Ո՞վ պիտի իրողությունների հետ հաշվի նստի
24.11.2020 | 00:56
Բոլորն են հիշում, չէ՞, թե Նիկոլ Փաշինյանն ի՜նչ ճառեր էր ասում ինքնիշխանության, սեփական արտաքին քաղաքականություն ստեղծելու մասին, իսկ հիշու՞մ եք, թե նա հենց նույն Սյունիքում, որն այսօր վտանգի տակ է դրել, ինչ բոցաշունչ ելույթ ունեցավ։
«Ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ձեզ էլ թվացել է, թե դա է դիվանագիտությունը, այ անինքնասերներ: Ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դուք եք կոշիկ լիզողը: Այսօր էլ եք վազում եվրոպաներում, մոսկվաներում ինչքան կոշիկ եք տեսնում, լիզում եք: Այ տենց էլ մինչև ձեր կյանքի վերջ լիզելու եք սրա-նրա կոշիկները, այ կոշիկ լիզողներ... Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, բայց չեք էլ փախչելու, պատասխան եք տալու հատիկ առ հատիկ»։
Իսկ հիմա նույն բառուբանով քեզ ենք հարցնում, գիտե՞ս, թե քո ողբերգությունը որն է, որ դու թուրքի դեմ ես ծնկել, մեր հողերն ես տվել մեր անունից, այ անինքնասեր։ Բայց մենք չենք ծնկել։ Դու, այո, Հայաստանում տեղ չես ունենալու ու ոչ էլ կարող ես փախչել, պատասխան եք տալու հատիկ առ հատիկ։ Փաշինյանական «կոշիկ լիզելու» դիվանագիտությունը գործողության մեջ երևաց նախօրեին։ Ռուսաստանի կառավարական դեսանտն իջել էր Հայաստան ու քեզ թելադրում էին, թե դու ինչ պիտի անես, ում «կոշիկը լիզես», ավելին, հատկապես որ երկրում պիտի գտնես այդ կոշիկները։ Այ ինքնավար ու ինքնասեր, Արցախի ջեռուցման հարցն է անգամ Ռուսաստանը լուծում, իսկ դու խոսում ես ինքնավարությունի՞ց, քեզ համար չափազանց բարդ ու անհասկանալի մի բանից՝ դիվանագիտությունի՞ց։
Ո՞վ էր «հեղափոխությունից» հետո ասում, թե Ռուսաստանը պիտի հաշվի նստի հայաստանյան իրողությունների հետ։ Նստե՞ց։ Արցախի 80 տոկոսը կորցնելուց, Հայաստանի անվտանգության գլխին թուրքի յաթաղանը կախելուց հետո գուցե դու՞ իրողությունների հետ հաշվի նստես ու եվրոպաներում, ամերիկաներում նոր, թարմ «կոշիկներ» գտնես, եթե իհարկե, դրանք քեզ առաջարկող էլ դեռ մնացել է։ Ինքնասիրությունից ճամարտակողն անգամ աթոռից «պոկվելու» ինքնասիրություն չունի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ