«Մեր երկրում սահմանադրական բարեփոխումների հրամայական չկա»
31.01.2020 | 11:00
Հայաստանը հերթական անգամ մտնում է սահմանադրական բարեփոխումների փուլ։ Եթե նախորդ բարեփոխումների միջև տարբերությունն առնվազն 10 տարի էր, այս անգամ 5 տարին չի լրացել։ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ այսօրվա իշխանությունը հայտարարում էր, թե դրանք ժամանակավրեպ են, և միակ նպատակը Սերժ Սարգսյանի կառավարումը երկարաձգելն է։ Հիմա նախկին ընդդիմադիրները, որ արդեն իշխանություն են, սահմանադրական փոփոխությունների են գնում, որպեսզի վերահսկողությունից դուրս մնացած միակ կառույցը՝ ՍԴ-ն էլ իրենց ենթարկվի։ Ամենաուշագրավն այն է, որ այդքան շատ քննադատված կառավարման ձևը, իմա՝ Սերժ Սարգսյանի հագով կարված «կոստյումը», մեկ կոճակ տանելով էլ անգամ չեն ցանկանում փոխել։ Արդեն հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը։ Այս բարեփոխումների և իրավական որոշ խնդիրների շուրջ զրուցել ենք սահմանադրագետ, 2015-ի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին մասնակցած ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ։
-Իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե ՍԴ-ում կա ճգնաժամ, ու այն վերացնելու համար են նաև սահմանադրական բարեփոխումները։ Հնարավոր չէ՞, առանց մայր օրենքի վերաձևման, ՍԴ-ի հետ կապված խնդիրներին լուծում տալ։
-ՍԴ-ում ճգնաժամ չկա, իշխանություններն արհեստական օրակարգ են ասպարեզ նետել։ Ճգնաժամային որևէ երևույթի հասարակությունն ականատես չի լինում։ Ճգնաժամ կարող էր լինել այն դեպքում, եթե այդ կառույցն ի վիճակի չլիներ իրականացնելու իր գործառույթները։ Որպես օրինակ նշենք, որ ոչ վաղ անցյալում ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, հետագայում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ։ Նոր իրավական կարգավորումներն ուժի մեջ էին մտել, սակայն այդ մարմինը օրենքով սահմանած կարգով ձևավորված չէր։ Հետագայում օրենսդրական փոփոխություններ կատարեցին, և խնդիրը կարգավորվեց։ Մինչդեռ, բարոյահոգեբանական, քաղաքական ճնշումների առկայության պայմաններում անգամ ՍԴ-ն պատշաճ կատարում է իր պարտականությունները, գործառույթները՝ համագործակցելով և՛ կառավարության, և՛ խորհրդարանի հետ։ Ականատես ենք լինում նաև առանցքային որոշումների, որոնք պետության իրավական համակարգի վրա հետագայում դրական ազդեցություն են ունենալու։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, սկզբում շատ վերացական էր այդ մասին խոսվում, ոչ մի ակնարկ չկար, որ դրանք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համար են, որովհետև մինչ այդ իշխանությունը սպասում էր դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու չարաբաստիկ օրենքի կիրարկմանը։ Տեսնելով, որ դա որևէ արդյունք չի տալիս, իշխող ուժի ներկայացուցիչները հիմա էլ փորձում են սահմանադրական փոփոխություններով այս հարցը կարգավորել։ Այդ բարեփոխումների մասին կխոսեմ ոչ որպես մասնագետ, այլ որպես նախորդ բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին անմիջականորեն մասնակցած անձ։ Ե՛վ վարչապետը, և՛ արդարադատության նախարարը հայտարարել են, որ չեն պատրաստվում կառավարման մոդել փոխելու, մարդու հիմնարար ազատություններին, իրավունքներին վերաբերող հոդվածները ևս հազիվ թե հիմնարար փոփոխությունների ենթարկվեն։ Վենետիկի հանձնաժողովի և միջազգային այլ կառույցների գնահատմամբ` 2015-ի սահմանադրական բարեփոխումներով մենք ամրագրել ենք եվրոպական տարածքում առկա մարդու իրավունքներին առնչվող սահմանադրաիրավական լավագույն կարգավորումները։ Ստացվում է, որ հիմնական շեշտը դրվում է դատաիրավական կարգավորումների, այդ թվում` ՍԴ-ի շուրջ ստեղծված կամ ինչպես իրենք են ասում, «ճգնաժամի» հաղթահարման վրա։ Արդեն բարձրաձայնվում է նաև, թե ինչ ճանապարհով կարող են գնալ իշխանությունները։ Այսինքն, հնարավոր է վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորվեն, դրանց գործառույթները մեկտեղվեն, սակայն այս իրավակարգավորումը Վենետիկի հանձնաժողովը չի ողջունում՝ արդյունավետության ցածր մակարդակը մատնանշելով։ Գործող Սահմանադրության համաձայն, սահմանադրական փոփոխությունները երկու ձևով են լինում. որոշ գլուխների դեպքում առաջարկվում է հանրաքվե, որոշ դեպքերում՝ ԱԺ-ում քվեարկություն։ Եթե դատական իշխանության առնչությամբ փոփոխություններ պիտի տեղի ունենան, դա ենթադրում է հանրաքվեի անցկացում, սակայն այստեղ կա մի նրբություն։ Ցանկացած նման փոփոխություն, նախքան հանրաքվեն կամ ԱԺ-ում քվեարկության դնելը պետք է ստանա նաև ՍԴ-ի դրական եզրակացությունը։ Այս պարագայում լուրջ մտահոգություն ունեմ, որ իշխանությունը կգնա չնչին փոփոխություններ կատարելու ճանապարհով, որպեսզի խուսափի ՍԴ-ի համապատասխան եզրակացությունը ստանալուց։ Սա իրավական առումով շատ խնդրահարույց է լինելու, և արձանագրվելու է հերթական խախտումը։
-Արդեն ներկայացվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը։ Ի՞նչ կարծիք ունեք այնտեղ ընդգրկված անձանց մասին։
-Շատ հարգված իրավաբան գիտնականներ են, բայց մտավախություն ունեմ նրանց փորձառության հետ կապված։ Եթե համեմատում ենք նախորդ բարեփոխումներն իրականացնող հանձնաժողովի անդամների հետ, նախկինում փորձառու, մեծ ստաժ ունեցող, հեղինակավոր իրավաբան գիտնականներ էին։ Ես ականատես եմ եղել, թե ինչ տաժանակիր և պրոֆեսիոնալ աշխատանք են նրանք կատարել այսօրվա Սահմանադրությունն ունենալու համար։ Անկախ տարբեր գնահատականներից, իրավապես շատ բարձր որակի փաստաթուղթ է՝ հիմնված տարբեր երկրների փորձի վրա։ Նախկին ընդդիմության, որն այսօր իշխանություն է, հիմնական հակափաստարկն այն էր, թե այդ բարեփոխումները ժամանակավրեպ են։ Սա այն դեպքում, երբ նախորդ փոփոխություններից անցել էր 10 տարի։ Այսօր հարց է ծագում՝ ընդամենը 4 տարի (2015-ի դեկտեմբերին է եղել հանրաքվեն) առաջ իրականացված սահմանադրական բարեփոխումներից հետո նման գործընթաց սկսելը ժամանակավրեպ չէ՞։
-Այս հապճեպության բուն նպատակը ո՞րն է, արդյո՞ք միայն ՍԴ-ի «հին» կազմից ազատվելը։
-Սահմանադրական բարեփոխումների անցկացումն օրվա իշխանության քաղաքական խնդիրն է դարձել, բայց այդ նպատակը գոնե պիտի հիմնավորվի։ Արդյոք հասունացե՞լ է նոր բարեփոխման ժամանակը, թե՞ իշխանությունն ունի անձնական բնույթի քաղաքական արհեստական օրակարգ լուծելու խնդիր։ Այն է՝ ՍԴ-ում իրենց համար անցանկալի դատավորներից ազատվելու խնդիր։ Ի դեպ, նկատենք, որ սահմանադրական բարեփոխումների նախորդ հանձնաժողովը բավական երկար ժամանակ աշխատեց հայեցակարգի վրա, որը հսկայածավալ փաստաթուղթ է և ներկայացնում է հիմնական ուղղությունները՝ հստակ նպատակներ մատնանշելով։ Այդ բարեփոխումներից հետո մինչև 2018-ը տեղի էր ունենում օրենսդրության իմպլեմենտացիա։ Մայր օրենքի այդպիսի հսկայական փոփոխությունից հետո պետք է երկրի բոլոր օրենքները համապատասխանեցվեն դրան, փոփոխությունների ենթարկվեն, իսկ սա բարդ, երկարաժամկետ աշխատանք է։ Արդյոք մեր պետությունը, պետական համակարգը պատրա՞ստ են նման լրացուցիչ աշխատանքի։ Այս հանգամանքը պարտադիր պետք է հաշվի առնել։ Հուսով եմ, որ ինչպես ԱԺ-ն ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու օրենքը կիսալուծումներով ընդունեց, այդ կերպ չի վարվի այս հարցում։
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ հանձնաժողովի կազմում չի ընդգրկվել այդ աշխատանքներին մասնակցելու դիմում ներկայացրած Արփինե Հովհաննիսյանը։ Անկախ մասնագիտական ունակություններից ու առկա փորձից` առաջնային է դիտարկվել նրա «նախկին» լինե՞լը։
-Չգիտեմ, թե ինչպես է անցկացվել հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթը, որ երկու հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ են ներգրավվել, իսկ Արփինե Հովհաննիսյանը, որն ունի անցած ուղի, փորձ, չի ընդգրկվել հանձնաժողովի կազմում։ Փաստորեն, Արփինե Հովհաննիսյանը զիջու՞մ է Դանիել Իոննիսյանին, որն անգամ իրավաբանական կրթություն չունի։ Ավելին, Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների հետ աշխատելու փորձ էլ ունի։ Եթե նպատակը հաջող ու լավ բարեփոխումներ իրականացնելն է, պետք է հանձնաժողովի անդամի ընտրության հարցում այսպիսի որոշում չկայացնեին։ Անհամաչափ, կողմնակալ վերաբերմունք է սա։
-Նշեցիք, որ նախորդ բարեփոխումների համար մեծ աշխատանք է տարվել, հաշվի է առնվել այլ երկրների փորձը։ Հիմա ի՞նչ նոր հեծանիվ պիտի հորինեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը նաև, որ արդեն հայտարարվել է, թե կառավարման ձևը փոփոխման չի ենթարկվելու։ Գուցե արհեստական քննարկումների, ժամանակ ձգելու միտու՞մ կա։
-Այսօր իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե սա ՍԴ-ում իրավիճակը հանգուցալուծելու համար է արվում։ Կարծում եմ, այս ամիսներին իշխանությունը, ՍԴ-ն իր ցանկությամբ վերադասավորելու համար սպառելով բոլոր անհեթեթ տարբերակները, տեսնելով, որ դրանք արդյունք չեն տալիս, որոշել է սահմանադրական բարեփոխումներով այդ արհեստական թնջուկը վերացնել։ Սա սահմանադրական բարեփոխում իրականացնելու խիստ բացասական դրդապատճառ է։ Եթե դատաիրավական համակարգի բարեփոխման իրական նպատակ կար, դա հնարավոր էր անել մի շարք օրենսդրական փոփոխություններով։ Մենք յուրաքանչյուր հաջորդ տարի ունեցել ենք ավելի լավ դատաիրավական համակարգ։ Համոզված եմ, որ մեր երկրում սահմանադրական բարեփոխումների հրամայական չկա, նման հարց չի հասունացել։
-Եթե արդարադատության նախարարի հայցը դատարանը մերժում է թերի լինելու պատճառով, ինչպե՞ս կարելի է վստահել այդ նախարարի կազմած հանձնաժողովի աշխատանքներին, ընդհանրապես ինչպե՞ս են այդ գերատեսչության ղեկավարին վստահել մայր օրենքի փոփոխության գործը։ (Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատարան հայց էր ներկայացրել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի դեմ։ Դատարանը հայցը չէր ընդունել թերի լինելու պատճառաբանությամբ)։
-Զերծ կմնամ անձնական որակումներից, բայց հանրությունը պետք է կարողանա տարբերակել պաշտոնյաների մանիպուլյացիաները, որոնք միտում ունեն հանրային կարծիքը շեղելու։ Մարդիկ պետք է կարողանան զանազանել իրականությունն ու մատուցվող կեղծ տեղեկությունը, ըստ այդմ, հասկանան, թե որ պաշտոնյան է իր խոսքում և գործողություններում ավելի ազնիվ։ Մենք այս ընթացքում ականատես եղանք ամենաթողության, սահմանադրական իրավունքի անընդմեջ ոտնահարման։ Պաշտոնյան շարքային քաղաքացուց տարբերվում է ինքնազսպման որոշակի շրջանակներ ունենալով և իր խոսքին պատասխանատվությամբ վերաբերվելով։ Պաշտոնյաներին կհորդորեի մի պահ բոլորին մեղադրելու մոլուցքից ձերբազատվել, հասկանալ, որ պատասխանատվություն են ստանձնել երկրի և հասարակության առջև, փորձել լինել ավելի հավասարակշռված։
-Որպես օրենքին մոտ կանգնած մարդ, ինչպե՞ս կգնահատեք Բանակի օրը ոստիկանության իրականացրած գործողությունները` մի շարք ընդդիմադիրների բերման ենթարկելով հանդերձ։
-Այդ օրը ոստիկանության իրականացրած գործողությունները խայտառակություն էին և չեն տեղավորվում իրավական տրամաբանության շրջանակում։ Ոստիկանության մասին օրենքը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ իրականացվում են հատուկ միջոցներ, այդ թվում` ձեռնաշղթաների կիրառում։ Ձեռնաշղթա կիրառում են, երբ ոստիկանը կատարում է հրահանգ և հանդիպում է դիմադրության, եթե իրավախախտման պահին քաղաքացին փախուստի է դիմում, երբ քրեական գործով կասկածյալի են տեղափոխում։ Սրանք այն հիմնական դեպքերն են, որոնց ժամանակ կիրառվում է այդ միջոցը։ Իսկ ի՞նչ տեսանք մենք այդ օրը։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները դիմակավորված, բիրտ ուժի կիրառմամբ, ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեցող հասարակական-քաղաքական գործիչների, որոնցից երկուսը լրատվամիջոցների ղեկավարներ էին։ Սա մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարում էր։ Այս անհամաչափ ուժի կիրառումը կարելի է համարել այլախոհության հանդեպ անհանդուրժողականության դրսևորում։ Սա ազատ խոսքը լռեցնելու ազդակ էր։ Այս ամենը պետք է խիստ դատապարտվի, իրավապաշտպան հանրությունը պետք է ավելի միասնական աշխատանքներ տանի։ Ես, որպես «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, հետևողական եմ լինելու՝ հարուցվե՞լ է առնվազն ծառայողական քննություն ոստիկանությունում, թե ինչ ահազանգերի հիման վրա են բերման ենթարկվել հասարակական գործիչները։ Ոստիկանությունը, դատախազության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարությունը պետք է հայտարարություններով հանդես գան՝ հայցելով այդ մարդկանց ներողամտությունը։ Ոչ վաղ անցյալում կրկին ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին ԵՊՀ ուսխորհրդի նախագահին, այս դեպքում էլ որևէ արձագանք չեղավ։ Կարելի է ենթադրել, որ ուժի կիրառումը ոստիկանությունը դարձրել է սովորական, առօրյա գործելաոճ։ Իրավական պետությունում մարդու իրավունքների նման ոտնահարումն անթույլատրելի է։ Վերջին շրջանում ականատես ենք լինում իրավունքի գերակայության կոպիտ ոտնահարման, ինչն իրավական անվտանգությանն ուղղված սպառնալիք է։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ