Նովակ Ջոկովիչը ներողություն է խնդրել US Open-ում գծային մրցավարին գնդակով կպչելու համար ու հայտարարել, որ դրանում դիտավորություն չի եղել։ Սակայն հանդիպման գլխավոր մրցավարը հայտնել է, որ սերբն «իրականում վնաս է հասցրել» գծային մրցավարին ու պատմել, թե Նովակն ինչպես է փորձել համոզել, որ իրեն չորակազրկեն։
Մարզիկի անզսպությունը թանկ է արժեցել նրան։ Հավելյալ 10 հազար դոլարը փոքրիկ մասն է նրա, որը պատժելու կարգով արդեն իսկ կիրառվել է նրա նկատմամբ։ Հարկավ ամենախոշոր պատիժը որակազրկումն է, մինչդեռ Ռոջեր Ֆեդերերի ու Ռաֆայել Նադալի բացակայության պայմաններում նա միակ ռեալ ֆավորիտն էր մրցաշարի։ Ինչ վերաբերում է խնդրո ֆինանսական կողմին, Ջոկովիչն արդեն իսկ զրկվել է US Open-ում վաստակած միավորներից, մրցանակային 250 հազար դոլարից։ Այս 250 հազարի կողքին, ինչ խոսք, հավելյալ 10 հազար դոլարը եղանակ չի ստեղծում, բայց թե։ Այս բայց թե-ի տակ առաջին հերթին պիտի հասկանալ մարզիկի վարկանիշին հասցվելիք հարվածը։
Պիտի նկատել, որ անհավասարակշիռ պահվածքը սերբի պրակտիկայում այնքան էլ հազվադեպ չէ։ Ոմանք արդեն թերթում են պատմությունն ու վկայում, թե ինչպես 2016 թվին, անհաջող գեյմերից հետո, նա որակազրկվել է ռակետներն աջ ու ահյակ շպրտելու համար, ու դրանցից մեկով որքան մոտ է եղել մրցավարներին, գնդակ մատակարարող տղաներին վնասելուն։ Այս անգամ Ջոկովիչի վիճակը հավելյալ բարդանում է նրանով, որ գնդակը կպել է կին մրցավարի, իսկ մրցավարի սեռային պատկանելության պարագան գործին լրացուցիչ նրբերանգներ է հաղորդում։
«Մեծ սաղավարտի» յոթակի մցանակակիր Ջոն Մաքինրոյը կարծում է, որ այս միջադեպը խոր հետք է թողնելու մարզիկի համբավի վրա. «Հիմա Նովակը, մինչև իր կարիերայի ավարտը, մնալու է վատ տղա»։ Հետաքրքրիր կլինի տեսնել, թե նա դրա տակից ինչպես է դուրս գալու։ Նա ձգտում է մտնել պատմություն, գերազանցել Նադալին ու Ֆեդերերին... Նովակի անձի շուրջ շատ բաներ կան, սակայն այս հետքը նա չի կարողանալու ջնջել։ Ինչպես են նրան վերաբերվելու մնացած խաղացողնե՞րը։ Ինչպես են նրան արձագանքելու երկրպագուները, երբ նրանց թողնեն տրիբունանե՞ր։ Մենք պատասխաններ չունենք։ Ես պարզապես շոկի մեջ եմ այն բանից, թե ինչպես նա կարողացավ նման անկշռադատված բան թույլ տալ իրեն մի խաղում, որտեղ անառարկելի ֆավորիտ էր»։
Բնականաբար, Նովակը պնդում է ու շարունակելու է պնդել, որ արածը դիտավորություն չէր։ Հարցն այն է, թե արդյո՞ք կհավատան նրան։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ