Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
28.06.2019 | 01:47

(Նախորդ մասը)

Մեր ունիկալ օպտիկական սարքը երկար ժամանակով մնաց անտեր՝ 5-րդ կորպուսի միջանցքում, մինչև որ եկավ «Պոլիտեխնիկի» նոր ռեկտոր Արա Ավետիսյանը (այժմ արդեն ՀՀ նախագահի մրցանակակիրը) ու 20 հազար դոլար արժողությամբ թանկարժեք սարքը տվեց «Կապի միջոցների Երևանի ԳՀԻ» ՓԲԸ-ին՝ առանց աճուրդի ու պաշտոնական այլ ձևակերպումների ու ձևականությունների, որը պարտադիր էր ՀՀ ԿԳ նախարարությունից դուրս կատարվող գործարքների համար:
Լուր ունեմ, որ օպտիկական սեղանի համար նախկին ռեկտորը ստացել է 300 դոլար, գործարքի օրինականացման ու հաշվապահական ձևակերպումների մասին տեղյակ չեմ, պետք է ստուգել: Եթե այդ սարքը վաճառվեր աճուրդով, ապա մենք անպայման կմասնակցեինք ու այն կգնեինք ավելի թանկ գնով, նաև մեր անձնական միջոցներով Աբովյանի լաբորատորիայի համար, դա շահավետ ձեռքբերում կլիներ, որովհետև դրա կարիքը դեռ ունենք իսկ արտադրող գործարանից գնել չենք կարող, դրանց գները տասնապատիկ բարձրացել են: Նման ստուգողական սեղաններն արտադրվում են միայն Գոմելում, շատ թանկ են, տեղափոխման դժվարին խնդիրներ կան:


Չեմ կարող բացատրել, թե հարգարժան պրոֆեսոր Վարդանյանը նոր ռեկտորի առաջ ինչու երերաց, ինչո՞ւ հանկարծ պասսիվացավ ու չպայքարեց, երբ իր ռեկտորը ակնհայտ անօրինական գործարք էր կատարում ու թանկագին «րՌվ-1»-ը տրամադրում էր այլ կազմակերպության, ի՞նչ է, նոր պետի հնարավոր ցասումի՞ց էր վախենում:
Արա Ավետիսյանը «Պոլիտեխնիկում» երկար չդիմացավ, ինստիտուտի դասախոսական հանրությունը ոտքի կանգնեց ու ինչ-ինչ պատճառներով նրան դուրս մղեց ռեկտորի պաշտոնից: Հիմա նա աշխատում է ՀՀ գիտությունների ակադեմիայի ինստիտուտներից մեկում, իրեն բարի երթ ու գիտական նոր հայտնագործություններ եմ ցանկանում, բայց մեր ակադեմիկոս ընկերոջը պետք է խրատեմ, որ մեր երկրին այդքան էգոիստ ու փողասեր գիտնականներ պետք չեն, հիմա պարտավոր ենք միանալ, միավորվել, ընդհանուր բռունցք դառնալ, որպեսզի համատեղ ուժերով երկիրը դուրս բերենք ստեղծված ծանր վիճակից, այլ տարբերակ չունենք:


Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու մեր սուրբ գործում ՀՀ նախագահական մրցանակն անգամ էական դեր չունի: Ընդունում եմ, որ ՀՀ նախագահի մրցանակը, որպես նյութական օգնություն, տրվել է իր նախկին պաշտոնակից, 1990-92 թվականներին ՀՀ լուսավորության նախարար, հայ քաղաքական ու պետական գործիչ (մարդն այսպես է համարձակվել իրեն ներկայացնել), նախագահական մրցանակի մրցույթային հանձնաժողովի նախագահ Արեգ Գրիգորյանից՝ որպես հիշատակ իրենց լավագույն տարիներից ու քաջագործություններից: Ինձ մնում է Պողոսյան եղբայրներին տեղյակ պահել, որ իրենց գումարները բաժանվել են մայր հայրենիքի քաղաքական ու պետական գործիչների միջև, մեջ-մեջ են արվել: Եթե Պողոսյան եղբայրները ավելորդ միջոցներ ունեն, ապա կխնդրեմ, որ դրանք, առանց նախագահական միջնորդների ու միջնորդավճարների, տրամադրեն Արցախի հելիոֆիկացիայի ծրագիրն իրականացնելուն: Ի միջի այլոց, իմ հնչեցրած միավորման կոչին արդեն արձագանքել է պրոֆեսոր Ռուբեն Վարդանյանը՝ մրցույթային հանձնաժողովի նախագահ Արեգ Գրիգորյանի կամայականություններից հերթական «տուժածը», որը հանձնաժողովի մեկ այլ պրոցեդուրային սխալ է գտել. Արա Ավետիսյանի համահեղինակ Ասատուր Խուրշուդյանը Հայաստանից դուրս է ապրում իսկ ներկայացված աշխատանքը վերցրած է դիսերտացիայից, ինչը, համաձայն ՀՀ նախագահի մրցանակի կանոնադրության, արգելված է: Սպասում եմ ՀՀ Նախագահի մրցանակի մնացած չորս հավակնորդների արձագանքին:


Այսօր Հայաստանի տնտեսության վերականգնման գործերում կարևորվում է հայ գիտնականների ու ՀՀ ԳԱԱ-ի գործուն մասնակցությունը։ ՀՀ ԳԱԱ-ում կան շնորհալի ու «գործող» գիտնականներ, որոնք կարող են տեղից շարժել հայկական տնտեսության ծանր սայլը: Հետաքրքիր է, թե ակադեմիայում ինչպես են տեսնում ներկա ժամանակներում երկրին օգնելու, օգտակար լինելու, սեփական նախաձեռնությամբ ի հայտ գալու իրենց առաքելությունը, փորձելու՞ են առաջ շարժվել, թե՞ գնալու են նախկին տրորված ճանապարհով՝ հոդվածներ գրելով ու տպագրելով աշխարհի հեղինակավոր, մի քիչ պակաս եմ ասում, աշխարհի ամենահեղինակավոր գիտական հանդեսներում: Ակադեմիան, իր տարեկան ժողովներում ամեն անգամ այդ հոդվածային ձեռքբերումներով է հանդես գալիս ու հպարտանում՝ հայրենիքում սեփական կիրառական գիտական ներդրումը ավարտված համարելով։ Բայց ի՞նչ օգուտ դրանցից, եթե մեզ կոնկրետ աշխատանքներ են պետ: Գիտական աշխարհին քաջ հայտնի դեմքերը՝ Սերգեյ Կորոլյովը, Անդրեյ Սախարովը, Իգոր Կուրչատովը, Անդրանիկ Իոսիֆյանը, խորհրդային առաջին ատոմային զինատեսակների «գերգաղտնի» հեղինակ Սամվել Քոչարյանցը, Ալիխանյան եղբայրները և խորհրդային մյուս գիտական դեմքերը հոդվածներ գրելու մեծ սիրահարներ չեն եղել, պատմության մեջ մնացել են միմիայն իրենց կատարած գործերով՝ կարևոր ու կոնկրետ: Թե չէ դարձել ենք հոդվածներ գրող ակտիվիստներ, որոնց գրագրությունը հայրենիքում պահանջված չէ։ Դրանից կարող են օգտվել միայն օտարները, եթե, իհարկե, հաստատվի, որ դրանք օրիգինալ են ու գիտական արժեք են ներկայացնում:


«СИН-1»-ի թանկարժեք օպտիկական հարմարանքները մնացին Ռուբեն Վարդանյանի տրամադրության տակ՝ մասնավոր կամ հանրային սեփականության կարգավիճակով, չգիտեմ: Այս ամենը կարող է դիտարկվել նաև որպես հայտարարություն հնարավոր հանցագործության մասին, թե ինչու են ինժեներական բուհի լաբորատոր տեխնիկան այս ու այն կողմ սփռում՝ ուսանողների գիտափորձական աշխատանքները թողնելով թղթի ու, լավագույն դեպքում, կոմպյուտերային գրաֆիկայի հույսին: Արևային տեխնիկայի համար երիտասարդ մասնագետներ կարող էինք պատրաստել ասպիրանտուրայի միջոցով, այս հարցով գնում եմ «Պոլիտեխնիկի» ասպիրանտուրայի բաժնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, իմ նախկին դասախոս և բասկետբոլի թիմի անդամ Ալբերտ Պողոսյանի մոտ:
-Ինձ երկու ասպիրանտ տվեք:
-Վահան ջան, ուշացել ես, այս տարվա տեղերն արդեն բախշել ենք, մնաց մյուս տարի:
Մյուս տարի մի ամիս շուտ եմ մոտենում:
-Տեղերը դեռ չենք ստացել, մի ամիս հետո կլինի:
Մոտենում եմ մեկ ամիս հետո:
-Տեղերն արդեն բախշել ենք:
-Լավ, ինձ համար ասպիրանտուրայում տեղեր նախատեսեք 5 տարի անցի համար:
Ոչինչ չստացվեց, ասպիրանտներ չստացա, գիտական նոր կադրեր չկարողացա պատրաստել, առայժմ արևային աշխատանքները հիմնականում կատարում եմ իմ նախկին ասպիրանտների հետ, արդյունքները կան, բայց փոխարինողների հարցը դեռևս անորոշ է: Հետագայում պարզեցի, որ ասպիրանտական տեղերը վաճառվում են, հատկացնում է ՀՀ ԿԳՆ-ն՝ 500 դոլարի կաշառք՝ մեկ տեղի դիմաց: Մեր երկրում ասպիրանտուրայով գիտական աստիճան ստանալը հետապնդում է մեկ հիմնական նպատակ. խուսափել հայկական բանակում ծառայելու պարտականությունից: Մեր երկրում գիտնականներին բանակ չեն տանում (ՀՀ օրենքներով է նախատեսված), թեկնածու դառնալու համար պետք է դիսերտացիա գրել ու 3 տարվա ընթացքում հասցնել պաշտպանել։


-Էս մեր ասպիրանտները շատ անգրագետ են, ոչ տեսականից են մի բան հասկանում, ոչ էլ պրակտիկայից են գլուխ հանում, հիմա նստած իրենց համար դիսերտացիա եմ գրում, որ ժամանակին պաշտպանեն, բանակ չգնան,- մի անգամ սրտնեղեց իմ ծանոթ պրոֆեսորներից մեկը: Ես նրան չցանկացա տալ ամենակարևոր հարցը՝ իսկ ի՞նչ արժե քո գրած մեկ դիսերտացիան: Մի խոսքով, հայկական գիտության մեջ ավելի շատ պրոբլեմներ կան, քան թվում է։ Դրանք մասամբ մնացել են Խորհրդային Միությունից, մասամբ էլ առաջացել են անկախության անցած 30 տարիներին՝ տարբեր պատճառներով, որոնց սկզբնաղբյուրը դարձյալ նույնն է՝ կաշառակերություն, աչքակապություն, աճպարարություն, որը մեծագույն չարիք է դարձել հայկական գիտության զարգացման, ինժեներական ու գիտական կադրերի պատրաստման, երկրի տեխնիկական ու տեխնոլոգիական առաջընթացի համար: Երկիրն այս մղձավանջից դուրս բերելու համար պետք է շարունակել պայքարը, պայքարել կաշառակերության, անպատասխանատվության ու չկամության դեմ՝ հատկապես կրթության ու գիտության ոլորտներում, այլապես կորած ենք: Ազգի սերուցքից (պայմանականորեն ընդունենք, որ ակադեմիայի անդամ Ավետիսյանը, պրոֆեսորներ Վարդանյանը, Մարկոսյանը, հավանաբար նաև ես ու մյուս հայ գիտնականները ազգի սերուցքն ենք, որից դրական սպասելիքները մեծ են, կան, պետք է աշխատել, օգտակար գործեր անել ու մեզնից հետո գիտական արժեքավոր գործեր ու շկոլաներ թողնել) ազգի տականք դառնալը ընդամենը մեկ քայլ է, եթե ելակետային է դառնում անձնական շահերի գերակայության խնդիրը՝ հայ ժողովրդին թողնելով անպաշտպանունակ ու թշնամիների համար հեշտ զոհ դարձնելով:
Մի քանի օր առաջ գնացի կորուսյալ «СИН-1» սեղանի հետքերով, այն գտա իմ կոլեգա և նախկին ուսանող, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մհեր Մարկոսյանի «Կապի միջոցների Երևանի ԳՀԻ»-ի արհեստանոցում, մեր պատրաստած ոտքերն ու ամբարձիչները ներկել էին, սարքը օգտագործվում էր ոչ իր նշանակությամբ, դեմ չեմ, թող օգտագործեն: Իր ձեռքբերումով ու անհամեստ գործողություններով պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը խախտել է պրոֆեսիոնալ էթիկայի ներքին կանոնները. չի կարելի կանգնել կոլեգաների աշխատանքների ճանապարհին՝ հաշվի չառնելով ոչ ուրիշների կատարած աշխատանքները, ոչ չարչարանքները, նրանից չլսեցինք ափսոսանքի կամ զղջման նմանվող ինչ-որ խոսքեր, ոչ ներողություն հայցեց, ոչ էլ շնորհակալություն հայտնեց: Պրոֆեսորը պետք է շնորհակալ լիներ երկու ամիս տևած մեր դժվարին աշխատանքի համար, ուղղակի իմ ու Գրիգոր Մնացականյանի գլուխները տրորելով, մարդկային ու պետական օրենքները խախտելով, մեզանից թաքուն լուծեց իր անձնական-արտադրական խնդիրները ու սեփական բաժնետիրական ընկերության համար չնչին գումարներով ձեռք բերեց թանկագին ու եզակի տեխնիկան, որը, անշուշտ, նպատակային ձևով չի օգտագործվելու, իրենց գործի համար դա պետք չէ, ասենք առայժմ, բացի բալանսային ապրանքի վերածվելուց, որը հետագայում կարող է վաճառվել տասնապատիկ թանկ գներով:


Անհրաժեշտ տեխնիկան չստացանք, բայց այստեղ էլ Աստված մեզ օգնեց, ուրիշ դուռ բացեց՝ բառիս և ուղիղ, և փոխաբերական իմաստով: Ստուգողական սեղանի փոխարեն մեզ ուղարկեց մոտավորապես նույն ֆունկցիաները կատարող ու նույն չափերի խանութի ապակե դուռ-հարթակ՝ թրծված ու 10 մմ հաստությամբ, որը մոտակա խանութի վերանորոգողները մեր բակի աղբանոցն էին նետել՝ այլևս պետք չլինելու պատճառով, փա՜ռք Աստծո:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 7839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ