Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրանսիան կոչ է արել ճանաչել միջազգային իրավունքը Մերձավոր Արևելքում, ի՞նչ կասի Ռուսաստանը

Ֆրանսիան կոչ է արել ճանաչել միջազգային իրավունքը Մերձավոր Արևելքում, ի՞նչ կասի Ռուսաստանը
31.01.2020 | 00:40

Հունվարի 29-ին Ֆրանսիան հետևողականորեն հիշեցրել է միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտությունը իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի կարգավորման մեջ: Հայտարարությունը արել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ծրագրի ներկայացման հաջորդ օրը: Փարիզը «վստահություն է հայտնել, որ երկու պետությունների համակեցությունը միջազգային իրավունքի ու համաձայնագրերի հիման վրա, որ հավանություն են ստացել միջազգային մակարդակում, անհրաժեշտ է արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար Մերձավոր Արևելքում»: ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ Ֆրանսիան «հետագայում էլ գործելու է ԱՄՆ-ի, եվրոպացի գործընկերների ու մյուս ուժերի հետ, որ կարող են իրենց ներդրումն ունենալ» խաղաղության ամրապնդման մեջ: Հունվարի 28-ին Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը շարունակում է արձագանքներ ստանալ միջազգային ասպարեզում: ԵՄ միջազգային գործերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն «կուսումնասիրի ու կգնահատի» Թրամփի առաջարկը, և՝ որ «երկու պետությունների համակեցության հիմքով կենսունակ որոշումը պետք է հաշվի առնի թե պաղեստինցիների, թե իսրայելցիների ձգտումները»: Կատարը հունվարի 29-ին ողջունել է կոնֆլիկտի կարգավորման ծրագիրը՝ հայտարարության մեջ նշելով, որ խաղաղությունը Մերձավոր Արևելքում հաստատուն կլինի, եթե Պաղեստինի ապագա պետության մայրաքաղաքը լինի Արևելյան Երուսաղեմում՝ հաղորդում է AFP-ը հղում անելով Կատարի պաշտոնական QNA գործակալությանը: Լինելով ԱՄՆ դաշնակիցը՝ Կատարը միաժամանակ աջակցում է ՀԱՄԱՍ շարժմանը, որ 2007-ից իշխում է Գազայի հատվածում ու ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված ԱՄՆ-ում ու ԵՄ-ում: Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը նախատեսում է ապագա պաղեստինյան պետության «փաստական կրկնապատկում»՝ համեմատած ինքնավարության տարածքի հետ, 50 միլիարդ դոլարի ներդրում: Ծրագիրը նաև պարտավորեցնում է ՀԱՄԱՍ-ին ու ահաբեկչական մյուս կազմակերպություններին դադարեցնել Իսրայելի դեմ ահաբեկչությունները: Պաղեստինի ղեկավարությունը պետք է հրաժարվի ՀԱՄԱՍ-ին աջակցելուց ու ահաբեկիչ-մահապարտների ընտանիքներին «փոխհատուցում» վճարելուց: Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն համաձայնել է այդ ծրագրի հիմքով բանակցել Պաղեստինի հետ:
RFI


Հ.Գ. Ֆրանսիան ու ԵՄ-ն փաստացի պահպանում են ավանդական տեսակետը, երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն Մոսկվայում էր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նա ասել է. «Մենք Իսրայելում քննարկեցինք որոշ թեմաներ, որ կապված են մեր տարածաշրջանին: Մենք բանակցել ենք մեր ամերիկացի բարեկամների հետ և դուք համաշխարհային առաջին ղեկավարն եք, ում ես հանդիպում եմ Վաշինգտոն այցից ու Թրամփի ծրագրի հայտարարումից հետո: Կարծում եմ՝ այսօր մենք ևս մեկ հատուկ հնարավորություն ունենք, ուզում եմ լսել Ձեր կարծիքը, տեսնենք՝ ինչպես կարող ենք համախմբել մեր ուժերը խաղաղության ու հանգիստ ապրելու համար»: Հանդիպման այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Ռուսաստանը գուցե կարող է անտեսել Թուրքիայի դիրքորոշումը, բայց հազիվ թե անտեսի Իրանին: Պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտի լուծումը Մերձավոր Արևելքում իրավիճակ փոխող փաստ կդառնա, եթե կողմերը գան համաձայնության: Եվ՝ կդառնա ուժերի վերադասավորության պատճառ արաբական աշխարհում, որտեղ Իսրայելի Պետությունը դեռ ճանաչված չէ: Իր ոչ մի մայրաքաղաքով: Ու՝ նաև Մեծ Մերձավոր Արևելքում: Պատահական չէ, որ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը 1993-ին սպանվեց ծայրահեղական հրեայի ձեռքով՝ Պաղեստինի հետ համաձայնության հասնելուց հետո: Դարձյալ Վաշինգտոնի միջամտությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ