Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հէկերի սեփականատերերի թիկունքում կանգնած ինչ-որ կասկածելիներ փորձում են մարդկանց սպառնալ, ահաբեկել, ինչը դատապարտելի է

Հէկերի սեփականատերերի թիկունքում կանգնած ինչ-որ կասկածելիներ փորձում են մարդկանց սպառնալ, ահաբեկել, ինչը դատապարտելի է
06.07.2018 | 02:25

Փոքր հէկերը Հայաստանում խիստ շահութաբեր են: Ինչպես ամեն մի գերշահութաբեր ոլորտի պարագայում, ինչ-որ օլիգարխներ և օլիգարխիկներ, մեծ փողեր և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ ազդեցիկ կապեր ունեցող ինչ-ինչ անձինք, իսկ որոշ դեպքերում այդ պաշտոնյաներն իրենք, հիմնականում այլոց անուններով, Հայաստանի տարբեր գետերի վրա, մի շարք դեպքերում նույնիսկ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանցմամբ, իրար հետևից կառուցել են փոքր հէկեր:


Չնայած այն հանգամանքին, որ փոքր հէկերը գետերի, դրանցում գտնվող կենդանական ու բուսական աշխարհների համար անվնաս չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, ավելին` մեծ վնաս են պատճառում նաև գյուղատնտեսությանը, գյուղացիներին, քանի որ հէկերի գործունեության հատվածում գետերն ամռան սեզոնին գրեթե ցամաքած են, ու մարդիկ չեն կարողանում ոռոգել իրենց հողատարածքները, ոմանք, թեկուզ մեր բնաշխարհին լուրջ վնաս պատճառելու գնով (կարծես եղած հէկերը քիչ են…), փորձում են կառուցել նորերը:
Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բնակիչներն այլևս չհանդուրժելով Եղեգիս գետի վրա բազմաթիվ փոքր հէկերի կառուցումը, ոտքի են ելել պայքարի: Նրանք թեև բացել են ավտոճանապարհը, սակայն շրջափակել են Շատինի գյուղապետարանի շենքը:
Տեղի բնակիչների հավաստմամբ, տասնինը հէկ արդեն կառուցված է, չորսն էլ կառուցման ընթացքում է: Հէկերի գործունեությամբ ոտնահարվում են նրանց շահերը. մասնավորապես` ամռան սեզոնին գետի հսկայական հատվածների գրեթե ցամաքելու հետևանքով առաջացել է գետից ջուր վերցնելու և իրենց հողատարածքները ոռոգելու անհնարինություն կամ դժվարություն:


Ընդգծենք, որ նշված հէկերի գործունեությամբ, ըստ մասնագետների, մեծ վնաս է պատճառվում նաև Եղեգիս գետի ձկնաշխարհին և էկոլոգիական վիճակին ընդհանրապես: Ըստ Վայոց ձորի մարզում տնտեսական գործունեություն ծավալող ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանի, երբ 2 տարի առաջ բարձրացրել են Եղեգիս կիրճում հէկերի հետ կապված ապօրինի գործողությունների հարցը, որոշ լրատվամիջոցներ իրենց առաջարկել են փաստերով ներկայացնել:


«Մենք լուսանկարեցինք բոլոր հէկերը, նույնիսկ հէկերի սեփականատերերի անուններով դուրս եկանք հանրության առաջ,- ասաց Տիգրան Եղոյանը:- Հիմա խոսում ենք հէկերի օգտակարության և վնասակարության մասին: Ես առիթից օգտվելով, նախ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել` նախկին իշխանությունների օրոք երբ հարցը բարձրացրինք, եղավ իմ հանդեպ ձերբակալություն, եղան իմ հանդեպ մահափորձեր: Իրավիճակը փոխվել է, ես չեմ ուզում այսօր խոսել այդ ժամանակներից: Իսկ երբ այսօր փորձում ենք հարցը բարձրացնել, որոշ լրատվամիջոցներ մեզ ուլտիմատում են ներկայացնում, որ եթե դուք քննադատում եք գյուղատնտեսության նախարարությանը, ուրեմն դուք դեմ եք թավշյա հեղափոխությանը»:
Տիգրան Եղոյանն իր խոսքն ուղղելով պետական չինովնիկներին և որոշ լրատվամիջոցների, հավաստեց, որ երբ իրենք քննադատում են հանրապետական կուսակցությանը, դա չի նշանակում, որ դեմ են նժդեհյան գաղափարախոսությանը, երբ քննադատում են ՀՅԴ-ին իրենց նախարարների ոչ ճիշտ քաղաքականության համար, չի նշանակում, որ դեմ են ավանդական կուսակցությանը: Այսինքն` երբ քննադատում են ներկայիս նախարարներից ոմանց, նմանապես չի նշանակում, որ դեմ են թավշյա հեղափոխությանը, հետևաբար, չի կարելի խնդիրը նենգափոխել:


«Դիմեցինք ներկայիս բնապահպանության նախարարին, անձամբ ես խոսել եմ պարոն Էրիկ Գրիգորյանի հետ,- ասաց ֆերմերը:- Պարոն Գրիգորյանին հայտարարեցի, որ այս պահի դրությամբ Եղեգիս գետի վրա, հենց ակունքին մարդիկ փորձում են գետի հունը փոխել: Սա արդեն վայրագություն է, սա արդեն հանցագործություն է: Այդ տարածքը մոտավորապես 23 կմ տարածք է, հունից որոշ օլիգարխներ փորձում են խողովակներով ջուրը տեղափոխել: Պարոն Գրիգորյանն ինձ հայտնեց, որ եռօրյա ժամկետում կարձագանքի: Եվ ի՞նչ ստացվեց. նա հայտարարեց, որ կասեցվել է արդեն` մինչև մասնագիտական որոշակի խումբ գործուղվի, տեղում ուսումնասիրվի: Սակայն դրանից հետո էլ հէկի կառուցման աշխատանքները շարունակվեցին, անձամբ եմ ականատես եղել լուսադեմին երկու բեռնատարով խողովակների տեղափոխմանը Եղեգիսի կիրճ»:


Տիգրան Եղոյանի հավաստմամբ, այստեղ կա լուրջ կոռուպցիա, որովհետև երբ իրենք խոսել են, ասենք, գյուղապետերի հետ, մասնագետների հետ, հարցրել` եղե՞լ են հանրային լսումներ, թե՞ ոչ, բոլորն էլ հայտարարել են, որ հանրային լսում չի եղել, այսինքն` օրենքի պահանջը խախտվել է:
Ըստ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանի, ստացվում է, որ Սևանա լճում կառուցված բոլոր փոքր հէկերն օրենքը շրջանցել են: Իսկ ո՞ր օրենքը…
«Կա օրենք «Կենդանական աշխարհի մասին», որտեղ հստակ գրված է, որ այն տեղերը, որոնք հանդիսանում են էնդեմիկ կամ վտանգված («Կարմիր գրքում» գտնվող) կենդանիների բազմացման վայր, այնտեղ արգելված է որևէ գործունեություն,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:- Մեր հիմնական գետերը Սևանա լճում ինն են, որոնք հանդիսանում են հիմնական ձվադրավայր մեր էնդեմիկ ձկնատեսակների` Սևանի իշխանի, Սևանի բեղլուի և Սևանի կողակի համար: Փաստորեն այդ բոլոր գետերում պետք է արգելված լիներ, բայց համարյա բոլորի վրա հիմա կան փոքր հէկեր, ինչն արդեն հակասում է կենդանական աշխարհի մասին Հայաստանի օրենսդրությանը: Այն, որ, փաստորեն, Սևանա լճի ավազանի բոլոր գետերն այն պայմանները չունեն, որ մեր էնդեմիկ ձկնատեսակները կարողանան բազմանալ, փաստ է»:


Գիտնականի հավաստմամբ, ստացվում է, որ պետությունը Սևանա լճի համար բավական մեծ գումարներ է ծախսում, այնտեղ բաց է թողնում իշխանի մանրաձկներ, ուր նրանք զարգանում, մեծանում են, և երբ որ պետք է գնան այդ գետերում բազմանալու, չեն կարողանում, դրա հնարավորությունը չունեն:
«Եվ խոսել այն մասին, որ մենք ունենք ձկան վերականգնված պոպուլյացիա Սևանա լճում, չենք կարող, քանի որ մինչև չլինի բնական վերարտադրություն, խոսել վերականգնման մասին չի կարելի, ինչքան էլ լցնեն,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:- Վերջապես, պետությունը չի կարող ամեն տարի գումար ծախսել, լցնել այդ մանրաձուկը լիճ, այս կողմից լցնել, իսկ այն կողմից որսագողերն օգտվեն, որսան»:


Կարող ենք հավաստել, որ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավարի վերոնշյալ ահազանգը միանգամայն համապատասխանում է իրականությանը: Հետևաբար ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու ծառայությանը կոչ ենք անում զբաղվել գիտնականի հնչեցրած փաստերի քննությամբ, գնալ դրանց հետքերով, այդ փաստերին տալ համապատասխան ընթացք` պարզել, թե ինչպես, ում հանցավոր գործունեության կամ անգործության արդյունքում է հնարավոր դարձել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հիշյալ պահանջի ոտնահարմամբ Սևանա լիճ լցվող գետերի վրա բազմաթիվ փոքր հէկերի կառուցումը:
Անհրաժեշտ է պարզել նաև Սևանա լճում տեղական իշխանի պաշարների վերականգնման հայտարարված նպատակով պետական բյուջեից ահռելի միջոցների մսխումը հօգուտ ձկնագողերի, Սևանի իշխանի պաշարների վերականգնման ծրագրի գրեթե զրո արդյունավետություն ունենալու բոլոր պատճառները և այս ամենում առկա կոռուպցիան:
Փոքր հէկերը, իհարկե, այլընտրանքային էներգիայի աղբյուր են և, իրոք, դրանց շնորհիվ Հայաստանից ջերմոցային գազերի արտանետումները նվազում են, բայց…


«Գլոբալ առումով դա, իհարկե, օգուտ է, էկոլոգիապես մաքուր է և այլն,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:- Բայց եթե մենք տեղային մասշտաբով ենք նայում, ապա պարզ է, որ այդ ջրառը, որը կատարվում է այդ փոքր հէկերով, ազդում է էկոհամակարգի վրա, այսինքն` այդ տարածքը, որը գտնվում է այդ խողովակի երկարությամբ, փաստորեն զրկվում է ինչ-որ քանակի ջրից, դա ես դեռ նորմայով եմ ասում… Միևնույն է, այդ ջուրը որ վերցվում է, ջրի քանակը քչանում է, ինչը նշանակում է, որ փոփոխվում է ջրի արագությունը, փոփոխվում է ամենակարևորը` ջրի ջերմաստիճանը, իսկ ջրի ջերմաստիճանի փոփոխություններն անպայման հանգեցնում են բոլոր տարրերի ֆիզիկաքիմիական փոփոխությունների, ինչը պարզ է, որ ազդում է և՛ կենդանական, և՛ բուսական աշխարհի վրա, այսինքն` էկոհամակարգը խախտվում է»:
Ըստ գիտնականի, եթե էկոլոգիական հոսքերը նույնիսկ պահպանվեն, խախտվում են ձկների ձվադրության բնական պայմանները, կրճատվում են ձվադրավայրերը, եթե գտնվում են այդ մասերում, կերային բազան, մանրաձկների թաքստոցները և այլն, և այլն: Բարդուխ Գաբրիելյանի հավաստմամբ, ասել, որ փոքր հէկերն անվնաս են, օգտակար են, անշուշտ, չի կարելի, քանի որ դրանք տեղական առումով, պարզ է, որ վնասակար են:
«Մենք չենք կարող զրկվել այդ բանից (փոքր հէկերի կառուցումից.- Ա. Հ.), բայց հարց է, թե դրանք որտե՞ղ են կառուցվում,- ասաց հիշյալ կենտրոնի տնօրենը:- Պետք է անպայման անցկացվեն ուսումնասիրություններ, թե որ գետում կարելի է, որ գետում չի կարելի, և որ տեղերում…»:


«Չեմ կարծում, թե մեր առաքելությունը պետք է ավարտվի այդքան շուտ,- ասաց Տիգրան Եղոյանը:- վստահ եմ, որ ժողովուրդը մինչև վերջ գնալու է, և մենք նրանց հետ այս ակցիան կազմակերպել ենք: Գեղհովիտի տարածքից և Վերին, Ներքին Գետաշեններից զանգահարել են մարդիկ և ասում են, որ ուզում են հարձակվել, հէկերը քանդել: Դիմում եմ մեր այսօրվա իշխանություններին, որ սա շատ լուրջ հարց է, որովհետև մարդիկ բարձրաձայնում են մի խնդիր, որն արդեն դարձել է անվերահսկելի… Առիթից օգտվելով, մեկ անգամ ևս դիմում եմ Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքի ամբողջ ազգաբնակչությանը` պայքարը շարունակեք ավելի մեծ թափով ու երբեք հետ չկանգնեք որևիցե պետական չինովնիկի ստահոդ, վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ունեցող հայտարարություններից: Մեկ անգամ ևս դիմում եմ Վայոց ձորի այդ որոշ տղաներին… Գալիս են մարդիկ, թե, գիտեք ինչ, մենք կռված տղաներ ենք, մենք երկրապահ ենք, չգիտեմ ինչ զահրումար ենք, ինձ ասում են` մի կպեք Բագրատյան Սերգեյին, մի կպեք Արսենյանին… Ամբողջ հայ ազգը երկրապահ է, «գավիադին» գողացած, 13 տարեկան երեխայի հավատը կորցրածների հովանավորության ներքո գտնված այդ լակոտները երկրապահ չեն, որ այսօր գալիս են ու փորձում ահաբեկել: Նրանց բարբաջանքներին արհամարհանքով եմ վերաբերվում:


Դիմում եմ մեր ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը` մեր տարածքում գիշերն արդեն սկսում են տարբեր մեքենաներ գալ, փորձում են նորից վախի մթնոլորտ ստեղծել: Չի կարելի այսպես շանտաժ անել, կրկնվում է հին սխալը: Մինչև վերջ գնալու ենք, միևնույն է, պնդում եմ ևս մեկ անգամ, որ այդ հէկերը չեն համապատասխանում որևէ միջազգային ստանդարտի: Կա հսկայական կոռուպցիա, կա թալան այստեղ, և դրանց թիկունքում կանգնած են ամենաբարձրաստիճան պետական պաշտոնյաներ: Առիթից օգտվելով, ուզում եմ Եղեգիս խոշորացված համայնքի ժողովրդին հայտարարել, որ երբեք տեղի չտան նման մարդկանց հայտարարություններին, պայքարեն մինչև վերջ, պայքարեն իրենց իրավունքների համար, այդ գետի մոտ, որ հարյուրավոր տարիներ ծվարել եք ու արմատ եք ձգել, պաշտպանեք ձեր բնությունը, ձեր ջուրը»:
Ըստ Տիգրան Եղոյանի, հիշյալ հէկերի սեփականատերերի թիկունքում կանգնած ինչ-որ կասկածելիներ փորձում են մարդկանց սպառնալ, ահաբեկել, ինչը դատապարտելի է: Մենք նույնպես իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում ենք ֆերմերի վերոնշյալ ահազանգի վրա:
Վաղուց ժամանակն է Հայաստանում հէկամոլությունը զսպելու ուղղությամբ քայլեր կատարելու:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ