Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պատերազմ և խաղաղության» նոր տարբերակը․ «վաճառված է» Արցախը, վտանգված է Հայաստանը

«Պատերազմ և խաղաղության» նոր տարբերակը․ «վաճառված է» Արցախը, վտանգված է Հայաստանը
11.11.2020 | 21:08

«Ես հեռանում եմ, և ժամանակը ցույց կտա, թե ով է վաճառում Արցախը», - 1998 թվին ասել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հրաժարականի ելույթում։ Ժամանակը ցույց տվեց՝ 2020- ի նոյեմբերի 10-ին ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը վաճառեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի սանիկը։

Զուգադիպություն էր սա թե օրինաչափություն․ հենվենք փաստերի վրա։ 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ կուսակցությունների պահանջով քանի որ ՀՀ առաջին նախագահը պատրաստվում էր Ադրբեջանի հետ բանակցություններում վավերացնել խայտառակ «5+2»՝ փուլային համաձայգիրը։ Այսինքն այն ինչ չհաջողվեց քավորին հաջողացրեց սանիկը, դեռ մի բան էլ ավել։ 1998-ին խոսքը գնում էր 7տարածքների հանձման մասին,իսկ Սյունիքից դեպի Ադրբեջան ճանապարհ բացելու մասին խոսք ընդհանրապես չի եղել ։ Նիկոլ Փաշինյանը ինչպես ասում են «с барского плеча» 7 տարածքներից բացի մի բան էլ ավելի նվիրեց Ադրբեջանին, իսկ Սյունիքից մինչև Նախիջևան ճանապարհի բացումը Փաշինյանը իր կողմից հանձնեց։ Այսպիսով նա ոչ միայն արցախցիներին զրկեց իրենց պատմական հայրենիքից, այլև վտանգի տակ դրեց Հայաստանի վաղվա օրը, Սյունիքով միջանցք բացելով ադրբեջանցիների և թուրքերի համար։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանից մի հարցում ևս առաջ անցավ։ Լավ հասկանալով, որ կարող է արժանանալ նույն գահավիժման ճակատագրին ՝ գաղտագողի գործարքի մեջ մտավ թշնամու հետ ու հայկական հողերը «փեշքեշ» արեց թուրքին։


Եվ բոլորովին էլ պատահական չէր որ Փաշինյանը և «Իմ քայլի» պատգամավորները այդպես էլ չանդրադարձան 2020-ի գարնանը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետևյալ հայտարարությանը .« Հայ ժողովուրդը գիտի՞ որ բանակցությունների սեղանին դրված է Արցախի հարցի լուծման փուլային տարբերակը»։ Ցավոք այս մեսիջը իշխանությունները խեղդեցին կոռուպցիայի դեմ պայքարի անգիր արած տեքստերով։ Ըստ երևույթին դա հատուկ մանյովր էր ժողովրդին Ղարաբաղյան հիմնախնդրից շեղելու համար։


Անգամ այսօր, երբ Արցախն ամբողջությամբ, իսկ Հայաստանը, կարելի է ասել, ինչ-որ իմաստով դավադրաբար հանձնված է Ադրբեջանին՝ Նիկոլ Փաշինյանը իր հերթական լայվում մեղքն իր վրայից գցելով ասում է. «Ովքեր 20 տարի հարկ չեն վճարել, այսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում»։ Գուցե և հարկ չեն վճարել, բայց հայրենիք չեն դավաճանել և հայ ժողովրդի արյան վրայով չեն անցել։


Ի դեպ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երևի թե ոգևորված էր Նիկոլ Փաշինյանի այս լայվից և նրա մեղայական ուղերձը մեղադրական հնչեց հայ ժողովրդի նկատմամբ։ Այլ կերպ ասած, նա ներողության փոխարեն թուրքի ջրաղացին ջուր լցրեց։ Ինչևէ։
Այն, որ այս կապիտուլյացիոն խայտառակ պայմանագիրը կնքվել է ոչ պահի թելադրանքով ՝ հասկանալի է դառնում, եթե հետևեք Նիկոլ Փաշինյանի այս երկու տարիների ելույթներին։ Մեջբերենք մի քանիսը. «Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի և Հայաստանի և Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին», «Մենք բանակցությունները կառուցել ենք նոր մոտեցումով»։ Ինչպես տեսանք, նոր մոտեցունը հայանպաստ չեղավ։ Իսկ այս վերջին հայտարարությունները ուղղակի ցնցող էին ։ Սեպտեմբերի 27-ին պատերազմի առաջին օրը ԱԺ -ում նա հայտարարեց. «Եկեք պայմանավորվենք մի բան ինչ էլ լինի մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի։ », իսկ արդեն նոյեմբերի 10-ին ասաց. «ՌԴ- ի և Ադրբեջանի նախագահների հետ արցախյան պատերազմը ժամը 00:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել։ Հայտարարության տեքստը, որն արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է ինձ համար և մեր ժողովրդի համար։ Սա հաղթանակ չէ , բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։


Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ ստորագրված փաստաթուղթը չի բխում Հայաստանի անվտանգության շահերից և ամեն գնով այն պետք է չեղարկել։ Ըստ ամենայնի դա հնարավոր է, քանի որ, մասնագետների հավաստմամբ, այն կազմված է օրենքների խախտումներով։ Եվ ևս մի փաստ․ Հայաստանի անկախության 29 տարվա պատմության մեջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտավ որպես պատերազմը հաղթող նախագահ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մտան որպես խաղաղությունը պահպանող նախագահներ իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դավաճանաբար հող հանձնող։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 35619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ