Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեմուտի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեմուտի ուղերձը
04.01.2020 | 21:15

Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն:
Ձեզ դիմում եմ ուղիղ եթերում, ՀՀ և համայն հայության մայրաքաղաք Երևանի սրտից՝ Հանրապետության Հրապարակից, որտեղ 2018-ի գարնանը իրար հետ իրականացրինք ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը:


Անցնող 2019-ը հետհեղափոխական առաջին ամբողջական տարին էր և 2018-ի դեկտեմբերի 31-ի իմ ամանորյա ուղերձում ձեզ խոստացել էի, որ 2019-ին մենք նվաճելու ենք նոր բարձունքներ, արձանագրելու ենք նոր հաջողություններ և առաջին հերթին մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքում:
Ուրախ եմ փաստել, որ տեսանելի, շոշափելի ու չափելի բազմաթիվ արդյունքներ ենք արձանագրել անցնող տարում:
2019-ի արդյունքներով Հայաստանը ամենամեծ տնտեսական աճն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանում, ոչ միայն ԵԱՏՄ տարածքում, ոչ միայն ԱՊՀ-ում և հետխորհրդային ողջ տարածքում, այլև ենթադրաբար՝ Եվրոպական տարածաշրջանում: Հայաստանը վստահաբար 2019-ի տնտեսական աճի ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրների թվին է դասվելու:
ՀՀ քաղաքացիները կարող են տեսնել և զգալ մեր տնտեսության փոփոխությունները.
2019-ին Հայաստանում նորոգվել են այնքան ավտոճանապարհներ, որքան 2015, 16, 17-ին միասին վերցրած:


Բարձրացել են զինվորականների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների, բազմաթիվ բուժաշխատողների աշխատավարձեր, 2020-ի հունվարի 1-ից բարձրանում են բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները, ավելանում է նվազագույն աշխատավարձը:
Իրականացվում են զուտ սոցիալական ծրագրեր. բյուջեի միջոցների հաշվին մանկատան 300 սաներ, ում պետությունը դեռ 2003-ից բնակարան հատկացնելու պարտավորություն ունի, ի վերջո ստանում են բնակարաններ:
Լուծվում է զինթոշակառուների բնակարանային խնդիրը, ինչի համար հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ:


1 միլիարդ 500 միլիոն դրամ է հատկացվել 121 փախստական ընտանիքների բնակարանով ապահովելու համար. նման ծրագիր Հայաստանում նախկինում երբեք չի իրականացվել:
Եվ ուրախ եմ արձանագրել, որ հիմա Հայաստանը գտնվում է աղքատության ամենացածր մակարդակի վրա, նման հաշվառում իրականացնելու մեկնարկի օրից:
Մեր երկրի միջազգային պահուստները հասել են աննախադեպ ծավալների, գերազանցելով 2.8 միլիարդ դոլարը, 2019-ի պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 100 միլիարդ դրամով:


Հայաստանի կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց միջոցով հազարավոր ընտանիքների աջակցում է աշխատանքով հաղթահարել աղքատությունը և կառուցել բարեկեցություն:
Կարևոր է ընդգծել նաև, որ 2018-ի մայիսից Հայաստանում ի հայտ է եկել 84 000 նոր աշխատատեղ, անշեղորեն նվազում է գործազուրկների թիվը: Դեռ ավելին, այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան:
Սիրելի հայրենակիցներ.
Մեր ձեռքբերումների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Այս թվարկումը, սակայն, անում եմ ոչ միայն 2019-ը ամփոփելու, այլև 2020-ի մեր նշաձողերը սահմանելու համար:
Նոր տարին դիմավորում ենք բարձր տրամադրությամբ, ամրապնդված ինքնավստահությամբ, սեփական ուժերի և ապագայի նկատմամբ նորոգված հավատով:


2020-ը պիտի դառնա այս համազգային տրամադրության, ինքնավստահության ու հավատի անհատականացման տարի: Նոր տարում սեփական ուժերի և ապագայի նկատմամբ հավատով ու եռանդով պիտի համակվեն նույնիսկ թերահավատները և մենք յուրաքանչյուր քաղաքացու պետք է ուժ տանք, վստահություն, քաջալերանք, որ ինքը կարող է, ինքը ունակ է, ինքը ի վիճակի է ունենալ հաջողություններ՝ կրթության, կարիերայի մեջ, ձեռներեցության, արդար, ստեղծագործ, գրագետ աշխատանքով արդյունք ստեղծելու, հարստանալու և սեփական երկիրը հարստացնելու գործում:
Մենք ծավալուն փոփոխություններ ենք իրականացրել Հարկային օրենսգրքում, որ 2020-ը դառնա մեր քաղաքացիների տնտեսական ակտիվության բացառիկ տարի: Հեղափոխությունից հետո հարյուր միլիոնավոր հավելյալ դոլարներ են մտնում ՀՀ, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի, թե ստեղծարար ձեռնարկատիրության ի՞նչ նախագծով կարող է իր մասնաբաժինը ստանալ այս ազգային հարստությունից և ազգային հարստության ի՞նչ մասնաբաժին ինքը կարող է ստեղծել:


Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանում հաստատված են անհնարինը իրականություն դարձնելու ժամանակներ: 2018-ին շատ քչերն էին հավատում, որ հնարավոր է երկրում իրականացնել Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, 2019-ին շատ քչերն էին հավատում, որ արձանագրելու ենք համաշխարհային ուշադրության արժանի տնտեսական ցուցանիշներ:
2020-ը դառնալու է թերահավատների հուսավառվելու և հավատավորների թռիչքի տարի, ՀՀ տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի: Սա է այս հեղափոխական՝ սիրո և համերաշխության բազմամարդ ու խինդառատ Հանրապետության Հրապարակի այս պահի խորհուրդը:


Սիրելի հայրենակիցներ,
2019-ին մենք, ըստ էության, փակել ենք այսպես կոչված «80-ականների զենքերի» ամոթալի էջը: Ընդամենը օրեր առաջ Հայաստանը ձեռք բերեց ՍՈւ 30 ՍՄ գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ռազմական օդանավեր և վերջապես ունեցանք կործանիչ ավիացիա, ձեռք բերեցինք ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից համակարգեր:
2019-ին վերջին տարիների համար աննախադեպ քանակի զենք և զինամթերք ենք ձեռք բերել, որոնք կամ հենց 2019-ի արտադրության են, կամ բոլորովին չօգտագործված: Սա աննախադեպ իրավիճակ է մեր բանակի պատմության մեջ:
Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ գերժամանակակից այս զենքերը մեզ անհրաժեշտ են խաղաղության և ոչ պատերազմի համար: Իսկ մեր խաղաղությունն ապահովում են այսօր, հիմա, հենց այս պահին առաջնագծում, սահմանին կանգնած և իրենց զորամասերում մեզ հետևող զինվորները, սպաները, գեներալները:
Ամանորի այս հանդիսավոր հարթակից հատուկ ողջույններ եմ հղում նրանց և շնորհակալություն եմ հայտնում մեր խաղաղության դիրքերում ամուր կանգնած լինելու համար:


Ասեմ նաև, որ բանակում սկսվել և մեծ թափով առաջ է շարժվում զինվորներին բարձրորակ սննդով ապահովելու նոր համակարգի ներդրումը, որը լայն դրական արձագանք է գտել զինվորների, նրանց ծնողների և հանրության շրջանում: 2020-ի արդյունքներով մտադիր ենք սննդի ապահովման այսպիսի համակարգով ապահովել Հայոց բանակի բոլոր զորամասերը ինչի արդյունքում մեր զինվորների ամենօրյա սեղանները կլինեն իրենց մատուցած ծառայությանը արժանի.....
Հատուկ ողջույններ եմ հղում ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության, արդարադատության նախարարության այն ծառայողներին, ովքեր ամանորյա այս րոպեները անցկացնում են ծառայության մեջ, ապահովելով երկրի ու ժողովրդի անվտանգությունը և շնորհակալություն եմ հայտնում նրանց՝ ծառայության համար:
Ջերմորեն ողջունում եմ առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, հանրային սննդի ոլորտի այն աշխատողներին և ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր Ամանորը դիմավորում են ոչ թե ընտանիքի անդամների հետ, այլ աշխատանքի մեջ:
Եվ ի վերջո, ողջունում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին, Հայաստանում, Արցախում, սփյուռքում... ու հատկապես այն մարդկանց, ովքեր այս պահին այստեղ են՝ համայն հայության և ՀՀ մայրաքաղաք Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակում:


Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Եվ ծառայում եմ բոլորիդ. ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են:
Ժպտացեք իրար սիրելի հայրենակիցներ, որովհետև Նոր տարին ահա, եկավ:


Եվ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Դիտվել է՝ 4018

Մեկնաբանություններ