Առավել հիշատակելիքներից չորսը
13.09.2019 | 01:36
Հանրությանը ներկայացնելու առումով Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին երկու հանդիպումները տարբեր պատճառներով մեր տեսադաշտից դուրս մնացին, սակայն եկեք դրանից ողբերգություն չսարքենք, մանավանդ եթե առաջինում (Իտալիայի ընտրանու հետ դիմակայություն) ծանր նոտաների պատճառով առանձնապես ասելու բան էլ չունեինք, ապա երկրորդում այնքան շատ էր սազը ձեռքներիս լինելու (հանուն ճշմարտութան ասենք, որ բոսնիացիների հետ մրցակցությունում տղաները գովված լինելու բոլոր արժանիքներն ունեին), որ ակամայից մտայնություն էինք ձևավորելու՝ տեսնես մեր հավաքականից ավելի զիլ ֆուտբոլ ո՞ր երկրի ընտրանին է խաղում։ Կարճ ասած՝ ժամանակին արձակուրդ գնալներս ավելի քան տեղին եղավ գոնե օբյեկտիվ լինելու թվացյալ պատկերացումը ընթերցողի մոտ չկորցնելու առումով ու, սույնով պայմանավորված, ավելի քան պահանջված է դառնում այն մտքի հիշատակումը, որ լինելիք բանը լինելու է, չլինելիքը չի լինելու։ Այս նախախոսքը, ինչ խոսք, մի փոքր երկար ստացվեց, բայց ոչ այնքան, որ վարսավիրի մոտ ուղարկենք, ուստի կարճ «ոստյուններով» անցնենք առավել հիշատակելիքներին։
Բնականաբար առաջին հորիզոնականը պիտի վերապահենք մեր ընտրանուն։ Սեփական հարկի տակ իտալացիներին 1։3 հաշվով զիջելը հարկավ տհաճ էր, բայց և՝ անխուսափ, եթե օբյեկտիվ լինենք ու նկատի ունենանք ուժերի հարաբերակցությունը։ Այնպես որ, իտալացիներից կրած պարտությունը ողբերգություն չէր, ու ոզնուն էլ պարզ էր, որ մեր գլխավոր խաղը բոսնիացիների հետ էր լինելու։
Ընդ որում՝ ոգուց բացի նաև մրցաշարային աղյուսակի առումով։
Գուցե հարկ եղածից ավելին է խմբայինից դուրս գալու մեր երազանք-ցանկությունը, բայց թե որ պարտությունը այն կարող էր մարել այս գեղեցիկ աշունով, չեմ կարծում թե մանրամասնելու անհրաժեշտություն ունի։
Շատ բան է ասվել այդ խաղի մասին, կրկնելու հարկ չկա, միայն հավելենք, որ դա մեր ազգայինի տղաների կողմից ֆուտբոլասերին արված մեծագույն նվեր էր, ու դրանում իր ահռելի մասնաբաժինն ուներ մեր ֆուտբոլի անվիճելի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով պարզապես խենթացրեց իր վիրտուոզ խաղով։ Ֆուտբոլասերը, եթե երբևիցե մոռացության էլ տա այդ հանդիպման 4։2 հաշիվը, միևնույն է, մնալու է այդ հաղթանակի բերած բերկրանքի գերին՝ մտքի մեջ երկար ու երկար առաջ ու հետ տալով հանդիպման գրեթե յուրաքանչյուր դրվագ ու այդ ամեն հետուառաջի մեջ տեսնելով իր համար նորանոր բաներ։
Ինչևէ։ Զիլ էր, և, ուզենաս էլ, չես կարող չմտածել, թե ֆուտբոլում ինչպիսի խոշոր դեր է վերապահված մարզչին ու ցավով չարձանագրել, թե տարիներ շարունակ մեզանում ինչ անասնական «հեռատեսություն» է դրսևորվել հատկապես այնպիսի մարզիչների հարցում, որոնք հլու կամակատարի պատրաստակամությամբ իրենց ունեցած (իսկ գուցե թե՝ չունեցած) պրոֆեսիոնալիզմը ոտաշորի պես փռել էին ոմնի առաջ, ինչ է թե խանական բարքերի օրինակով այդ ոմնին էր վերապահված գործունեության այդ ոլորտը։ Թերևս այսքանով էլ սահմանափակվենք սույն խնդրի հարցում, մանավանդ որ տարբեր առիթներով մենք հնարավորինս մանրամասն ենք եղել հիմնախնդիրը ներկայացնելու, այն հանրության սեփականությունը դարձնելու հարցում։
Ինչպես որ մեր հավաքականի պարագայում Մխիթարյանը, այնպես էլ Պորտուգալիայի հավաքականի հաղթանակի գործում իր պատկառելի ներդրումն ունեցավ Քրիշտիանու Ռոնալդուն՝ հայրենակիցներին օգնելով լիտվացիների նկատմամբ առավելության հասնելու 5։1 հաշվով ու չորս խաղից հետո ունեցած ութ միավորով (մնացածների համեմատ մեկ հանդիպում պակաս են անցկացրել) դիրքավորվելու մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Դառնալով չորս գոլի հեղինակ՝ նա ոչ միայն գահընկեց արեց Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլի շրջանում իռլանդացի Ռոբի Քինի ռեկորդը՝ 23 գնդակ, այլև երկուսով թարմացրեց այն՝ զուգահեռաբար հավաքականում խփած գոլերի թիվը հասցնելով 93-ի։ Եվս 16 գոլ, և նա կկրկնի Իրանի հավաքականի հարձակվող Ալի Դաեիի համաշխարհային ռեկորդը՝ 109 գոլ։
Նկատենք, որ այս 16 թիվը Ռոնալդուի պարագայում մի անգամ էլ է ջրի երես դուրս գալիս։ 34-ամյա Ռոնալդուն Լիտվայի ընտրանու հետ խաղում 160-րդ անգամ ելավ խաղադաշտ, ու եվրոպական ռեկորդը կրկնելու համար նրանից պահանջվում է ևս 16 հանդիպում, իսկ համաշխարհայինի հեղինակ դառնալու համար այդ 16-ին հարկ կլինի հավելել ևս ութը։ Միջանկյալ նկատենք, որ այս հանճարեղ ֆուտբոլիստը կարողացել է գրավել աշխարհի քառասուն երկրի ընտրանու դարպաս, ինչն իրապես ֆանտաստիկ արդյունք է։
Անգլիա-Կոսովո դիմակայությունում գրանցվեց ֆուտբոլում սակավադեպ հանդիպող հաշիվ՝ 5։3։ Չորս խաղից հետո նույնքան հաղթանակ, գնդակների 19։4 հարաբերակցություն՝ անգլիացի ֆուտբոլասերին էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար։
Ֆրանսիան 3։0 հաշվով հաղթել է Անդորայի ընտրանուն ու վեց խաղից հետո 15 միավորով երկրորդ հորիզոնականում է՝ գնդակների հարաբերակցության ցուցանիշով զիջելով թուրքերին։ Սակայն ֆրանսիացիների այս հաղթանակը հանգիստ կարելի էր և չհիշատակել (մրցակիցն այն քաշային կատեգորիայի չէ), եթե չլիներ հիշատակման արժանի մեկ այլ վիճակագրություն։ Հավաքականի կազմում երկրորդ խաղն անընդմեջ Անտուան Գրիզմանը չի իրացնում տասնմեկմետրանոցը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ