«Տափաստան-1» հույժ գաղտնի ծրագիրը Աջափնյակում
06.09.2019 | 00:51
Երևանի Աջափնյակ վարչական շրջանը նվիրաբերվել է 2018-ի ապրիլի նշանավոր «քայլորդ» ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆԻՆ: Գնահատելով նվիրաբերումը` տիար Գևորգը իրականացնում է «Տափաստան-1» հույժ գաղտնի ծրագիրը, որը հաջողությամբ մեկնարկել է և շուտով կտա իր պտուղը. Աջափնյակ համայնքը, այն է՝ բուն Աջափնյակը, 15, 16 և 17-րդ թաղամասերը կվերածվեն տափաստանի:
Տիար Գևորգը չի սիրում Հ. Շիրազի պոեզիան: Չի սիրում և վերջ: Չե՞ք հավատում… Իզուր: Շիրազի փողոցի թիվ 26, 22 և 30 շենքերի դիմահայաց պուրակում ձմռանը հայտնվեց մի մետաղե կրպակ-հնոտի: Ահազանգիս ի պատասխան, վարչական շրջանի ղեկավարն ինձ հղեց հետևյալ գրավոր պատասխանը. «…Շիրազի 26 շենքի ընդհանուր օգտագործման տարածքում մետաղյա կրպակի տեղադրման վերաբերյալ հայտնում ենք, որ Շիրազի փողոցի 26 շենքի դիմաց Երևան համայնքին պատկանող հողամասը ապօրինի կերպով զավթելու և մետաղական տաղավար տեղադրելու փաստի առնչությամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից 06. 12. 2018 թ. կազմվել է հ. 028252 արձանագրությունը: Հարգանքով՝ Գ. Բաբայան»:
Տաղավարը տեղում է, գերհարգարժան տիար Բաբայան:
Օրեր անց սույն տաղավարի հանդիպակաց հատվածում սկսեց գործել մետաղական ջարդոնի բիզնես-կենտրոնը: Ժանգապատ հեծաններն ու խողովակները լուսաբացից մայրամուտ բեռնաթափվում և բեռնվում են՝ առաջացնելով ազդակային աղմուկ: Ի պատասխան բազմակի ահազանգերի, ստացվեց երեք գրավոր պատասխան, որոնք ներկայացնում եմ ընթերցողների ուշադրությանը:
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով 12.04.2019 թ. ստացված թիվ Ա-3797 ¥1512000¤ ահազանգի՝ Շիրազի փող. թիվ 26 շենքի հանդիպակած տարածքում գտնվող բազայում աշխատանքները աղմուկով կազմակերպելու վերաբերյալ, հայտնում ենք, որ տեղում ուսումնասիրվել է խնդիրը։ Մեր կողմից զգուշացվել է բազայի տնօրինությանը աշխատանքները կազմակերպել հնարավորինս անաղմուկ»։
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին հասցեագրված 12.02.19թ. թիվ Ա-1244 ¥բանալի 1470196¤ դիմումի, որը վերահասցեագրվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ Ձեր դիմում-առաջարկի վերաբերյալ, հայտնում ենք, որ տեղում ուսումնասիրվել է խնդիրը։ Մեր կողմից զգուշացվել է բազայի տնօրինությանը աշխատանքները կազմակերպել հնարավորինս անաղմուկ։
Ինչ վերաբերում է բազայի տարածքում տեղակայված «Իկարուս» մակնիշի անսարք ավտոբուս որպես սանհանգույց օգտագործելուն, ապա այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ այնտեղ առկա է առանձին սանհանգույց»։«Ի կատարումն Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով 19.08.2019-ին, ժամը 10.06-ին ստացված ահազանգի ¥բանալի 1600584 Ա9028¤՝ Ձեր բողոքի մասին, հայտնում ենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից Շիրազի փող. 26 շենքի հանդիպակաց տարածքում գտնվող օբյեկտի տնօրինությանը զգուշացվել է տարածքում կատարվող անթույլատրելի գործողությունները և հակասանիտարական վիճակը վերացնելու ուղղությամբ»։
Եռակի զգուշացումից հետո չարաբաստիկ աղմուկը հնարավորինս ուժգնանում է: Ակնհայտ է, որ բազայի բանվորներն ու տնօրենությունը արհամարհում են վարչական շրջանի ղեկավարի հրահանգները։
Ի դեպ, նշյալ բազայում գերհակասանիտարական վիճակ է տիրում, ի մասնավորի՝ գործում է փայտաշեն արտաքնոց, ի տես բնակիչներիս: Ներկայացվող լուսանկարները լույս են սփռում իրավիճակի վրա։
Շիրազի 26 և մի քանի այլ բազմաբնակարան շենքերի բակում ընդարձակ զբոսայգու ծառերը ողջ ամառվա ընթացքում հետևողականորեն չորանում են: Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծին» ուղղված ահազանգերս մնում են անպատասխան: Զբոսայգին ջրազրկվել է: Օգոստոս ամսվա ընթացքում բազմամյա մի քանի ծառ չորացավ: Ժամանեցին Աջափնյակ վարչական շրջանի կանաչապատման գրասենյակի աշխատակիցները և հատեցին նախկին փարթամ և կանաչազարդ ծառերը:
Այս տարի տիար Գևորգին չհաջողվեց լիովին ոչնչացնել զբոսայգին: 2020-ին դա նրան լիովին կհաջողվի: Եթե, իհարկե, նա շարունակի ղեկավարել Աջափնյակ տարաբախտ վարչական շրջանը:
Միով բանիվ, մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանը փորձակայան է: Բայց միգուցե Երևանի ավագանին և քաղաքի ղեկավարությունը սթափվեն, այցելեն Աջափնյակ և կանխեն տափաստանացումը:
Կասկածում եմ: Բայց հույս ունեմ:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ