«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

...Որպեսզի բոլորիս աչքերը ոչ թե տեսածն անտեսեն, այլ իրատեսորեն տեսնեն

...Որպեսզի բոլորիս աչքերը ոչ թե տեսածն անտեսեն, այլ իրատեսորեն տեսնեն
17.05.2019 | 03:22

(Նախորդ մասը)

Շատ զարմանալի է նաև լիազոր մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության, դիրքորոշումը։ Մշակույթի (դեռևս ինքնուրույն գործող) փոխնախարար Տիգրան Գալստյանը, որը մի քանի օր առաջ եղել էր տեղում, կատարել դիտարկում և այդ վանդալիզմ-արարքը նկարահանող տեսախցիկի առջև ցուցադրում էր ավերման ենթարկված տարածքից ի հայտ եկած խեցեղենի, ոսկորների բեկորները, և կարծեք թե այնքան էլ պատասխանատվություն չէր զգում իրենց նախարարության ենթակայության տակ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության» և նրա Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուի կատարած հանցանքի համար (Ամբերդի մերօրյա լենքթեմուրները): Ավելին, նա իր ֆեյսբուքյան էջում նույնիսկ գրառում կատարեց, թե «Իրականացվող շինարարական աշխատանքները դուրս են Ամբերդ ամրոցի արգելոցի տարածքից: Այս հատվածը դուրս է նաև հուշարձանի պահպանման գոտուց»:
Վերոնշյսլ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանն էլ ապրիլի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով ավետեց. «ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑԻ ՇՈՒՐՋ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՂՄՈՒԿԻ ՄԱՍԻՆ։
Տեղեկացա, որ մամուլում տեղ է գտել հայտարարություն առ այն, թե Ամբերդ արգելոց-թանգարանի տարածքում իրականացվում են աշխատանքներ՝ ծանր տեխնիկայի գործադրմամբ։


Մինչ մամուլի հաղորդագրության տարածվելը ՊՄՊ ՊՈԱԿ-ը արդեն տիրապետում էր արժանահավատ տեղեկատվությանը, որը համապատասխանում էր մամուլի հաղորդագրությանը միայն այնքանով, որ նման աշխատանքներ իրականացվում են, բայց ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԷՐ իրականությունից։
Ճշտված տվյալների հիման վրա վստահեցնում եմ բոլորիդ, որ նշված աշխատանքներն իրականացվում են արգելոց-թանգարանից մոտ 100-150 մետր հեռավորության վրա՝ սեփականատիրոջ տարածքում։ Առկա են նաև համապատասխան թույլատրող փաստաթղթեր, որոնք կներկայացնենք ՊՄՊ ՊՈԱԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։ ԱՆՀՈԳ ԵՂԵՔ»: Իսկապե՞ս …


Պարզապես «հիանալ» կարելի է մեր հուշարձանապահպան պատասխանատուների այսպիսի դիրքորոշմամբ: Ակամա մարդ խորհում է, որ այդ պատասխանատու պաշտոնյաները «մոռացել» են կամ էլ անտեսում են ՀՀ օրենքը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրերի պահպանության և օգտագործման մասին» օրենքի, ՀՀ կառավարության «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգ հաստատելու մասին» (20.04.2002, թիվ 438) և ընդունված այլ որոշումների ու օրենսդրական ակտերի պարտք ու պահանջները: Չէ որ գործող այդ փաստաթղթերում, օրինակ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրերի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 16-րդ հոդվածը (Հուշարձանների տարածքը, պահպանման գոտիները, դրանց կարգավիճակը և օգտագործման ռեժիմը), հստակորեն սահմանել է, որ.
«Հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, նպատակային օգտագործման և բարենպաստ տեսողական ընկալման նպատակով սահմանվում է հուշարձանի պահպանական գոտիների համակարգ և օգտագործման ռեժիմ:


Հուշարձանների պահպանական գոտիների համակարգը կարող է ներառել`
ա) հուշարձանի պահպանության գոտին,
բ) կառուցապատման կարգավորման գոտին,
գ) լանդշաֆտի պահպանման գոտին:
Հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար: Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:
Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ»:
Ամբերդի պարագայում՝ մեր պաշտոնատար պատասխանատուները, հավանաբար նկատի ունենալով վերոնշյալ հոդվածի նախատեսած հուշարձանների պահպանական գոտիների համակարգի «ա» կետը, զանց են առել կամ էլ ավելորդ են համարում հուշարձանների համար պարտադիր համարվող «բ և գ» կետերի պահանջները: Այդ իսկ հանգամանքով էլ փոխնախարարը բավարարվել է միայն այդ աշխատանքների առժամանակ դադարեցմամբ, ՊՈԱԿ-ի տնօրենն էլ՝ իր հերթին, հորդորում է լրատվամիջոցներում ու համացանցում մտահոգություններ արտահայտող հանրությանը, որ անհոգ լինեն, քանզի այդ «օրինականացված» կամայականությունն ու հուշարձանի նկատմամբ կատարվող ոտնձգությունը կատարվում են հուշարձանի բուն պահպանական գոտուց ընդամենը 100-150 մ հեռավորության վրա: Ի՜նչ և ինչպիսի՜ սրտացավ անհանգստության դրսևորում… Թույլ եմ տալիս ինձ այսպիսի «սրտացավ» (իրականում ոչ պատվաբեր) վերաբերմունքի համար օտար բառով ասել՝ բռա՜վո... Այդպես էլ շարունակեք...


Երանի թե իրավիճակն այդպիսին լիներ, և վերոնշյալ պաշտոնյաներն էլ իրավացի լինեին իրենց դիրքորոշումներում: Ցավոք, առկա իրավիճակը միանգամայն այլ է, և նրանք էլ ի պաշտոնե պարտավոր էին անմիջապես վեր հանել, թե այդ հնագիտական տարածքը, որը մինչև 2013 թ. գտնվել է Ամբերդի պահպանական բուն գոտու տարածքում, ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է հետագայում հանվել նախարարության հուշարձանների պահպանության գործով զբաղվող մյուս ՊՈԱԿ-ի՝ «Հուշարձանների ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոն»-ի, Ամբերդի վերակազմված պահպանական գոտուց, ի՞նչ եզրակացությունների (թույլտվության, համաձայնության) հիման վրա է, որ Օրգով գյուղի գյուղապետարանը հուշարձանին անմիջապես հարող այդ տարածքը օտարել-սեփականաշնորհել է Մանուկյաններին, և մշակույթի նախարարությունն ու քաղաքաշինության կոմիտեն էլ ի՞նչ հիմք-հիմնավորումներով են իրենց համաձայնությունները տվել այդտեղ սննդի կետ կառուցելու համար։ Սրանք հարցեր են, որ կոնկրետ և սպառիչ, այլ ոչ թե ի միջի այլոց, պատասխաններ են պահանջում:


Մեր մշակութային արժեքների պահպանության ու օգտագործման, հուշարձանների վերականգնման աշխատանքների թե՛ դրական և թե՛ բացթողումների ու տասնամյակներով շարունակվող բացերի վերաբերյալ հրապարակավ և լրատվամիջոցներով՝ դեռևս խորհրդային տարիներից ի վեր, բազմիցս եմ արտահայտվել։ Այնպես որ քաջատեղյակ եմ այդ բնագավառի խութ ու խոռոչներին, տեղական մարմինների անտարբեր վերաբերմունքին, ինչպես և հուշարձանապահպան կառույցների իրավամբ և հետևողականորեն գործադրվող նվիրական ու ջանադիր ջանքերին։ Անշուշտ, դյուրին չէ մեզանում հուշարձաններ պահել-օգտագործելու գործի դրվածքը։ Այնուամենայնիվ, պետք է մեկընդմիշտ գիտակցենք, որ մեզանից բացի ոչ ոք պարտք ու պարտավորվածություն չունի մեր ժողովրդի ստեղծած արժեքները պահել-պահպանելու։ Ամեն կերպ պետք է բացառել ամեն տեսակի նմանատիպ դեպքերը, գործել այնպես, ինչպես օրերս լրագրող Սառա Պետրոսյանը մայիսի 1-ին «Հետք» կայքում հրապարակած իր «Առինջի խաչքարադաշտում կարող ենք թույլ չտալ Ջուղայի խաչքարադաշտի կործանումը» հոդվածում՝ իրավացիորեն փաստելով Առինջի խաչքարերով հարուստ գերեզմանատանը տասնամյակներ շարունակվող ավերում-կործանումները, ընդգծում է, որ ի վերջո պատկան մարմինները պետք է ականջալուր լինեն մասնագետների մտահոգություն-ահազանգերին։ Քանզի, ինչպես հոդվածագիրն է շեշտում, այդ խնդիրներով մտահոգ մասնագետներ «Համլետ Պետրոսյանը, Ամիրան Բադիշյանը և Արտակ Ղուլյանը (Առինջի եկեղեցու և շրջակայքի վերականգնման հեղինակ) Առինջի պատմական գերեզմանոցի պահպանության և վերականգնման» ծրագիր են ներկայացրել մշակույթի նախարարություն: Նախարարությունը չի արձագանքում հնագետների ու ճարտարապետների ո՛չ անհատական դիմումներին, ո՛չ էլ մասնագիտական կազմակերպությունների անունից ներկայացված կոչերին»: Այսպիսի վերաբերմունք-վարվելակերպի պարագայում, ինչ խոսք, մեր հուշարձանների ճակատագիրը օր օրի տանում է նրանց վնասվելուն ու կործանվելուն։
Անդրադառնալով Ամբերդի այս հոդվածի նյութ ծառայած դեպքին, այստեղ շնորհակալական խոսք պետք է ուղղեմ քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին՝ այդ հարցում անմիջական և կոնկրետ քայլերի դիմելու համար: Քանզի այդ կոմիտեն, փաստորեն մշակույթի նախարարության փոխարեն, անմիջապես ձեռնամուխ եղավ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելուն: Ինչ վերաբերում է այդ տարածքում՝ հնագիտական ուսումնասիրությունից հետո, ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում հարցի քննարկմանը, ապա, ըստ իս, առանց վարանելու.
ա) գիտամեթոդական խորհուրդը կտրականապես պետք է մերժի այդ տարածքում որևէ շինարարության իրականացումը:

բ) Այդ և հարակից հնագիտական տարածքներն անպատճառ պետք է ընդգրկվեն հուշարձանի պահպանական գոտու մեջ և հարց ներկայացնեն Արագածոտնի մարզպետարանին ու Օրգով գյուղի գյուղապետարանին անվավեր ճանաչելու այդ տարածքի կատարված սեփականաշնորհումը։
գ) Աշխատանքից պետք է ազատել նաև Արագածոտնի մարզի հուշարձանների պահպանության ծառայության պետ Մանուկ Մանուկյանին և Ամբերդ հուշարձանի պահապանին (առավել ևս, եթե նա Մ. Մանուկյանի ընտանիքի անդամներից կամ էլ ծանոթներից է):
դ) Հուշարձանին վնաս պատճառած անձանց նկատմամբ, օրենսդրության համաձայն, պետք է հարուցել քրեական գործ և հնարավորինս վերականգնել նրա ավերման ենթարկված տեսքը:
Վերջում ուզում եմ ընթերցողը հավաստիանա, որ անձնապես ամենևին դեմ չեմ, որ մեր հուշարձանների մերձակայքում գործեն սննդի կետեր՝ պանդոկներ ու սրճարաններ, գրավաճառային, հուշանվերային և այլ կրպակներ: Ավելին, անհրաժեշտ է պետական ծրագրեր մշակել, որպեսզի վերանորոգված ու վերականգնված մեր հուշարձանները օգտագործվեն և մշտապես գտնվեն հոգածու աչքի խնամքի ու պահպանության ներքո: Մասնավորապես մեր աշխարհիկ հուշարձանները, օրինակ, Դաշտադեմի, Բջնիի ամրոցները, Արուճի, Թալինի, Վարդենյաց լեռնանցքի քարավանատները, ժողտները և նմանատիպ այլ հուշարձանները անպայմանորեն պետք է օգտագործվեն որպես մշակութային օջախներ, թանգարաններ, սննդի կետեր, համերգասրահներ և այլն: Ինչ վերաբերում է կոնկրետ Ամբերդին, ապա վերոնշյալ սննդի կետը պետք է կառուցվի ոչ թե սեփակաշնորհված այդ տարածքում, որն ամեն տեսակետից անհարիր է հուշարձանահամալիրի «կառուցապատման կարգավորման և լանդշաֆտի պահպանման գոտիների պահանջներին», այլ, օրինակ, Ամբերդի ձորակից դեպի Ամբերդ համալիր բարձրացող ճանապարհի մի հարմարավետ վայրում: Այդտեղ կարելի է նույնիսկ զբոսաշրջային հարմարավետ հանգրվան ստեղծել՝ իր բոլոր հարմարություններով և իրապես զարգացում տալ Արագածոտնի մարզի զբոսաշրջության գործին:


Միով բանիվ, դրա համար էլ պարտադիր է, որպեսզի մարդու (իմա՝ մասնավորապես այս կամ այն բնագավառի պատասխանատուների) միտքն այդ ուղղությամբ՝ մեր երկրի ու պետականության ամրապնդմամբ, մշակութային արժեքների հավուր պատշաճի պահպանությամբ և օգտագործմամբ մտահոգվի-աշխատի, որպեսզի բոլորիս աչքերը ոչ թե տեսածն անտեսեն , այլ իրատեսորեն տեսնեն…


Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրական փաստավավերագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս

Դիտվել է՝ 2532

Մեկնաբանություններ

''''/1555016399">Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն