Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրք-սիրիական պատերա՞զմ

Թուրք-սիրիական պատերա՞զմ
04.02.2020 | 10:48

Թուրքիան հաղորդել է, որ 4 զինվոր է սպանվել և 9-ը վիրավորվել Սիրիայի կառավարական ուժերի կրակից Իդլիբում: Պատասխան կրակով սպանվել է 35 սիրիացի զինվոր՝ պնդում են Թուրքիայի իշխանությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց. «Մենք պատասխանել ենք այդ գրոհներին և շարունակելու ենք՝ օգտագործելով հրետանի ու ականանետեր»՝ մեջբերել է Էրդողանին Ռեյտերը: «Մենք լի ենք վճռականությամբ շարունակել գործողությունները մեր երկրի և Իդլիբի մեր եղբայրների անվտանգության համար» հավելել է նա: Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիկը հայտարարել է, որ սիրիացի զինվորականները հետայսու Թուրքիայի համար լեգիտիմ թիրախ են: «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի պաշտպանի ռեժիմի ուժերին մեր զինվորների վրա բացահայտ հարձակումից հետո՝ մեր պահակակետի կողքին»՝ ասել է նա: Դիտակետերը ստեղծվել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի միջև 2017-ի համաձայնությամբ: Ռուս զինվորականները հայտարարել են, որ Թուրքիայի զինծառայողները ահաբեկիչների դեմ ուղղված կրակի տակ են հայտնվել: «Թուրքական զորքերի ստորաբաժանումները փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը, առանց տեղեկացնելու ռուսական կողմին՝ առաջ են շարժվել ապառազմականացված իդլիբյան գոտու ներսում և Սիրիայի կառավարական ուժերի կրակի տակ են ընկել՝ ուղղված Սերակաբից արևմուտք շրջանի ահաբեկիչներին»՝ ասվում է Սիրիայի թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի հայտարարության մեջ: «Թուրքիայի հակաօդային պաշտպանության ինքնաթիռները չեն խախտել Սիրիայի պետական սահմանը, սիրիական դիրքերին հարվածներ չեն գրանցվել» ընդգծվում է հայտարարության մեջ: Թուրքիայի հայտարարում է, որ իր զինվորականներն Իդլիբում են՝ կանխելու համար ռազմական բախումները՝ ընդգծելով, որ իր զինվորականների տեղաշարժերը նախապես համաձայնեցվում են: Անվտանգության ծառայությունից Ռեյտերի զրույցակիցը ճշտել է, որ թուրք զինվորականները սպանվել են Սերակաբի շրջանում՝ Իդլիբից 15 կիլոմետր հեռավորության վրա:


Իդլիբը ապստամբների վերջին պատվարն է: Թուրքիան ու Ռուսաստանը 2018-ին համաձայնագիր են ստորագրել Իդլիբում ապառազմականացված գոտու մասին: Համաձայնագրի պայմանները խախտվում են: Էրդողանն ավելի վաղ մեղադրել է Ռուսաստանին այդ շրջանում մարտական գործողությունների կրճատման համաձայնագրի խախտումների մեջ: «Ցավոք, Ռուսաստանը չի հետևում ոչ Աստանայի, ոչ Սոչիի համաձայնություններին: Մինչև այս պահը մենք սպասել ենք, բայց հետայսու մենք մտադիր ենք ինքներս գործել: Սա սպառնալիք չէ, այլ ակնկալիք, որ Ռուսաստանը սիրիական ռեժիմին անհրաժեշտ նախազգուշացումը կուղարկի»՝ հայտարարել է Էրդողանը: Մոսկվան դեռ ուրբաթ հերքել է մեղադրանքները: «Մենք հավատարիմ ենք մեր ստանձնած պարտավորություններին»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Կիրակի տեղեկություն տարածվեց, որ թուրքական մարտական տեխնիկայի 200 միավոր մտել են Սիրիայի տարածք: Տարեսկզբին հազարավոր մարդիկ ստիպված էին Իդլիբից փախուստով փրկվել՝ Սիրիայի բանակի հարձակման պատճառով, որը ուղեկցվում է Ռուսաստանի աջակցությամբ: Բազում խաղաղ բնակիչներ շարժվել են դեպի Թուրքիայի սահման: Թուրքիան, որտեղ արդեն կան 3,6 միլիոն սիրիացի փախստականներ, զգուշանում է Իդլիբից փախստականների նոր ալիքից:
BBC


Հ.Գ. Սեփական զինվորներին զոհաբերելով՝ հերթական սադրանքով միջազգային հանրության ուշադրությունը Իդլիբի վրա հրավիրելու Էրդողանի փորձը վկայում է, որ նա պատրվակ էր որոնում բացահայտ պատերազմ սկսել Ասադի զորքերի դեմ՝ երկար ժամանակով հաստատվելու համար ապառազմականացված գոտում: Պատրվակը ստեղծեց ու արդեն ոչ միայն զինվորներ, այլև տանկեր է մտցնում Սիրիայի տարածք՝ փորձելով նաև կաշկանդել Ռուսաստանի պատասխան գործողությունները: Երեկ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան չի բացառում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Սիրիայի հարցով նոր բանակցությունները: Նրա խոսքով` անհրաժեշտության դեպքում նախագահների բանակցությունները կարելի է կազմակերպել «բավական սեղմ ժամկետներում»: Այդ բանակցությունների ընթացքում, ըստ Պեսկովի, կողմերը կարող են քննարկել այն «ակտիվությունը, որ ահաբեկչական կառույցները շարունակում են ցուցաբերել Իդլիբում»: Ամրապնդելու համար իր դիրքերը Պուտինի հետ հանդիպումից առաջ և նախապատրաստելով բանակցություններում համաձայնության չգալու պայմանները՝ Էրդողանը մեկնել է Ուկրաինա, իսկ մեկնումից առաջ հայտարարել, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը: «Մենք կշարունակենք պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, անօրինական ենք համարում Ղրիմի բռնակցումը: Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների կարևոր ասպեկտը նաև Ղրիմի թաթարներն են, շարունակում ենք հետևել նրանց վիճակին», - լրագրողներին ասել է Էրդողանը:


Ռուս-թուրքական հարաբերությունները շատ լուրջ փորձությունների են ենթարկվում՝ Սիրիա, Լիբիա, հիմա էլ՝ Ուկրաինա: Գուցե սպառվու՞մ է միմյանց օգտագործելով՝ սեփական խնդիրները լուծելու ժամանակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ