«Իրատեսի» զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ:
- Հայաստանում քաղաքական վերադասավորումներից գրեթե տարիուկես ժամանակ է անցել: Եթե գնահատելու լինենք իշխող ուժի քայլերն ու գործելաոճը, ապա պետության կառավարման ղեկը ստանձնածներն ինչքանո՞վ ու ինչպե՞ս են կարողացել կյանքի կոչել մարդկանց հույսերը:
-Նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո անցած ժամանակահատվածը կբնութագրեի որպես վերադարձ նախորդ իշխանությունների օրոք ձևավորված քաղաքական մշակույթին, ուղղակի՝ մեկ այլ ճանապարհով: Դարձյալ կոռուպցիոն դրսևորումների ականատեսն ենք լինում, «ծանոթ-բարեկամ-ընկեր-քավոր-սանիկ» մոտեցմամբ աշխատանքի նշանակելու, այս մի բուռ ժողովրդին «յուրայինների» և «օտարների» բաժանելու, «յուրայինների» համար կանաչ լույս վառելու հստակ միտում ու բոլորին միևնույն երգը «երգացնելու» ցանկություն կա: Եթե նախորդ իշխանությունների օրոք այս ամենը ներկայացվում էր որպես այդ իշխանությունների գործելաոճ, ապա այսօրվա իշխանությունները միևնույն գործելաոճը բացատրում են «ժողովրդի ցանկությամբ»՝ ասելով, թե «ժողովուրդն է մեզ դրա իրավունքը տվել», «ժողովուրդն է լիազորել»: Գարնանային իրադարձությունների ակտիվ մասնակիցը լինելով` նշեմ. հրապարակներում ու փողոցներում հավաքված ժողովուրդը նորընտիր իշխանություններին չէր լիազորել քաղաքական մարմինների կազմը ձևավորել «ծանոթ-բարեկամներից»: Ավելին՝ չէր աջակցել, որ իր անունից կառավարման գրեթե բոլոր ոլորտներում մասամբ հիմնավորված ու մասնագիտական մոտեցումներն արհամարհող կտրուկ քայլեր իրականացվեն: Իսկ որպես մասնագետ ընդգծեմ՝ քաղաքական իրադարձությունների զանգվածայնությունը պայմանավորված էր ոչ այնքան տարբեր անձերի հեղինակությամբ, որքան տնտեսական և ներքաղաքական էական բարեփոխումների անհրաժեշտությամբ: Հասարակության շրջանում առաջացած զգացմունքային զարթոնքն ու լավատեսությունը պայմանավորված էին ոչ թե հեռուստատեսությամբ կամ ֆեյսբուքում նոր դեմքեր տեսնելու ցանկությամբ, այլ երկրում արմատացած հիմնախնդիրները միասնաբար լուծելու հույսով: Նիկոլ Փաշինյանը լիներ, թե մեկ ուրիշը, ժողովուրդը նույն բանն էր ակնկալելու՝ սեփական երկրում աշխատել ու ապրել արժանապատիվ կյանքով: 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո իշխանությունները պարտավոր էին զանգվածային բողոքի ներուժը տեղափոխել կառուցողական դաշտ, կազմակերպել հանրային ծրագրեր, որոնց մասնակցող քաղաքացիները միասնաբար կնպաստեին առկա հարցերի կարգավորմանն ու լուծմանը: Դրա փոխարեն հետհեղափոխական իշխանությունները շարունակում են ստեղծել ներքին թշնամու կերպար, շարունակում են մերժել մերժված հինը (նախկինում ամեն ինչ չէ, որ վատ էր)՝ փոխարենը չառաջարկելով օգտակարն ու լավը: Բողոքի ակտիվ տրամադրություններ ունեցող քաղաքացիները, չունենալով համատեղ կառուցողական գործողությունների կիրառման դաշտ, նույնպես շարունակում են հետևել էլիտաներին, ամեն ինչում «հակահեղափոխական» իմաստ են փնտրում, վատաբանում եմ միմյանց և այլոց, տեղեկատվական դաշտը ողողում «հեղափոխության» խաղաղ բնույթին ոչ հարիր լեզվակռվով: Չնայած խոսում ենք նույն լեզվով, բայց պատրաստ չենք որևէ հարց կառուցողական ոճով և միմյանց հարգելու սկզբունքով քննարկելու:
-Մեր հոգեբանությունը, մտածելակերպը փոխվե՞լ են իշխանափոխությունից հետո։
-Ցավոք՝ ոչ: Մեր հոգեբանությունը փոփոխվել և շարունակում է փոխվել այլ գործոնների, հատկապես գլոբալացման հետևանքով: Շատ ավանդույթներ հետին պլան են մղվում, մի շարք հանրային վախեր ու կարծրատիպեր, հատկապես երիտասարդության մի հատվածի մոտ, բարեբախտաբար չեզոքացվում են: «Համայնքը զորավոր է» հայտնի արտահայտությունն ու դրանով արտահայտված հանրային ճնշումն անձի հանդեպ այնքան ուժեղ և միանշանակ չէ, որքան նախկինում: Հասարակության մեջ ավելի են տարածվում առողջ ապրելակերպով, բնապահպանական գաղափարներով առաջնորդվող մարդիկ: Հատկապես երիտասարդ կանայք դառնում են հասարակության ամենաակտիվ, արդյունավետ և նորարարական կեսը, շարունակում նվաճել ավանդաբար տղամարդկանց կողմից մենաշնորհված ոլորտներն ու դիրքերը, իրենց ժամանակն ու ներուժն են ներդնում կրթության, շարունակական մասնագիտացման, կարիերայի, սոցիալական և ֆինանսական կապիտալի կուտակման մեջ: Ի տարբերություն կանանց՝ երիտասարդ տղամարդկանց մոտ վարքային հիմնական երեք միտում է առանձնանում:
ա) Կոնֆորմիստական` մեծամասնության կարծիքի հետ համակերպվող, համահունչ, չտարբերվող, «ինչպես բոլորը, այնպես էլ ես» սկզբունքով առաջնորդվող ու միայն խմբային վարքի միջոցով ակտիվություն դրսևորող, անձամբ նախաձեռնություններով հանդես չեկող մոտեցում: Այս մոտեցումը կրողները սեփական վարքը հաճախ սխալմամբ «ազգային» կամ «ավանդական» են համարում, կարծելով, թե իրականության անփոփոխ վիճակի պահպանումը նպաստում է ազգային ավանդույթների պահպանմանը, իսկ «քուչի տղերքի հետ» համբուրվելով բարևելը իրական ընկերության և «ախպերության» դրսևորում է: Նման վարքը հեռու է ազգային արժեքներից, քանի որ դժվար թե, օրինակ, զանգվածային ծեծկռտուքներ կազմակերպելը, հայհոյանքներով խոսելն ու մի քանի հոգով մեկի վրա հարձակվելը որևէ կերպ նպաստում են ազգային արժեքների պահպանմանը: Միևնույն ժամանակ, արժեքային դիրքորոշումը փոքր խմբերի մակարդակում պարտադրվող բնույթ ունի, դրանից խուսափելը ենթադրում է սեփական ներուժի, անձնական կարծիքի ու սկզբունքների առկայություն ու դրանք դրսևորելու, պաշտպանելու կարողություն:
բ) Բողոքական մոտեցում` ավանդույթներն ու հանրային կարծիքը սկզբունքորեն մերժող, հաճախ` ի ցույց բոլորի: Նման վարքի դրսևորումների կրողները հայաստանյան հասարակությունում ապրում են դժվար կյանքով, քանի որ հանդիպում են հանրային կարծիքի ճնշմանն ու չընկալմանը: Հաճախ շեշտադրում են հենց հանրային կարծիքին դեմ գնալու արտաքին կողմը` անսովոր հագնվելը, հարդարվելը կամ առհասարակ չհարդարվելը, հասարակության այլ ներկայացուցիչների հետ շփվելուց խուսափելը: Տարբերվողականությունը միշտ չէ, որ բովանդակային է, հաճախ զուտ ձևական բնույթ ունի:
գ) Ինքնակառավարվող տեսակ. նման մարդիկ նախընտրում են առաջնորդվել նպատակահարմարության սկզբունքով, նպատակները հենված են արժեքների և մոտեցումների վրա, որոնք նպաստում են անձի զարգացմանն ու, միևնույն ժամանակ, ընդհանուրի հետ համահունչ հարաբերությունների ձևավորմանը, կառուցողական երկխոսությանը, մարդկանց հետ փոխադարձ ընկալմանն ու ըմբռնողականությանը: Նման անձինք չեն սպասում զանգվածային կամ խմբային վարքի դրսևորումների, որ միանան դրանց, անձամբ են հանդես գալիս հանրային նախաձեռնություններով կամ պարզապես կատարում են իրենց աշխատանքն ու պարտականությունները` չմեղադրելով, չքննադատելով ուրիշներին: Բացի վերոնշյալ միտումները կրողներից կերպարներից` առկա են նաև տարիքով, սեռով, կրթությամբ, դաստիարակությամբ և անձնական փորձով պայմանավորված բազում այլ տիպեր:
Նախորդ տարվա գարնանային իրադարձություններին ու զանգվածային բողոքին հայաստանցիների մասնակցությունը ոմանց համար եղել է մյուսներին միանալու ցանկության արդյունք, ոմանց համար` ինքնադրսևորման ու ինքնահաստատման փորձ, մեկ այլ հատվածի համար` ռացիոնալ ընտրություն և իմաստավորված, պատճառաբանված քայլ: Անշուշտ, հասարակության մեջ վարքային մոդելների դրսևորումն ուղղակիորեն կախված է խրախուսման և պատժի արտաքին մեխանիզմներից, գաղափարախոսությունից, տեղեկատվական դաշտում շրջանառվող արժեքներից և նորմերից: Այդ իմաստով Հայաստանում մեծագույն արժեքներից ու նվաճումներից է խոսքի հարաբերական ազատությունը, որի պայմաններում սեփական կարծիքը հայտնելու լեգիտիմ գործընթացը կարող է նպաստավոր լինել երկրում առկա հիմնախնդիրների բացահայտման և լուծման առումով: Միևնույն ժամանակ, բազմիցս, բայց ապարդյուն խոսվել է հայաստանյան հեռուստաալիքներով բռնության քարոզի և կոնֆլիկտային վարքի տարածման ու դրանք գովազդելու մասին: Հետխորհրդային տարիներից սկսած աշխատասեր հայ ժողովրդին մշտապես փորձել և փորձում են խաղամոլ դարձնել, «հեշտ» շահույթ ստանալուն սովորեցնել: Այդպես էլ չմշակվեց, չհստակեցվեց ազգային այն գաղափարախոսությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ համախմբել հայաստանցիներին ու սփյուռքահայերին ընդհանուր նպատակներին հասնելու շուրջ: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հանրային վստահության մթնոլորտ չի ձևավորվում, հանրային համագործակցության մեխանիզմներ չեն առաջարկվում: Նոր գործարաններ, պետական ֆինանսավորմամբ դպրոցներ, թատրոններ, մարզադահլիճներ չեն կառուցվում: Դրա փոխարեն առաջարկվում է պատժել հին ու նոր «մեղավորներին»: Սա ապացույցն է այն բանի, որ հանրային մտածողության և ընկալումների դաշտում հեղափոխւթյուն տեղի չի ունեցել:
- Այսինքն՝ «դուխովը» «դուխով» էլ մնա՞ց, խելքն ու խոհեմությունը չկարողացա՞ն փոխարինել «դուխին»։
- «Դուխով»-ը վատ բան չէր, մանավանդ արդյունավետորեն գործել է ու համախմբել: Զանգվածային իրադարձությունների ժամանակ այն կարող է փոխարինել անձնական մոտեցումներին: Անձը զանգվածում իրեն միշտ ավելի ուժեղ է զգում, կտրուկ քայլերի է պատրաստ, քան, օրինակ, ինքնուրույն վարքի դրսևորման ժամանակ: Նախորդ տարվա գարնանն այս ամենը արդյունավետորեն կառավարվել է, կանխվել են զանգվածային կտրուկ գործողությունները: Սա փաստ է, որով պետք է հպարտանալ:
-Իշխանափոխությունից հետո խորհրդարան եկան երիտասարդ պատգամավորներ, որոնք վստահեցրին, թե հասարակության հույսերն արդարացնելու են։ Այնինչ, անզեն աչքով էլ նկատելի է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ բազմերանգ խորհրդարանում իսկապես օրենսդրական գործունեություն ծավալողներին, օրենքներ գրողներին ու մշակողներին մատների վրա կարելի է հաշվել: Վերջապես, ե՞րբ կհաջողվի ունենալ այնպիսի խորհրդարան, որտեղ մանդատ ստացածները կհասկանան՝ ուր են եկել և ինչի համար:
-Խնդիրը ոչ թե երիտասարդ խորհրդարան ունենալն է, այլ իշխող մեծամասնության կառուցվածքը: Համոզված եմ՝ քաղաքական որևէ ուժ, ունենալով մենաշնորհային դիրք, ինքն իրեն երբեք չի սահմանափակելու և գործելու է այնպես, ինչպես ուզում է, ոչ թե այնպես, ինչպես պետք է հասարակությանը: Բացի այդ, որևէ առանձին խումբ (այն էլ կուսակցական) որպես ամբողջի մի մաս, երբեք չի արտահայտի ամբողջը: Իրավիճակն այն է, որ նախորդ ԱԺ-ում մենաշնորհային դիրք ունեցող մի ուժը փոխարինվել է մեկ այլ ուժով: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այժմ ԱԺ-ն ունի շատ ավելի ցածր վարկանիշ, քան ՀՀ կառավարությունը, որն իր հերթին ունի շատ ավելի ցածր վարկանիշ, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկայիս իրավիճակը համեմատելով նախկին քաղաքական մշակույթի հետ` կարող եմ ասել, որ հայաստանյան հասարակությունը շարունակում է զբաղվել անհատապաշտությամբ, իսկ քաղաքական իշխանության հավաքական մարմիններն իրենց նոր կազմով մնում են ղեկավարների ստվերում: Սա նշանակում է, որ անձերի հնարավոր փոփոխությունը, պետական ապարատի թուլության պարագայում, դարձյալ կարող է ապակայունացման բերել, ինչը խիստ վտանգավոր է հատկապես արտաքին թշնամիների առկայության պարագայում: Հայաստանի իշխանությունները շեշտը պետք է ոչ թե սեփական հեղինակությունն ամրապնդելու վրա դնեին, այլ ապահովեին պետական մարմինների գործունեության արդյունավետությունն ու կայունությունը:
-Տարածաշրջանում իրադրությունը լարված է, Թուրքիան պատերազմ է սկսել Սիրիայում: Մյուս կողմից՝ առաջին պլան են մղվում ազգային շահերը, ինչի մասին նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է հայտարարել: Այս ամենը հաշվի առնելով՝ հնարավո՞ր է՝ տարածաշրջանում այլ հակամարտությունների ականատես լինենք:
-Գլոբալացումն ունեցել է ոչ միայն դրական, այլև բացասական (կամ բացասաբար ընկալվող ու մեկնաբանվող) հետևանքներ: Օրինակ` ԱՄՆ-ի՝ ներգաղթողներին ողջունող ավանդական քաղաքականությունը դանդաղ տեմպերով փոխարինվում է սահմանափակող մոտեցմամբ: Նույնը վերաբերում է Եվրամիության երկրներին, որտեղ սահմանների բաց քաղաքականության, հանդուրժողականության, բազմամշակութային ինքնության սատարման մոտեցումները մի շարք դժվարությունների են հանգեցրել: Մասնավորապես, փախստականների էական զանգվածը շարունակում է առաջնորդվել ծագման երկրում տարածված վարքային նորմերով ու արժեքներով` բացահայտ ու անգամ ցուցադրական բախման մեջ մտնելով տեղացիների հետ: Սրան ի պատասխան` ազգային քաղաքական ուժերը փորձում են հանդես գալ կոշտ քաղաքական նախաձեռնություններով, որոնց հիմքում դրվում են նոր սահմաններ գծելու, արտաքին աշխարհի ազդեցությունը սահմանափակելու, ազգային ինքնությունը պահպանելու և նման այլ մոտեցումներ: Այդ մոտեցումները միշտ չէ, որ տնտեսապես հիմնավորված են, անգամ ազգային արտադրողներին էժան աշխատուժից և արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորություններից են զրկում, սակայն արտացոլում են հասարակությունում աճող դժգոհություններն ու վախերը: Ազգային շահերի և անվտանգության օրակարգը եղել և մնում է գերակա դիրքերում, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ու ՄԱԿ-ի ստեղծումից մինչև ԽՍՀՄ փլուզումն ազգային շահերը ընդունված էր քողարկել գլոբալ ծրագրերով, միասնական շուկաների ու տարածաշրջանային նախաձեռնությունների ստեղծմամբ: Բաց դռների ու պատուհանների ռազմավարությունն առաջին հերթին ձեռնտու է նրանց, որոնց ազդեցության լծակներն ավելի բազմազան են ու տևական: Համապատասխանաբար, գլոբալացման անխուսափելի գործընթացում շահավետ դիրքեր կունենան նրանք, ովքեր կարողանում են լողալ ամուր նավերի վրա` ունենալով կայուն պետական մարմիններ, տնտեսություն, ընդհանուր արժեքների ու նպատակների շուրջ միավորված բնակչություն, հմուտ, խիզախ և զգույշ առաջնորդներ:
Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ