«Այս պահին վարչապետի այլընտրանքային թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է»
22.05.2020 | 00:47
Իշխանությունը չի կարողանում ճգնաժամային կառավարում իրականացնել, վիրուսն անկառավարելի է, իսկ ներիշխանական ճամբարում ճաքերը մեծանում են։ Ներքաղաքական այս և այլ խնդիրների շուրջ զրուցել ենք քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։
-Ի՞նչ է կատարվում իշխանությունում։
-2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը բավականին մեծ վարկանիշ ուներ, բայց այս 2 տարվա ընթացքում նրա վարկանիշն էականորեն ընկավ։ Հայաստանում անձնիշխանական համակարգ է ձևավորված ու ամեն ինչ ծառայում, սպասարկում է այդ մեկ մարդուն, կառավարումն էլ ավտորիտար է։ Փաշինյանի բարձր վարկանիշը սոսնձում էր «Իմ քայլի» ողջ քաղաքական թիմը, որի մեջ մտնում են և պատգամավորները, և կառավարության անդամները, և ՏԻՄ անդամները։ Բայց երբ հեղինակությունը սկսում է անկում ապրել, այդ «սոսինձը» թուլանում է, ինչի պատճառով իշխանությունը ճաքեր է տալիս, ընդ որում և խմբակցության ներսում, և դրանից դուրս։ Բնականաբար, այս ամենը հաշվի առնելով, և արտախորհրդարանական, և խորհրդարանական ուժերը սկսում են ապագային միտված որոշ գործողությունների շուրջ մտորել։ Ի դեպ, արտախորհրդարանական ուժերի շրջանում ավելի արագ են զարգացումները տեղի ունենում, որովհետև ի տարբերություն 2018-ի հունիս-հուլիս ամիսների, այդ ուժերն այսօր քաղաքականապես շատ ավելի լավ վիճակում են։ Համավարակն էլ ցույց տվեց, որ իշխանությունը չի կարողանում վերահսկել այն, իսկ դրա ուղիղ պատասխանատուն իշխանության ղեկավարն է։ Գնալով խնդիրներն իրար վրա են կուտակվում, որոնց գումարվեցին Փաշինյանին վերագրվող մեղադրանքները։ Այս պահին իշխանությունը փորձում է չկարևորել և հրապարակային դրանց չպատասխանել, խոսքը և ծխախոտի, և ադամանդի մաքսանենգությանն է վերաբերում։ Դրանք թողնում են իրավապահ համակարգին։
Այսօր միայն համավարակից ենք խոսում, բայց իրականում մեր տնտեսությունը նաև օբյեկտիվ պատճառներով ահավոր վիճակում է, վարակը ողջ աշխարհի համար է խնդիրներ ստեղծել։ Այսօր տուրիզմը մահացած վիճակում է ու դեռ պարզ չէ, թե երբ կկարողանա ոտքի կանգնել։ Այս ոլորտում հազարավոր մարդիկ են աշխատում, որոնք գործազուրկ են դարձել և սոցիալական վատ վիճակում են։
-Դուք նշեցիք, որ իշխանությունը ճաքեր է տալիս, հնարավո՞ր է առնետավազք սկսվի։ Ինչու՞ «թաթիկներ» կտրող Փաշինյանը չի կարող վերահսկողություն իրականացնել սեփական թիմում։
-Իշխանությունն ապագաղափարական մարդկանց միություն է։ Կառավարման հիմքում ընկած է միայն մեկ անձի վարկանիշի գործոնը։ Նրանց միավորում է ոչ թե գաղափարական հստակ ուղղությունը, այլ անձնիշխանությունը։ Երբ 2018-ին այս մարդիկ եկան իշխանության, պետք է հստակ ցույց տային Հայաստանի զարգացման վեկտորը` 5, 10, 15 տարի հետո մենք ինչ երկիր ենք ունենալու, որից էլ պիտի բխեին տարբեր ճյուղերի զարգացման հայեցակարգերը։ Այսօր այդպիսի բան չկա, իսկ որոշ ոլորտների համար ներկայացվող ծրագրերն ընդամենը կարճաժամկետ, նեղ խնդիրներ լուծող փաստաթղթեր են, ոչ ավելին։ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ինքը «իզմ»-եր չընդունող ղեկավար է, իսկ դա պատահական խոսք չէ։ «Իզմ»-ը, ի վերջո, մարդկանց մոտեցումների, պատկերացումների միություն է։ Մարդկանց պետք է մի գաղափար միավորի, նրանք չեն կարող պարզապես միմյանց կողքի կանգնել ու վերջ։ Եթե «իզմը», զարգացման ընդհանուր վեկտորը չի միավորում, ուրեմն ստացվում է, որ այս իշխանությանը միավորում է անձնիշխանության համակարգը։ Քանի դեռ հիմքում բարձր վարկանիշն էր, այդ միավորումն ամուր էր, հենց վարկանիշն ընկավ, միավորման հիմքերն էլ սասանվեցին, թուլացան։ Մարդիկ սկսում են հեռանալ այս իշխանությունից, քանի որ միավորող «սոսինձը» թուլացել է։ Որքան շատ թուլանա, իշխանությունում տարանջատումներն այնքան կմեծանան։ Այս իշխանությունում տարբեր փայատերեր կան, որոնք իրենց չբավարարված շահերն են առաջ մղում։ Կան մարդիկ էլ, որոնք հույս ունեն, թե ապագայում էլ քաղաքականության մեջ կմնան, դրա համար այսօրվա իրավիճակը տեսնելով, ցանկանում են շուտ լքել նավը։ Ես դա, կոռեկտությունից ելնելով, առնետավազք չէի անվանի, բայց երևույթն այդպիսին է։ Ի դեպ, քաղաքական նման երևույթները Հայաստանում առաջին անգամ չեն, մենք տեսել ենք նման բան 1998-ին, երբ 1995-ի խորհրդարանական ընտրություններում «Հանրապետություն» միավորումը շատ ձայն հավաքեց, բայց ընդամենը 2 տարի անց մեկ գիշերում այդ հզոր միավորման կեսը դարձավ այլ բևեռի կողմնակից։ Ի տարբերություն նախորդների, այս իշխանությունը կեղծիքով չի եկել, բայց այստեղ էլ չկան գաղափարական սոսնձող գործոններ, ընդամենը անձի շուրջ միավորումն է, որն արագ մաշվում է։
-Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի վերաբերյալ հնչող մեղադրանքներին։ Ընտանիքին վերագրվող մեղադրանքներն անպատասխան չթողնող Փաշինյանը հայտարարում է, թե այլևս դրանք չի հերքի, ով ուզում է հավատա, թող հավատա։ Այդուհանդերձ, հասարակության համար պետք է պարզաբանվի, ինչպե՞ս է պատահել, որ արտակարգ դրության պայմաններում երկրից երկու անգամ մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռ է մեկնել, ու ոչ մեկը դրա առնչությամբ կես բառ չի ասում։ Ձեր կարծիքով, ինչու՞ է ողջ իշխանությունը, իրավապահ համակարգը լռում։
-Հարցը մի քանի հարթության մեջ պիտի դիտարկել։ Նախ երբ հրապարակային հակադարձում ես մեղադրանքին, հրապարակային արձագանքում ես այդ գործչին, որն այդ մասին խոսել է։ Սա ավելի մեծ քննարկման դաշտ է բացում, և հարցը կարևորվում է, քննարկվում է։ Ասել է՝ երկար ժամանակ այդ թեման պտտվում է տարբեր լրատվամիջոցներով։ Իսկ Փաշինյանը նպատակահարմար է գտել հարցը չկարևորել ու իրավապահ համակարգին վերահասցեագրելով, հարցը փակել։ Իսկ այնտեղ կարող են այդ հարցը երկար ու լուռ քննել։
Այս թեմային չարձագանքելու երկրորդ պատճառն էլ այն է, որ հնարավոր է այդ փաստերը նաև տեսաձայնագրված են։ Երբ վարչապետը հերքի դրանք, հակառակ կողմը կհանրայնացնի փաստերը, ինչն ավելի մեծ հարված կհասցնի վարչապետի վարկանիշին, ավելին, նաև քրեական գործի առարկա կարող է լինել։ Այս հարցին չեն անդրադառնում նաև իմքայլականները, բացառությամբ մեկ-երկուսի, որոնք շատ նուրբ շրջանցում են։ Տպավորություն կա, որ վերևից հարցին չանդրադառնալու հրահանգ կա։ Անընդհատ փորձում են օրակարգից հարցը դուրս մղել։ Այս ամենում մի ուշագրավ բան ևս կա։ Նախկինում, եթե նման բան տեղի ունենար, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարող մի քանի կազմակերպություններ, օրինակ «Թրանսփերենսի ինթերնեյշնլը», մեծ աղմուկ կբարձրացնեին, կասեին հետաքննություն անցկացրեք, ստուգեք, ասուլիսներ կանեին, բայց այսօր բավական լուռ են։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը եղել է քաղաքական «փիառ» քարոզչության շրջանակում։ Ինչ վերաբերում է ինքնաթիռի մեկնելուն, հնարավոր է, ինչպես դասականը կասեր, փաստաթղթերով ամեն ինչը նորմալ լինի, կարող էր արտակարգ իրավիճակում ինքնաթիռ թռչել ու վարչապետը տեսականորեն դրա մասին չիմանար, բայց գործնականում դա անհավանական է։ Ինչպես կարող է արտակարգ դրության պայմաններում օդանավակայանից ինքնաթիռ մեկնի, ու վարչապետը չիմանա այդ մասին, չիմանա, թե այդ ինքնաթիռն ինչ է տանում։ Ենթադրենք, ինչ-որ վատ մարդիկ իրեն ստել են, մաքսանենգություն են արել, խաբել են, վարչապետն այն անձն է, որ իրավապահ կառույցներին կարող էր անմիջապես հրահանգ տալ, որ այդ գործով զբաղվեին։ Ավելին, վաղուց արդեն ձերբակալվածներ կլինեին, մամուլի ասուլիսներ կհրավիրվեին, կպատմեին, թե ինչպես է դա պատահել։ Եթե դրա մասին ոչ մի ձայն չկա, նշանակում է...
-Միքայել Մինասյանն իր վերջին գրառմամբ, որպես իրավիճակից դուրս գալու ելք, առաջարկում է իմքայլականներին իրենց միջից նոր վարչապետ ընտրել։ Ակնարկում է, որ նրանց շարքերում կան երկու-երեք թեկնածուներ։ Նախ հավանակա՞ն եք համարում իշխանափոխման այս սցենարը և, ըստ Ձեզ, ովքե՞ր են այդ հավանական թեկնածուները։
-Դժվարանում եմ ասել, թե ում նկատի ուներ։ Այս գործչի կողմից դեռ նախորդ տարվա վերջից ասպարեզ է նետվում այն գաղափարը, որ վարչապետն իր տեղում չէ և պետք է փոխվի։ Սա արտահայտվում է և նրա գրառումներում, և վերջին տեսաշարերում։ Սա մեկ օրում առաջ քաշված գաղափար չէ, այս թևն այդ միտքը տարբեր ձևակերպումներով տևական ժամանակ շրջանառության մեջ է դրել։ Երրորդ նախագահը Զագրեբում ելույթ ունեցավ ու նշեց, թե պայմանավորվածություններ են խախտվել, իրեն մեղադրում են, թե իշխանությունը որոշ պայմանավորվածությամբ են փոխանցել։ Հետո տարվա սկզբին Սերժ Սարգսյանը գնաց Եվրոպա, հանդիպեց Դոնալդ Տուսկի հետ (իսկ Տուսկը ԵՄ-ում գլոբալիստական թևի կարևորագույն գործիչներից է), որին հաջորդեցին Մինասյանի կողմից կրկին Փաշինյանի հեռացման ուղերձները, վերջերս էլ կոնկրետ մեղադրանքներ ուղղվեցին, որ Փաշինյանը մաֆիոզ համակարգի անդամ է, կոռուպցիոներ։ Հիմա սկսվել է 3-րդ փուլը՝ «Իմ քայլի» միջոցով հեռացնել նրա։ Մինասյանի գրառման մեջ մի հետաքրքիր բան կա, նա ասում է, որ իմքայլականներն անուղղակի կապվում են իր հետ, դժգոհում, փաստելով, որ դա քիչ է, պիտի գործողությունների դիմեն։ Կարծում եմ, այս բոլորը մի շղթայում պիտի դիտարկել, որն ամենևին էլ պատահական գործընթաց չէ։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե հնարավոր է նման տարբերակով Փաշինյանին հեռացնեն, կարծում եմ, նպաստավոր պայմաններ արդեն կան, քանի որ իշխանությունում ճեղքումը կա. Փաշինյանի վարկանիշն ընկել է։ Բայց այսօր նման կոչը արդյունք կտա, թե ոչ, դժվար է ասել, հնարավոր է 2 շաբաթ կամ 2 ամիս հետո լինի, բայց դրա համար պարարտ հող կա։
-Ի դեպ, հնարավոր թեկնածուների անուններ են շրջանառվում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյան, խոսք կա նաև Էդմոն Մարուքյանի մասին։
-Վարչապետը կասկածող անձնավորություն է։ Եթե երկու-երեքի անուն ես տալիս, հնարավոր է նրանց հանդեպ որոշակի գործողություններ իրականացվեն։ Օրինակ, Տիգրան Ավինյանի անունն են շրջանառում, ու չի բացառվում, որ նրա հանդեպ ինչ-ինչ քայլեր իրականացվեն։
-Իշխանությունում պատկերը կարծես որոշակի պարզ է, բայց թե ինչ է կատարվում ընդդիմադիր բևեռում, բավական անորոշ է։ Քննադատությունները շատ են, բայց միավորում չկա, ընդդիմությունն իր լուծման տարբերակն ունի՞՝ առանց ապավինելու իշխանության ներսից իրավիճակը շտկելու հնարավորությանը։
-30 տարի է ընդդիմության միավորման հարցն արդիական է։ Անունները փոխվում են, բայց երևույթը նույնն է մնում։ Ընդդիմության տարբեր հատվածներ տարբեր խնդիրներ ունեն։ Եթե ընդդիմության այն թևին անդրադառնանք, որն առաջարկում է վարչապետ ընտրել իմքայլականների ջանքերով, եթե չեմ սխալվում, խորհրդարանում 67 ձայն է դրա համար հարկավոր։ ԲՀԿ, ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները միասին և առնվազն 20 իմքայլական է հարկավոր վարչապետ ընտրելու համար, որպեսզի նաև կոալիցիոն կառավարություն ձևավորվի։ Բայց սա շատ բարդ է, քանի որ հավակնությունների խնդիրը կա։ Արդեն 30 տարի է ընդդիմադիր դաշտում կա ամբիցիաների, մեծամտության հարց, որը խանգարում է ու թույլ չի տալիս այդ դաշտում իրական գործընթացներ տեղի ունենան։ 30 տարի շարունակ կա նաև գրագետ աշխատելու խնդիր, մտածում են, որ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ իրենք իշխանության գան։ Այդպես չի լինում, իշխանությունը երբեք կամավոր իշխանություն չի հանձնում։ Դու պետք ավելի մրցունակ, գրագետ լինես, որպեսզի իշխանության գաս։ Հայաստանում միշտ էլ ընդդիմադիր դաշտում մրցունակությունը թույլ է եղել։ Ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը չի սիրում սովորել։
Գործող իշխանությանը կամ կփոխարինի իրենց թիմից մեկը, կամ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, բայց ոչ երբեք երկրորդ ու երրորդ նախագահների թիմակիցները, որովհետև ժողովուրդը նրանց մերժել է։ Սա չի նշանակում, որ նրանք քաղաքական կշիռ չեն կարող ունենալ։ Այս պահի դրությամբ ուզեն թե ոչ վարչապետին այլընտրանքային թեկնածու է համարվում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
-Իսկ Փաշինյանի` իշխանությունից հեռանալու ո՞ր ճանապարհն է ավելի իրատեսական։
-Որն ավելի արդյունավետ կլինի։
-Այս հարցում անորոշությունները շա՞տ են։
-Այո, հնարավոր է այնպիսի ճանապարհով իշխանությունից հեռանա, որ այսօր անգամ դրա մասին ոչ մի խոսք չկա։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ