Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Չեմ հավատում, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր կոռուպցիայով ու թալանով չեն զբաղվում»

«Չեմ հավատում, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր կոռուպցիայով ու թալանով չեն զբաղվում»
12.07.2019 | 00:58

Թե՛ նախկինում, թե՛ այժմ Հայաստանի դատական համակարգն անկախ չէ և կցորդի կարգավիճակ ունի, ինչի վառ ապացույցը ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումներն են և խոսակցության մեջ հիշատակվող Վահե Գրիգորյանի հայտնվելը Սահմանադրական դատարանում։ Բայց որ դատական համակարգը պետք է անկախ լինի ու երբեք չստորադասվի պետական կառավարման այլ օղակի, միանշանակ է։ «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական-հասարակական գործիչ, Երևանի ավագանու նախկին անդամ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:


-«Վեթինգ» բառը կփոխարինեի լյուստրացիայով և այն կսկսեի Լևոն Տեր-Պետրոսյանից,- ասում է մեր զրուցակիրը։- Տեսակետը, թե դատական համակարգում բարեփոխումների գործընթաց է սկսվել, ինձ համար ընդունելի չէ, իմ գնահատմամբ` բռնաճնշումներ են ընթանում։ Այո, ամեն բան պետք է արվի, որպեսզի կառավարման համակարգերն առողջանան, բայց պետության ղեկավարումը ստանձնած մարդիկ պետք է հասկանան, որ Հայաստանի մյուս քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրելով, սպառնալով, վիրավորելով, հացից զրկելով արդար արդյունքի հասնել չեն կարող: Ցավով եմ ասում՝ այսօրվա ղեկավարությունն առաջնորդվում է ոչ թե արդարության սկզբունքով, այլ նախկինում իրեն նեղացրածներին պատժելու անհագ ցանկությամբ։
-Եթե անգամ վեթինգ լինի, ու մի շարք դատավորներ ստիպված լքեն պաշտոնը, բավարա՞ր են արդյոք ռեսուրսները, որ նրանց փոխարինելու գան ուրիշները:
-Կարծում եմ, այո, բավարար ռեսուրս կա, և մեր քաղաքացիներից շատերն արտագաղթում են հենց այն պատճառով, որ իրենց գիտելիքներն իրացնել չեն կարողանում: Երիտասարդ մասնագետները հաճախ հնարավորություն չունեն ինքնադրսևորվելու, պաշտոնն ու առաջխաղացումը շարունակում են գործել ծանոթ-ազգականների համար միայն: Միևնույն ժամանակ պետք է հարգենք մեր ավագ մասնագետներին, ուսուցիչներին։ Մեկը մյուսի վրայով քայլելու հետևանքով է, որ այսօր կադրային խնդրի առաջ ենք կանգնել: Գրեթե բոլոր բնագավառներում երիտասարդների առջև դռները փակ են, իսկ փորձառու մասնագետները չեն շտապում իրենց արժանի փոխարինողներ կրթել ու դաստիարակել։ Բայց նաև անթույլատրելի է անփորձ, նորավարտ երիտասարդներին, զինվորական ծառայություն չանցածներին պետական նշանակության կարևոր պաշտոնի նշանակելը:
-Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են` չեն զբաղվում կոռուպցիայով, թալանով և այլն: Միայն դա բավարա՞ր է ասելու համար, որ արատավոր այդ երևույթները հաղթահարված են մեր:
-Չեմ հավատում, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր կոռուպցիայով ու թալանով չեն զբաղվում։ Եթե այդպես լիներ, Երևանում օրինակ, աղբահանության կամ տրանսպորտի խնդիր չէինք ունենա, առողջապահության փոխնախարարը չէր հայտնվի ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, բազմամիլիոն պարգևավճարներ չէին լինի, մեկ անձից գնումներ չէին կատարվի, Սևանն այս վիճակում չէր հայտնվի և այլն։ Իսկ օլիգարխների՝ Աննա Հակոբյանի հիմնադրամներին գումար փոխանցելն ու վերջինիս սրբադասելը կոռուպցիայի դասական օրինակ է:
-Սահմանադրական դատարանի շուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված ՍԴ անդամ և ՍԴ նախագահ տերմինների հետ։ Իշխանությունները չեն թաքցնում, որ իրենց համար նախագահի ցանկալի թեկնածուն Վահե Գրիգորյանն է: Ըստ Ձեզ՝ հարցն առհասարակ օրակարգայի՞ն էր, եթե ՍԴ-ն վաղուց ընտրված նախագահ ունի:
-ՍԴ-ն ընտրված նախագահ ունի, ու կեղծ խառնաշփոթ, խուճապ ստեղծելու անհրաժեշտություն բնավ չկար: Պարզապես պետք է խիստ վերահսկողություն սահմանել ՍԴ բոլոր դատավորների գործողությունների ու որոշումների նկատմամբ և ցանկացած գործողությամբ պաշտպանել ՀՀ Սահմանադրությունը։ Մինչդեռ ականատես եղանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն անձամբ մի քանի անգամ խախտեց Սահմանադրությունը, ինչի համար անպայման պետք է պատասխանատվություն կրի։ Վահե Գրիգորյանին նախագահ կարգելու ձգտումը շատ պարզ է, այն կրկին բխում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ու օտարերկրյա դոլարների խշշոցը լսելու ցանկությունից։ Հասկանում եմ նաև, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ պատվերներ են կատարել, իրենց կենսակերպը փոխել չեն ցանկանում, ու այժմ նրանց հնարավորություն է ընձեռվել ավելի մեծ գումարներով առևտուր անելու։ Ես, օրինակ, որպես ՀՀ քաղաքացի, պատրաստ եմ մի կտոր հացով բավարարվելու, բայց ունենալու պղծություններից զերծ, բարձր բարոյական ու կրթական հատկանիշներով, հարուստ ու պահպանված մշակույթով հայրենիք։ Ես ու ինձ նման բազմաթիվ մարդիկ չենք նահանջելու, քանի որ սեղանին դրված է մեր հայրենիքը, ոչ թե փառասիրությունը։
-Գուցե «դատավոր» ու «անդամ» բառերի բանավեճը շարունակելու համար կարիք կա Սահմանադրությունը փոփոխելու՞: Ժամանակին Փաշինյանն ինքն էր ասում, որ այն կարվել է Սերժ Սարգսյանի հագով:
-Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն անշուշտ ունենք, իշխանությունը պետք է վերցնել մեկ հոգուց և համաչափ բաշխում կատարել: Հարց է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հապաղում։ Կարծում եմ, որ այստեղ նույնպես իր սև դերակատարումն ունի ստամբուլյան անընդունելի, հակապետական ու հակասահմանադրական կոնվենցիան։ Համոզված եմ, որ Փաշինյանը ցանկանում է ընդունել այդ կոնվենցիան, գումար ստանալ, որից հետո ՀՀ Սահմանադրությունը հարմարեցնել այդ փաստաթղթին։ Գուցե դա իրականացվելու է սահմանադրական հանրաքվեի միջոցով, իսկ Փաշինյանը, ցավոք, ազգայինի պահպանման գործին չի լծվելու: Հավելեմ, որ Նիկոլ Փաշինյանի արտաբերած բոլոր հայտարարությունները սուտ են դուրս եկել, և ես ամաչում եմ, որ իմ երկիրը նման սուտլիկ ղեկավար ունի։
-Ոչ միայն սահմանադրական փոփոխությունների, այլև մի շարք ակնառու և առաջնահերթ փոփոխություններ իրականացնելու հարցում իշխանությունը դանդաղում է: Ինչու՞:
-Այսօրվա իշխանությունը ոչ կոմպետենտ է. այդ որակումը չեմ կարող տալ, հավանաբար, միայն պաշտպանության նախարարությունը։ Բացի փորձի պակասից, այսօրվա ղեկավարները չգիտեն անգամ, թե ինչու են եկել իշխանության: Նրանք սոսկ հրահանգ կատարողներ են: Գուցե կոպիտ հնչի, բայց, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանին պարտադրում են մինչև օգոստոս ընդունել ստամբուլյան հակասահմանադրական կոնվենցիան՝ մի քանի միլիարդ դոլարի դիմաց։ Մենք գիտենք, թե դոլարով ովքեր են պատրաստ վաճառվելու, իրականացնելու նմանօրինակ թեթևաբարո գործողություններ, որ ներկայացված են ստամբուլյան կոնվենցիայում։ Այսօրվա իշխանությունը երկիրը դրել է այդ թեթևաբարոների հարթակին՝ «Գումարի դիմաց ինչ ասեք, կանենք» կարգախոսով։ Հանուն արդարության նշեմ, որ իշխանության ներսում կան առաքինի ու հայրենանվեր կղզյակներ, որոնց հորդորում եմ զենքերը վայր չդինել, քանի որ արդարությունն ու հայրենասիրությունը բոլորին էլ տեսանելի են: Իսկ «թեթևաբարո» զանգվածին հիշեցնեմ, որ հայրենիքի դավաճանները երբեք չեն ներվում: Ազգային գաղափարներով առաջնորդվող մարդուն կոտրել չի լինի, հետևաբար մեր հանրությանը խորհուրդ կտամ ուսումնասիրել և գնահատել քաղաքական գործիչների կատարած աշխատանքն ու դրա արդյունքը, չբավարարվել միայն հայտարարություններով:
-ԱԱԾ ու ոստիկանության պետերին գեներալի կոչումներ են շնորհել: Մեկ տարվա ընթացքում նրանք իսկապե՞ս աշխատանք են կատարել և հիմա ըստ արժանվույն գնահատվում են:
-Փառասեր մարդկանց հեշտ է կառավարել՝ գումար կամ պաշտոն տալով, ու այժմ Ձեր նշած պաշտոնյաները չեն կարողանալու Փաշինյանին «ոչ» ասել։ Նրանք պարտավորված են կատարելու Փաշինյանի ցանկացած, անգամ հակաիրավական, հակամարդկային, հակապետական ու հակաբարոյական հանձնարարություն։ Ինձ համար կարևորը ոչ թե մարդու զբաղեցրած պաշտոնն է, այլ նրա գործողությունների հայամետ լինելը, «ոչ» ասելն ու սկզբունքայնությունը։ Ոստիկանության աշխատակիցներն այսօր լքում են համակարգը, այն հեղինակազրկվում ու փլվում է մեր աչքի առջև, հետևաբար ինչի՞ համար է ոստիկանապետը պարգևատրվում։ Ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ հարցերով զբաղվելու փոխարեն ԱԱԾ-ն ընկել է սոցցանցերում Փաշինյանին ու նրա ընտանիքին «նեղացնող» կեղծ օգտատերերի ֆեյքերի հետևից և ձայնագրիչներով մարդիկ է ուղարկում բժիշկ կամ ուսուցիչ բռնելու։ Ո՞րն է ԱԱԾ տնօրենին նոր կոչում շնորհելու շարժառիթը։ Երբ պայքարում էի նախորդ արատավոր համակարգը փշրելու համար, չէի պայքարում դեպի հատակ քաշող «ճահճում» հայտնվելու ակնկալիքով։ Այդ «ճահիճը» պետք է չորացնենք ու ամուր հենքի վրա օազիս կառուցենք։
-Իշխանությունն իր հասցեին հնչող քննադատությանը հակադարձում է, թե իրենք ստեղծել են ժողովրդավար պայմաններ, երբ ամեն քաղաքացի կարող է անարգել իր խնդիրները բարձրաձայնել և լուծումներ պահանջել։ Այդպե՞ս է:
-Նախ` սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ ամբոխավարություն, երկրորդ` բարձրացված ձայնը պետք է լսելի լինի, իսկ այսօրվա իշխանությունները «խուլ» են։ Մի պարզ օրինակ բերեմ. բոլորս հիշում ենք, որ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց ուղարկել ինքնակենսագրականները` համապատասխան թափուր աշխատատեղերը լրացնելու համար։ Ծանոթներիցս մեկը մի ամիս շարունակ փորձում էր ուղարկել իր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին, սակայն չէր կարողանում, քանի որ չկարդացված նամակների պատճառով հավելյալ նամակներ ուղարկելն անհնար էր դարձել։ Մեր քաղաքացիների ուղարկած ինքնակենսագրականներն այդպես էլ չեն բացվել ու չեն բացվելու։ Մարդիկ ինձ պատմում են, դժգոհում են, որ աշխատանքի ընդունելու «խնամի-ծանոթ-բարեկամ» մոդելը շարունակում է գերիշխող մնալ՝ երկրորդելով աշխատանքային փորձը, մասնագիտական և մարդկային հատկանիշները։ Մյուս օրինակը քաղաքացիների կողմից քաղաքապետարանի դիմաց աղբ թողնելու ակցիան էր՝ ի դժգոհություն մայրաքաղաքի աղբահանության խայտառակ պատկերի։ Նախկինում նմանատիպ ակցիաների սիրահար ու ջատագով ներկայիս իշխանավորներն այժմ դեմ են արտահայտվում նման ակցիաներին։ Ներկայիս իշխանավորները լաց ու կոծի մասնագետներ են։ Երբ տարբեր հարթակներում քննադատվում ու բարձրաձայնվում է նրանց արատավոր գործելաոճը, անմիջապես ասուլիս են հրավիրում ու սկսում են «լացել»։ Մեկ հիվանդ են ձևանում, մեկ սուրբ, մեկ էլ կիրթ (Ալիևի ականջը կանչի)։ Չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը խաղա մեր պետության, մեր պատմության ու մեր քաղաքացիների արժանապատվության հետ։


Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ