Արձանագրենք մեկ և ընդմիշտ, և թող «անմեղը» քար նետի: Որևէ կերպ հնարավոր չի լինելու ձերբազատվել «Նիկոլ» կոչվող երևույթից, եթե կուզեք` անձից, որովհետև ինքը ոչ անձ է, ոչ էլ երևույթ: Ինքը համահավաք վեցերի ամբողջություն է (որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, նկատենք` նրա թվային բազան սկսվում և ավարտվում է հավերժ վեցերով. մեկ այլ անգամ հատ-հատ բոլոր «մեջբերումները» կանենք), ուստի հորիզոնական պայքար չկա. կա լոկ ուղղահայաց պայքար, որը, մեծ հաշվով, մերը չէ, բայց մենք պարտավոր ենք ապահովել մեր կողմը:
ՈՒ այն, ինչ կատարվում է այսօր Գագիկ Ծառուկյանի հետ, բարի է: Այն, ինչ կատարվում է բոլորիս հետ, բարի է: Այն, ինչ կատարվում էր Հոբի հետ, Հոբը դրանից կորզեց առավելագույնը` մաքրվեց, մաքրվելով` հաղթեց: Սա է միակ ուղին, որով թուլանալու է Նիկոլ երևույթը: Ամենքս առանձին, մոխիրների վրա նստած, ամեն ինչ կորցրած, կորոնավիուսով առողջությունից զրկված, ծվատված մարմնով Հոբի նման, որին իր կինն անվերջ հորդորում էր` հրաժարվիր քո Աստծուց, անիծիր նրան, ազատվիր այս ամենից, և ուրեմն` Հոբի նման եթե կարողանանք մեր մարմնից հեռացող որդը հետ բերել դնել քայքայված մեր մարմնի վրա, ասել` ու՞ր ես գնում, այ որդ, Աստված ստեղծել է քեզ իմ մարմինն ուտելու համար, ու ես ՀՈԺԱՐ եմ, հաղթանակը կգա:
ՈՒղի, որն անցնելու գինը միայն անցնողը գիտե: Սա է ողջ ճշմարտությունը, վերջին օրերի տրամաբանությունը: ՈՒ պետք չէ շոկի մեջ ընկնել այն փաստից, որ իրականում քայքայված, իրեն վեցերին տված անձը դեֆակտո խորհրդարանում ունենում է հուժկու հաղթանակ, պարզվում է, որ իր թիմում նա բոլորին սանձել է, որ հասարակությունում նա բոլորին սանձել է, որ ամենահաղթ` «առյուծների տիրակալ» քաղաքական ուժի առաջնորդին «սանձել» է, և սույն հորիզոնական «վեցերի» պարոնը «կալանքում» է ոչ միայն երկրորդ նախագահին, երրորդի նկատմամբ գործ հարուցում, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդին էլ ուղարկում է «հարկավոր տեղը»: ՈՒ այդ ամենը նրան հաջողվում է խիստ սահուն` հաղթական «ձայներով»: Այս ամենը, իհարկե, շատ ավելի խորքային դիտարկումների անհրաժեշտություն ունի, մենք այսօր դրա ժամանակը չունենք, առաջ անցնելով էլ արձանագրենք: Որ սա բոլորը չէ. առջևում է ՍԴ «լինչը»` հորիզոնականության նույնքան մեծ հաղթանակով, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը, հետագա բոլոր այս կարգի ձեռնարկները, որոնք բացառապես հաջողությամբ կպսակվեն: Մինչև որ մենք` մոխրի վրա մեր նստած, մեր բոլոր «որդերը» հետ չբերենք, ու Աստված չողորմա մեզ այնպես, ինչպես Հոբին` նորոգելով, ավելիին արժանացնելով:
Այժմ մնացյալի մասին: Առաջին հերթին` Ղարաբաղյան խնդրի, որը Նիկոլի հորիզոնականությունը քանդող հաջորդ մատրիցան է: Կորոնավիրուսային աղետը, օրվա հոգսերը մասամբ «լուսանցք» են մղել խնդրի նկատմամբ հասարակական, փորձագիտական ուշադրությունը, այնուհանդերձ, հաջորդ վտանգը, որ կարող է «պատել» հորիզոնականության մեջ ահեղնադղորդ տեղավորված սույն Փաշինյանին, այո, Ղարաբաղյան խնդիրն է: Մի քանի օրից նա կմեկնի Ռուսաստան` մասնակցելու Պուտինի կազմակերպած Մեծ Հայրենականի հաղթանակի 75-ամյակի «պարադին»: ՌԴ ԱԳ մամլո խոսնակ Մարիա Զախարովան նախորդ օրը հարկ համարեց ասել, որ ամսվա վերջին սպասվում է Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև դեմ առ դեմ հանդիպում: Հասկանալի է, չէ՞, կորոնավիրուսի համաճարակի այս պայմաններում նման հանդիպումը խոսում է բացառապես շտապողականության մասին: Թույլ տանք մեզ կարծել, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի ազդակներ պետք է թողնի խնդրո առնչությամբ, և դա է պատճառը, որ Զախարովան առաջ ընկավ և տեղեկացրեց հանդիպման մասին, որը սովորաբար տեղի է ունենում երկու երկրների համատեղ` նույնժամյա հայտարարության տեսքով, ինչի իրավասությունը Ռուսաստանը վերցրեց իր ձեռքը և հարկ համարեց այդ մասին ինքը տեղեկացնել: Դիվանագիտության մեջ մանրուքներ չկան, և Զախարովայի այդ «շտապողականությունն» անչափ շատ բաների մասին է խոսում:
Ընդ որում, հենց այս` Ղարաբաղյան կոնտեքստում պետք է դիտել նաև Գագիկ Ծառուկյանի «կալանավորումը», Սերժ Սարգսյանի լո՜լո ակտիվացումը` ԵԺԿ «գետնին վրա», ընդդիմադիր, առանձնապես շատ բան չնշանակող ուժերի փողոցում` Գագիկ Ծառուկյանի կողքին հայտնվելը: Երբ կավարտվի Պուտին-Նիկոլ խոսակցությունը, տեղի կունենա Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը, վերը նշված ուժերի դասավորությունից կհասկանանք ինչ է «խոսվել», և ինչ պետք է սպասել:
Պետք է Նիկոլին «գնա տուն» անե՞լ, թե՞…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ