Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոսոխն ուրախանում է ու շփում ձեռքերը՝ ավելի իրատեսական համարելով Սևանա լճում լողանալու և Երևան հասնելու իր երազանքի իրականացումը

Ոսոխն ուրախանում է ու շփում ձեռքերը՝ ավելի  իրատեսական համարելով Սևանա լճում լողանալու և Երևան հասնելու իր երազանքի իրականացումը
25.06.2019 | 01:57

Մոտ մեկ շաբաթ առաջ Վաշինգտոնում, ինչպես արդեն հայտնի է, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Առանձին կայացել է նաև Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:


Հենց այդ նույն ընթացքում, սահմանային լարվածության պայմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը մեկը մյուսի հետևից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Արցախի ՊՆ մամուլի ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, հակառակորդը հունիսի 16-22-ի ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 13-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հայկական կողմը հերթական մարդկային կորուստն էր ունեցել՝ մահացու վիրավորվել էր զինծառայող, 1999 թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:


Վաշինգտոնում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հունիսի 20-ին կայացած հանդիպման արդյունքների մասին հայտարարությամբ, ինչպես արդեն հայտնի է, հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Առնվազն միամտություն կլինի վերոնշյալ հայտարարությունում հայ և ադրբեջանական հասարակություններին հուզող հարցերի պատասխաններն ակնկալելը. բանակցությունները կամ կողմերի միջև քննարկումները հասարակություններից գաղտնի են վարվում ու պահվում, հետևաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում չեն կարող բացվել դրանց վերաբերյալ փակագծերը: Բայց, այնուհանդերձ, ամեն ինչ սքողելը կարծես ընդունված չէ, և հանդիպման վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունից կարելի է ինչ-որ եզրակացություններ կատարել:
«Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը»,- նշված է հայտարարության մեջ:
Եթե սա հերթապահ հայտարարությամբ ներկայացված կեղծիք չէ, որովհետև մեր հասարակությանը հայտնի են Արցախյան հակամարտության ոչ թե կարգավորման, այլ չկարգավորման հարցով վերջին զարգացումները՝ հանձինս Ադրբեջանի զինված ուժերի շարունակական սադրանքների ու հայ զինվորների կյանքը խլելու, նշանակում է կողմերի միջև, մինչ հունիսի 20-ի հանդիպումը, եղել են Արցախյան հակամարտությանն առնչվող (խիստ թերահավատ ենք, թե կարգավորման…) ինչ-ինչ գաղտնի քննարկումներ կամ, ավելի հավանական է, պայմանավորվածություններ («զարգացումներ» բառն ավելի շատ այդ մասին է հուշում)՝ արտգործնախարարների կամ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մակարդակով:


Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հիմնական հարցերը քննարկելուն, ապա հայտարարության այս մասը վկայում է, որ հիմնական հարցերը՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում կամ հրադադարի ռեժիմի պահպանում, փախստականների վերադարձ, այնուհանդերձ, քննարկվել են, քանզի Հայաստանը կամ ՀՀ ներկայիս ղեկավարության դիրքորոշումը ներկայացնող արտգործնախարար Մնացականյանը չի հրաժարվել հիմնական հարցերի քննարկումից, ինչը պարտավոր էր անել ու պետք է աներ, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել 2016 թ. ապրիլին սանձազերծած ռազմական լայնածավալ գործողություններից հետո Վիեննայի, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում իր ստանձնած հայտնի պարտավորությունները: Սա բանակցային գործընթացում դեռ նախկին իշխանությունների կողմից ձեռք բերած դիրքերից ցավալի նահանջի արձանագրում է, որի վտանգավոր հետևանքներից առաջիկայում դժվար թե հաջողվի խուսափել:


Բացի վերը նշվածից, Վաշինգտոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից պետք է զգուշանալ նաև այն առումով, որ Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ ունեցած դրական, բովանդակալից և հետաքրքիր քննարկումից, ինչը հուշում է, որ Իսրայելի և սիոնիստական շրջանակների շահերը սպասարկող Բոլթոնն էլ գոհ է եղել Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման ու քննարկման արդյունքներից: Դատելով ամենից, Վաշինգտոնում վերոնշյալ հանդիպումների հիմնական կուրատորը եղել է նույն ինքը՝ «հայ ժողովրդի մեծ բարեկամը»:
Բացի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը քննարկելուց, ըստ համանախագահների հայտարարության, «ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների առաջարկած հումանիտար և անվտանգության միջոցառումների առնչությամբ։


Ափսոսանքով արձանագրելով վերջին կորուստները, համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի և միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։
Համանախագահների հետ զրույցում արտաքին գործերի նախարարները կարևորել են գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործումը՝ լարվածության վտանգի նվազեցման համար։
Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»:


Նկատենք, որ, համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ նախկին ու ներկա ղեկավարները հումանիտար և անվտանգության միջոցառումների առնչությամբ իրենց դիրքորոշումները և ակնկալիքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած միայն վերջին այցի ժամանակ չէ, որ ներկայացրել են, այլ նաև դրանից առաջ նրանց հետ տարբեր վայրերում ունեցած հանդիպումներում, սակայն արդյունքը եղել է գրեթե զրոյական: Հետևաբար դժվար է որևէ լավատեսական ակնկալություն ունենալ տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից հումանիտար և անվտանգության միջոցառումների առաջարկումից, քանի դեռ նույն համանախագահները համարժեք գնահատական չեն տվել Ադրբեջանի կողմից այդ կապակցությամբ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական խախտումներին:


Ցավոք, նույնը կարելի է ասել նաև խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու, հրադադարն անշեղորեն պահպանելու հանձնառությունը վերահաստատելու և ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի և միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ կողմերին ուղղված համանախագահների հերթապահ կոչերի առնչությամբ, քանի որ Ադրբեջանը միջազգային հանրություն կոչվածի կողմից մշտապես անպատիժ մնալով, նրա որևէ լուրջ հակազդեցությանը չհանդիպելով, նախկինում ու ներկայում շարունակել է խախտել այդ կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները և իր իսկ հանձնառությունները: Մեր զինվորների վերջին կորուստները ևս այդ մասին են վկայում:


Ահա այս իրավիճակում, երբ թերևս բոլորին պարզ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որևէ լուրջ ակնկալություն չենք կարող ունենալ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման, ոչ թե պատերազմի, այլ խաղաղության պատրաստվելու առումներով, և, բնականաբար, մեր հույսը պետք է դնենք, առաջին հերթին, մեր բանակի, նրա պրոֆեսիոնալ սպայակազմի, զինվորների, ռազմատեխնիկական հագեցածության, մեր երկրի տնտեսության զարգացման ու դրանով պայմանավորված հզորության և, իհարկե, հայկական զույգ հանրապետություններում բնակվող մեր հայրենակիցների, մեր ժողովրդի միասնականության վրա, մենք ի՞նչ ենք անում…
Ի՞նչ… Ֆեյսբուքում, նաև կենդանի շփումների ընթացքում երկու բանակների բաժանված անխնա վիրավորում, նույնիսկ ամենավերջին բառերով հայհոյում ենք իրար, ծվատում միմյանց, թշնամանում իրար հետ նույնիսկ ավելի, քան հայն ու թուրքը կարող են թշնամանալ: Այսօր, առանց որևէ չափազանցության, շատ դեպքերում սեպ է խրվել նույնիսկ հարազատների և ընկերների միջև, սառնություն է առաջացել նրանց միջև, ամիսներով էլ իրար հետ չեն խոսում նույնիսկ հեռախոսով: Որևէ կողմից որևէ մեկը դրա վերջը չի տեսնում, կներեք, ոչ, մի կողմից ոմանք տեսնում և ասում են, որ դրա վերջը համազգային աղետն է լինելու, բայց նրանց լսող չկա, ու զուր են ղողանջում տագնապ գուժող եկեղեցու զանգերը: Իսկ ոսոխն ուրախանում է ու շփում ձեռքերը՝ գնալով ավելի իրատեսական համարելով Սևանա լճում լողանալու և Երևան հասնելու իր երազանքի իրականացումը:
Մեր երկրի տնտեսության զարգացման ու դրանով պայմանավորված հզորության ապահովման կարևորության մասին նշեցինք: ՈՒ՞ր է մեր երկրի տնտեսության և, առաջին հերթին, արդյունաբերության քիչ թե շատ էական զարգացումը, ու՞ր են այդ ոլորտում խոշոր ներդրումները: 2018 թ. առաջին եռամսյակի համեմատությամբ, այս տարվա նույն ժամանակաշրջանում արտասահմանյան ներդրումները պակասել են 90 %-ով: Ինչի՞ մասին է հուշում սա…


Մեզ արդեն բաժանել են հեղափոխականների և հակահեղափոխականների, սպիտակների ու սևերի՝ նույնիսկ հաշվի չառնելով մեր կամքը և կոպտորեն անտեսելով, որ մեզանից շատերը ոչ թե «թավշյա հեղափոխության» հայտարարված արժեքներին, կոռուպցիային, թալանին վերջ տալուն և անցած ոչ թե 20, այլ շուրջ 30 տարում այդ ամենի գոնե հիմնական մեղավորներին օրենքի կամ դատարանի առջև կանգնեցնելուն են դեմ, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործունեությանը, իսկ մի շարք հարցերում՝ անգործությանը: Հետևաբար մեզ, կարծում ենք, հասարակության գերակշիռ մասին «հակահեղափոխականներ» պիտակելը, հասարակության մի հատվածին մեր դեմ տրամադրելը, գրգռելը, սոցիալական ցանցերում ֆեյքերի բանակին (և ոչ միայն…) մեր դեմ քսի տալը, երբ նույնիսկ երիտասարդ աղջիկները չափ ու սահման կորցրած, տարիք ու սեռ չճանաչելով, իրենց հոր տարիքի տղամարդկանց լկտիաբար փողոցային հայհոյանքներ են ուղղում, ում կողմից էլ որ դա կազմակերպված ու հրահրված լինի, ազգային դավաճանությանը համարժեք, Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությանը սպառնացող արարքներ են, որոնց աղետալի հետևանքների դեպքում այդ ամենի հետևում կանգնածները պատասխանատվությունից չեն խուսափի: Բոլորը չէ, որ կհասցնեն ճողոպրել երկրից, թեև ճողոպրելն էլ շատերի համար փրկություն չի լինի…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ