Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանում կորոնավիրուսի տարածման պիկն անցել է

Հայաստանում կորոնավիրուսի տարածման պիկն անցել է
23.01.2021 | 20:52

Հայաստանում կորոնավիրուսի տարածման պիկն անցել է, բնակչության շրջանում ձևավորվել է կոլեկտիվ իմունիտետ՝ Lragir.am-ի հետ զրույցում ասել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնից վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։


«Վերջնական ոչ ոք չի կարող գնահատական տալ, որովհետև անընդհատ համաշխարհային մասշտաբով իրավիճակը կտրուկ փոխվում է։ Հիմա խոսում են նոր շտամների մասին, որոնց նկատմամբ վերջնական հայտնի չէ՝ արդեն ձեռք բերված իմունիտետն աշխատելու է, թե ոչ։ Բայց ամեն դեպքում պիկն անցել ենք, որովհետև բնակչության մոտ հիմնականում ձևավորվել է իմունային շերտը։ Իմ հաշվարկներով, հաշվի առնելով միջազգային տվյալները, մենք ունեցել են մոտավորապես 1 մլն 600-800 հազար վարակված անձ։ Եթե մենք ռեալ խոսենք այն մասին, որ Հայաստանում մոտ 2․5 մլն բնակչություն է մնացել, 2/3-ից ավելին արդեն անցել են այդ փուլով»,- ասաց Թադևոսյանը։ Ըստ նրա՝ այսօր Հայաստանում ունենք երկու կարևոր ցուցանիշ։ Մահերի թիվը կտրուկ նվազել է։

«Մենք այսօր կորոնավիրուսից օրական մահերի 5-9 դեպք ենք գրանցում։ Երկրորդ, մահճակալներն են ազատվել հիվանդանոցներում։ Այսօր մի շարք Covid կենտրոններ արդեն փակվել են, վերադառնում են իրենց սովորական աշխատանքային ռեժիմին։ Այս երկու ցուցանիշը միանշանակ փաստում են, որ իրավիճակը բարելավվել է։ Կա մի փոքր վտանգ՝ մենք ոնց որ թե ուսումնական տարին սկսում ենք առկա ուսուցմամբ։ Կարող են կոնտակտները շատանալ, հիվանդությունն ավելանա, բայց ես մեծ բռնկում չեմ սպասում։ Համենայնդեպս կրիզիսային վիճակը, որն ունեինք նոյեմբեր ամսին, էլ չենք ունենալու»,- ասաց մասնագետը։
Նկատելի է, որ այս փուլում Հայաստանի բնակչությունը շատ քիչ է պահպանում անվտանգության կանոնները, քան նախկինում էր։ Արտաշես Թադևոսյանն ասում է, որ արդեն վարակվածների բարձր հակամարմինները պաշտպանում են նրանց։ «Կրկնում եմ՝ թվերն իջան, որովհետև հիմնական մասսան հիվանդացավ։ Այո, իմուն շերտը, իմ կարծիքով, իր դերը խաղացել է։ Առաջին բացատրությունը դա է, ուրիշ բացատրություն մենք տալ չենք կարող»,- նշեց նա։ Անդրադառնալով դիմակներին՝ մասնագետը ասաց․«Այստեղ նաև կարևոր հարց էլ կա՝ այս ցրտի պայմաններում դիմակ հագնել ընդհանրապես չի կարելի, որովհետև այս պայմաններում ինքը շատ շուտ խոնավանում է։ Իսկ խոնավ դիմակն ավելի վատ է, քան առանց դիմակի լինելը»։


Անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսի նոր շտամի տարածմանը և հարցին, թե հիվանդության ավելի վտանգավոր տեսակի հետ գործ ունենք, մասնագետն ասաց՝ դրա մասին դեռ վաղ է խոսել։ «Եթե մենք ունենք, այսպես ասած, խաչաձև իմունիտետ այդ շտամի դեմ, և պատվաստանյութը խաչաձև ազդելու է դրա դեմ, ապա այդ նոր շտամներն առայժմ, որոնք պրինցիպիալ մուտացիաների չեն ենթարկվել, այլ մանր-մունր մուտացիաներ են, նշանակություն չունեն։ Անգլիացիներն ասում են՝ իրենց բրիտանական շտամի հետ կապված մահվան դեպքերը կավելանան, բայց այստեղ խոսքը չի գնում ավելի ծանր շտամի մասին, այլ խոսքն այն մասին է, որ ինքն արագ է տարածվում։ Այսինքն՝ հիվանդների գումարային թիվն ավելանում է, նրանց ուղղակի չեն հասցնում բուժել։ Եթե նույնիսկ հասցնում են բուժել, եթե մենք 3 տոկոս մահացություն ունենք, 1000 հոգի հիվանդանալու դեպքում 30 հոգի կմահանա, 2000 հոգու դեպքում՝ 60 հոգի կմահանա։ Այսինքն՝ բացարձակ թիվը կավելանա։ Համենայնդեպս այս պահին աշխարհում մասնագետներն ասում են՝ ավելի ծանր հիվանդություն չի առաջացնում, ուղղակի ավելի արագ է տարածվում», նշեց Արտաշես Թադևոսյանը:

Դիտվել է՝ 3404

Մեկնաբանություններ