Միշինի ոսկե տղան, որը, այդուհանդերձ, տանուլ տվեց այդ պայքարը։

ՀԱՆՈՒՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՐԶՄԱՆ


Հեշտ ու հաճելի է խմբում գլխավոր աստղ լինելը, սակայն նման տարբերակը բոլորի համար չէ. ոմանց աճելու մղում են կատաղի մրցակցությունն ու մարզչի ուշադրությունը։ Այս առումով, այնուամենայնիվ, փայլուն օրինակ է Տուտբերիձեի թիմը, որտեղ Լիպնիցկայան սովորում էր Շելեպենից (աղջնակն օլիմպիական չեմպիոն դարձավ մարզչից հեռանալուց ամիսներ անց), Մեդվեդևան աչքի պոչով հետևում էր այդ նույն Լիպնիցկայային, Զագիտովան փորձում էր հասնել ու նմանվել Մեդվեդևային, 13-ամյա Վալիևան, որը մի քանի վառ անհատականությունների հետ ռուսական գեղասահքի հույսն է համարվում, հիացած է Զագիտովայով։
Մի հետաքրքիր բան էլ ասենք ու, այսպես ասած, հեռանանք Տուտբերիձեից։ Նրա գլխավորած մարզչական խորհրդում առաջատար գեղասահորդներ չկան, սակայն փոխարենը կան Մեծ թատրոնի անվանի դերասանուհի ու ոչ պակաս անվանի պարուսույց։

ՄԱՐԶՉԻՑ ՀԵՌԱՆԱԼԸ ՄԻ՞ՇՏ Է ԱՐԴԱՐԱՑՎԱԾ


Մարզչից հեռանալը միշտ չէ, որ պատմություն է երջանիկ ավարտով։ Երբ Ադելինա Սոտնիկովան Ելենա Բույանովային կարճ հաղորդագրություն ուղարկեց նրանից հեռանալու մասին, մարզչի համար դա բնավ էլ անակնկալ չէր. մարզուհին արդեն մի քանի ամիս է, ինչ անհետացել էր նրա տեսադաշտից՝ նախապատվությունը տալով աշխարհիկ կյանքի վայելքներին ու մրցակցային ոգուց զուրկ միջոցառումներին։ Բույանովայից հեռանալուց հետո Ադելինան անդամագրվեց Պլյուշչենկոյի խմբին, որն այն ժամանակ սկսնակ մարզիչ էր ընդամենը։ Ավելի բան չասենք։ Միայն հավելենք, որ Սոտնիկովան այդպես էլ չերևաց այլևս մարզական երկնակամարում, թեպետ իր բազմաթիվ հարցազրույցներում մի գլուխ խոսում էր գեղասահքի բոլոր հնարավոր ու անհնար ոսկիները նվաճելու մասին։
Ինչ վերաբերում է մարզչական աշխարհում քայլելու հայտ ներկայացրած Պլուշչենկոյին, մարզասերը պիտի որ հիշի, թե նույն Պլյուշչենկոյով ինչ ակցիա արեցին Հայաստանում, ու ինչ թեթևությամբ մոռացության տրվեց այդ անհեռանկար քայլը։
Ինչևէ։ Եթե փորձենք յուրաքանչյուր հարցի մեջ խորանալ, այդպես էլ տեղ չենք հասնի, իսկ առջևում ահռելի ասելիք կա ու նույնքան ահռելի տագնապ, որ հարկադրված ենք լինելու փոխանցելիքում կցկտուր լինել, քանի որ այն թերթային մեկ համարում ասելիք-ավարտելիք բան չէ։
Օլիմպիադա-2014-ի մյուս հերոսի՝ Յուլյա Լիպնիցկայայի հեռանալը մարզչից ու ՈՒրմանովի խմբում հայտնվելը նույնպես հարթ չստացվեց։ Սկիզբը լավ էր, ընթացքը՝ վատ։ Եթե չասենք՝ աղետալի։ Մարզուհու ձեռք բերած հիվանդությունների մասին չխոսենք, թեպետ նա հավատացնում է, որ դրանք կային մինչև տեղափոխությունը։ Դարձյալ կարճ կապելով՝ ասենք, որ նա էլ վաղուց չկա մեծ սպորտում, մեկ-մեկ ընդամենը երևում է շոուներում։
Եվս երկու մարզիկ անցավ Տուտբերիձե-Բույանովա երթուղին։ Խոսքը Պոլինա Ցուրսկայայի ու Ադյան Պիտկեևի՝ տաղանդավոր, սակայն առողջության հետ խնդիրներ ունեցող մարզիկների մասին է։ Նրանք երկուսն էլ հիմա սպորտում չեն։

ՈՂՋ ԿԱՐԻԵՐԱՆ ՄԵԿ ՄԱՐԶՉԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱ՞ՄԲ


Իսկ ինչու՞ ոչ։ Ամենավառ օրինակը վերևներում արդեն այնքան շատ հիշատակված Պլյուշչենկոն է։ Միշինի գլխավորությամբ նա անցավ չորս օլիմպիադա։ «Շատերն էին հարցնում ինձ՝ չե՞մ հոգնել սահելուց։ Ալեքսեյ Նիկոլաևիչի հետ մարզվելուց ես երբեք չեմ հոգնել, որովհետև ամեն անգամ ամեն ինչ եղել է նորովի։ Նա մեծագույն մարդ է, գեղասահքի մեծագույն վարպետ, սառույցի վարպետ ու կախարդ»,- սրանք Պլյուշչենկոյի խոսքերն են։
Միշինի խմբում մեկ այլ երկարակյաց էլ կա։ Խոսքը Լիզա Տուխտամիշևայի մասին է, որը, եթե անկեղծ, շատ ավելիին հասնելու բոլոր հնարավորություններն ուներ, պարզապես մարզական բախտն էր կամակոր նրա նկատմամբ։ Հիշենք, թե ինչպես ցավալիորեն նա բաց թողեց Սոչիի օլիմպիադան։ Ինչևէ։ Սա էլ նրան բաժին հասած բախտն էր։ Կամ՝ խաչը։ Որին ուզում եք, դրան էլ նախապատվություն տվեք։
Հետաքրքրական կլինի նշել, որ նախկինում Միշինը հրաժարվել է աղջիկ մարզուհի վերցնելուց։ Լիզան նրան հմայել էր թռիչքային տեխնիկայով։
Մի մարզչի մոտ պարապելու վառ օրինակ է և Աննա Պոգորիլայան, թեպետ Աննա Ցարյովայի հետ նրա հարաբերությունները միշտ էլ սահմանային են եղել, ու միշտ էլ սպասելի է եղել անսպասելի պոռթկումը։
ՈՒրիշ բազմաթիվ այլ օրինակներ էլ կարելի է բերել, այդ թվում նաև մարզչից մարզչի անցնելու մասին, ընդ որում` օլիմպիական չեմպիոնների մակարդակով, սակայն ընթերցողին անուններով առանձնապես չծանրաբեռնենք։
Ամփոփելով՝ ասենք, որ մեզ այդպես էլ վիճակված չէ իմանալ, թե 2002-ին ո՞վ կհաղթեր Սոլտ-Լեյք Սիթիում, եթե Յագուդինը չհեռանար Միշինից, ինչպե՞ս կդասավորվեին Լիպնիցկայայի, Պիտկեևի, Մեդվեդևայի ճակատագրերը, եթե շարունակեին մարզվել Տուտբերիձեի մոտ, Վիրտյուն ու Մոիրը կնվաճեի՞ն Պհենչհանի ոսկին, եթե մնային Զուևայի մոտ (ի միջի այլոց, հենց նրանք են այն օլիմպիական չեմպիոնները, որոնց մասին փոքր-ինչ վերևում ակնարկեցինք)։
Հարցնում եք` բա ի՞նչ անենք։
Ի՞նչ կա, որ ինչ անենք։
Մեր բաժին խաչը դիտարկումներ անելն է, ինչն էլ արեցինք։
Ասածին համամիտ կլինեք, թե չէ, ձեր որոշելիքն է։
Համենայն դեպս, մեր համոզմամբ, մենք մեր առջև դրված խնդիրը փորձեցինք պատվով կատարել։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ