Ադրբեջանը բանակցային նոր հորիզոն է բացում
13.03.2020 | 01:40
Օրերս Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, թե Ադրբեջանը սահմանին լարվածությունը մեծացրել է։ «Ադրբեջանի պարբերական փորձերը` սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ»,- ասված էր արտգործնախարարության հայտարարությունում։
Արցախյան ընտրություններին զուգահեռ այսպիսի լարվածությունը, թերևս, կանխատեսելի էր, իսկ նավթի գնանկումն էլ ավելի է ագրեսիվացրել այս երկրին։ Սակայն ռազմական հարթակից դուրս շատ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում բանակցությունների սեղանին։ ՈՒ մենք մինչ մեր ներքին խնդիրներով ենք խառնված, Ադրբեջանը խիստ կարևոր մեկ հարցում բավական մեծ առաջընթաց է արձանագրում։ Չնայած հակամարտության շուրջ զարգացումները շարունակում են գաղտնիության քողի տակ ընթանալ, բայց այն, ինչ երևում է, դրական սպասելիքների տեղ չի թողնում։ Արցախի ադրբեջանական համայնքին սուբեկտայնություն հաղորդելու Ադրբեջանի ջանքերը կարծես արդյունք են տալիս։ Նրանց մասին ոչ միայն խոսում են, այլև նրանց հետ հանդիպում են միջազգային տարբեր դիվանագետներ, վերջինը Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպանն էր։ Ադրբեջանը կամաց-կամաց հակամարտության բանակցային հարթակում իր դիրքերն է ամրապնդում և նոր հորիզոններ բացում։ Իսկ այդ ընթացքում ի՞նչ ենք անում մենք։
Մեզ համար բացի ՍԴ-ի հին կազմից ազատվելուց, այլ հարց չկա, ինչպես ժողովուրդն է ասում՝ ջուրը գա, երկիրն էլ տանի, իշխանության հեչ պետքն էլ չէ։ Իշխանությունը չի խոստովանում, որ Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնել խոստացող Նիկոլ Փաշինյանը մազաչափ անգամ չի մոտեցել այդ հարցին, հակառակը Արցախին մրցակից այլ, մտացածին սուբյեկտ է Ադրբեջանը ստեղծել ու համառորեն առաջ բրթում։
Այսօր այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը սպասում է, թե համանախագահներն ինչ կասեն։ Ոչ մի նախաձեռնողականություն, ոչ մի սեփական «կետ», ոչ մի լուծման տեսլական այսօր չի երևում։ Երկրորդեմ. սրան զուգահեռ և մարտի, և բանակցային դաշտում Ադրբեջանը շարունակում է նոր քայլեր անել, նոր մարտավարություն մշակել։ Երևում է, Հայաստանի իշխանափոխությունը հենց նրանց համար նոր բանակցային էջ բացեց, իսկ մենք դեռ սպասում ենք, իսկ թե ինչին, պարզ չէ։
Իհարկե, բանակցությունների նյութից ոչ մեկը տեղյակ չէ (ի դեպ, մինչ այսօր Փաշինյանն այդպես էլ չխոստովանեց, որ բանակցություններ ընթանում են) ու ոչ ոք չգիտի, թե Մնացականյան-Փաշինյան զույգն ինչ է ցանկանում այդ բանակցություններում ստանալ, բայց մի բան ակնհայտ է, որ այս ժամանակահատվածն Ադրբեջանն ավելի արդյունավետ է օգտագործում, քան հայկական կողմը։ Դրա ապացույցն էլ այն է, որ մեր կողմում բանակցային առումով ոչ մի տեղաշարժ չկա, իսկ Ադրբեջանը շարունակում է միջազգային իր «արշավը»՝ Վատիկանից սկսած մինչև Արցախի ադրբեջանական չեղած համայնքի մասին միֆեր։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ