«Իրատեսի» զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ:
-Արցախում ընթացող պատերազմի, խաղաղ բնակչությանը, լրագրողներին, տարեցներին, երեխաներին, հիվանդանոցները թիրախավորելու մասով եվրոպական կառույցներից ու պետություններից եկող արձագանքը, տեսնում ենք, կա՛մ խիստ լոյալ է, կա՛մ, նույնիսկ, հավասարության նշանով: Դիվանագիտական մեր կորպուսի թերի աշխատանքի հետևանքո՞վ է այդպես, թե՞ այլ պատճառներ էլ կան:
-Եվրոպական կառույցների արձագանքն այնպիսին է, ինչպես որ իրենց հետ աշխատել ենք ու մեր մասին տպավորություն ձևավորել։ Չնայած ԵՄ պետություններում հայկական համայնքների ջանքերին, ՀՀ դիվանագիտական կորպուսի առանձին ներկայացուցիչների անձնվեր աշխատանքին, էական որևէ փոփոխություն փաստացի փակ ու անմատչելի, միայն ներքին շրջանակներից համալրվող ՀՀ դիվանագիտական համայնքում տեղի չի ունեցել։ Դիվանագետ աշխատելը, դեսպանատներում ու հյուպատոսություններում ՀՀ-ն ներկայացնելը մեզանում ընկալվել է ու, հավանաբար, շարունակում է ընկալվել որպես «էլիտար» աշխատատեղ, «արտասահմաններում ֆռֆռալու» հնարավորություն, հեշտ ու հաճելի գործ, ոչ թե բարդ, բծախնդիր, անձնային ու մասնագիտական բարձր արժեհամակարգ ենթադրող խիստ պատասխանատու առաքելություն։ Ցանկացած երկրի՝ նմանատիպ մոտեցումներով առաջնորդվող «դիվանագետներ» իրենց երկրի շահերն անխուսափելիորեն չըմբռնվածության, իսկ խնդիրներն ու դժվարությունները՝ լռակյաց անտարբերության կմատնեին։ ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման ու իրականացնողների վերաբերյալ քննադատությունը տեղի է ունեցել մշտապես ու պայմանավորված չէ ներկայիս իրավիճակով, սակայն այսօր դրա անարդյունավետ լինելն ակնհայտ է։
Բացի այդ, ՀՀ անկախությունից ի վեր հազարավոր մեր հայրենակիցներ մեկնել են ԵՄ երկրներ՝ Գերմանիա, Նիդերլանդներ, Իսպանիա և այլն, քաղաքական ապաստարան փնտրելու, և որպեսզի փախստականների ճամբարներում հայտնվեն ու իրենց գործերին ընթացք տրվի, ջանք չեն խնայել փնովելու մեր երկիրը։ Մեր նախկին հայրենակիցների պատմությունների մեծ մասն ուռճացված էր և կեղծ. պատմել են այն մասին, թե այստեղ իրենց իրավունքներն ամեն քայլափոխի բռնադատվում են, թույլ չեն տալիս բերանը բացել ու ազատ շնչել-խոսել, անգամ՝ մտածել: Փաստորեն, մեր հազարավոր հայրենակիցներ ԵՄ պետությունների ճամբարներում տարեցտարի այնպես են ներկայացրել Հայաստանը, ինչպիսին իրականում Ադրբեջանն է։ Որպես հետևանք՝ արխիվացված ու կուտակված նման տվյալներ ԵՄ իշխանությունների մոտ ձևավորեցին հավասար (բացասական) վերաբերմունք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ։
Եվ երրորդ՝ եկեք խոստովանենք. ԵՄ մեկնած մեր հայրենակիցների մի մասը գործնական և ուսանողական ծրագրերն օգտագործել է զուտ որպես միջոց՝ Եվրոպայում հայտնվելու։ ՀՀ բազում պետական պատվիրակությունների, մարզակումբների, գիտաշխատողների խմբերում ու թիմերում մշտապես առկա են եղել մարդիկ, որոնք այդ խմբերի, թիմերի, գործուղումների նպատակների հետ որևէ կապ չեն ունեցել ու պարզապես ներառվել են ԽԾԲ-ի սկզբունքով՝ «եվրոպաներում» ման գալու նպատակով, այն էլ՝ պետբյուջեի հաշվին։ Բնական է, որ այդ ամենը տեղի է ունեցել հաճախ ու չէր կարող եվրոպացի գործընկերների ուշադրությանը չարժանանալ։ Այնպես որ, ԵՄ-ում մեզ վերաբերվում են այնպես, ինչպես որ մենք մեզ ցուցադրել ու ցուցադրում ենք:
Այդուհանդերձ, մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ անհույս չեն՝ շնորհիվ ՀՀ-ի և մեր Սփյուռքի անհատ ներկայացուցիչների, սակայն անհրաժեշտ է ոչ թե անհատական, այլ համակարգային ու խիստ նպատակային, համագործակցային աշխատանք։
-Իսկ կարողացել կամ կարողանու՞մ ենք աշխարհին ասել, որ ցեղասպան պետության կողմից ստեղծված ցեղասպան պետությունն այժմ կրկին ցեղասպանություն է իրականացնում:
-Դա մեզանում հնչող հիմնական տեսակետներից մեկն է, որն ունի կարևոր նպատակ՝ «աշխարհին» ցույց տալ արդի Թուրքիայի և Ադրբեջանի՝ Օսմանյան կայսրության ժառանգորդներ ու ավանդույթների շարունակողներ լինելու փաստը։
Միևնույն ժամանակ, նախընտրելի է, որ այս հանգամանքի մասին ավելի շատ խոսի մեր Սփյուռքը։ Մինչդեռ հայաստանյան հասարակությանը դարձյալ ցեղասպանության զոհի ձևաչափի մեջ տեղադրելու ջանքերն անպայման բացասական հետևանքներ կունենան հենց մեզ համար։ Համոզված եմ՝ խոսակցությամբ, թե «նորից ուզում են մեզ ցեղասպանել», մեր զինծառայողներին, ազատամարտիկներին, թիկունքին բոլորովին չենք օգնում, ուժ չենք հաղորդում։ Բացի այդ, ինքներս մեր հանրային գիտակցության մեջ ստեղծում ենք հակասություն «հաղթելու ենք» և «ցեղասպանվում ենք» տիրույթների միջև՝ դրանով իսկ թուլացնելով ուժեղ կարգախոսը։ Մեր երիտասարդությունը, ղարաբաղյան հաղթանակի շնորհիվ, որի կերտողներն իրենց ծնողներն էին, վերջապես ձերբազատվեցին «ցեղասպանվածի» ինքնընկալումից ու դարձան հաղթողների սերունդ, ուստի և պետք չէ նրանց կրկին այդ բարդույթի մեջ դնել։ Այսօր հենց հաղթողների այդ սերունդն է, որ պահում է ՀՀ և ԼՂՀ սահմաններն ու, ինչպես ասում են ռուս զինվորականները, «հայերը քրքրվում են, բայց կանգուն են մնում»։
-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս «օգնության կանչի» նամակով դիմել էր ՌԴ նախագահ Պուտինին: Դրան հաջորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որ հայկական կողմը դեմ չէ ռուս խաղաղապահների տեղակայմանը: Ռուսական կողմից արձագանք չկա մինչ այս պահը: Ի՞նչ եք կարծում, կլինի՞ այդ արձագանքը, և ի՞նչ ազդակներ ունեն երկու հայտարարություններն էլ:
-ՌԴ-ն այս հակամարտությանը միջամտելու տարբեր իրավաչափ գործիքներ ունի, ներառյալ՝ հայ-ռուսական երկկողմանի հարաբերությունների ձևաչափում ՀՀ տարածքում (օրինակ՝ Սյունիքում) երկրորդ ռազմաբազա տեղադրելը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի իրականացումն աշխարհի տարբեր վայրերում, պարտադիր չէ՝ միջազգայնորեն ճանաչված պետության տարածքում և այլն։ Ցանկացած դեպքում, դրա համար ՀՀ և ՌԴ շահերն ու անվտանգային մտավախությունները պետք է համընկնեն, իսկ գործիքի կիրառումը պետք է ապահովագրված լինի և է՛լ ավելի չսրի ստեղծված իրավիճակը։ Համենայն դեպս, ակնհայտ է, որ նման որոշումներ այսօր կայացվում են ՌԴ ներսում և ոչ թե ՀՀ և ՌԴ միացյալ ջանքերով ու համատեղ, ինչը դարձյալ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության ռուսաստանյան ուղղության համակարգային բացթողումների հետևանք է։
-Որպես Արցախյան հարցի լուծում՝ վարչապետն առաջ է քաշում «անջատում հանուն փրկության» բանաձևը, որ, գիտենք, Կոսովոյի դեպքում է կիրառվել: Արցախի դեպքում անջատում տեղի ունեցե՞լ է, որ խոսենք այդ մոդելից:
-Տպավորություն է, որ վարչապես Փաշինյանին պարբերաբար «կողքից» հուշում են այս կամ այն գաղափարը, որը նա տեղում սեփական կարողությունների սահմաններում վերաիմաստավորում ու անմիջապես ներկայացնում է հանրությանը՝ առանց հաշվի առնելու դրա հնարավոր ռիսկերը և հետևանքները։
-Մարդասիրական հրադադարի ռեժիմը թշնամին արդեն երրորդ անգամ չի պահպանում: Կարո՞ղ ենք ասել, որ նրա նկրտումները շատ ավելին են, քան վիճահարույց 5 կամ 7 շրջանները:
-Ալիևը բազմիցս ասել է՝ իր հավակնությունների դաշտում ամբողջ Հայաստանն է։ Քաղաքական շիզոֆրենիայի նման արտահայտություններն այսօր կրկնում է նաև Ադրբեջանի հասարակությունը, վերարտադրում են տարաբնույթ տեղեկատվական աղբյուրներ։ Նման նկրտումներ ունի Թուրքիան, օրինակ՝ Ղրիմի, Չինաստանն ու Ճապոնիան՝ Սիբիրի և Հեռավոր Արևելքի ռուսաստանյան տարածաշրջանների հանդեպ, և այդպես շարունակ։ Այս ամենին միակ համարժեքը պետք է լինի պետականության հենքերի մշտական միասնական ամրապնդումը։
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ