«Արտակարգ դրությունն ավելի խիստ սահմանափակումներ պետք է ենթադրեր՝ բացառելով վարակի հավանական տարածումը»
20.03.2020 | 01:48
«Իրատեսի» զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ։
-ԿԳՄՍ-ն հայտարարել է, որ անցնում է հեռավար ուսուցման: Ձեր գնահատմամբ՝ հայաստանյան ուսումնական հաստատությունները կկարողանա՞ն «գլուխ հանել» դրանից. մանավանդ տարեց ուսուցիչների դեպքում, կարծում ենք, հեռավար ուսուցման հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն:
-Այնքան էլ չէի կիսի այս տեսակետը։ Կարծում եմ, որ այս իրավիճակը հնարավորություն կտա նաև փորձարկելու «Հանրակրթության մասին» օրենքում բոլորովին վերջերս իրականացրած լրացումը՝ կապված հեռավար ուսուցման կազմակերպման հետ: Այն հիմնականում վերաբերում է հեռավոր և բարձրլեռնային համայնքներում դասապրոցեսի կազմակերպմանը, հատկապես այն վայրերում, որտեղ աշակերտները զրկված են կրթության իրավունքի իրացումից՝ պայմանավորված որոշակի առարկաներ դասավանդողների բացակայությամբ։ Տարեց ուսուցիչների պարագայում ուսուցումը հնարավոր է կազմակերպել նաև հենց աշակերտների և ծնողների օգնությամբ՝ հեռակապի միջոցով: Այսինքն, եթե նպատակ կա հեռավար դասապրոցես կազմակերպելու, ապա այն միանգամայն հնարավոր է, կարևորը ցանկությունն է։ Ինձ համար վառ օրինակ է իմ երկու երեխաների դասվարների կողմից հեռավար դաս հանձնարարելու և առաջադրանքները ստուգելու պատրաստակամությունը։
-Հեռավար ուսուցումը կարո՞ղ է ամբողջությամբ լրացնել դասապրոցեսը, թե, ամեն դեպքում, դասերը կանցկացվեն արձակուրդների հաշվին:
-Համարել, թե հեռավար ուսուցումը լիարժեք փոխարինելու է սովորական դասապրոցեսին, այնքան էլ ճիշտ չէ, քանզի այն այս պահին իրականացվում է որպես պիլոտային ծրագիր։ Անհրաժեշտություն կլինի նաև արձակուրդի մի ժամանակահատվածի հաշվին լրացնել բացթողածը։
-Կառավարության ներկայացուցիչները երեկ հայտարարեցին, որ շնչառական ապարատների հետ կապված խնդիր ունենք: Ֆինանսների նախարարությունում այն ձեռք բերելու համար հաշվեհամար է բացվել, որպեսզի մարդիկ հանգանակություն կատարեն: Մենք, ըստ ձեզ, առհասարակ պատրա՞ստ ենք դիմակայելու վիրուսին։
-Եթե հնարավորինս օպերատիվ և արդյունավետ ձևով կազմակերպվեն դրամահայթայթումը, շնչառական ապարատների հրատապ ձեռքբերումը, կարծում եմ, կդիմակայենք վիրուսին։ Պետք է հաշվարկել տարածման արագությունը՝ մեկ ամսվա կտրվածքով, և ելնելով այն կանխավարկածից, որ արդեն մարտ ամսվա կեսն է, օրերը դեպի տաքացում են գնում, հույսս մեծ է, որ ի տարբերություն այլ երկրների, կկարողանանք հնարավորինս քիչ նեգատիվ դեպքերով շրջանցել վարակը։
-Չնայած հորդորներին և ձեռնարկված միջոցառումներին՝ խնջույքները տներում, ռեստորաններում և սրճարաններում չեն դադարում։ Գուցե մարդկանց այդքա՞ն էլ լավ չեն իրազեկում:
-Իմ գնահատմամբ՝ իրազեկումը լրատվության տարածման բոլոր հնարավոր միջոցներով և օղակներով իրականացվում է բավականին օպերատիվ, խնդիրը քաղաքացիական ցածր գիտակցությունն է: Ցավոք սրտի, մեր հասարակությունը շարժվում է ծանր մահակի կիրառման մեթոդաբանությամբ, որքան խիստ են սահմանափակումները, այնքան ավելի արդյունավետ կլինի արտակարգ դրության հայտարարումը։ Սրա վառ ապացույցն էլ հենց Ձեր մատնանշված խնջույքներն են հանրային սննդի օբյեկտներում կամ տներում։
-ԱԺ-ն նույնպես շարունակում է աշխատանքները, նիստերը չեն դադարելու, քառօրյան կա, բայց «Իմ քայլի» Ձեր որոշ գործընկերներ, օրինակ, խորհուրդ են տալիս նստել տանը: Հիմա ի՞նչ անել։
-Վերևում ասած միտքս վերաբերում է նաև Ազգային ժողովին՝ թե՛ պատգամավորներին, թե՛ աշխատակազմին: Պարետատան հայտարարած 20 և ավելի անձանց կողմից հավաքների արգելքի տրամաբանությունը կորչում է: Արտակարգ դրությունը, իմ պատկերացմամբ, պետք է էլ ավելի խիստ սահմանափակումներ ենթադրեր՝ բացառելով վարակի հավանական տարածումը։
-Իշխանություններն ամենասկզբից ասում էին` «ու՞մ շունն է կորոնավիրուսը», «պինցետով կհանենք» և այլն: Անլու՞րջ էր նրանց վերաբերմունքը:
-Այո, անլուրջ էր, վստահ եմ աշխարհում տեղի ունեցող անցուդարձին լավ ծանոթ էին, և նմանօրինակ մոտեցումն ինձ համար անհասկանալի է առնվազն: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ի դեմս Էդմոն Մարուքյանի, պարբերաբար կոչ էր անում հրատապ կերպով սահմանները փակել, Իտալիայից Երևան ուղիղ չվերթերն առժամանակ կասեցնել և արտակարգ դրություն հայտարարել։ Ըստ էության, այս բոլոր գործողություններն իրականացվեցին, սակայն ավելի ուշ, քան կարելի էր անել:
-Այս օրերին, օրինակ, առողջապահության նախարարը խոսում էր իր և Արա Մինասյանի դատական գործընթացի մասին. առողջապահական ոլորտի թիվ մեկ պատասխանատուին այս օրերին իրավական համակարգի «թերություննե՞րն» են, որ պետք է հուզեն:
-Ելնելով այն կանխավարկածից, որ կորոնավիրուսից հետո այնուամենայնիվ կա կյանք, կարծում եմ, որ երկրում տեղի ունեցող որևիցե գործընթաց հնարավորության սահմաններում չպետք է կաթվածահար լինի, իհարկե եթե իրավիճակն ինչ-որ պահի ծայրահեղ չդառնա։ Այս պահին, թեկուզ ոչ ակտիվորեն, սակայն պետության ուշադրությունից չպետք է վրիպի ոչ մի խնդիր, այդ թվում` առողջապահական ոլորտում առկա դատավարական գործընթացները։
-«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հաճախ է բարձրաձայնում անհանդուրժողականության մթնոլորտի մասին: Այս պահին գոնե այդ մթնոլորտը նվազե՞լ է:
-Իմ գնահատմամբ՝ իշխող ուժի կողմից խմբակցությանն ուղղված անհանդուրժողականության սլաքներն այս պահին համեմատաբար թուլացած են, սակայն սոցիալական հարթակներում ժամանակ առ ժամանակ կարելի է հանդիպել «Լուսավոր Հայաստանի» հասցեին քաղաքացիական ֆեյքերի հնչեցրած սադրիչ բառամթերքը, որին այս պահին ուշադրություն չենք դարձնում։ Մեզ համար հիմա առավել, քան երբևէ կարևոր է վարակի տարածմանն ուղղված կանխարգելիչ գործողությունների մասին իրազեկումը, պարետատանն օժանդակություն ցույց տալը, հումանիստական ակցիաներին մասնակցելը, քան որոշ օղակների սադրանքին տրվելը։ Սա համազգային հարց է, որը վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և հայի, և մենք պետք է ցուցաբերենք առավելագույն համախմբվածություն՝ հաղթահարելու համար հերթական ճգնաժամը։
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ