Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս ամենը ձեզ կանեն Իմ անվան պատճառով»

«Այս ամենը ձեզ կանեն Իմ անվան պատճառով»
24.05.2019 | 00:36

«Եւ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ. 16;9)։
Քրիստոս պատգամեց մեզ, որ նյութական, ֆինանսական կարողությունը բարիքի մեջ օգտագործենք, բայց թափոններ արտադրող աշխարհը մերժեց աստվածաբուխ այս ճշմարտությունը և անիրավ մամոնայից սկսեց արտադրել ճշմարտանման աղանդավորներ, մարդասպաններ, խաղամոլներ, անաստվածներ, միասեռականներ, ահաբեկիչներ, համակարգչամոլներ, անբարոյականներ, ստեղծեց և հորինեց զանգվածային ոչնչացման զենքեր, հրահրեց մարդակործան պատերազմներ:


Աշխարհը հսկայական գումարներ է տրամադրում դժոխքի ամենակուլ երախը մարդկանցով լցնելու համար, երբ մարդկության կեսից ավելին թշվառության է մատնված, որով ապացուցում է, որ Քրիստոսի գութն ու գորովը տեղ չունեն մարդկության նկատմամբ իր ծրագրերում, որովհետև մերժեց Քրիստոսի սերը, խաղաղությունը և շնորհը: Աշխարհը մերժեց Քրիստոսին, և Ինքը` Հիսուս, Իր Խոսքն ուղղելով առաքյալներին, ասաց. «Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ Ինձ է ատել: Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն, որպես իրենը, ձեզ սիրած կլիներ, բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ Ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է» (Հովհ. 15;18-19): Քրիստոսից հետո պատմության քառուղիներում շատ քիչ թագավորների, իշխանների և հոգևորականների հաջողվեց դեմ կանգնել աշխարհակործան այս երևույթներին, ոմանք նահատակվեցին, ոմանք հալածվեցին, ոմանք աքսորվեցին: Շատ բան չի փոխվել անցյալից, աշխարհը միայն կատարելագործվել է և թափոնների առավել զարգացած տեսակներ է արտադրում, որպեսզի սուտ ամբաստանության, անհարկի ճնշումների, շանտաժների միջոցով իր ամենակուլ երախը ձգի հատկապես նրանց, ովքեր փորձում են բացահայտել նրա նենգ դավադրությունը:

«Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն, եթե Իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն: Սակայն այս ամենը ձեզ կանեն Իմ անվան պատճառով, քանի որ չեն ճանաչում Նրան, ով ուղարկեց Ինձ: Եթե Ես չգայի և նրանց հետ չխոսեի, նրանք ոչ մի մեղք չէին ունենա, բայց հիմա նրանք ոչ մի արդարացում չունեն իրենց մեղքի համար» (Հովհ. 15; 20-22),- հայտարարում է Քրիստոս` մատնանշելով նման թափոն արտադրողների և այդ արտադրանքի դատաստանը: Սուրբ Գիրքը այս աշխարհում ծնված, բայց այս աշխարհի ստրկական օրենքներին դեմ գնացող մարդկանց նմանեցնում է երկունքի մեջ գտնվող կնոջ, որը ցավերի ու տառապանքի մեջ է հաստատված, սակայն երբ ծննդաբերում է, այլևս չի հիշում իր տառապանքները, քանի որ զավակ ծնեց: Այդպես է յուրաքանչյուր` դեպի Քրիստոսի Գողգոթան գնացող մարդ, որ իր սրտում ունի հույսը Հարության և հավիտենական կյանքի: Հակառակ չարի լարած բյուրավոր թակարդների և «ազատություն» բարբաջող, ամենաթողություն քարոզող աշխարհի, Քրիստոս Իր անսահման սիրով կանչում է մեզ. «Ինձ մոտ եկե՛ք, բոլո՛ր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթ. 11; 28)` քրիստոնյաներիս հորդորելով հեռու մնալ աշխարհի մատուցած պղծություններից, և ինչպես աստվածախոս Ավետարանիչն է հաստատում. «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ` ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ» (Ա Հովհ. 2;15), քանզի աշխարհի իշխանը, ինչպես դրախտում մատուցեց արտաքինից շատ ցանկալի պտուղը, որի մեջ մահն էր քողարկված, այսօր էլ չի դադարում նույն կերպ ներկայանալուց, մեզ մնում է չկրկնել անցյալի սխալները և հաստատուն լսել Աստծո քաղցր ձայնը, որ ասում է. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՛ Ինձ հետ: Ով հաղթի, նրան թույլ կտամ նստելու Ինձ հետ Իմ աթոռին, ինչպես որ Ես հաղթեցի և նստեցի Իմ Հոր աթոռին: Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» (Հայտ. 3; 20-22): Քրիստոս մշտապես թակում է մեր սրտի դուռը և զգուշացնում արդար դատաստանի մասին, զգուշացնում, որ կուլ չգնանք աշխարհի ամենակուլ երախին, Աստծուն մեկ անգամ մեր սրտում ընդունած լինելով` մաքուր պահենք մեր եկեղեցի դարձած սիրտը այդ թափոններից, մեր հոգևոր հոտոտելիքն անգամ հեռու պահենք դրանց արձակած թունավոր գոլորշիներից, որպեսզի միշտ սթափ լինենք, այդժամ է միայն, որ կարժանանանք Աստծո օրհնությանը և հավիտենական կյանքին արդար դատաստանի օրը։


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ