«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Խորհրդավոր ռունիական սեպագիրը՝ գլոբալ աղետի վկայություն

Խորհրդավոր ռունիական սեպագիրը՝ գլոբալ աղետի վկայություն
20.01.2020 | 13:23

Շվեդիայի Ռյոկա բնակավայրում գտնված սեպագիրն ամենաերկար ռունիական գրառումն է, որ դժվար է մեկնաբանել: Հետազոտողների խումբը վերծանել է մի հատված, որ վերաբերում է պաշտամունքին ու կլիմայական աղետներին: Հին սկանդինավյան քաղաքակրթության ամենահայտնի վկայություններից է ռունիական սեպագիրը, որ գտնվել է Կենտրոնական Շվեդիայում: 750 ռուն, որի մեկնաբանությունն առայսօր վիճելի է, ամենաերկարն է 6000 ռունիական տեքստերից, որ հասել են մեր օրերը: Առայժմ ճշգրիտ հնարավոր է ասել, որ սկզբնամասը վկայում է, որ քարը 1000 տարի առաջ գրվել է ի հիշատակ մեռած որդու. «Այս ռուները խոսում են Վեմուդի մասին: Վարինը շարադրել է ի պատիվ զոհված որդու»: Շվեդ գիտնականները նորից են փորձում մեկնաբանել գրառումը: Նրանք ապշեցուցիչ եզրակացության են եկել՝ մի հատվածում գտնելով «արևի մահը 9 սերունդների առաջ» բառերը: Դա կարող է վերաբերել աղետին, որ ցնցել է Երկիրը 530-ականներին և հավանաբար՝ հարուցել է հրաբուխի ժայթքումը: Այն ժամանակ ամբողջ աշխարհում չի եղել բերք ու սովն է իշխել: Ճշգրիտ հայտնի է, որ քարը դրվել է Սկանդինավիայում քրիստոնեությունից առաջ: Ռյոկայի քարի վրա տեքստի մեծ մասը գրված է սակավ հին այբուբենով՝ ֆուտարկով (այսպես կոչված՝ կրտսեր ռուներով), որ եղել են 8-9-րդ դարերում: Եթե մի սերունդը հաշվենք 30 տարի, 9 սերունդը կազմում են 270-300 տարի: Այսինքն՝ «արևի մահը» 6-րդ դարում է եղել: Նոր հետազոտությունները վկայում են, որ 536-ին Երկրի կլիման խիստ փոխվել է. «Մենք ունեինք առանց քամիների ձմեռ, գարուն՝ առանց փափուկ եղանակի ու ամառ՝ առանց շոգի»՝ հայտնում էր աղբյուրներից մեկը՝ զարմանալով, որ «Կեսօրին իրերը ստվեր չունեն, իսկ ամենաշոգ եղանակը թեթև տաքությունն է»: Նոր տվյալներով՝ 536-ից հետո Եվրոպայում միջին ջերաստիճանը իջել է 2,5 աստիճանով, իսկ 540-ականներին՝ 2,7 աստիճանով: Դա ամենացուրտ շրջանն էր 2000 տարվա մեջ, իսկ գուցե ամբողջ պատմության:
Երկրաբանները վստահ են, որ պատճառը Հյուսիսային կիսագնդում, հավանաբար՝ Իսլանդիայում, հրաբուխի կործանարար ժայթքումն էր: Ուսումնասիրեկով շվեյցարական սառույցներում եղած քարերը, նրանք եզրակացրել են, որ 540 և 547 թվականներին նոր ու ավելի ուժեղ ժայթքումներ են եղել, որ երկիր են նետել մոխրի ու փոշու վիթխարի զանգված: Երկար տարիներ այդ փոշին ծածկել է արևը: Նույնիսկ Միջագետքում ձյուն է եկել: Սովին հետևել է ժանտախտը: Երկու աղետներին զոհ է գնացել Բյուզանդիայի ու Արևելյան Միջերկրականի բնակչության կեսը:


Գյոթեբորգի համալսարանի շվեդերենի պրոֆեսոր և Ռյոկայի քարն ուսումնասիրող Պեր Հոլմբերգը կասկածում է այդ մեկնաբանությունը: Նախկինում ելակետ էին ընդունում, որ Վետերն լճից գտած 3,82 մետր բարձրությամբ ու 5 տոննա քաշով հուշարձանը նկարագրում է վիկինգների սխրանքները: «Մենք գտնում ենք, որ քարը պատմում է տիեզերական հավասարակշռության մասին,-ասում է Հոլմբերգը:-Գուցե մենք չափազանց ենք կենտրոնացել ռազմական ուժի նշանակության վրա: Բայց, հնարավոր է, ավելի կարևոր էր տիեզերական կապերի պահպանման համար կրոնական ուժը»: Դեռ 2016-ին Հոլմբերգը առաջադրեց թեզը, որ Ռյոկայի քարի դեպքում խոսքը կարող է պաշտամունքի մասին լինել: Այդ հասկացությունը, որ մի քիչ հիշեցնում է Աստղային պատերազմների սագայի ամեն ինչ ընդգրկող ուժը, լավ տեղավորվում էր վիկինգների ինքնագիտակցության մեջ: «Վիկինգների դարաշրջանի ազդեցիկ էլիտան իրեն համարում էր լավ բերքի երաշխավոր,-ասում է Ստոկհոլմի համալսարանի կրոնի պատմության պրոֆեսոր Օլոֆ Սունդկվիստը:-Նրանք ղեկավարում էին պաշտամունքը, որ պահպանում էր լույսի ու խավարի փխրուն հավասարակշռությունը»: Սկանդինավյան առասպելաբանության մեջ նկարագրվում է ապոկալիպտիկ ձմեռը՝ անհավանական ցուրտ ժամանակը, որին հետևում է աշխարհի վերջը: 9-րդ դարում վիկինգները բավարար պատճառներ ունեին հավատալ նոր ապոկալիպտիկ ձմռանը՝ ինչպես բացատրում է Ուպսալայի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Բու Գրեսլունդը: «Ռյոկայի ռունիական քարի հայտնվելուց առաջ տեղի են ունեցել բավականին սպառնալից իրադարձություններ՝ արևի ուժեղ փոթորիկի պատճառով երկինքը ներկվել է ողբերգական կարմիր, չափազանց ցուրտ ամառը պակասեցրել է բերքը, հետո արևի խավարում է եղել արևածագին»:

Փաստարկումը իրոք ճշմարտանման է: Բայց Ռյոկայի սեպագիրը տարբեր մեկնաբանությունների հնարավորություն է տալիս: Որոշ մասեր գրված են գաղտնագրով, որոշ մասեր՝ առավել հին ֆուտարկով, որ դժվար է վերծանել: «Հավանաբար տեքստը միտումնավոր են դժվարընթեռնելի դարձրել»՝ գրում է Յեյլի համալսարանի պատմաբան Անդերս Վինրոտը: Ռուների փորագրիչներն այնպես են գրել, որ հնարավոր չէ հասկանալ՝ որտեղ է ավարտվում մեկ բառը և սկսվում հաջորդը: Քանի որ կրտսեր ֆուտարկի 16 ռուները շատ տարբեր հնչյուններ են փոխանցում, հանգեցնում է ընթերցման մեծ դժվարությունների: Վինրոտը փորձում է ընդհանուր հայտարար գտնել՝ պատվիրատու Վարինն ու նրա քարտաշը «կամ ցանկացել են ստեղծել լեգենդներով ու պատմություններով հուշարձան հերոսների ու արկածների մասին, կամ ցանկացել են պատկերել հայտնվող ու անհետացող լույսով տիեզերական մարմինների խորհրդավոր աշխարհը»: Եթե մենք պարզենք ռուների գաղտնիքը, մենք կարող ենք ավելին իմանալ սկանդինավների աշխարհայացքի մասին քրիստոնեություն ընդունելուց առաջ:
Բերտոլդ Զևալդ, Die Welt (Գերմանիա)


Հ.Գ. Իսկ գուցե կա երրորդ ու բացարձակապես անսպասելի տարբերակը: Շվեդական ռուները ճշգրիտ կարդալու համար պետք է այբուբենի բանալին, որ չի պահպանվել: Սեպագրերը ընդհանրապես տարընթերցումների հնարավորություն են տալիս, որովհետև չկա հնչյունի ու տառի համապատասխանություն: Որդուն կորցրած հայրը իրավունք ուներ համաշխարհային աղետներ կանխատեսել անարդար աշխարհին: Կարող էր նաև իր խորհրդածությունները սեպագրել տալ տիեզերքի հավասարակշռության խախտման մասին: Վարինն ու նրա քարտաշը կարող էին նաև օգտագործել այնպիսի բառեր, որ այլևս գոյություն չունեն ու դարձել են անկապ գծեր սպիտակ քարին: Այդպիսին է պատմությունը, երբ վերանում է մարդը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ