Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոլիզեյի գաղտնիքները

Կոլիզեյի գաղտնիքները
21.05.2019 | 12:53

Պարզվեց՝ 2000 տարի առաջ Ներոն կայսեր համար կառուցված Դոմուս աուերայի («Ոսկե պալատի») տակ գաղտնի սենյակ կա: Վերականգնողները պալատի ավերակներում գտել են ստորգետնյա դահլիճ՝ առասպելական ու իրական կենդանիների անսովոր որմնանկարներով: Օխրայով ու ոսկեգույնով արված որմնանկարներում հնագետները տեսել են Պան աստծո ֆլեյտայի նվագի տակ պարող կենտավրոսների: Տերևների ու նախշերի տակից երևում են թռչուններ ու հիպոպատամներ, նետուաղեղով որսորդ, որ կռվում է հովազի հետ: Դահլիճի գլխավոր պատկերը միայնակ սֆինքսն է: Նրա անունով էլ դահլիճը կոչել են: Սֆինքսի դահլիճը գտնվել է պալատը վերականգնելիս: Պալատը կառուցվել է 64 թվականին, Հռոմի մեծ հրդեհից հետո, որ 9 օր տևեց: Պալատում, որ 80 հեկտար տարածք ուներ, 300 դահլիճ կար: Ներոնը երկար չապրեց իր ոսկե դղյակում: 68-ին հռոմեացիներն ապստամբեցին ու նա ինքնասպան եղավ: Նրա մահից հետո պալատը լքվեց, որովհետև Ներոնի ժառանգները համարում էին անիծված ու չափազանց շքեղ: Հետագա տարիներին դղյակը սկսեցին քանդել՝ ջանալով հետքերը վերացնել: Պալատի հիմքի վրա հասարակական ու մասնավոր շենքեր կառուցվեցին:

Այնտեղ հայտնվեց Կոլիզեյը: Կոլիզեյի հնագիտական ծառայությունը մի քանի տարի պեղումներ է անում դղյակի տեղում: Պալատինի բլրի վրա այս տարեսկզբին բացվել է պալատի մի հատվածը: Հնագետներն աշխատում էին Օպիի բլրի վրա գտնվող հատվածում և պատահաբար գտան Սֆինքսի դահլիճ տանող դուռը: Նրանք ստիպված էին շինարարական փայտամածներ կառուցել սոֆիտների համար, որոնց լույսի տակ տեսան ամբողջությամբ որմնանկարներով պատված հարևան սրահի առաստաղը: Դահլիճի մեծ մասը մինչև հիմա մաքրված չէ՝ հնագետները չեն շտապում՝ զգուշանալով, որ դահլիճը կքանդվի: Այս վիճակում էլ դահլիճը հրաշալի վկայություն է՝ ինչպես են ապրել կայսրերը: Կոլիզեյի տնօրեն Ալֆոնսինա Ռուսոն ասում է. «20 դար խավարի մեջ անցկացրած Սֆինքսի դահլիճը մեզ պատմում է Ներոնի ժամանակների Հռոմի մասին»:

BBC


Հ.Գ. Հռոմի ամեն թիզ հողի տակ պատմություն է ու բնավ զարմանալի չէ, որ 20 դար հետո գտնվում են արվեստի նման եզակի նմուշներ: Իսկ ինչքան հայտնություններ կան Հայաստանի հողի տակ, որ չեն գտնվել դեռ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ