«Մենք հաղթել ենք ճակատամարտում‚ սակայն պատերազմում դեռ չենք հաղթել»
11.05.2020 | 22:20
«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար‚ պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ զրուցում ենք Շուշիի ազատագրման‚ Արցախյան հիմնախնդրի և այլ թեմաներով։
-Շուշիի ազատագրման տարեդարձն ենք նշում։ Ի՞նչ խորհուրդ ունի այդ պատմական իրադարձությունը մեզ համար։
-Շուշիի ազատագրումը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի‚ այլև ու ավելի շատ՝ հոգեբանական։ Վերջին հարյուրամյակների ընթացքում մենք անընդհատ տարածքային կորուստներ ենք կրել‚ Շուշիի ազատագրմամբ պարտվողի հոգեվիճակից վերջապես դուրս եկանք և հաղթողի հոգեբանություն ձեռք բերեցինք։ Պետք է նշեմ‚ որ Շուշիի ազատագրման օպերացիայի հետ կապված կան բավականին հետաքրքիր դրվագներ‚ որոնց մասին չի խոսվում։ Նշվում է միայն ռազմական գործողությունների մասին‚ սակայն իրականում ռազմական գործողություններին նախորդել և հաջորդել է շատ մեծ դիվանագիտական աշխատանք։ Առանց այդ աշխատանքի մենք այդպիսի մեծ հաջողություն չէինք արձանագրի։ Սրա մասին նպատակահարմարությունից ելնելով չեն խոսել ու այժմ էլ չեն խոսում։ Մինչ Շուշիի ազատագրումը մեծ պայմանավորվածություններ են եղել‚ և այն մարդիկ‚ որոնք կարծում են‚ թե մոտ 2000 զինվորներով, դիմադրության պայմաններում, հնարավոր էր վերցնել Շուշին‚ հեքիաթասացներ են։ Դա հնարավոր չէր ռազմական առումով։ Մենք շատ լավ գիտենք, թե ռուս-պարսկական պատերազմի ընթացքում քանի անգամ ռազմական գործողություններ եղան‚ սակայն Շուշին չկարողացան վերցնել։ Այս պատմական ակնարկի նպատակն այն է‚ որ եթե Շուշիում դիմադրություն լինում է‚ ապա այն ռազմական ճանապարհով վերցնելը գրեթե անհնար է։ Ես հակված եմ կարծելու‚ որ եթե դիվանագիտական‚ աշխարհաքաղաքական խաղերը չլինեին‚ ապա Շուշին հնարավոր չէր լինի վերցնել։ Շուշիում գտնվող ադրբեջանական զորաբանակն ուներ բոլոր հնարավորությունները դիմադրելու‚ և եթե այդ զորամիավորումը գրեթե դիմադրություն ցույց չի տվել‚ հարց է առաջանում՝ ինչու՞։ Շատերը նշում են‚ թե Ադրբեջանում ընթանում էին քաղաքական խմորումներ‚ և ադրբեջանական քաղաքական էլիտային անհրաժեշտ էր նման մեծ պարտություն‚ որպեսզի դա բարդեին այդ ժամանակների նախագահի վրա։ Իհարկե‚ դա էլ նպաստեց‚ քանի որ Ադրբեջանի ղեկավարությունն ու զինվորականությունը միասնական չէին‚ և մենք կարողացանք օգտվել իրավիճակից։ Մյուս կարևոր խնդիրը‚ որ նպաստեց‚ սակայն որի մասին չի նշվում‚ աշխարհաքաղաքական իրավիճակն ու մեծ պետությունների դիրքորոշումն էր‚ որոնք նպատակահարմար համարեցին‚ որ տվյալ պահին Շուշին և Լաչինը գտնվեն հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Շուշիի գործողությունը չէր կարող տեղի ունենալ առանց նրանց ուղղակի կամ անուղղակի համաձայնության։ Մեծ դիվանագիտական աշխատանք է կատարվել նաև Շուշին ազատագրելուց հետո։ Շուշիի ազատագրումից հետո մեծ ճնշումներ գործադրվեցին մեզ վրա։ Սակայն ՀՀ իշխանությունը շատ խելացի կերպով կարողացավ հաղթահարել դրանք ու շարունակել ռազմական գործողությունները։ Շուշիի հաղթանակը նշելիս պետք չէ հիմնվել միայն ռազմական գործոնի վրա‚ անպայման դրա կողքին պետք է նշվի դիվանագիտական այն մեծ աշխատանքը‚ որ նախորդել և հաջորդել է այդ գործողությանը։ Շուշիի հետ կապված ռազմական գործողությունը ցույց տվեց‚ որ եթե մենք կարողանում ենք օգտվել ստեղծված իրավիճակից‚ արձանագրում ենք հաջողություններ‚ սակայն եթե պատմության ընթացքում կրկնում ենք նույն սխալը‚ ինչն արեցին ադրբեջանցիները 1992 թվականին‚ ունենում ենք այնպիսի զարգացումներ‚ ինչպիսին է Կարսի անկումը։ Այս երկու դեպքը մեր պատմության ընթացքում պետք է դրվեն կողք կողքի‚ և մենք պետք է հասկանանք‚ որ եթե սխալվում ենք‚ ունենում ենք կորուստներ‚ եթե ճիշտ ենք կողմնորոշվում‚ արձանագրում ենք ձեռքբերումներ։
-Մենք կարծես այժմ էլ նույն խնդրի առաջ ենք։ Աշխարհաքաղաքական շատ լուրջ զարգացումներ են ընթանում‚ և այդ համատեքստում առանցքային է Արցախի դերը։
-Ես հաճախ եմ բերում այս օրինակը։ Հանիիբալը բոլոր ճակատամարտերում հաղթում էր‚ բայց խայտառակ պարտություն կրեց պատերազմում։ Մենք նույնպես հաղթել ենք ճակատամարտում‚ սակայն պատերազմում դեռ չենք հաղթել։ Պատերազմը դեռ ընթանում է‚ և այդ պատերազմը տենտեսական է‚ քաղաքական‚ միջազգային‚ հոգեբանական։ Եթե մենք շարունակենք մեր աշխատանքը հասարակության այս մակարդակով և քաղաքական էլիտայի ներկա վիճակով‚ ապա ես շատ մեծ կասկածներ ունեմ այդ հաղթանակները պահելու հետ կապված։ Գրավելը հեշտ է‚ դժվար է պահելը. մենք ունենք Շուշիի հաղթանակները պահելու խնդիր։
-Մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը‚ Ազգային ժողովում տեղի ունեցավ խայտառակ ծեծկռտուք‚ կամ՝ նույն օրն ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։ Մարդիկ զուգեհեռներ են տանում և նշում‚ որ այս ամենը նպատակ ունի արժեզրկելու Շուշիի հաղթանակը։
-Մեր պետական ինստիտուտները նոր չէ‚ որ վարկաբեկված են։ 1990-ական թվականներից սկսած մեր պետական ինստիտուտներն անընդհատ վարկաբեկվում են։ ԱԺ-ում գրանցված միջադեպն ընդամենը հասարակության մտածողության դրսևորումն է, այստեղ որևէ զարմանալի բան չկա։ Անգամ զարմանում եմ‚ որ մարդիկ դրանից զարմանում են։ Յուրաքանչյուր խորհրդարան տվյալ հասարակության հայելին է։ Եթե ժողովրդի էլիտան այդպես է պատկերացնում հարցերի լուծումը‚ խոսել լուրջ հաջողությունների մասին չենք կարող։ Քաղաքական‚ հասարակական‚ կրթական դեգրադացիան մեր հասարակությունում շարունակվում է‚ և այդ միջադեպը անակնկալ էր։ Անակնկալ կլիներ‚ եթե դա տեղի չունենար։ Եթե հասարակությունն անընդհատ բաժանվում է մասերի‚ բնական է‚ այդ հասարակությունում միշտ էլ գալու է մի պահ‚ երբ բևեռացումը հանգեցնելու է նման դեպքերի։ Եթե լուրջ հետևություններ չանենք‚ սա կարող է իր շարունակությունն ունենալ։ Սա նաև խոսում է մեր քաղաքական էլիտայի մտածողության մասին։ Կան օրեր‚ կան պահեր‚ որ սեփական նկրտումները պետք է մի կողմ դնել։ Բայց մեր քաղաքական էլիտայում չի եղել‚ հիմա էլ չկա նման համախմբվածություն ու սկզբունքայնություն։
-Արցախը նոր ղեկավարություն ունի։ Նոր իշխանությունը որքանո՞վ է ունակ լուծելու Արցախի առջև ծառացած մարտահրավերները։
-Անկեղծ ասած՝ Արցախի նախորդ և նորընտիր ղեկավարության միջև առանձնապես տարբերություն չեմ տեսնում, ընդամենը մարդկանց դեմքերն են փոխվել։ Արցախի ռազմավարության մեջ փոփոխություն չի ակնկալվում‚ նախկին ղեկավարությունն է՝ նոր թիմով։ Պետք է ասեմ‚ որ Արցախի ղեկավար էլիտայի մեծ մասում հարցի կարգավորումը տեսնում են միայն դրսի ուժերի աջակցությամբ։ Սա շատ ցավոտ խնդիր է։ Արցախում ձևավորվել է քաղաքական էլիտա‚ որի մեջ կան նաև զինվորականներ‚ որոնք խնդրի կարգավորումը տեսնում են ոչ թե Հայաստանի‚ այլ ուրիշ պետության աջակցությամբ։ Սա շատ վտանգավոր միտում է։ Այս միտումը նախկինում էլ կար‚ հիմա շարունակվում է։ Մեծ հաշվով Արցախի ղեկավարությունը և՛ նախկինում‚ և՛ այժմ պատրաստ չէ եղած մարտահրավերները լուծելու։ Դա ցույց տվեց 2016 թ. ապրիլյան պատերազմը։ Մի քանի օրվա ապրիլյան պատերազմը երևան հանեց այն բոլոր բացերը‚ որ կան կառավարման համակարգում` սկսած տնտեսությունից, վերջացրած բանակային խնդիրներով։
Զրուցեց Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ
Մեկնաբանություններ