Հայաստանը ապրում է երկու ծայրահեղությունների շրջապտույտում։ Մի կողմից փողոց փակելով իշխանության եկած անձինք արցախյան ազատամարտը ստորադասեցին «հեղափոխությանը», գեներալին համարեցին «խուլիգան», մյուս կողմից էլ դրսում «պաշտպանվում» են ազգային հերոսի «գործով»։ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի արձագանքը Ալիևին ծափերի արժանացավ։ «Լավին` լավ, վատին` վատ» նշանաբանով խոսեցին անգամ որոշ ՀՀԿ-ականներ։ Ըստ էության, ի՞նչ է կատարվում։ Այս ու այլ թեմաների շուրջ զրուցում ենք քաղաքական գործիչ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
-Դուք ինչպե՞ս եք գնահատում Նիկոլի պատասխանն Ալիևին։
-Փաշինյանն արել է այն, ինչ պետք է աներ։ Այստեղ ո՛չ հերոսություն, ո՛չ էլ աշխարհացունց իրադարձություն կա։ Երբ Ալիևն այդ թեման շոշափեց, հայկական կողմից պիտի արձագանք լիներ, հո բերանը ջուր չէ՞ր առնելու նստեր։ Երկրից դուրս նա արել է այն, ինչ պարտավոր էր անել, արտառոց որևէ բան չկա։ Նրանից առաջ այդպիսի խնդիրներին ավելի խիստ, դիպուկ անդրադարձել են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Պետք չէ սա դարձնել սենսացիա։ Պարզապես այնքան աբսուրդային իրավիճակում ենք, որ ներքին և արտաքին քաղաքական ահռելի սխալների համատեքստում, երբ Փաշինյանը մի նորմալ բան է անում, բոլորը սկսում են ծափ տալ՝ մտածելով՝ գոնե այս մի բանը լավ արեց։ Սակայն այս ամենում կա լուրջ խնդիր։ Փաշինյանի շրջապատում մարդիկ են, որոնք տարիներ շարունակ հրապարակայնորեն փնովել են Գարեգին Նժդեհին, նրա գաղափարը կրողներին։
-Այս առումով մենք կանգնած ենք լուրջ հակասության առջև. մի կողմից իշխանությունը երկրի ներսում վարկաբեկում է պատերազմում հաղթանակ կերտած անձանց, մյուս կողմից դրսում «պաշտպանվում» Նժդեհով։
-Փաշինյանն իր այդ քայլով փաստացի ցույց տվեց, որ եթե ցանկանում է արտաքին քաղաքականությունում հաջողել կամ գոնե չկործանվել, պարտավոր է շարունակել այն նույն գիծը, ինչը Սերժ Սարգսյանն է թողել։ Նա արել է այն, ինչ ժամանակին արել է Սերժ Սարգսյանը։ Բայց Փաշինյանը դրանով ոչ թե նպատակ է ունեցել Հայաստանի շահերից բխող քայլ անելու, այլ պահպանելու իր վարկանիշը, որի համար ամեն օր կռիվ է տալիս։ Քանի որ Փաշինյանի այսօրվա ու նախկինում արածները դիսոնանս են առաջացնում, հիմա բազում հարցեր են առաջանում։ Ավելին, երկրորդեմ, Փաշինյանը և իր շրջապատը տարիներ շարունակ ոչ թե քննադատել, այլ վարկաբեկել, փնովել են Գարեգին Նժդեհին, նրա թողած ժառանգությունը, նրա գործունեությունը։ Ընդհանրապես այս իշխանության մեջ այնպիսի մարդիկ են, որոնք տարիներ շարունակ ազգային արժեքների, ազգային գաղափարների դեմ, բառի բուն իմաստով, կռիվ են տվել։ Փաշինյանը ժամանակին ԵԱՏՄ-ին էր դեմ, Հայաստանն այդ կառույցից ուզում էր հանել, հիմա էլ ԵԱՏՄ է գովերգում։ Ժամանակին մեղադրում էր Ռուսաստանին ապրիլյան պատերազմը հրահրելու համար, հիմա ռուսներին հրապարակային շողոքորթում է։ Նույն տարբերակն է նաև հիմա, երբ արտաքին աշխարհում Գարեգին Նժդեհին է հիշում, իսկ նախկինում նրա գաղափարները վարկաբեկում էր։
-Այդ նիստից ու արձագանքից հետո տեղեկություն եղավ, որ Փաշինյանը և Ալիևը 2 ժամ զրուցել են, դրան անմիջապես հաջորդեց ՌԴ ղեկավարի հետ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Հիշենք նաև Լավրովի հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության բանակցություններն արգելակվել են։ Հնարավո՞ր է` վերսկսվել են բանակցությունները։
-Լևոն Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան հարցում ունեցել է լավ, թե վատ ստրատեգիա։ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ևս ունեցել են իրենց ռազմավարությունը (Սարգսյանի ռազմավարությունը, իմ կարծիքով, ամենալավն է)։ Փաշինյանը չունի ռազմավարություն այս հարցում, որը մեծ խնդիր է ու շատ վտանգավոր։ Մի կողմից ասել, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար, մյուս կողմից հայտարարել. «Արցախը Հայաստան է և վերջ», անհասկանալի իրավիճակ է ստեղծում, որը բավական խնդրահարույց է։ Սկսած Ալիևի «Վալդայի» ելույթից (որտեղ ներկա էր Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարը, որը նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է), հայկական կողմից մեկը չկար, որ պատասխաներ նրան։ Շարունակությունը եղավ Աշխաբադում, Ալիևի հարձակումը և Փաշինյանի պատասխանը, դրանից հետո փակ դռների հետևում 2-ժամանոց հանդիպում. այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել։ Հորդորում եմ իշխանություններին ուշադիր, խոհեմ լինել և չփորձել բանակցությունները տանել այլ ճանապարհով, ինչի մասին տարիներով երազում է Ադրբեջանը։ Ալիևը մշտապես փորձել է Մինսկի խմբի ձևաչափը փոխել, բայց Սերժ Սարգսյանի գործունեության շնորհիվ այդ ցանկությունը ամեն անգամ տապալվել է։ Մեր իշխանությունները պետք է այդ ձևաչափն ամեն գնով պահպանեն և դիվանագիտական ոլորտում նախկինում ձեռք բերված հաջողությունները գոնե պահպանեն։
-Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարեց` ոչ թե Սերժ Սարգսյանի թողած, այլ իր կետից է շարունակում բանակցությունները։ Այսինքն, ցանկություն էլ չկա նախկին մոտեցումները պահպանելու։
-Հենց դա է խնդիրը, չկա ռազմավարություն։ Ասում է, թե նոր կետից է սկսում, բայց թե որն է այն, ինչ սկզբունքների մասին է խոսքը, անհասկանալի է։ Անկախ նրանից ինչ ռազմավարություն կլինի, դրա առկայությունը նշանակում է, որ երկրի ղեկավարն ունի պատկերացում և նպատակ, որին էլ համահունչ քաղաքականություն է իրականացնում։ Ռազմավարության բացակայությունը փաստում է, որ ոչ նպատակ, ոչ էլ պատկերացում ունի այս հարցում։ Սա չափազանց վտանգավոր է, քանի որ ժամանակակից աշխարհն արագ է զարգանում, արտաքին մարտահրավերները գնալով ահագնանում են, բացարձակ չէի ցանկանա, որ հայտնվեինք մի այնպիսի ծանր իրադրության մեջ, որից անդառնալի կորուստներով դուրս կգայինք։ Սա ներքին քաղաքական պաթոսախառը ելույթների, ագրեսիվ գործունեության, վարկանիշի համար պայքարի հարթակ չէ, այստեղ լուծվում է ոչ միայն Արցախի, այլև հայկական պետականության, ժողովրդի գոյության հարցը։ Այս հակամարտությունը շատ վաղուց միայն Արցախի կարգավիճակի հարց չէ, այլև տարածաշրջանում մեր ժողովրդի ազատ, անկախ ապրելու ճակատագրի հարցն է։ Սայթաքումը ողբերգական հետևանքների կհանգեցնի։
-Ըստ Ձեզ, պատահականությու՞ն էր, որ հենց այս օրերին Արցախի նախագահի շուրթերից հնչեց այն հայտարարությունը, թե առանց Արցախի մասնակցության խնդիրը չի կարող հանգուցալուծվել։ Այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ Հայաստան-Արցախ քաղաքական, հրամանատարական էլիտայի միջև լարվածություն կա։
-Գաղտնիք չէ, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, որի մասին Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարները հայտարարել են։ Այս իշխանությունները պետք է այդպես շարունակեն։ Այն, որ այս իշխանությունը չունի պատկերացում և առնվազն խճճվել է իր նպատակների և ցանկությունների մեջ, չի կարող չանհանգստացնել Ստեփանակերտին։ Երբ քո ֆիզիկական գոյության երաշխավորը չի հասկանում, թե ինչպես պետք է խնդիրը լուծել, ինչ նպատակ պետք է դնել ու դրան հասնել, նշանակում է` առնվազն քո անվտանգային միջավայրը մի քանի անգամ վնասներ է կրում։ ՈՒստի մտահոգությունները մեծանում են։ Ես այդ հայտարարության տողատակում հասկացել եմ այն, որ Արցախի իշխանությունը ևս մեկ անգամ բարձրաձայնում է, որ առանց Արցախի ժողովրդի և օրինական իշխանության դիրքորոշման չի կարող այս խնդիրը լուծվել։ Սա կարևոր հայտարարություն էր Ստեփանակերտից, որը հաշվի է առնվել և Երևանում, և Բաքվում, ինչպես նաև Մինսկի խմբի ձևաչափում։
-Հայաստանի քաղաքական էլիտան համարժե՞ք է այդ արտաքին վտանգներին, մարտահրավերներին։
-Ոչ, Հայաստանի իշխող քաղաքական ուժը համարժեք չէ արտաքին մարտահրավերին և չի կարողանում դրանց համապատասխան արձագանքել։ Տպավորություն ունեմ, որ նրանք չեն պատկերացնում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, իրենց թվում է, թե պետություն ղեկավարելը ներքաղաքական գզվռտոց կազմակերպելն է, քաղաքական հակառակորդների վրա գործեր կարելը կամ նստեցնելը, մարդկանց վարկաբեկելը և սրանով ամբոխի տրամադրությունները թարմ պահելը։ Իրենք կարծում են, թե պետություն ղեկավարելը հենց սա է՝ չհասկանալով, որ պետությունն ունի արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրներ, տարածաշրջանում առկա մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել, պատրաստվել, գործիքակազմ ստեղծել։ Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում ենք և ներքին ատելություն հրահրելով, որը Հայաստանի ներկա իշխանության միակ քաղաքական ռեսուրսն է (իմա՝ հրահրել ներսում ատելություն և դրա վրա ձեռքեր տաքացնել) հնարավոր չէ ասել, թե իշխանությունը համարժեք է։
-Այդ դեպքում ո՞րն է այս իշխանության գործը. խոստացան, որ կգան ու թալանչիներից, կոռուպցիոներներից կազատեն երկիրը, կզարգացնեն, մարդիկ շատ լավ կապրեն, իրականում ինչո՞վ են նրանք հիմա զբաղված։
-Հայաստանի իշխանությունը չի զբաղվում և երկրի մոդեռնիզացիայով, և բարեփոխումներով, և արտաքին մարտահրավերների դիմակայման բանալիների որոնմամբ։ Զբաղված են իրենց իշխանության պահպանմամբ ու դրանից բխող վայելքներով։ Այլ օրակարգային հարց չկա։ Անգամ չեն փորձում տնտեսություն, սոցիալական, կրթական ոլորտ զարգացնել, առավել ևս արցախյան հիմնախնդիր կարգավորել։ Ընդամենը լուծում են իշխանության մնալու և կենցաղային բարիքներից օգտվելու հարցը, այսինքն հարկատուների հաշվին պետական տներում ապրելու, հարկատուների հաշվին մեքենա գնելու, բենզին ունենալու, թանկարժեք արտասահմանյան շրջագայությունների գնալու հարցը։ Միակ զբաղմունքն էլ ատելության մթնոլորտի ձևավորումն է՝ ամեն ինչի անունը դնելով կոռուպցիայի դեմ պայքար։ Բայց դեռ ժամանակը կգա, գնահատականներ կտրվեն, թե իրականում ով էր կոռուպցիոները։ Սա սարերի հետևում չէ, այս իշխանությունը շատ երկար ժամանակ չունի՝ ապացուցելու, որ տարիներ շարունակ որպես ընդդիմություն հայտարարած միլիարդավոր թալանը, ապա իշխանություն ժամանակ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, դոլար-դոլար հետ ենք բերելու»-ն ի՞նչ եղան։ Շատ մոտ ապագայում պիտի պատասխանեն հարցին, թե ու՞ր են այդ դոլարները և ինչու՞ դրանք հետ չեն բերվել։ Երբ այս ամենին պատասխանելու ժամանակը գա, կորոշվի` իրենք մնու՞մ են իշխանության, թե՞ ոչ։
-Այսպիսի ռեսուրսներով ու քայլերով Փաշինյանի իշխանությունը որքա՞ն կարող է ղեկավարել։
-Պոպուլիստների ճանապարհը շատ երկար չէ։ Դարերով ապացուցված ճշմարտություն կա՝ ստի ոտքը կարճ է։ Այն պահին, երբ պարզ կլինի, որ մեր ժողովուրդը գործ ունի խաբեբաների, ստախոսների հետ, որոնք հանրությանն իրենց սուտ խոստումներով են կերակրել, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե որքան է այս իշխանության կյանքը։ Մեկուկես տարի է անցել ու ոչ մի խոստում չի կատարվել, հեռու չէ նրանց ճակատագիրը որոշելու հարցը։ Համենայն դեպս մեր ժողովուրդը շատ երկար չի համբերելու, Հայաստանն էլ չունի այնպիսի ռեսուրս, որը կարող է հանդուրժել բռնապետական մի իշխանության, որը զավթել է գործադիր, օրենսդիր իշխանությունը՝ ձևավորելով ամուլ մի խորհրդարան, որը ոչ մի հարց չի լուծում, ընդամենը դակում է Փաշինյանի կաբինետում որոշվածը։ Հիմա փորձում են գրոհով նաև դատական իշխանությունը վերցնել։
-Ի դեպ, նախորդ խորհրդարանի մասին էլ նույն կարծիքը կար, թե դակում են Սերժ Սարգսյանի որոշումները։
-Հիմա արդեն կարելի է հստակ գնահատական տալ, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում ձևավորված բոլոր խորհրդարանների համեմատ, այս ԱԺ-ի որակը շատ ավելի վատն է։ ԱԺ-ն երբեք այսքան ամուլ, միատարր, անգույն չի եղել։ Այս ռեսուրսով Հայաստանը երկար ճանապարհ չի կարող գնալ։
-Եթե երկար չէ ճանապարհը, ուրեմն որոշակի զարգացումներ են սպասվում։ Դուք, օրինակ, ի՞նչ փոփոխություններ եք կանխատեսում։
-Կանխագուշակությամբ չեմ ուզում զբաղվել։ Իսկ ընդհանրապես փոփոխությունը ձևի խնդիր է, ոչ թե բովանդակության։ Իսկ ձև միշտ կգտնվի, կլինի փողոցով կամ այլ կերպ, դա տեխնիկական խնդիր է։ Երբ իրավիճակը բովանդակային առումով հասունանա, ձևը միշտ կգտնվի։ Իսկ թե ինչպես կհեռանան այս իշխանությունները, կախված է նաև նրանց իմաստնությունից և հասունությունից։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ