Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողան․ Գործողությունը Սիրիայում կավարտվի անվտանգության գոտու ստեղծումից հետո

Էրդողան․ Գործողությունը Սիրիայում կավարտվի անվտանգության գոտու ստեղծումից հետո
16.10.2019 | 21:45

Չնայած Վաշինգտոնի պատժամիջոցներին, եվրոպական պետությունների սահմանած սպառազինությունների ներկրման էմբարգոյին և միջազգային կառույցների կոշտ քննադատությանը` Թուրքիան չի դադարեցնում Սիրիայի հյուսիսում հարձակումը: Արդեն երկրորդ օրն է, ինչ հիմնական մարտերը ծավալվել են Թուրքիային սահմանակից Ռաս Ալ Այն քաղաքում: Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի ընդդիմադիրները նախօրեին շարունակում էին մարտեր վարել քրդական ջոկատների դեմ: Ամերիկյան աղբյուրների տեղեկություններով քրդերն առայժմ կարողանում են հաջողությամբ հետ մղել թուրքերի և նրանց սիրիացի դաշնակիցների հարձակումները` նախևառաջ օգտվելով տարիների ընթացքում կառուցված թունելների և ստորգետնյա գաղտնի անցումների լայն ցանցից:

Չնայած թուրքական բանակի առաջխաղացման որոշակի արգելակմանը՝ Ռեջեփ Էրդողանը պնդում է, թե «Խաղաղության աղբյուր» գործողությունը շարունակվելու է: Այսօր արդեն Անկարայում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հստակ նախապայմաններ առաջ քաշեց, որոնց դեպքում թուրքական բանակի առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում կարող է դադարեցվել: «Խաղաղության աղբյուր» գործողությունը կավարտվի այն պահին, երբ քուրդ զինյալները վայր դնեն զենքերը և լքեն մեր կողմից պլանավորվող անվտանգության գոտին, որը ձգվելու է Մանբիջից մինչև Իրաքի սահման: Ամենաարագ լուծումը կլինի, եթե զինյալները զենքերը վայր դնեն մինչև չորեքշաբթի երեկո և հեռանան այդ տարածքից», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ