Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չի կարելի եկեղեցու դեմ ոտնձգություններին հետևել դիտորդի կարգավիճակում

Չի կարելի եկեղեցու դեմ ոտնձգություններին հետևել դիտորդի կարգավիճակում
17.07.2018 | 02:41

Շաբաթ օրը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), որտեղ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամներն արգելափակել էին վեհափառի տեղաշարժը, սպառնալիքներ հնչեցրել։ Մի խումբ հավատացյալներ էլ հավաքվել էին Մայր Աթոռի բակում, դիմավորել վեհափառին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան։ Նրանք հերթապահություն են սահմանել՝ հարկ եղած դեպքում, օրենքի սահմանում պաշտպանելու եկեղեցին ոտնձգություններից։


Բժիշկ ԶԱՔԱՐ ԽՈՋԱԲԱՂՅԱՆԸ նշում է, որ անընդունելի է համարում կաթողիկոսի ինստիտուտի դեմ ոտնձգությունները։ «Ոչ ոք չի ժխտում, որ այնտեղ, որտեղ կա մարդկային գործոն, կան նաև թերացումներ, և բոլորս էլ ցանկանում ենք կատարյալ եկեղեցի, պետություն, կատարյալ համակարգ։ Դա քննարկելի չէ։ Բայց պետք չէ վնաս տալ գործողություններով, ես դա ասում եմ որպես բժիշկ՝ «մի՛ վնասիր» սկզբունքով։ Մեր եկեղեցին՝ կաթողիկոսական աթոռի գլխավորությամբ, համաշխարհային մակարդակով բավականին լուրջ ու կարևոր նշանակությամբ կառույց է, և առցանց ցուցադրել, թե ինչպես են մի քանի հոգի խուլիգանական ոճով շրջապատում կաթողիկոսին, ճանապարհը կտրում, անընդունելի է։ Անընդունելի է նաև այդ մարդկանց ներխուժումը վեհարան, որովհետև վեհարանը և Էջմիածինը հայկական հոգևոր կենտրոններ են։ Ինձ համար անհասկանալի է պետական մարմինների պահվածքը։ Հերթական քայլը կաթողիկոսի նկատմամբ, որ տեսանք Գնդեվանքի ճանապարհին, ստիպեց գալ-հասնել Էջմիածին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Եթե պետությունն ի վիճակի չէ կազմակերպելու և պաշտպանելու կաթողիկոսի անվտանգությունը, եկեղեցին, ազգն ու ազգային կարևոր ինստիտուտներն անտեր չեն։ Անձերն այստեղ երկրորդական դեր են կատարում, որովհետև անձերի դեմ պայքարը վերածվել է ավելի գլոբալ պայքարի. նրանք արդեն հարվածում են ոչ միայն կաթողիկոսին, այլև հասել են արդեն Վազգեն Առաջինին, անցել են մասունքներին, քրիստոնեական արժեքներին։ Սա մտահոգիչ է։ Պետական ապարատի հետ կապ ունեցող որոշ դեմքեր սկսել են հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված մեր տղաներին ակամա հերոսներ համարել, դրանից առաջ ընտանիքի ինստիտուտի նկատմամբ էին հարվածներ ուղղում։ Այսինքն՝ տեսնում ենք, որ մենք գործ ունենք կազմակերպված միտումների հետ, ինչը, մեղմ ասած, մտահոգիչ է, և չի կարելի այդ ամենին հետևել դիտորդի կարգավիճակում»,- ասում է Զաքար Խոջաբաղյանը՝ նաև կոչ անելով, որ մարդկանց հոսքը դեպի Էջմիածին ավելի ակտիվ լինի, մարդիկ դուրս գան պասիվ կարգավիճակից, անտարբերության թմբիրից։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ