Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ Ռուսաստանի իշխանությունները կտրուկ քայլերի են անցել: ՌԴ պաշտպանության նախարարությունը ստանձնել է արագացված ռեժիմով 16 նոր հիվանդանոց կառուցել: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Ռուսաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է աճել արագ տեմպերով, հետևաբար հրանահգել են զինված ուժերին արագացված կարգով 16 նոր հիվանդանոց կառուցել: Ըստ նախնական տվյալների՝ կառուցվող բուժհաստատություններում մինչև 1600 հիվանդի կարող են հոսպիտալացնել»,- գրում է աղբյուրը:
Daily Mail-ը մեջբերել է նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերը: Նախարարը նախ ասել է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են օրերս ՝ մարտի 20-ին, ապա վստահեցրել, որ դրանց կեսը մինչև 2020-ի ապրիլի 15-ը, մյուս կեսը՝ մինչև մայիսի 15-ը պատրաստ կլինեն:
Նա նաև տեղեկացրել է, որ բացի 16 նոր հիվանդանոցները մոդուլային ռազմական հոսպիտալներ կկառուցվեն Սմոլենսկում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Պոդոլսկում և այլ քաղաքներում: