«Կորոնավիրուսն իրեն «հարմարավետ» է զգում հատկապես այն երկրներում, որտեղ իշխանության ղեկին պոպուլիստներն են»
03.04.2020 | 00:39
Արցախում ավարտվեցին ընտրությունները։ Ձևավորվեց խորհրդարան, բայց նախագահի աթոռի երկու հավակնորդները դեռ երկրորդ փուլ պիտի գնան։ Բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվել. ամենաշատ քվե ստացած թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ երկրորդ փուլում է մի թեկնածու՝ Մասիս Մայիլյանը, որին դեֆակտո պաշտպանող կուսակցությունը խորհրդարան չանցավ։ Այսինքն, նա չունի քաղաքական հենարան։ Արցախյան ընտրությունների, հայաստանյան իրավիճակի շուրջ զրուցել ենք «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ հետ։
-Ինչպե՞ս կգնահատեք արցախյան ընտրությունները, սպասելի՞ էր ուժերի նման դասավորությունը։
-Արցախում ընտրությունները կայացան, ըստ էության, արտառոց պայմաններում, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակը «օրակարգ» է թելադրում։ Արժանին պետք է մատուցել արցախցիներին, որոնք այս պայմաններում քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորեցին՝ ապահովելով բավականին բարձր մասնակցություն։ Մյուս կողմից արժանին պետք է մատուցել Արցախի իշխանությանը, հեռացող նախագահ Բակո Սահակյանին, որ կարողացել էին տեղամասերում ապահովել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ ընտրողների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Մինչև ընտրությունները մի քանի անգամ կանխատեսումներ արել եմ ու արձանագրեմ, որ չսխալվեցի։ Հենց այսպիսի դասավորությունն էլ ենթադրում էի։ Իհարկե, Արցախի ընտրություններն առանց պարադոքսների չանցան։ Օրինակ, քաղաքագիտական բանաձևերով բացատրելի չէ, որ նախագահական կամպանիայի ֆավորիտներից մեկի՝ Մասիս Մայիլյանի դաշինքը չկարողացավ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու արգելքը։ Սա նշանակում է, որ Մայիլյանն ինքնուրույն քաղաքական գործոն չէ, պրոյեկտ է, որն օգտագործվում է Սամվել Բաբայանի ու ոչ միայն՝ նրա կողմից։ Տեսանելի է, որ Հայաստանի իշխանության ներսում կամ նրա շուրջ կան որոշ խմբեր, որոնց համար Մայիլյանը «սրտի թեկնածու» է։
-Թեև երկրորդ փուլ է արդեն նշանակված, բայց ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը արցախցիների մեծամասնության վստահությունն է վայելում։ Եթե երկրորդ փուլում ևս առավելություն ունեցավ Հարությունյանը, ի՞նչ «դեմքով» Արցախ ենք ունենալու։
-Արայիկ Հարությունյանը կայուն զարգացման, ցնցումները մերժելու ընտրություն է։ Պատահական չէ, որ ընտրությունների առաջին փուլին հաջորդած ասուլիսում նա հնչեցրեց կոնսոլիդացնող թեզեր՝ հասկացնելով, որ երկրորդ փուլում ևս հենց ինքն է օրակարգ թելադրողը։ Հարությունյանը, մեծ հաշվով, կոնսոլիդացնող ֆիգուր է, որի շուրջ, կարծում եմ, լռելյայն կոնսենսուսի են եկել Հայաստանի իշխանության հիմնական մասն ու Բակո Սահակյանի թիմը։ Դատելով արցախցիների քվեարկությունից՝ նման կոնսենսուսը նրանց սրտով է։ Արայիկ Հարությունյանի նախագահության պարագայում պետք չէ սպասել Արցախի իշխանության «դիմագծային» արմատական փոփոխություններ։ Ենթադրում եմ, որ նրա պարագայում ավելի արդյունավետ կլինեն տնտեսական քաղաքականությունն ու կառավարման բարձր որակը։
-Ոմանց համար անակնկալ էր, որ գեներալ Վիտալի Բալասանյանը քիչ ձայն էր հավաքել, առավել զարմանալի էր, որ նա զիջում էր Մասիս Մայիլյանին։ Ձեր կարծիքով, ինչու՞ պատերազմի մեջ գտնվող արցախցին չցանկացավ ունենալ պատերազմի բովով անցած նախագահ։
-Ոչ մի անկանկալ էլ չկա։ Ամեն բան շատ պարզ է։ Հայաստանն ու Արցախը միևնույն անվտանգային-քաղաքական համակարգում են, ու հնարավոր չէր պատկերացնել, որ Արցախում կարող է հաղթել թեկնածու, որը հրապարակավ հակադրվում է պաշտոնական Երևանի քաղաքականությանը։ Նման թեկնածուի շուրջ Արցախում չէր կարող լինել հանրային ու քաղաքական կոնսոլիդացիա, եթե անգամ Վիտալի Բալասանյանի կերպարը դրական է ու նա խարիզմատիկ գեներալ է՝ հերոսական ու պատկառելի անցյալով։
Մյուս կողմից Բալասանյանի թիմը խորհրդարանական ընտրություններում դրական արդյունք է արձանագրել ու բոլոր հնարավորություններն ունի՝ զբաղեցնելու Արցախի նոր ընդդիմության նիշը։ Տարբեր պատճառներով Սամվել Բաբայանն ու նրա կուսակցությունը կամ Մայիս Մայիլյանը նման առաքելություն կատարել չեն կարող. տեսանելի է, որ նրանց «առաքելությունն» այս կամպանիայով ավարտվում է։ Բաբայանը լեզու կգտնի Արցախի նոր իշխանության հետ կամ կվերադառնա Երևան, իսկ Մայիլյանն անգամ խորհրդարանում ներկայացված չէ ու նախագահ չընտրվելու պարագայում՝ մարգինալացվելու է։
-Վերադառնանք Հայաստան. վիրուսն արագ տարածվում է, իսկ իշխանության ամենախիստ սահմանափակումներն անգամ վարակի ողնաշարը չեն կոտրում։ Ինչու՞ չի հաջողվում իրավիճակը հնարավորինս վերահսկելի դարձնել։
-Մի կողմից համաճարակը զարգանում է ամբողջ աշխարհում, նույնիսկ՝ ԱՄՆ-ում ու Եվրոպայի զարգացած երկրներում, ու այս իմաստով՝ Հայաստանը բացառություն չէ։ Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ օրինակ, մեր հարևան Վրաստանում շատ ավելի բարենպաստ իրավիճակ է։ Կորոնավիրուսն իրեն «հարմարավետ» է զգում հատկապես այն երկրներում, որտեղ իշխանության ղեկին պոպուլիստներն են, ու այս հարթության վրա նույնպես Հայաստանն օրիգինալ չէ, եթե համարենք, որ Իտալիայում Եվրոպայի ամենապոպուլիստական կառավարություններից մեկն է։ Հիմա կառավարությունն ու պարետատունը գուցե որոշ ադեկվատ քայլեր անում են, բայց նրանք շա՜տ են ուշացել։ Մինչև մարտի կեսերը Նիկոլ Փաշինյանի թիմը «հաջողությամբ» տապալել է համաճարակի կանխարգելման փուլը՝ «կորոնավիրուսը ու՞մ շունն է», «կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ» ոչ ադեկվատ հայտարարություններով։ Իրանն ու Իտալիան արդեն համաճարակի էպիկենտրոններ էին, սակայն Փաշինյանի թիմը՝ դիլետանտիզմի կամ պոպուլիզմի պատճառով, մատների արանքով էր նայում ժանտախտի հնարավոր զարգացմանը, հրաժարվում էր օդանավակայանում և անցակետերում կարանտին սահմանելուց, թեև մարտի 3-ից սկսած նման կոչեր, պահանջներ հնչել են։ Իշխանության նման «անլրջության» պատճառն այն էր, որ նա չէր կարողանում հրաժարվել սահմանադրական հանրաքվեի օրակարգից ու, որոշ վերապահումներով, ադեկվատության դաշտ եկավ միայն մարտի 16-ից հետո։ Պոպուլիզմի հետևանքը միշտ սա է լինում, սակայն քաղաքական պատասխանատվության խնդրին կանդրադառնանք արտակարգ դրության չեղարկումից հետո։ Հիմա համախմբվելու ժամանակն է։
-Իշխանությունն այս իրավիճակում բավական վիճահարույց օրենք է անցկացնում, որը խիստ խոցելի է ու հակասական մեկնաբանությունների առիթ է տվել։ Այս իրավիճակում մարդկանց տեղորոշելն ու զանգերը վերահսկելն ինչպե՞ս կարող են իրավիճակին դարման լինել։
-Եթե նույնիսկ Ձեր նշած օրենքի անհրաժեշտությունը կար, դա շատ ուշացած է։ Դա կարող էր տեսականորեն իրավիճակ փոխել, երբ երկրում արձանագրվում էին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Հիմա ուշ է. մենք ընդամենը նահանջ ենք արձանագրում դեմոկրատիայից՝ չստեղծելով կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմ։ Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի ու մյուսների ելույթները ինձ ու հասարակության մեծ մասին չեն համոզել։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանի թիմը սկսել է չհավատալ հասարակությանը, ու սա փոխադարձ է։ Նման համատեքստում ծնվում է սկանդալային այս օրենքը, որն ավելի շատ ոչ թե կորոնավիրուսի, այլ դրա քաղաքական, սոցիալական հետևանքների դեմ պայքարին է ուղղված։ Այսպիսին է իմ տպավորությունը։ Պետք չէ չեկիստական մեթոդների դիմել, եթե կան կոնկրետ քայլեր, որոնք գուցե ավելի արդյունավետ են՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, դրա տնտեսական հետևանքները վերացնելու հարցում։ Օրինակ, ողջունելի է, որ մեր կառավարությունը մտադիր է բանակցել Ռուսաստանի հետ՝ սահմանին գազի գինը իջեցնելու համար, սակայն այդ դրական քայլը չէր կարելի դատապարտել կանխատեսելի ձախողման՝ Փաշինյան-Լուկաշենկո ինտրիգային հեռախոսազրույցով։
Կամ հասարակության մի զգալի մասը սոցիալական կեղեքման ճիրաններում է, բայց իշխանությունը չի հայտարարում պարգևատրումների ինստիտուտից հրաժարվելու և այդ գումարները սոցիալական նպատակներով ծախսելու մասին։ Սա արդեն ցինիզմի է նմանվում։ Մյուս կողմից մի շարք երկրների փորձը ցույց է տվել, որ համաճարակի դեմ պայքարի լավագույն միջոցը զանգվածային թեստավորումներն են, ու հենց դրանց շնորհիվ է, որ Եվրոպայի առաջատար երկրների շարքում Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացությունների ամենացածր ցուցանիշը։ Եթե մեր կառավարությունը մտադիր է արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ, պետք է հրաժարվի անիմաստ օրենքներից, շարունակի քաղաքացիներին տներում պահելու քաղաքականությունը՝ զուգահեռաբար իրականացնելով զանգվածային թեստավորումներ։
-Սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կորոնավիրուսն ում շունն է, իսկ օրերս էլ, թե իրավիճակին պիտի լուրջ վերաբերվել։ Բացի անլուրջ պահվածքից, սա նաև իշխանության ներսում առկա խուճապի մասին չի՞ փաստում։
-Երկրորդեմ՝ սա պոպուլիզմի, դիլենտանտիզմի, արդյունավետ համակարգի բացակայության հետևանք է։ Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում էին կորոնավիրուսն «ինդենտիֆիկացնել» կենդանական աշխարհում, նա «մուտքի ազատ ռեժիմով» ներխուժեց Հայաստան։
-Բացի առողջապահական խնդիրներից, մարդկանց խիստ անհանգստացնում է նաև սոցիալ-տնտեսական վիճակը։ Կառավարության քայլերն ու ծրագրերը համարժե՞ք են իրավիճակին։
-Չի կարելի ասել, որ կառավարությունը ոչինչ չի անում, դա արդար ու կոռեկտ չի լինի։ Սակայն կառավարության քայլերն ամենևին էլ զարգացման բաղադրիչ չունեն ու նույնիսկ չեն կարող կասեցնել տնտեսության գահավիժումը կամ սոցիալական լարվածությունը։ Պետք է տալ ստեղծված ծանր վիճակի ճշգրիտ էպիկրիզը, հակառակ դեպքում արդյունավետ հակաճգնաժամային քայլեր չենք տեսնի։ Ժողովուրդը հոգնել է գեղեցիկ կարգախոսներից, հեղափոխական հռետորաբանությունից ու կոնկրետ քայլեր է ուզում տեսնել։ Գուցե իշխանությունը չի հասկացել, բայց կորոնավիրուսը վերջնականապես բացահայտեց հեղափոխականության ավարտը, պոպուլիզմի սնանկությունը։ Հիմա ուժեղ ու պատասխանատու կառավարությունների, խարիզմատիկ առաջնորդների պատմաշրջան է սկսվում։ Փաշինյանի թիմը պետք է փորձի հասնել այս նշաձողին, հակառակ դեպքում տնտեսական ճգնաժամին կգումարվի նաև քաղաքականը։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ