Օրերս ՌԴ առողջապահության պատասխանատուները հայտարարեցին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք փորձանմուշ հաջող փորձարկում են անցել։ Չնայած այս հանգամանքին Հայաստանի առողջապահության նախարարությունը դեռ չի շտապում պայմանավորվածություններ ձեռք բերել ՌԴ-ի հետ՝ այդ պատվաստանյութից ունենալու համար։ Մինչդեռ ուշագրավ է, որ Արսեն Թորոսյանը շաբաթներ առաջ հայտարարեց, թե և ուղիղ արտադրողների, և հավաքական գնորդների հետ հնարավոր պատվաստանյութի շուրջ բանակցություններ է վարում ինչպիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, այնպես էլ Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) հետ։ Ի դեպ, սա այն դեպքում, որ այդ պատվաստանյութերը դեռ համապատասխան փորձարկումներ չէին էլ անցել։
Իսկ այսօր, երբ Ռուսաստանը հայտարարում է, թե արդեն բարեհաջող փորձարկում անցած պատվաստանյութը պատրաստվում են օգոստոսից արդեն արտադրելու, Արսեն Թորոսյանը չի շտապում նույն արագությամբ ձեռք բերել այն, որպեսզի այնպես չստացվի, որ ինչպես ինքն է ասում, Հայաստանը «զրկվի կյանք փրկող պրոդուկտից, որը փաստացի միակ բանն է լինելու, որ մեզ թույլ է տալու վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին»։ Մեր հարցին, թե ՌԴ-ի հետ կա՞ն այս պահին փորձարկում անցած պատվաստանյութի շուրջ բանակցություններ, նախարարությունից ոչ հստակ պատասխան տվեցին, թե բոլոր երկրների հետ էլ բանակցություններ կան. «Փորձարկումներ անցնելը դեռ չի նշանակում վերջնական արդյունք։ Որևէ երկիր դեռ չունի պատվաստանյութի վերջնական արդյունք»։
Հետաքրքիր է, մի դեպքում Արսեն Թորոսյանն աճապարում է դեռ փորձարկում չանցած պատվաստանյութերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, որ հանկարծ «հետ չընկնենք», մյուս դեպքում արդեն բարեհաջող փորձարկում անցած պատվաստանյութից «վերջնական արդյու՞նք» է ակնկալում։ Որտե՞ղ է թաղված շան գլուխը, հնարավո՞ր է խնդիրը ոչ թե պատվաստանյութն է, այլ այն արտադրող երկիրը կամ կազմակերպությունը։ Մեկի դեպքում Թորոսյանը Հայաստանի քաղաքացուն կարող է անգամ փորձարկումների համար «ճագարներ» դարձնել, մյուսի պարագայում հրաժարվել անգամ «կյանք փրկող պրոդուկտից»։
Ահա այս տրամաբանությամբ է ընթանում վիրուսի դեմ պայքարը, դրա համար էլ հուլիսի 23-ի ժամը 11.00-ի դրությամբ արդեն 977 մահ ունենք, իսկ Արսեն Թորոսյանն էլ բավական անկեղծ էր իր կանխատեսումներում, երբ ժամանակին հայտարարում էր, թե 500 հազար վարակակիր կունենանք ու հազարավոր մահեր։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ