Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընտանիքի ամրությամբ Եկեղեցին է ամրանում

Ընտանիքի ամրությամբ Եկեղեցին է ամրանում
25.06.2019 | 00:05

Ընտանիքը թե՛ անհատական, թե՛ համայնքային, թե՛ ազգային, թե՛ համամարդկային կյանքի հիմքն է, օրանն է, որտեղ փթթում է մարդկային կյանքը:
Նույնիսկ կյանքի սխալ ընթացքի և կենցաղավարության սխալ կերպի մեջ, երբ մարդիկ վատնում են իրենց կյանքը անիմաստ, միայն վատնելու համար, միայն պահի համար, խեղում ու խեղդում են տարբեր տրամաչափի խեղկատակների ճիրաններում, ընտանիքը մնում է այն հանգրվանը, որը նրանց կյանքին տալիս է իմաստ և նպատակ:


Ընտանիքը ամենակարևորն է և ամենաթիրախավորվածը չարի կողմից: Երբ չարը պայքարում է որևէ մեկի դեմ, նա չի պայքարում անհատի դեմ, այլ` ընտանիքի անդամի դեմ` արդեն իսկ ծնված և դեռևս չծնված: Աշխարհը առաջ է մղում ինդիվիդուալիզմը, որպեսզի մեկ-մեկ ոչնչացնի ... մարդկությանը. «Դու առանձնահատուկ ես, անկրկնելի ես, յուրօրինակ ես, իսկ եթե ինձ հետ համակարծիք չես, ուրեմն տարօրինակ ես»: Այդպես էլ առաջանում է միօրինակ, միջակ մարդկային կամ մարդանման մի զանգված: Մարդը կյանքի իմաստը` Աստծուն, գտնում է միայնության ու Խոսքը լսում է լռության մեջ, սակայն Աստծուն կարող է հասնել միայն իր նմանների հետ զրուցելու միջոցով: Աշխարհն անում է ամեն ինչ, որպեսզի այդ զրույցը տեղի չունենա, որպեսզի երբևէ չկայանա նաև Աստծո հետ մարդու հանդիպումը: Այսօր արդեն համատարած կերպով, համաճարակի պես տարածվում են «անսեռների», «անզավակների» և նման այլևայլ ռոքնռոլի մնացուկ «հատուկենտների» և «կենտավրոսների» մակաբույծները:
Ընտանիքի մասին շատ է խոսվել ու գրվել, հաստատվել ու հերքվել, բայց այդ թեման անսպառ է ու բազմաշերտ: Մի բան աներկբա է. ընտանիքը ստեղծվել և հաստատվել է որպես աստվածային սիրո դրախտային տունկ, որը պետք է խնամվի ու պտղաբերի հավիտենության համար: Ընտանիքը այն դրախտային միջավայրն է, որտեղ փոխօգնության փոցխով մշակվում է մարդկային հոգին՝ կատարելության հասնելու հիմնանպատակով:


Ընտանիքը եղել է դրախտից ի վեր և ի սկզբանե հանդիսացել է մարդկային հասարակության աճման հիմնական, կանոնական ու կանոնավոր միավորը: Սակայն մեղքի ահագնանալուն զուգահեռ հաճախ եղծվել են ընտանեկան պարկեշտ ու օրինավոր կարգն ու բարքը: Քրիստոնեությունը ոչ միայն վերականգնեց ընտանիքի հեղինակությունն ու ամուսնության հարգը, այլև այն նոր մակարդակի բարձրացրեց ու հաստատեց: Քրիստոնեությունը մարդկությանը տվեց ընտանիքի սրբության գաղափարը: Արժևորվեց մայրությունը, որով և` ոչ միայն կինը, այլև նրա ծնած մարդը: Ընտանիքը դադարեց լինել սոսկ հասարակության, մարդկության բնական աճի ինդուստրիալ հաստատություն: Այն արդեն խորհուրդ է. Քրիստոսի և Եկեղեցու, Աստծո և մարդու վերամիության խորհուրդը. «Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի և Եկեղեցու համար» (Եփես.5;32):


Առաքյալը խոսում է այր ու կնոջ պսակի խորհրդի մասին՝ որպես մանրակերտի, քանի որ Եկեղեցին էլ հանդիսանում է Քրիստոսի հարսը, որը պարտավոր է խոնարհությամբ ու հնազանդությամբ պատրաստել իրեն Փեսայի հետ սպասված ու ցանկալի հանդիպմանը:
Քրիստոսի և Եկեղեցու միությունը նախօրինակն ու նախահիմքն է ընտանեկան միության, իսկ ամեն մի ընտանիք Քրիստոսի և Եկեղեցու միության վավերացումն է: Առաքյալը պատահաբար չի զուգահեռում Քրիստոսի ու Եկեղեցու և տղամարդու ու կնոջ միջև միությունը: Մենք պետք է այդ համեմատությամբ խորապես գիտակցենք, որ ընտանիքի ամրությամբ Եկեղեցին է ամրանում, և ամեն մի ընտանիքի կազմաքանդմամբ խարխլվում է Եկեղեցու կառույցը, որի հիմքը խոնարհությունն է, իսկ շաղախը՝ սերը (Եփես. 5;21-31,33): Եթե Աստված Ինքն է հաստատում երկուսի միությունը, այդ միության միակ երաշխիքը հպատակությունն է աստվածային կամքին և աստվածադիր օրենքներին (Մատթ. 19;3-12, 5;31), Մարկ.10;1-12: Թե՛ այրը և թե՛ կինը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց միությանը (Ա Կորնթ. 7;10-11): Այսօր շատ երիտասարդ զույգեր իրենց համատեղ կյանքը թեև սկսում են սուրբ խորանի առաջ Աստծուց օրհնություն ստանալով, սակայն շատ շատերի համար Եկեղեցում կատարվող խորհուրդը լոկ շքեղ և նորաձև ծես է, ոչ թե օրհնության աղբյուր և միջոց: Արդյունքում վիճակագրական ու ցավալի փաստ է նաև այն, որ շատ զույգեր, Եկեղեցու սուրբ պսակով կապված լինելով հանդերձ, բաժանվում են առանց Եկեղեցու գիտության և արտոնության, ինչը անհասկանալի է և անըմբռնելի: Ընդ որում, բաժանվում են առանց հիմնավոր և արդարանալի պատճառի: Այո՛, այսօր Սուրբ Պսակով ընտանիքները ավելի ու ավելի հաճախ են փլուզվում, և դա ունի մեկ հիմնավոր պատճառ. չարը պայքարում է սրբության դեմ, իսկ երիտասարդ զույգերին այդ մասին, որպես կանոն, չեն զգուշացնում:


Մարդիկ, անգամ ընտանիքում, շփոթում են սերը մարմնավոր կրքերի և ախտավոր ցանկությունների հետ: Ընտանեկան սերը այն չէ, երբ ամուսինները ցանկանում են միմյանց, այլ` երբ նրանք ցանկանում են միմյանց նվիրվել: Ժամանակի ընթացքում այդ նվիրումը պետք է ցանկականից անցնի կամային ոլորտ, այլապես այն որպես բարի ցանկություն էլ կմնա, ոչ թե կդառնա կամքի արտահայտություն: Նվիրումը սիրո գործնական դրսևորումն է:
«Ազատ սիրո» ախտակիր աշխարհի հետ վարակիչ շփումը մեր ազգին էլ ապականեց: Կանայք համաձայն են լինելու հեշտանքի իրավազուրկ ու անարժեք առարկա: Մարդիկ ձգտում են առանց պարտավորությունների կենակցության և անկողնակցության` անբան անասունների պես բավարարելով մարմնի պահանջները: Բայց սարսափելին այն է, որ այդ ամենը սեր են համարում ու հորջորջում: Ինչպե՞ս է դա հնարավոր, երբ Սերը ինքը ՄԱՐԴ կոչումը կրողի պարտավորությունն է:


Ընտանիքը համարվում է ամենակարևոր բանը, բայց և ընտանիքին վերաբերվում են անպատասխանատու և թեթևամտորեն, իսկ ինչու՞ է այդպես, որովհետև ընտանիքները հիմնականում կազմվում են սովորույթի ուժով, ոչ թե ողջախոհ նախաձեռնությամբ. այդպես է աշխարհի կարգը: Ամուսնանալ բառը երբեմն փոխարինվում է կարգվել բառով: Մարդիկ, որպես կանոն, ամուսնանում են իրենց սեռական բնազդները «նամուսով» բավարարելու և սերնդի շարունակության ու տեսակի պահպանման (ծնողների` թոռներ ունենալու փափագի բավարարման) բնազդներին տուրք տալու համար միայն: Ընտանիք կազմելու նրանց քայլն ու որոշումը հիմնավորված և պատճառաբանված են միայն հասարակության ընդունված ընդհանուր նորմերին հետևելու և կյանքի սոցիալական հունով մնացած բոլորի հետ համաչափ ընթանալու ձգտումով, ծերության ժամանակ միայնության վախով:


Ընտանիքում հարգանքն ու սերը, անշուշտ, պետք է լինեն փոխադարձ: Փոխըմբռնումը երկուստեք է, սակայն ո՛չ համաժամանակյա, այլ հերթականությամբ, բայց, չգիտես ինչու, միշտ մենք ենք ուզում փոխադարձել. թող նախ մեզ հարգեն, որ մենք հարգենք, թող մեզ սիրեն, որ մենք էլ սիրենք, ամեն ինչ ուզում ենք ավանսով, ուզում ենք երաշխիքներ երջանիկ ապագայի և ընտանիքի կայացման համար` երեսպաշտորեն անտեսելով մեր դերը մեր ընտանիքի կայացման գործում: Երբ ընտանիք է կազմվում, խաչ է հանձնառվում` անձնուրաց սիրո խաչը, ինչը անհնար է դառնում իրենց անձը ուրանալ չկամեցողների համար, և ընտանիքը նմանվում է անհիմն ու կիսակառույց ավերակի:


Առանց խաչի չկա փրկություն, առանց փրկության չկա իմաստավորված կյանք: Ընտանիքը խաչը հանձնառելու լավագույն կերպն ու խաչակրության ճշգրիտ ցուցիչն է: Եթե Տերը չխոնարհվեր հայրական կամքի առաջ, մենք փրկության հույս չէինք ունենա, եթե Նա չխմեր չարչարանքի դառը բաժակը ցմրուր, մեր երկրային կարճ կյանքը հույսից կվերածվեր ծաղրի: Իսկ մենք ընկրկում ենք փոքրիկ խճերի ու աննշան փոսերի հանդիպելիս: Մեր խստասրտության ու կամապաշտության աղջամուղջի միջից խոնարհամտությունը կերպարանվում է որպես սոսկալի մղձավանջ, ահարկու հրեշ, որ պիտի խեղդի մեզ ու նետի անհայտության անդունդը:
Ընտանիքը հասարակության հետ նույն հարաբերակցության մեջ է, ինչ բջիջը օրգանիզմի հետ, սակայն եթե բնության մեջ կան միաբջիջ օրգանիզմներ, ապա չկան օրգանիզմներ` առանց բջիջների: Ընտանիքը միշտ առաջնային է:


Անկյալ ու տառապյալ, տանջալլուկ ու հոգնած մարդկությունը կռթնում է ընտանիք-ժայռին, խեղդվող մարդկությունը կառչում է ընտանիք-բնից, գահավիժող մարդկությունը կախվում է ընտանիք-արմատից, տարագիր մարդկությունը օթևան է փնտրում ընտանիքի հարկի տակ. ընտանիքը կարող է ու պարտավոր է հասկանալ մարդուն, զորակցել, գոտեպնդել, բարձրացնել, հաստատել ու հավերժացնել:
Սերը ծաղկում, վավերացվում և սրբացվում է ընտանիքում և այդ սուրբ օրրանից սփռվում ու սրբացնում է ողջ մարդկությանը: Հանցագործությունները մեղքերի ածանցյալներն են: Սուրբ ընտանիքում է աճում ՄԱՐԴԸ, սուրբ ընտանիքներով է աճում ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ:


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ