Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի փորձեք իրավական քաշքշուկներով հոգեբանական ճնշումներ գործադրել ազատ մամուլի վրա

Մի փորձեք իրավական քաշքշուկներով հոգեբանական ճնշումներ գործադրել ազատ մամուլի վրա
18.10.2019 | 14:01

«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի խմբագրությունը հայտարարել է.


«Այս տարվա մեջ արդեն 4-րդ դեպքն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տարբեր հրապարակումների առնչությամբ ՀՀ քննչական մարմինները ՀՀ դատախազության հետ միաժամանակ պահանջում են բացահայտել ինֆորմացիայի աղբյուր: Առաջին դեպքը այս տարվա մարտի 20-ին էր, երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից գրություն ստացավ, որ «Մարտի 1»-ի գործով առանցքային վկաների՝ Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի ցուցմունքների հրապարակումը անթուլատրելի է եւ պետք է դադարեցնել մյուս ցուցմունքների հրապարակումը, եթե դրանք ունենք: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը չկատարեց այդ հորդորը եւ շարունակեց հրապարակել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի եւ այլոց ցուցմունքները: Ինֆորմացիայի աղբյուր չբացահայտեց նաեւ հարցաքննության ժամանակ:


Երկրորդ դեպքը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արված վերանորոգումների թեմայի մասին հրապարակումն էր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում: Նա նորոգել էր` հանուն իր ընկերոջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեից գումարներ են ստացել: Այս հրապարակումից հետո` հոկտեմբերի 8-ին, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ռ. Մ. Հակոբյանից ստացավ գրություն հետեւյալի մասին. «Քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով` խնդրում եմ տեղեկություններ տրամադրել 2019-ի սեպտեմբերի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթի հերթական համարում լույս տեսած «Նոր սկանդալ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ» վերնագրով հոդվածի աղբյուրի մասին, տրամադրել նշված տեղեկությունները տրամադրած անձի կամ անձանց կենսագրական եւ կոնտակտային տվյալները...»: Բնականաբար, այս դեպքով եւս ինֆորմացիայի աղբյուր չբացահայտվեց, ընդամենը պատասխան գրությամբ պարզաբանվեց, որ չի բացահայտվելու աղբյուրը:
Երրորդ դեպքը ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործած ինքնասպանության լուրի հրապարակումն էր, որը առաջինը ArmLur.am կայքը հաղորդեց՝ գրելով, թե մահվանից առաջ ինչից է դժգոհել Հայկ Հարությունյանը: ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Արմեն Իսկանդարյանը հարցաքննության հրավիրեց լրագրողին՝ պահանջելով աղբյուրի բացահայտում: Հարցաքննության ընթացքում էլ քննիչներին պարզաբանվեց, որ ոչ մի դեպքում աղբյուր չի բացահայտվի:


Չորրորդ դեպքով գրությունը ստացվել է հոկտեմբերի 9-ին, ուր նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործով նախաքննության կատարումը ՀՔԾ քննիչներին: ՀՔԾ քննիչ Դ. Կոստանդյանը, քրգործի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված, խնդրում է «հայտնել հոդվածը հրապարակած լրագրողի եւ տեսանյութը տրամադրած անձի տվյալները»: ArmLur.am-ի` օգոստոսի 29-ին հրապարակած բացառիկ տեսանյութը վերաբերում է «Դոն Կիխոտ» ռեստորանում տեղի ունեցած թաղային հեղինակության սպանությանը: Այս գրության պատասխանը արդեն որոշեցինք հրապարակավ տալ՝ քննիչ Կոստանդյանին հայտնելով, որ չենք պատրաստվում ինֆորմացիայի աղբյուր բացել կամ հավելյալ ինֆորմացիա հաղորդել: Ու, ընդհանրապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին եւ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանին եւս մեկ ու, հուսանք, վերջին անգամ հիշեցնում ենք, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»: «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր տեղեկությունները ձեռք է բերել օրենքով չարգելված եղանակով, եւ մեզ համար հանրային շահը գերակա է:


Բացի այդ, խմբագրությունը ինֆորմացիա տարածողն է, այլ ոչ թե հրապարակողը: Հիշեցնենք` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը, որը սահմանում է, թե ում է արգելված կամ թուլատրվում նախաքննության տվյալների հրապարակումը: «1.Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: 2. Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին եւ քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին եւ գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»։


Թվարկված կարգավիճակներից որեւէ մեկում «Ժողովուրդ» օրաթերթը չի տեղավորվում: Այսինքն՝ օրաթերթը նշված որեւ քրգործով կողմ չէ, հետեւաμար, ազատ է իր գործողություններում` հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ «ԶԼՄ մասին» օրենքը:
Մի փորձեք իրավական քաշքշուկներով հոգեբանական ճնշումներ գործադրել ազատ մամուլի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am լրատվական կայքը գործել եւ գործելու են էքսկլյուզիվ դաշտում ու հրապարակելու են այնպիսի փակ, անհասանելի տեղեկություններ, որ երբեմն համակարգերի ներսում են անտեղյակ դրանց մասին: Լրագրողական աղբյուրները մեզ համար անփոխարինելի արժեք են, չենք բացահայտի երբեք ոչ մի դեպքում, ու մի՛ փորձեք այսպես վախեցնել մեր աղբյուրներին: Հեռո՛ւ մնացեք լրատվական դաշտից ու զբաղվե՛ք ձեր գործով»,-ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 5734

Մեկնաբանություններ