Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարտը շարունակվում է

Մարտը շարունակվում է
09.07.2019 | 00:45

Ժամանակային դադարները մեծ դասարաններ են, ուր ուսուցանվում են ամենամեծ դասերը: 1996-ին Ստեփանակերտ տանող ճանապահը, առավել ստույգ` ճանապարհի բացակայությունը, ժայռեր մագլցելուն հավասարազոր մի բան էր. իննսուն տարուց ի վեր առաջին անգամ Վեհափառ հայրապետը` Գարեգին Ա-ն, ողջ էջմիածնական թեմով, Արցախ էր մեկնում` հետպատերազմական Արցախն օրհնելու, հավատավոր հոտն ամրապնդելու, պատերազմից ապաքինվող Արցախին Ավետիս փոխանցելու:


Առաջին կանգառ` Բերձոր։ Ողջ Արցախը այնտեղ` Բերձորի պռնկին է, երեխաները պատերազմից հետո իրենց ամենասիրուն շորերը ճմրթվա՜ծ (լույս չկար) հագած, սպասումից թառամած դաշտային ծաղիկները ձեռքներին, սպասում են։ Վեհափառ Գարեգին Ա-ն հեռվից նրանց տեսավ, իջավ, ոտքով քայլեց, ու հենց այդ պահին` վարդերի հեղեղ նրա գլխին, ասես երկնից. ղարաբաղցիք վարդեր-վարդեր-վարդեր էին շաղ տալիս Ղարաբաղ այցելած Վեհահոր (մայիս էր) գլխին. հուզիչ, ցնցող մի երևույթ, երբ էլի արցախցին էր օրհնում, բաժնեկցում իրեն ընդառաջ եկող Վեհափառին. վարդերի անձրևն այցի ողջ ընթացքում չդադարեց, ու չիմացվեց. դա ինքնաբու՞խ էր, թե՞ արցախցին սիրո իր ավանդույթն ունի. գիտե լոկ Աստված:
Հետպատերազմական Արցախ. ամեն երկրորդ տղամարդը` հաշմանդամ, դաշտերը` ավերված, տանկեր` խափանված ճամփեքի եզրին, քաղաքներ, շեներ` ավերված, արկեր, զինամթերք` դեռ չհավաքված: Ռազմական դրություն: Հյուրանոցում լույս ու ջուր չկա, իսկ ավերված ճանապարհների փոշին մի քանի շերտով նստում էր էջմիածնական միաբանների սև սքեմների վրա։ Վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոխնեփոխ ուղեկցում էին Վեհափառին դեպ Գանձասար, դեպի Ամարաս, դեպի պատերազմից ապաքինվող գյուղեր, շեներ։


Հետադարձ հայացք` 24 տարի անց. կոլորիտային մի քաղաք` մի ուրույն Ստեփանակերտ, եվրոպականի ու ազգայինի խառնուրդներով. սեփական դիմագծով. ենթակառուցվածքներ, նրբաճաշակ, ուրույն անկյուններ. հյուրանոցներ` Ժամանակակակից սպասարկմամբ: ՈՒ Էդ բոլորը` զրո: ՈԳԻՆ էր նույնը: Մի անբացատրելի, մի ուրույն բան կար այդ ամենում, զի այդ երկիր-պետության մասունքի ամեն մի անկյունում անձնազոհման արյուն կար:
Իսկ արյունը խոսում է, ինչպես Աբելի արյունը խոսում է ցայս:
Սա է Արցախի կոդը, բանալին, ֆենոմենը, կանչողի ձայնը. վերադառնում ես ու… դեռ չվերադարձած, ուզում ես կրկին հետ գնալ:
Հիմա` քաղաքականից: Եթե հայաստանյան «թավշյա» հեղափոխությունը շատ արագ արտածվեր Արցախի վրա, հասկանալիորեն խոր ֆիասկո կգրանցեր: Հեղափոխության «հայրիկները» նույնքան գրագետ շարժեցին հեղափոխության «պտուղներն» ու նրա մարիոնետին` դանդաղորեն մոտեցնելով ցանկալի նպատակին` Բերձորի պռնկին շաղ տալով իրենց «բաք օֆիսներում» «տքնող հայրիկների» արտադրած ապրիլյան վարդերը` Արցախի գլխին:


Արցախյան իրականությունը խորապես հասկանալու համար անհրաժեշտ է ոչ միայն հետևել զարգացումներին, այլև պարզապես զրուցել արցախցու հետ: Արցախցին շվարած է. նրա վրա մանիպուլյատիվ աշխատանք տանողներն անչափ շատ են: Արցախը դարձել է էպիկենտրոն, ուր դեմ դիմաց ձևավորվում են ոչ թե իրական, այլ քվանտային ներքաղաքական և գեոքաղաքական շահեր: Հանգույցն ով կքանդի, դեռ վաղ է կանխատեսել, ներքաղաքականն էլ ուղիղ կապի մեջ է աշխարհաքաղաքականի հետ: Ակնառուն հետևյալն է. մի կողմից, «Սասնա ծռերը» փորձում են «զորահավաքվել»` վասն «հեղափոխության», մյուս կողմից, Սամվել Բաբայանն է ակտիվ «զորաշարժեր» կազմակերպում` առայժմ ստորագրահավաք` իր օգտին (չար լեզուներն ասում են` փող, մանիպուլյատիվ միջոցներ չի խնայում), չմտածելով, թե ինչ կարող է նշանակել` անկախ Հայաստանում ապրած մեկը իրավունք է ստանում ընտրվելու անկախ Արցախում:

Ձգենք պաուզան, ասելու, որ այս պահին որևէ բանի առջև չկանգնող «կամանդույուշչին» կարծես այնքան էլ լավ չի պատկերացնում «գունավոր հեղափոխությունների» հմայքները, իրադարձությունների անհրաժեշտ զարգացման դեպքում Գապոն քահանայի ֆենոմենի կրկնության հնարավորությունը: Թողնենք պատմական ամենատարրական ճշմարտությունը չյուրացրած, «Ծռերի» նկատմամբ իր գերակայության ռոմանտիկ մտայնության վրա ձեռքերը տաքացնող «կամանդույուշչիին» իր ռոմանտիզմի հետ միայնակ, ամրագրենք կարևորը:
Այն, ինչ ցանկանում են «Ծռերն» ու «կամադույուշչին», Արցախում ուղղակի անհնար է իրականացնել. չկան նախադրյալներ։ Ոչ միայն այն պատճառով, որ մտածում են մարդիկ, տնօրինում է Աստված, այլև երկնքում և երկրի վրա քայլող ՏՂԵՐՔԸ արթուն են ու ՊԱՀԱՆՋԱՏԵՐ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ