Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ է բեմականացվել, ու ինչ է ներկայացվել հանրությանը

Ի՞նչ է բեմականացվել, ու ինչ է ներկայացվել հանրությանը
24.05.2019 | 01:52

Իրական քաղաքականության մեջ ցանկացած գործընթաց ունի բազմաթիվ բաղկացուցիչներ։ Այն, ինչ մատուցվում է հանրությանը, շատ դեպքերում ընդամենը PR է և շոու, ինչի հիմքում բոլորովին այլ գործընթացներ են գեներացվում, և երևում է սառցաբեկորի ընդամենը մի մասը։ Սովորաբար այդ սառցաբեկորի հիմքում լինում են հետկուլիսյան գործարքներ, պայմանավորվածություններ, անգամ դերերի բաժանում։ Այս ամենը թերևս ակնառու լինի, երբ փորձենք անդրադառնալ վերջին օրերի հայաստանյան ամենաբուռն զարգացումներին, մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի հետ կապված գործընթացներին։


Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը նոր իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի իդեա ֆիքսն է։ Դա էր, ըստ էության, իշխանության գալուց հետո Փաշինյանի ներքաղաքական օրակարգի առանցքը։ Թեև շատերը թե՛ ընդդիմադիր թևից, թե՛ իշխանության ներսից զգուշացնում էին, որ բավականին բարդ խնդիր է Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրելը, քանի որ այն անմիջապես քաղաքականացնում է գործընթացները՝ վերջինիս պաշտպաններին հնարավորություն տալով իրենց պաշտպանյալին ներկայացնելու որպես քաղաքական հալածյալ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը որոշեց գնալ այս ուղիով։ Պարզ է, որ այս ամենում վարչապետն ունի անձնական և քաղաքական մոտիվներ։ Ամենայն հավանականությամբ, ՀՀ վարչապետի հաշվարկներով, Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և մեղադրյալի աթոռին նստեցնելը գլխավոր շոուի ամենակարևոր տեսարանն էր։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանին մեղադրեն ոչ պրագմատիզմի, զգացմունքայնության, գործից գլուխ չհանելու մեջ, այդուհանդերձ, նա հասկանում էր, որ չի կարող իրական արդյունքներ գրանցել կարճ ժամանակում՝ արդարացնելու համար մարդկանց գերսպասումները։ Այդ իսկ պատճառով պետք էր ապահովել շոուներ ու տեսարաններ։ Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանը խոշոր տրամաչափի գործիչ է, որի միջոցով կարելի էր ցույց տալ, թե երկրում ինչ-որ բան է փոխվել։
Իրատեսորեն դիտարկելով իրավիճակը՝ կարող ենք արձանագրել, որ իշխանափոխությունից մեկ տարի անց երկրում առանձնապես ոչինչ չի փոխվել, բացի այն փաստից, որ Ռոբերտ Քոչարյանը մեկ-երկու անգամ կալանավորվեց և ազատ արձակվեց։ Ինչպես և սպասվում էր, ՀՀ երկրորդ նախագահի ազատազրկումը բավականին լուրջ խնդիրներ առաջացրեց։ Տեսանելի հատվածում այդ խնդիրներն առնչվում էին Ռուսաստանին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ հարաբերությունները, ինչպես շատ արագ պարզեց Փաշինյանը, իր համար թերևս ամենակարևորն են արտաքին քաղաքական, երբեմն նաև ներքաղաքական օրակարգում։ Պուտինը բացահայտ ու ոչ բացահայտ կերպով տարբեր խողովակներով հասկացնում էր, որ իր ընկերոջ կամ հայ-ռուսական հարաբերություններում մեծ ավանդ ունեցող Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում, հակառուսական, նույնիսկ հակապուտինյան քայլ։


Երկրորդ խնդիրն այս հարթության մեջ այն էր, որ աստիճանաբար ուրվագծվեց, որ Քոչարյանին ճաղերի հետևում պահելը մեծ ոգևորություն չի առաջացնում վերջինիս փոքր հայրենիքում՝ Արցախում, որտեղ հասարակության զգալի հատվածը և ռազմաքաղաքական էլիտայի մի մասը կարծում է, որ իրենց մարտական ընկերը գուցե կարող է քրեական հետապնդման ենթարկվել, բայց պարտադիր չէ, որ կալանքի տակ մնա։ Այս պայմաններում Փաշինյանը հայտնվեց բավականին լուրջ ճնշման տակ՝ թե՛ արտաքին, թե՛ արցախյան ճակատում։ Ըստ էության, Քոչարյանին կալանավորելով՝ նա շատ հարցերում կորցրեց ճկունությունն ու մանևրելու հնարավորությունը։ Փաշինյանի՝ ճնշման ներքո գտնվելուց իրականում տուժում է գործը։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ ՀՀ վարչապետը հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի գործի պատանդի կարգավիճակում։ Եվ երբ հյուսիսից ճնշումը պահպանվում էր, շատերը սկսեցին ակնարկել, թե վարչապետը չի կարող դիմանալ։ Իսկ երբ 2018 թ. վերջին ռուսական գազի գնի շուրջ հարց առաջացավ, բանակցային ամենաթեժ պահին հանկարծ Արցախի խորհրդարանի մի քանի խմբակցություններ, այդ թվում այն խմբակցությունները, որոնք ցանկացած առիթով իրենց հավատարմությունն են հայտնում հեղափոխության առաջնորդին, դիմելով ՀՀ իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես եկան։ Դեռևս 2018 թ. տարբեր փորձաքննական շրջանակներում լուրեր տարածվեցին, թե նման հորդորով դիմել են փաշինյանամետ ուժեր, ինչն էլ հիմք տվեց այն վարկածի, թե Արցախը օգնության ձեռք է մեկնում Նիկոլ Փաշինյանին, որպեսզի օգնի իրավիճակից դուրս գալու և պահպանելու սեփական դեմքը։ Սակայն Փաշինյանն այն ժամանակ չմեղմեց իր դիրքորոշումը Քոչարյանի հարցում. նախատեսված սցենարը խափանվեց, գազի սակագինն էլ բարձրացավ։
Իրավիճակը ավելի սրվեց մայիսյան տոներից առաջ, երբ Արցախի երկու նախագահները՝ պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը և գործող ղեկավար Բակո Սահակյանը դիմեցին լիազոր մարմիններին, որպեսզի, մարդասիրական սկզբունքից ելնելով, փոխվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Եվ դա արվեց Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Արցախ մեկնելու նախօրեին։ Սա կարելի է իհարկե դեմարշ դիտարկել, սակայն իրական քաղաքականության մեջ չի կարող ստեղծվել մի իրավիճակ, որ Փաշինյանը հանկարծ արթնանա և պարզի, որ Արցախի երկու նախագահ որոշել են միջնորդել ՀՀ երկրորդ նախագահի համար։ Ի դեպ, հետագայում պարզ դարձավ, որ Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանին տեղյակ է պահում իր բոլոր քայլերի մասին, վերջինս էլ կարծես առանձնապես մեծ ջանքեր չի գործադրել Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին իրենց մտադրությունից հետ պահելու համար։ Այստեղ միանգամից հարցեր առաջացան՝ արդյոք Արցախի և Հայաստանի ղեկավարներն այս հարցում փոխհամաձայնեցված չե՞ն գործում։
Ինչպես ասում են՝ գործը հասավ դատարան։ Եվ ամենահուզիչն այն է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանի դատարանում նույն աթոռին կողք կողքի հայտնվեցին Արցախի բոլոր երեք նախագահները։ Սա, իհարկե, բավականին տարօրինակ ու զավեշտալի տեսարան էր, ինչը թերևս այդքան զավեշտալի չլիներ, եթե դա տեղի ունենար Բաքվում։ Ինչպես ասում են՝ դա էլ տեսանք։


Ինչ խոսք, Արցախի ղեկավարները շատ ծանրակշիռ մարդիկ են, որպեսզի հնարավոր լինի նրանց հեշտությամբ մերժել։ Թերևս դժվար չէ ենթադրել, որ եթե Նիկոլ Փաշինյանը դեմ լիներ, որպեսզի նախագահներն այս հարցով մտնեին դատարան, ապա նա փաստարկներ կգտներ՝ այդ քայլը կանխելու համար։ Ըստ էության, մերժումն է՛լ ավելի էր լարելու իրավիճակը, քանի որ Արցախում տհաճ տրամադրություններ կձևավորվեին։ Իսկ նախագահներին մերժելը կդիտարկվեր մերժում Արցախի հանրային կարծիքին, ռազմաքաղաքական, հասարակական շրջանակներին։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանն իր ծրագրերն ուներ, ուստի չի մերժել Արցախի նախագահներին՝ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, ձգձգվող քրեական գործի ընթացքում փորձելով թուլացնելով լարվածությունը, լուծել հարցերը Ռուսաստանի և Արցախի հետ։


Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանի ազատարձակումից հետո, սկսվեց շոուն։ Նշանակվեցին մեղավորներ. այդ մեղավորը, բնականաբար, պետք է լիներ դատական համակարգը, ինչ-որ չափով նաև՝ հակահեղափոխական Արցախը։ Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձեց իր անձնական վարկանիշի հաշվին գրառումներով, ֆեյսբուքյան ելույթներով ցույց տալ, որ ինքը ոչ մի կապ չունի այս ամենի հետ, չի ազդում դատարանների վրա, Քոչարյանի ազատման որոշումն ընդունվել է հակահեղափոխական դատարանի կողմից՝ Արցախի և հայաստանյան որոշ շրջանակների ազդեցության ներքո։ Ռեալ գործողությունների, անդրկուլիսյան պայմանավորվածությունների միջոցով ձեռք բերված արդյունքը սկսեց շղարշվել շոուով։

Հայտնի փաստ է՝ շոուն որքան աղմկահարույց է, այնքան ավելի շատ է շեղում իրական զարգացումներից։ Այս նկատի ունենալով` Նիկոլ Փաշինյանը գնաց բավականին թույլ ու ռիսկային քայլի՝ դատարանների շրջափակման, ինչը կարող էր չանել և սահմանափակվել միայն ելույթով։ Բեմադրած շոուն հարվածի տակ դրեց ոչ միայն նրա սահմանադրական լիազորությունները, երկրի սահմանադրական կարգը, այլև սասանեց նրա սեփական լեգիտիմությունը։ Ինչպես հայտնի է, վարչապետը մշտապես շեշտում է, որ ունի ամբողջ ժողովրդի աջակցությունը, սակայն իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումները տեղի չունեցան. սորոսական շրջանակների գնահատմամբ՝ դատարանները շրջափակելու փաշինյանական կոչին արձագանքել էր ընդամենը 1100 մարդ։
Շոուի պատճառով Փաշինյանի դիրքերը թուլացան երկու տեսանկյունից. արձանագրվեց, որ այս պահի դրությամբ նա այլևս չի կարող խոսել 100-հազարավոր հետևորդների մասին, որոնք ընդամենը մի կանչով հավաքվում էին ի պաշտպանություն հեղափոխության։ Եվ երկրորդ՝ վարչապետը բավականին խոցելի դարձավ ժողովրդավարության տեսակետից։ Փաստորեն, այժմ ՀՀ վարչապետը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս բավականին լուրջ հաղթաթուղթ ապահովեց իր այսօրվա և վաղվա հակառակորդներին։ Վերջիններս անհրաժեշտ դեպքում թմբկահարելու են, որ Փաշինյանը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, կոչ է արել շրջափակել երրորդ՝ դատական իշխանությունը, ավելին, այդ գործողություններին դրդել է նաև իր խմբակցությանը՝ օրենսդիրներին։ Միջազգային ատյաններում հարցեր քննարկելիս այս ամենը, իհարկե, անհրաժեշտ առիթի դեպքում ներկայացվելու է Փաշինյանին։
Այսպիսով, այս պահին կարող ենք արձանագրել. մի բան է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ինչ գործարքներ են կատարվել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ի կատար ածվել կամ մերժվել, այլ բան է, թե ինչ է բեմականացվել ու ներկայացվել հանրությանը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ