Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրիայի Մեծ Մուֆթին երախտագիտություն է հայտնել ՀՀ հումանիտար առաքելության գործունեության համար

Սիրիայի Մեծ Մուֆթին երախտագիտություն է հայտնել ՀՀ հումանիտար առաքելության գործունեության համար
19.07.2019 | 00:04

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից հուլիսի 18-ին կազմակերպվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ Դին Հասունի (Ahmad Badr Al Din Hasoun) գլխավորած պատվիրակության այցելությունը Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ Դին Հասունը խոսել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին՝ նշելով, որ հայերը եղել են և միշտ կմնան սիրիական հասարակության անբաժանելի մասը: Ահմադ Բադր ալ Դին Հասունն անդրադարձ է կատարել Սիրիայի մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում հայերի ունեցած մեծ ավանդին՝ շեշտելով այն հանգամանքը, որ Ցեղասպանությունից փրկված հայերը ոչ միայն փրկության ափ գտան Սիրիայում, այլև, որպես նշան մեծ երախտագիտության, ամբողջությամբ լծվեցին Սիրիայի շենացման և բարգավաճման գործին` բարեկամության կամուրջներ կառուցելով երկու եղբայրական երկրների` Սիրիայի և Հայաստանի միջև:


ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ Սիրիայի Մեծ Մուֆթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցել է սիրիական իշխանությունների երախտագիտությունն ու շնորհակալական խոսքը՝ միաժամանակ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքները թե՛ առողջապահության, թե՛ հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:


Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին նշել է, որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Դամասկոսում և Հալեպում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատել են ամբողջ ծավալով` Սիրիայի ժողովրդի հետ հավասար կիսելով պատերազմի ողջ զրկանքներն ու դառնությունները: Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից մարդասիրական օգնություններ են ուղարկվել Սիրիայի բարեկամ ժողովրդին, ինչն, առաջին հերթին, դիտարկել է որպես բարոյական պարտքի դրսևորում:
Շնորհակալություն հայտնելով Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ Դին Հասունին կենտրոն այցելության, ինչպես նաև բարձր գնահատականի և վստահության համար՝ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը նշել է, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել համասփյուռ հայ ժողովրդի կողմից, և խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայում բնակվող ժողովրդի հոգսերի մեղմացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների տրամադրմանը:


Պատվիրակության անդամներն այցելել են խմբի կեցավայր, շփվել հայ մասնագետների հետ և իրենց գոհունակությունը հայտնել մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչներին:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ

ավարական գործընկերություն