Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե պատմությունը երկրորդ անգամ է կրկնվում, ապա կրկնվում է ֆարսի տեսքով

Եթե պատմությունը երկրորդ  անգամ է կրկնվում, ապա կրկնվում է ֆարսի տեսքով
12.02.2013 | 12:14

Ասում են` պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Սակայն ժամանակը, որ, ըստ էության, դեպքերի և իրադարձությունների հաջորդականություն է, առանց մարդու միջամտության պատմություն չի դառնում, առավել ևս «կրկնվելու սովորություն» չի ունենում։ Եթե 50-60 տարի առաջ կատարված մի իրադարձություն ընդհանուր գծերի նմանությամբ կրկնվում է, ապա դա կա՛մ բարեբախտություն է, որը հնարավորություն է տալիս մարդուն կամ ժողովրդին նախ այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձության առնչությամբ թույլ տրված սխալը կա՛մ թերացումը վերացնել, կա՛մ դժբախտություն, քանի որ առաջինից հետո մարդը կամ ժողովուրդը համապատասխան դաս չեն քաղել այդ միջանկյալ ժամանակահատվածում և չեն իմաստնացել ու հետևաբար «պատմության կրկնությունը» ճակատագրական` քաղաքական ու բարոյական անդառնալի կորստի պատճառ է դարձել։
Հայտնի է, որ եթե պատմությունը երկրորդ անգամ է կրկնվում, ապա կրկնվում է ֆարսի տեսքով։ Մենք` հայերս, և առավելապես Հայաստան պետությունը, պարբերաբար հայտնվում ենք պատմության կրկնության փակ շղթայում, և ոչ մի կերպ չե՞նք կարողանում, թե՞ չենք ցանկանում ճեղքել այդ շղթան և կերտե՛լ մեր պատմությունը, այլ ոչ թե ֆարսն արձանագրել և հետո զղջալ։
Այս ծավալուն նախաբանով ուզում եմ փաստել, որ գոնե 20-րդ դարի 20-ական թվականներից մինչև այսօր մեր պատմությունը պարբերաբար կատարել է «դարձ ի շրջանս յուր», և մենք այդպես էլ չենք իմաստնացել, քանի որ շարունակում ենք կորուստներ տալ։
Պատմական նախախնամությունը 20-րդ դարի կեսերից գործում է հայերիս օգտին։ Գուցե շատերը զարմանան։ Ճիշտ է, 20-րդ դարի սկզբին եղեռնի ենթարկվեց մեր ժողովուրդը. կորցրինք հայրենիք, մշակութային արժեքներ, խաթարվեցին մեր կենսաբանական (գենետիկ) հիշողությունն ու կենսահոգեբանական շարունակականությունը. մասամբ ոչնչացավ կամ երկար տարիներ չէր վերականգնվում հայ ժողովրդի բնական աճի կենսաբանական կշռույթը (ռիթմը), հայաթափվել էր Արևմտյան Հայաստանը։ Բայց Արևելյան Հայաստանի մի փոքր հատվածի վրա, դարձյալ պատմական նախախնամության բարեհաճությամբ, պետություն ստեղծեցինք։ Կար պետություն, կային սահմաններ, բայց բնակչության թիվը բավարար չէր տնտեսություն զարգացնելու և պաշտպանական բանակ ստեղծելու համար։
Հանրապետության առաջին տարում բնակչության զգալի մասը կազմող մահմեդական տարրը (թուրքերը) ներքին խռովությունների միջոցով փորձում է վիժեցնել մեր պետականությունը։ Բարեբախտաբար, երկրի ղեկավարները, ըմբռնելով պետության ու երկրի առաջ ծառացած քաղաքական և պատմական վտանգը, ժամանակին ճնշում են խռովությունը և Հայաստանից վտարում ապստամբ թուրք զանգվածներին։ Այսպես Հայաստանի Հանրապետությունում սկսվում է ժողովրդագրական պատկերի փոփոխման գործընթացը։ Դրան նպաստում է նաև Արևմտյան Հայաստանից բռնագաղթած հայերի բնակեցումը։ Հետագայում` Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին և դրանից հետո էլ պարբերաբար կազմակերպվում է հայրենադարձություն դեպի Հայաստան, որի շնորհիվ հայրենիք են վերադառնում 1915 թ. կոտորածներից փրկված և օտար երկրներում ապաստանած բազմաթիվ հայեր։
Մեր երկրի բնակչությունը սկսում է շատանալ։
Որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե որքան կարևոր է եղել հայրենադարձության կազմակերպումը և՛ Հայաստանի Հանրապետություն, և՛ Խորհրդային Հայաստան, ես կբերեմ Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը և դրա շարժը` ըստ Հ. Ս. Հանրագիտարանի։
1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու ժամանակ այս տարածքում ապրել է ընդամենը 161,7 հազար մարդ։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Արևելյան Հայաստանում վիճակը եղել է համեմատաբար անվտանգ և ապահով` զուտ պայմանավորված խաղաղությամբ և ռուսական տիրապետությամբ։ Այս անվտանգ պայմաններում բարձրանում է ժողովրդի բնական աճը։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան նոսր է բնակեցված եղել Արևելյան Հայաստանը ռուս-պարսկական պատերազմից առաջ։ Եթե հիշենք Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ժամանակաշրջանը և մեր ժողովրդի տնտեսական, քաղաքական և իրավական ծանր վիճակի նկարագրությունը վեպում, ապա հասկանալի կլինի, որ երկրում անգամ բնական աճ չի եղել։ Նույն բախտին էր արժանացել նաև 1555 թ. թուրք-պարսկական պատերազմից հետո թուրքական տիրապետության տակ անցած Հայաստանի մյուս` արևմտյան հատվածը։ Ծանր հարկերից և բռնություններից հալածված հազարավոր հայերի արտագաղթ, իսկ երկրում` մնացածների աներևակայելի ցածր ծնելություն։
Հայերի արտագաղթը հայրենիքից իսկական բռնագաղթ է եղել, քանի որ նրանք հեռացել են երկրից հարկային ծանր բեռից վերջնականապես սնանկացած կամ աղքատացած, կրոնական կամ լեզվա-մշակութային հետապնդումներից, հաճախ նաև մարդու հիմնական իրավունքի` ապրելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով։ Մեր պատմությունը հաստատումն է վերն ասվածի. մեր ամենամեծ կորուստը եղել և մնում է մեր մարդկային տեսակի` որպես հայի քանակական կորուստը կամ նվազումը հայրենիքում։ Այսօր ունենք աշխարհով մեկ սփռված հայություն, որի ներուժը, ցավոք, չենք կարողանում մեկտեղել, ապա ուղղորդել մեր երկրի ու հայության կնճռոտ խնդիրները լուծելուն։ Իսկ եթե սփյուռքի տնտեսական, գիտական, մասնագիտական և բարոյական կարողությունները չենք կարողանում օգտագործել համահայկական և մեր պետության շահերին ի նպաստ, ուրեմն անիմաստ է և աննպատակահարմար պահել և ուռճացնել Սփյուռքը և այդպիսով վատնել ազգի ներուժը, որը բոլորինս է, ամեն մի հայինը։
Աշխարհով մեկ հայության սփռված լինելու պատճառը հայտնի է բոլորիս։ Այսօր, փոխանակ թույլ չտանք, որ այդ «հայտնի պատճառը» կրկնվի, մենք ինքներս ենք ստեղծում մեր սեփական պատճառը` դարձյալ աշխարհով մեկ սփռվելու, տարրալուծվելու և աղճատելու մեր ծինաբանական շարունակականությունը։ Չե՞նք հասկանում` ինչ ենք անում, թե՞ սեփական ազգի ու երկրի հանդեպ միտումնավոր վնասարարություն ենք անում։ Չգիտեմ ու չգիտեմ նաև, թե ով գիտի այս հարցերի պատասխանը։
Հայտնի իրողություն է, որ ցանկացած երկրի տնտեսապես զարգանալը և ռազմականորեն հզորանալը պայմանավորված են նրա բնակիչների թվով և կրթական ու մասնագիտական մակարդակով։ Մի առիթով գրել եմ, որ հայերիս վրա չի տարածվում քանակից որակի անցնելու մարքսյան բանաձևի պարզ ընկալումը, քանի որ մեր քիչ քանակի մեջ բավարարից էլ ավելի են տաղանդավոր, գործարար և ընդհանրապես մարդկային լավագույն և առաջադիմական նկրտումներ ունեցող մարդիկ։ Սակայն, ցավոք, աշխարհը միշտ էլ ընդունել է պարզ մեծամասնության օրենքը, որը և՛ պատերազմներում` որպես թնդանոթի միս, և՛ դիվանագիտական` խարդավանքներով լի ատյաններում առաջնորդվել է և շարունակում է առաջնորդվել «ձայների պարզ մեծամասնությամբ», իսկ այդտեղ մենք կա՛մ ձայն չունենք, կա՛մ` ընդամենը մեկ ձայն, ճիշտ այնպես, երբ երջանկահիշատակ հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը Բեռլին ժամանեց «թղթե» շերեփով։
Իհարկե, թվաբանական պարզ կամ ահռելի մեծամասնությունը, ինչպիսին Չինաստանինն է, քանակը որակի փոխվելու ամենամեծ հավաստումն է Մարքսի կամ որ առավել հարազատ է` բնության օրենքի։ Պատկերացնո՞ւմ եք, 1,5 մլրդ բնակչությունից եթե 5 միլիոնն էլ, այսպես կոչված, «գործ դնեն», և՛ իրենց երկիրը կկերակրեն ու կհագցնեն, և՛ ամբողջ աշխարհը, ինչն էլ նրանք մեծ հաջողությամբ անում են։ Իսկ մեր երկրի վարչապետերը ոչ թե պայմաններ են ստեղծել, որ մեր երկրում մարդիկ «գործ դնեն» և երկիրը հարստացնեն, այլ ճանապարհներ են բացել դեպի արտագնա աշխատանք, որ հետո «տնտեսության աճի» վիճակագրության մեջ հաշվեն այն միլիարդները, որ ուղարկվում են Հայաստան։
Հիմա անդրադառնանք անցած 20-րդ և սկսված 21-րդ դարերի «բարեհաճությանը», որից ոչ միայն լիարժեք չենք օգտվել, այլև նույնիսկ չենք գնահատել նրա պատմական նշանակությունը։ Ինչպես հայտնի է, առաջին հանրապետության ժամանակ երկրում ապրել է մոտ 1 մլն 403700 մարդ, որից 301,6 հազարն Արևմտյան Հայաստանից, Կարսից ու Սուրմալուից բռնագաղթած հայերն էին։ Սակայն 1920 թ. քեմալական արյունոտ արշավանքների, սովի ու համաճարակի պատճառով բնակչության թիվը նվազում է և կազմում ընդամենը 720 հազար մարդ։
Հայաստանի խորհրդայնացման տարիներին հետևում է տևական խաղաղություն, և 20-ական թվականների բնական աճը` ծնելությունը, կազմում է 56-58 %։ Դա շարունակվում է մինչև Հայրենական պատերազմի սկիզբը։ Պատերազմի զոհասեղանին Հայաստանը դրեց անհավանական մեծ կորուստ. ավելի քան 500 հազար զինվորից չվերադարձավ 200 հազարը։ Եվ նախորդ տարիների հայրենադարձության և բնական աճի շնորհիվ Հայաստանի ավելացած բնակչությունը կտրուկ կրճատվեց ու որպես հետևանք` տասնամյակներ բնական աճի` ծնելության անկում եղավ։ Խորհրդային իշխանությունը` ի դեմս ժողկոմխորհի, որոշում է ընդունում թույլ տալ սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձություն` Հայաստանի բնակչության թիվն ավելացնելու նպատակով։ 1946-48 թթ. 15 երկրներից մոտ 100 հազար հայ է վերադառնում հայրենիք։ 1962-73 թթ. հայրենադարձությունը վերսկսվում է, և 26 երկրներից հայրենիք է վերադառնում 26140 հայ։ Ինչպես տեսնում ենք, նպատակաուղղված և հետևողականորեն կազմակերպած հայրենադարձությունը որքան արդյունավետ է մի պետության համար, որի բնակչության բնական աճը կասեցվել կամ դանդաղել է արտաքին գործոնների պատճառով։
Հայաստան եկան նաև Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից և ԽՍՀՄ այլ հանրապետություններից բազմաթիվ հայ ընտանիքներ և երիտասարդներ, ովքեր սովորեցին և մնացին հայրենիքում։ Այդ տարիներին Հայաստանում բարձրանում էր գիտակրթական մակարդակը։ Հայաստանում իրենց արժանի տեղն էին գտնում սփյուռքահայ շատ արվեստագետներ` գրողներ, երաժիշտներ, դերասաններ, նկարիչներ, թատրոնի և կինոյի նշանավոր ներկայացուցիչներ։ Հայաստանում և մանավանդ Երևանում սովորելը սփյուռքի և հարևան հանրապետությունների շատ հայ երիտասարդների համար երազանք էր։
Այս ամենը պատմական իրողություն է։ Բայց այդ իրողության տակ եղել է նաև մեկ այլ` պետական-վարչական և մարդկային վերաբերմունքի իրողություն, որ իրենց «մաշկի վրա» են զգացել հայրենադարձները։ Նախ նրանցից ոմանք, անգամ Հայաստան չհասած, աքսորվել են, որովհետև անձնագրում գրված է եղել` ծնվել են Թուրքիայում։ Մյուսների վրա մշտապես կախված է եղել անվստահության ստվերը։ Խոստացվել էր օրենքով ազատել հարկերից, բայց արհեստավոր հայրենադարձներն իրենց արհեստով ազատ զբաղվելու իրավունք չեն ունեցել։ Ազատ ձեռներեցության ոգուն հարազատ` նրանք դժվարությամբ էին գնում գործարան` ամսականով (աշխատավարձով) աշխատելու։ Շատերին ֆինբաժինը տուգանում էր և բանտարկում։ Կապը արտասահմանում մնացած հարազատների հետ կա՛մ արգելվում էր, կա՛մ նվազագույնի հասցվում` նամակ, երբեմն ծանրոց ստանալու իրավունք, որոնք ընթերցվում և ստուգվում էին։ Մի խոսքով, հայրենիքն աստիճանաբար խորթանում էր նրանց։ Եվ «երկաթյա վարագույրի» բացվելուն պես սկսվում է հայերի արտահոսքը։ Եվ ոչ ոք նախկին հայրենադարձներին կամ նրանց որդիներին չփորձեց համոզել` ասելով, որ ստալինյան դաժան ժամանակներն ապրելուց հետո ավելի դյուրին էր հարմարվելը «լճացման» պայմաններին։ Բայց, ինչպես Սիլվա Կապուտիկյանն է գրել, «Քարավանները դեռ քայլում են»։ Բնակչության թվի նվազման պատճառներից մյուսը, որ հարաճուն բնույթ էր կրում, «խոպանն» էր. ամեն տարի գարնանամուտին Հայաստանից հեռանում էին հիմնականում գյուղական շրջաններից աշխատանքային տարիքի տղամարդիկ, որոնց մի մասը մի քանի տարի հետո չէր վերադառնում։ Նրանց մեջ քիչ չէին նաև չամուսնացած երիտասարդները, ովքեր բնական աճի հանդեպ իրենց պարտքը կատարում էին ռուսաստաններում։
1988-ի երկրաշարժը տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր տարավ. այդ կյանքերի հաշվով էլ պակասեց բնական աճը` զոհված մեկ մարդը գոնե 3 երեխա ունենալու հեռանկարով։
Բնական աղետի բերած կորստին ասես փոխարինելու եկան Ադրբեջանից բռնագաղթած հարյուր հազարավոր հայեր ։ Նրանց մի մասը` բարձրագույն կրթությամբ, ժամանակակից մասնագիտությամբ, լեզուների իմացությամբ մարդիկ էին, մյուսները` բանվոր, արհեստավոր, հողի մշակ, և շատ երեխաներ ու երիտասարդներ։ Գրեթե մեր կորցրածին համազոր, դեռ մի բան էլ ավելի։ Մոտ 500 հազար հայ, Աստծո հրամանով, եկավ Հայաստանի բնակչությունն ավելացնելու։ Բայց նրանց մեկ քառորդն էլ չմնաց Հայաստանում։ Եվ քարավանները նորից շարժվեցին։ Իհարկե, 1988-90 թթ. Հայաստանի համար ծանր տարիներ էին. աղետի գոտի, չհայտարարված, բայց իրական պատերազմ, հետո` ցուրտ ու մութ և պատերազմի սուգ։ Երկրում ոչ միայն հասարակական-քաղաքական անբարենպաստ պայմաններ էին, այլև մեր ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ չէր ընդունելու իր դժբախտ հայրենակիցներին և կիսելու նրանց հետ օր օրի պակասող հացի պատառն ու աշխատատեղը։ Գրեթե նույնությամբ կրկնվեց 1946-48 թթ. հայրենադարձության հետ կապված իրավիճակը։ Ցավոք, ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ մտավորականներն ու մամուլը բավարար աշխատանք չտարան` բռնագաղթվածների համար հարազատ միջավայր նախապատրաստելու։
Այսօր մեր երկիրը դարձյալ կանգնած է հայրենադարձության բարդ, բայց ժողովրդագրական խնդիր լուծող փաստի առաջ։ Սիրիահայ գաղութը փլուզվում է։ Աշխարհը երախը բաց սպասում է արյան թարմ ու առողջ հոսքի. աշխատող ու ստեղծագործ հայեր են գալիս` ո՞վ չի ուզի իր հարկատուների թիվը շատացնել։
Պատմությունը կրկնվում է, պարոնա՛յք իշխանավորներ, և այսօր այն մեր ձեռքում է. կդառնա ֆա՞րս, թե՞ բարեպատեհություն։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 5634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ