Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիան կօգնի՞ Ուկրաինային վերադարձնել Ղրիմը

Թուրքիան կօգնի՞ Ուկրաինային վերադարձնել Ղրիմը
18.10.2020 | 10:23

Որ Թուրքիան Ուկրաինային կօգնի վերադարձնել Ղրիմը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Անկարայում Էրդողանի հետ համատեղ ասուլիսում նա ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի ապաշրջափակման հարթակին: Թուրքական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին: Զելենսկիի խոսքով՝ ինքն Էրդողանին հրավիրել է մասնակցել Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին, և Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր բանակցային ձևաչափին: «Ես Թուրքիային հրավիրել եմ միանալ Ղրիմյան հարթակին: Դա ղրիմցիների իրավունքների պաշտպանության և թերակղզու ապաշրջափակման գործիք է: Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, որ պատրաստ եք աջակցել և լինել ակտիվ մասնակից»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է լուրջ դերակատարում ունենալ Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու գործընթացում, այդ պատճառով էլ Կիևը մտադիր է առաջարկել Անկարային մասնակցել Ղրիմյան հարթակին:
Հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահը Անկարայում բանակցություններ է ունեցել Էրդողանի հետ, որոնց արդյունքների հիման վրա Կիևի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր են ստորագրվել: Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչել և երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:
Դժվար է հավատալ, որ Ուկրաինայի թող որ անփորձ նախագահը իրոք հավատում է, որ Էրդողանը իրեն կօգնի վերադարձնել Ղրիմը: Այսինքն՝ ի՞նչ կանի: Մոջահեդներ կուղարկի՞ Ղրիմ, Ռուսաստանի՞ դեմ կռվելու: Կամ՝ եթե անգամ Թուրքիան օգնի Ղրիմը «վերադարձնել», որ ապրիորի պնդում է, ու՞մ է վերադարձնելու՝ Ուկրաինայի՞ն: Բնականաբար՝ ոչ: Սեփականելու է: Սա պարզապես ևս մեկ առիթ է, որ Էրդողանը այս օրերին իր վերաբերմունքը արտահայտի Ռուսաստանի նկատմամբ: Մեղմ ասած՝ վիրավորի Ռուսաստանին և սիրաշահի Արևմուտքին:
Վլադիմիր Զելենսկին այնքան խա՞կ է, որ չի հասկանում Էրդողանի հաջորդ հայտարարությունը լինելու է աջակցությունը Ղրիմի թաթարներին: Նա ընդամենը շարունակում է Օսմանյան կայսերական և ծավալապաշտական իր աշխարհագրությունը ընդլայնել: Բացի այդ՝ Էրդողանի հայտարարությունը, թե Անկարան չի ճանաչում Ղրիմի ինքնորոշման իրավունքը, ուղիղ զուգահեռ է Արցախի հարցի հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այս պատմության մեջ հետաքրքիր է ոչ այնքան Զելենսկու «միամտությունը», որքան Ռուսաստանի դիրքորոշումը: 2019-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տրտնջում էր, որ աշխարհը երկակի ստանդարտներ է կիրառում և չի ճանաչում Ղրիմի ինքնորոշման իրավունքը: Իսկ Ռուսաստանը բազմակի ստանդարտներ է կիրառում՝ ճանաչելով Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Փաստացի՝ ում ինչ պետք է ճանաչում է, ում ինչ պետք չէ՝ չի ճանաչում, և միջազգային իրավունքը դե ֆակտո կապ չունի:

Դիտվել է՝ 7644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ