Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀԿ. Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների

ՀՀԿ. Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների
23.06.2020 | 15:07

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.
* վերլուծելով 2018-ի ապրիլից Հայաստանում մեկնարկած իշխանազավթման գործընթացի նոր փուլի իրադարձությունները,
* ընդգծելով, որ ժողովրդավարությունն անհնարին է առանց իրավունքի գերակայության սկզբունքի հարգման և պահպանման (ինչպես ժողովուրդն է իր իշխանությունը կաշկանդում Սահմանադրությամբ, այնպես էլ հանրային ցանկացած իշխանություն կաշկանդված է Սահմանադրությամբ),
* արձանագրելով, որ երկրի բարձրագույն օրենքի կոպիտ անտեսումն ու ոտնահարումը ոչ միայն նահանջ են իրավական պետության արժեքներից, այլև անիշխանություն տանող վտանգավոր ճանապարհ,
* վերահաստատելով «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) պնդումը, որ սահմանադրական դատարանները սահմանադրական կարգի պահապաններ են և Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը կոչված է պատվար լինելու օրվա քաղաքական մեծամասնությունից Սահմանադրական դատարանի դատավորների համար,
* անթույլատրելի համարելով, որ ամեն նոր իշխանություն կարողանա փոփոխել գործող դատավորներին,
* արձանագրելով, որ դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս՝ դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված են դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում են դրա վրա,
* պնդելով, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոդելը ոչ միայն թույլ է տալու մեկ քաղաքական ուժի կողմից Սահմանադրական դատարանի ձևավորում, այլև երկարատև տարիների համար քաղաքականացնելու է Սահմանադրական դատարանը,
* ահազանգելով, որ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգության հանդուրժումը վտանգում է և իսպառ վտանգելու է ողջ դատական իշխանության անկախությունը,
* հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանի 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների ավտոմատ, անմիջապես և առանց անցումային մեխանիզմների նախատեսման դադարեցումը հակասում է ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումներին,
* արձանագրելով, որ սահմանադրական որևէ փոփոխությունից առաջ ՍԴ դիմելը Ազգային ժողովի սահմանադրական պարտականությունն է (Ժողովրդի անվան վկայակոչմամբ սահմանադրական իմպերատիվ նորմերի դիտավորյալ շրջանցումը և ոտնահարումը Սահմանադրության կոպիտ խախտում է, որը Սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացը դարձնում է ապօրինի և ռումբ է դնում իրավական պետության հիմքում),
* հայտնելով, որ «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքով ՀՀ նախագահին սահմանադրության փոփոխությունների նախագիծը ստորագրելու լիազորությունից զրկելը ոտնձգություն է ՀՀ նախագահի լիազորությունների նկատմամբ և ուղղված է իշխանության գերկենտրոնացմանը իշխող քաղաքական մեծամասնության ձեռքում (նման հավակնությունը սպառնալիք է ժողովրդավարության և իրավական պետության հիմնարար սկզբունքների նկատմամբ),
Հայտարարում է.
1. Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացում է, քանի որ ԱԺ մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին։
2. Պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական և քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա։
3. Սույն քայլով Հայաստանի իշխանությունները անարգել են նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները և հերթական վնասն են հասցրել Հայաստանի հեղինակությանը։
4. Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից:

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ