Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մենք պետականակիր ազգ ենք առայժմ աւելի խօսքով, քան թէ՝ գործով»

«Մենք պետականակիր ազգ ենք առայժմ աւելի խօսքով, քան թէ՝ գործով»
19.07.2019 | 02:10

Ինչպես արդեն իրազեկել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, մայիսի 30-31-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում, հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի աջակցությամբ, կայացավ երկօրյա գիտաժողով՝ «Հունաստանի և Կիպրոսի հայերը» թեմայով, որին մասնակցում էին հայ և օտարազգի 29 մասնագետ Հայաստանից, Լիբանանից, Հունաստանից, Կիպրոսից, Սիրիայից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից:
Մենք զրույցի ենք հրավիրել գիտաժողովի կազմակերպիչ, Հայկազյան համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի պատասխանատու քարտուղար, դոկտոր ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՔԵՍՅԱՆԻՆ:


-Պարո՛ն Դաքեսյան, հայկական սփյուռքի անհաշիվ հիմնախնդիրները վեր հանելու նպատակին են հետամուտ Հայկազյան համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի՝ պարբերաբար կազմակերպվող գիտաժողովները: Ի՞նչ աշխատանք է իրականացվել մինչ օրս, և ի՞նչ նոր նախաձեռնություններ են սպասվում առաջիկայում:
-Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնը հիմնուած է 2012 յունուարին: Կեդրոնը կը նպատակադրէ լուսարձակի տակ առնել յետեղեռնի միջինարեւելեան հայօճախներու պատմութիւնը, խթանել այդ մասին համապատասխան ուսումնասիրութիւններու կատարումը, գիտական նիւթի յառաջացումը, այդ նիւթերով հետաքրքրութեան ծաւալումը, արխիւային նիւթերու մէկտեղումը, համապատասխան աղբիւրներու եւ նիւթերու քարտիսագրումը, հետազօտողներու աշխատանքային եւ հաղորդակցական ցանցի յառաջացումը եւն: Կեդրոնը կը միտի այդ հայօճախներուն պատմութիւնը համապատասխան որակով համարկելու Սփիւռքի համապատմութեան, միաժամանակ՝ իւրաքանչիւր հայօճախի պատմութիւնը համարկելու տուեալ երկրի պատմութեան:
Այս ելակէտով, մենք կազմակերպեցինք գիտաժողովներու շարք մը: Գործակցութեամբ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Երեւանի պետական համալսարանի, 5-7 սեպտեմբեր 2011ին կազմակերպեցինք «Հայաստանի Հանրապետութիւն-Սփիւռք գործակցութիւն. երէկ, այսօր, վաղը», 13-14 մարտ 2013ին, Երեւանի պետական համալսարանի գործակցութեամբ՝ «Հայկական ինքնութեան խնդիրները 21րդ դարում» (որուն երկրորդ հանգրուանը կայացաւ Երեւանի մէջ 17-19 Հոկտեմբեր 2013ին), իսկ 15-17 մայիս 2013ին՝ «Հայկական անդրսահմանային տարածականութիւնը եւ արդի հաղորդակցական միջոցները» գիտաժողովները:
Այնուհետեւ, լծուեցանք Միջին Արեւելքի հայօճախներուն հարիւրամեայ կենսագործունէութեան նուիրուած ամէնամեայ գիտաժողովներուն. 14-16 մայիս 2014ին՝ «Լիբանանի հայերը (Բ.)», 24-27 մայիս 2015ին՝ «Սուրիոյ հայերը», 22-24 մայիս 2016-ին՝ «Յորդանանի հայերը», 29-31 մայիս 2017-ին՝ «Իրաքի հայերը», 12-13 ապրիլ եւ 29-30 մայիս 2018-ին՝ «Եգիպտոսի, Սուտանի եւ Եթովպիոյ հայերը», 30-31 մայիս 2019ին՝ «Կիպրոսի եւ Յունաստանի հայերը» գիտաժողվները: Նաեւ խորհրդաժողով մը՝ «Հայ կնոջ դերին ծիրն ու հզօրացումը» վերնագրով, 28 ապրիլ 2017ին:

-«Հունաստանի և Կիպրոսի հայերը» թեմայով գիտաժողովին անձամբ մասնակցելուս պարագան թույլ է տալիս որոշ չափով ինձ ներսի մարդ զգալու և անդրադառնալու երկօրյա քննարկումների ընթացքում հնչած անհանգստություններին: Այս առումով ցանկանում եմ իմանալ Ձեր կարծիքը այն հարցի վերաբերյալ, որը հնչեցնում էին մասնակիցներից շատերը. ո՞րն է օտարության մեջ հային հայ պահելու բանաձևը, արդյո՞ք հայրենադարձությունը լավագույն լուծումը չէ այս խնդրի:
-Հայրենադարձութիւնը՝ իր բոլոր դրականութեամբ հանդերձ, չի լուծեր «արտասահմանում հային հայ պահելու» առաջարկուած յառաջադրանքը: Ան կ՚առաջադրէ արտասահմանում հայի վերացումը, որ ոչ միայն իրատեսական չէ, այլեւ հայկական շահերուն չի նպաստեր եւ աւելին՝ համաշխարհային ընկերային միտումներուն հակառակ կը նաւարկէ:
Ինչ կը վերաբերի «արտասահմանում հային հայ պահելու» գաղափարին, ապա ասիկա ալ անիրատեսական կը գտնեմ. այսօր գրեթէ անգտանելի է 100 տոկոսանի միինքնութեամբ անհատ: Սփիւռքի հայը այսօր քիչ մը հայ է, քիչ մը իր ծննդավայրին ժողովուրդին կը պատկանի, քիչ մը իր աշխատանքային երկրին ժողովուրդին կը պատկանի, քիչ մը իր մասնագիտութեան հաւաքականութեան կը պատկանի, քիչ մը իր նախասիրած հետաքրքրութեան խումբին կը պատկանի: Այսօր ամէն անհատ աւելի քան մէկ ինքնութիւն ունի, փոփոխուուող ինքնութիւններու հաւաքածոյ մըն է մարդ արարածը այսօր, իսկ վաղը կրնայ այդ հաւաքածոյին բաղադրիչներուն համեմատութիւնը փոխուիլ: Նկատի առնենք, որ առօրէական եւ կենցաղային ու աշխատանքային ինքնութիւնները տակաւ աւելի գերակշիռ կը դառնան աւանդական ինքնութիւններէն: Այլ խօսքով, իմ այսօրուան ինքնութեանս զօրաւոր մէկ շերտը կը կազմէ ա՛յն, ինչին ես կ՚առնչուիմ, ինչը ես կը սիրեմ, ինչը ես կ՚որդեգրեմ:
Մեր ճիգը պիտի ըլլայ արտասահմանի հայուն ինքնութեան բաղադրիչին մէջ հայու, հայկականութեան մասնաբաժինը վառ ու կենսունակ պահել, զինք կարելի առաւելագոյնս առնչելով հայկականութեան, իրեն սիրցնելով հայկականութիւնը:
Իսկ ատիկա կարելի է ընել արտասահմանցի հայուն համար հայն ու հայկականութիւնը հրապուրիչ դարձնելով: Շեշտեմ՝ հայն ու հայկականութիւնը հրապուրիչ դարձնելու մեծագոյն առարկայական հնարաւորութիւնները (պոտենցիալը) ունին Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները իրենց ազգային մշակութային ու ժողովրդագրական անփոխարինելի շտեմարաններով:

-Գիտաժողովի ընթացքում բազմիցս կարևորվեց մասնակիցների և կազմակերպիչների գիտական ջանքը գործնական արդյունքի վերածելու անհրաժեշտությունը: Տեսնու՞մ եք նման հնարավորություն:
-Վերջին տարիներուն ինծի համար առաւել ծանր մտահոգութիւն է հետեւեալը. ամէն տարի, եւ յարատեւ, հայ եւ ոչ-հայ միտքը հայագիտական հսկայ չմշակուած հումք եւ գիտութիւն «կþարտադրէ»: Հարց է, թէ այս բերքը անմիջականօրէն առաւելագոյնս կ՚օգտագործուի՞ յօգուտ հայ իրականութեան, կը վերածուի՞ հայկական յառաջընթացին աւելի սատարող ուժանիւթի: Այս առումով, դժբախտաբար, մենք ռազմավարական թերացումի մէջ ենք: Իսկ հնարաւորութիւ՞ն՝ անշուշտ: Իւրաքանչիւր ինքզինք յարգող ազգ-պետութիւն, որ գործնապէս կը յաւակնի (եւ ոչ միայն խօսքով կը հռետորաբանէ), թէ կը ձգտի ապահովել իր ապագան, պարտի ռազմագիտական այս յոյժ էական խնդրին համապատասխան պատասխանատուութեամբ մօտենալ: Մենք պետականակիր ազգ ենք առայժմ աւելի խօսքով, քան թէ՝ գործով: Իսկ մեր պատմութիւնն ու պատմական փորձը մեզի ուրիշ դաս մը տուած են:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ