Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու՞ չեն կայանում հայ-ֆրանսիական հարաբերությունները

Ինչու՞ չեն կայանում հայ-ֆրանսիական հարաբերությունները
07.10.2019 | 11:40

«Արդեն ձևավորվել են անհրաժեշտ պայմաններ Փարիզում նորմանդական ձևաչափով պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար՝ Ուկրաինայի կոնֆլիկտի երկարաժամկետ կարգավորման ճանապարհին առաջ շարժվելու նպատակով» հոկտեմբերի 2-ին բրիֆինգում տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Անյես ֆոն դեր Մյուլը ողջունել է նախօրեին Մինսկում եռակողմ շփման խմբի հանդիպումը և Շտայնմայերի բանաձևի համաձայնեցումը, որ վերաբերում է ընտրություններին Դոնբասում և Կիևի վերահսկողության տակ չգտնվող Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններին: «Բանակցությունների կառուցողական մթնոլորտը Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵԱՀԿ-ի ու Ուկրաինայի իշխանություններին չենթակա Դոնբասի գոտիների հարցը շփման խմբի շրջանակներում, թույլ է տալիս նշանակալից առաջընթացի հասնել Մինսկի համաձայնությունների կայացման մեջ»՝ France-Presse-ը մեջբերում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերը: Եռակողմ շփման խումբը հոկտեմբերի 1-ին Մինսկում վերջնականապես համաձայնեցրել է Շտայնմայերի բանաձևը՝ Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի կարգավորման հարցով: Բանաձևը վերաբերում է Դոնբասի ընտրություններին և Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններին: Բանաձևը ստացել է Գերմանիայի ներկա նախագահ, նախկինում ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի անունը: Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի ու ՌԴ ներկայացուցիչները՝ Լեոնիդ Կուչման ու Բորիս Գրիզլովը, ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ներկայացուցիչները: Շտայնմայերի բանաձևը նախատեսում է, որ Ուկրաինայի օրենքը տեղական ինքնակառավարման առանձնահատկությունների մասին Դոնեցկի ու Լուգանսկի առանձին շրջաններում ուժի մեջ կմտնի շրջաններում տեղական ընտրություններից հետո: Ընտրությունները պետք է անցկացվեն ուկրաինական օրենքներով, ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ: Օրենքի գործողությունը մշտական հիմքերով պայմանավորված կլինի ԵԱՀԿ որոշումով՝ ընտրությունների միջազգային չափանիշներին ու Ուկրաինայի օրենքներին համապատասխանության մասին:


Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպումներ նորմանդյան ձևաչափով չեն անցկացվել մի քանի տարի (վերջին հանդիպումը 2016-ի հոկտեմբերին էր, քառակողմ բանակցություններ ԱԳՆ մակարդակով եղել են 1 տարի առաջ): Նորմանդական քառյակի նոր հանդիպման նախապատրաստության մասին օգոստոսին տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Բրեգանսոնում ընդունելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հոկտեմբերի 1-ին, ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում Ստրասբուրգում, Մակրոնն ասաց, որ նորմանդական ձևաչափով սամիթը կարող է անցկացվել «առաջիկա շաբաթներին» Փարիզում:
RFI


Հ.Գ. Բոլորովին վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում հնարավորն արեց հարթելու ԱՄՆ-Իրան կոնֆլիկտը՝ ընդհուպ Հասան Ռուհանիի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի համար փակ հեռախոսագիծ անցկացնելը՝ Ռուհանիի իջևանած հյուրանոցում: Թեպետ Թրամփն ու Ռուհանին չհանդիպեցին ու չհեռախոսեցին, բայց ակնհայտ է, որ Ֆրանսիայի նախագահի՝ կոնֆլիկտը հարթելու ջանքերը որոշակի արդյունք տվեցին, համենայն դեպս՝ ԱՄՆ-ը հիմա ուժերը կենտրոնացրել է Հյուսիսային Կորեայի խնդրի վրա, Իրանին առժամանակ հանգիստ թողնելով:


Հարց՝ ինչու՞ է Ֆրանսիայի նախագահը անհրաժեշտ համարում Ռուսաստան-Ուկրաինա, ԱՄՆ-Իրան կոնֆլիկտների վերացումը, բայց բոլորովին չի անդրադառնում Արցախի հարցին, թեև Ֆրանսիան ԵԱՀԿ համանախագահ երկիր է և ինքը թե նախընտրական շրջանում, թե իբրև նախագահ հայտարարել է, որ այդ կոնֆլիկտն իր ուշադրության կենտրոնում է: Այլ կերպ ասած՝ ինչու՞ այդ հարցը չի հայտնվում Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերակայության մեջ: 2018-ի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի նիստի օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում էր և այն տպավորությունն էր, որ առավելագույնը 1-2 ամսից կկայանա նրա պաշտոնական կամ պետական այցը Հայաստան՝ համագործակցության կոնկրետացման համար: Բայց ոչ նա եկավ Հայաստան, ոչ ՀՀ վարչապետը մեկնեց Փարիզ: Այսինքն՝ միջպետական հարաբերությունները գտնվում են բարիդրացիության ինքնահոսի մեջ և չի ձևավորվում կոնկրետ օրակարգ: Կորցնել Ֆրանսիային աշխարհաքաղաքական ներկա դասավորության մեջ, երբ ԵՄ-ում թուլանում են Գերմանիայի դիրքերը և Էմանուել Մակրոնը աստիճանաբար Ֆրանսիան դարձնում է ԵՄ-ում գերակայող երկիր, հատկապես երբ հեռանա Մեծ Բրիտանիան, Հայաստանի համար աններելի սխալ է թե Ֆրանսիայի, թե ԵՄ-ի հետ հարաբերություններում:


Ֆրանսիայի նախագահը խիստ գործնական ու պրագմատիկ ղեկավար է, որ հիանալի հասկանում է իր երկրի ազգային շահը և աշխարհաքաղաքական սպառնալիքներն ու հեռանկարները: Նա չափազանց քաղաքակիրթ, չափազանց եվրոպացի, չափազանց դիվանագետ է՝ քաղաքական, տնտեսական ու քաղաքակրթական արժեքները համադրելու ու եզրակացությունների անելու ժամանակ իր գերակայությունները որոշարկելիս: Հայաստանի խնդիրն է հետաքրքրել ու շահագրգռել Ֆրանսիային՝ հարաբերությունները զարգացնելու համար: Բայց Հայաստանը ընկղմվել է մոռացության Ստիքս գետի մեջ և սպասում է, որ իրեն գետից հանեն ու շահեն-պահեն՝ իբրև հեղափոխություն արած ու ժողովրդավար երկիր: Եվրոպայում դա նորմա է, դրանով չես զարմացնի: Կոնկրետ նախագծեր ու կոնկրետ առաջարկներ են պետք ֆրանսիական կապիտալը Հայաստան բերելու հայ-ֆրանսիական քաղաքական համագործակցությունը մեռյալ կետից դուրս բերելու համար: Ֆրանս-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը այսօր բազմակի գերազանցում է ֆրանս-հայկականին, ու դա ոչ թե Ֆրանսիայի ադրբեջանասիրությունն է վկայում, այլ մեր ապաշնորհությունն ու սխալները Հայաստանում ֆրանսիական ընկերությունների գործունեության մեջ՝ սկսած «Օրանժից», որ հեռացավ Հայաստանից, մինչև «Քարֆուր»: Այն տպավորությունն է, որ մենք վախենում ենք Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումից ու ամեն ինչում պատրվակներ ենք որոնում քայլ չանելու: ՀՀ արտաքին քաղաքականության մեջ Ֆրանսիան պետք է գերակա ուղղություն լինի, ոչ թե ձեռքի հետ, ոտքի վրա կցմցվող հարաբերությունների պատմություն: Նյու Յորքում ՀՀ վարչապետի անմիջական խնդիրը պետք է լիներ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը, որքան էլ նա զբաղված էր ԱՄՆ-Իրան խնդրով, իսկ ինքը Հայաստանի ներքաղաքական օրակարգով: Սա բացթողում է, որ պետք է ուղղվի: Չպետք է մտածել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման կուրս վերցրած Էմանուել Մակրոնը շահագրգռված չէ Արցախի հարցում Ֆրանսիայի ակտիվացմամբ՝ չվնասելու համար Փարիզ-Մոսկվա երկխոսությանը: Հակառակը՝ սա շանս է այդ երկխոսության մեջ նոր թեմա տալու ու Արցախի լուծման մեջ Ֆրանսիային իբրև համանախագահ երկիր ակտիվացնելու համար՝ իբրև ազգերի ինքնորոշման սկզբունքի պաշտպան, որ հիմքում ունի մարդու իրավունքների պաշտպանությունը, որ համաեվրոպական արժեք է: Էմանուել Մակրոնին պետք են արտաքին քաղաքական հաջողություններ՝ շուտով նա ևս կանգնելու է վերընտրության խնդրի առաջ, ինչու՞ չօգտագործել պահը ու նվիրել Ադրբեջանին, որ հիմա էլ ռազմական համագործակցություն սկսի Ֆրանսիայի հետ: Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելը, ԱՄՆ-ը քի՞չ են Հայաստանին: Տասնյակ միջոցներ կան հայ-ֆրանսիական տնտեսական կապերի բովանդակությունը փոխելու, բայց ոչ ոք այդ մասին չի մտածում: Ֆրանսիան ոչինչ չի կորցնում, կորցնողը Հայաստանն է, որ ընկղմվում է եվրասիական ճահճում՝ փրկության օղակ համարելով Իրանին ու Սինգապուրին, մտքում Չինաստանն ու Հնդկաստանը պահած: Սա սխալ է, որի հետևանքները վաղն արդեն բումերանգի էֆեկտով հարվածելու են ոչ միայն տնտեսությանը, այլև՝ Հայաստանի ինքնիշխանությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ