Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աստված տվել էր, Աստված էլ տարավ»

«Աստված տվել էր, Աստված էլ տարավ»
19.01.2016 | 00:33

Երևանի Արին-Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ընկերության բենզալցակայանների պահեստում հունվարի 17-ին բռնկված հրդեհը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Դեպքին անդրադարձան գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները (օրը կիրակի էր, և թերթերը, բնականաբար, լույս չէին տեսնում), իրազեկելով, որ հրդեհի վայր են ժամանել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տասը մարտական հաշվարկ, Հարավկովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացք, մեկ ավտոսանդուղք: Ձեռնարկված օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է շրջանցել պայթյունավտանգ իրավիճակը, կատարվում է հետաքննություն: ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի փոխանցմամբ` հրդեհի բռնկման տարբեր վարկածներ են քննվում, և քանի դեռ հետաքննությունն ընթացքի մեջ է, ոչ մի ստույգ բան հնարավոր չէ ասել, այդ թվում` պատճառված վնասի չափի մասին։
Կատարվածի առնչությամբ մենք փորձեցինք առավել հանգամանալից պարզաբանումներ ստանալ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանից:
«Աստված տվել էր, Աստված էլ տարավ,- մեզ հետ հեռախոսազրույցում իրեն հատուկ բարեհոգի հումորով ասաց հայտնի գործարարը։ -Փառք եմ տալիս Աստծուն, որ զոհեր չկան: Մարդկային կյանքը անգնահատելի արժեք է, նյութական վնասը` վերականգնելի: Թե ինչ ծավալի վնաս է պատճառվել, այս պահին կդժվարանամ ասել, հետաքննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա, այդ թվում` դիտավորությո՞ւն էր տեղի ունեցածը, թե՞ պատահականություն: Ես հակված եմ կարծելու, որ պատահականություն է, անզգուշության հետևանք: Չեմ զլանա կրկին ու կրկին փառք տալ Աստծուն, որ փորձանքի ժամին իր ամենակարող աջով հեռու է վանել մեզնից ողբերգությունը: Իսկ նյութական կորուստը, մեկ անգամ էլ ասեմ, կվերականգնվի: Դա էլ է Աստծո ձեռքին»:


Դե ինչ, մեզ մնում է հաջողություն մաղթել փորձության ժամին անգամ մեծահոգի բարությունը չկորցնող գործարարին, ում շնորհիվ հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում կայուն աշխատատեղ ունեն: Եվ ուրեմն` հավատ վաղվա օրվա հանդեպ, ինչն այնքան անհրաժեշտ է այսօր հայ մարդուն:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 7491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ