Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հեղափոխությունը, նախ և առաջ, մարդկանց գիտակցության մեջ պետք է տեղի ունենա»

«Հեղափոխությունը, նախ և առաջ, մարդկանց գիտակցության մեջ պետք է տեղի ունենա»
23.11.2018 | 02:09

Հեղափոխությունները պատմաբան ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ բաժանում է երկու խմբի. հեղափոխություններ, որոնք ունենում են դրական հետևանքներ, և հեղափոխություններ, որոնք հանգեցնում են բացասական զարգացումների։

Պատմաբանը նկատում է, որ հեղափոխությունների մի մասը բացասական հետևանքներ է ունեցել ոչ միայն տվյալ երկրի, այլև գլոբալ հասարակության համար։ Դասական օրինակ է համարվում ֆրանսիական հեղափոխությունը։ 1789 թվականին սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որի նպատակը միապետական կարգերի տապալումն ու հանրապետական կարգերի հաստատումն էր։ Լուսավորչական շարժումը պետք է հանգեցներ հանրապետական կարգերի հաստատմանը։ Սակայն մինչև 1799 թվականը տևած այս հեղափոխությունը ոչ մի դրական տեղաշարժ չարձանագրեց Ֆրանսիայում։ Հակառակը՝ միապետական կարգերը ոչ միայն չվերացան, այլև, ընդհանուր առմամբ, փոփոխությունները հանգեցրին բացարձակ միապետության՝ ի դեմս Նապոլեոն Բոնապարտի իշխանության հաստատման։ Ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքում ստեղծվեց մի նոր՝ կայսերական միապետություն, և Նապոլեոնն իրեն հռչակեց կայսր։ Այսինքն՝ այն նպատակը, որ հետապնդում էր Ֆրանսիական հեղափոխությունը, այդ փուլում չիրագործվեց։ Թերևս, երկար ժամանակ էր պետք, որպեսզի Ֆրանսիան դառնար հանրապետական։


Դիտարկենք հեղափոխության մեկ այլ օրինակ՝ ավելի դրական ներգործություն ունեցած անգլիական հեղափոխությունը, որ տեղի ունեցավ 17-րդ դարում։ Այն սկսվել էր դեռևս 17-րդ դարի սկզբին և ավարտվեց 17-րդ դարի վերջին։ Այդ երկարատև ժամանակահատվածում թեև միապետությունը չվերացավ, սակայն երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։
Մեզ հետ զրույցում Կարեն Սիրունյանը բերում է հեղափոխության մեկ այլ օրինակ՝ ռուսական հեղափոխությունը, որը որևէ առաջընթաց չարձանագրեց, հակառակը՝ արձանագրեց բացարձակ հետընթաց. «1917 թ. հեղափոխությունը, իմ սուբյեկտիվ կարծիքով, Ռուսաստանը 200 տարով հետ գցեց։ Եվ այսօր Ռուսաստանում տիրող շատ երևույթներ կապված են բոլշևիկյան հեղափոխության հետ»։


Ըստ պատմաբանի՝ հեղափոխություն ասվածը չի սկսվում ինչ-որ պահի և ավարտվում որոշակի ժամանակահատվածում, այն շարունակական գործընթաց է։ «Ճիշտ է, չնայած այս հանգամանքին, կան հեղափոխություններ, որոնք միանգամից արձանագրում են կտրուկ տեղաշարժեր, և պատմական զարգացումներն այդ երկրներում շատ արագ են տեղի ունենում։ Օրինակ, ԱՄՆ-ում տեղի ունեցած հեղափոխությունը ֆենոմենալ է այս առումով և իր նախադեպը չունի մարդկության պատմության մեջ։ Խոսքը 1776 թ. Անկախության հռչակագրի ընդունման և դրան հետևած զարգացումների մասին է։ Հաջորդ հարյուրամյակում արդեն՝ 1860-65 թվականներին, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմն ուղղված էր ստրկատիրության վերացմանը, ինչը մեծ հեղափոխություն էր։ Շատ կարճ ժամանակաշրջանում մարդիկ հաղթահարել են բոլոր ֆորմացիաները՝ ստրկատիրությունից հասնելով զարգացած կապիտալիզմի։ Երբ համեմատենք Ֆրանսիայի, Գերմանիայի կամ այլ երկրների հեղափոխության հետ, կտեսնենք, որ նրանց համեմատ ԱՄՆ-ում գործընթացներն անհամեմատ արագ են տեղի ունեցել»,- ասում է Կարեն Սիրունյանը։


Հայկական հեղափոխությանն անդրադառնալով՝ Կարեն Սիրունյանը նշում է, որ մարդկանց մտքերում հեղափոխությունը հայկական իրականության մեջ սկսվել է դեռևս Արևմտյան Հայաստանում ազատագրական շարժմանը զուգահեռ, երբ ստեղծվեցին կուսակցությունները. «Սա կարելի է համարել հեղափոխության օրինակ, մեզ մոտ հեղափոխությունը սկսվեց 130-140 տարի առաջ՝ 1870-90-ական թվականներին, երբ մեր հանրության շրջանակներում առկա էր մարդկանց գիտակցության փոփոխություն։ Այդ ժամանակ նպատակը համախմբվելը և Արևմտյան Հայաստանն ազատագրելն ու անկախացնելն էր։ Սակայն այդ հեղափոխական պրոցեսները համընդհանուր չդարձան, որքան էլ կուսակցությունները նպատակ էին հետապնդում շարժումը դարձնելու համընդհանուր։ Համընդհանուր գաղափարական շարժ հայ հասարակությունն ունեցավ միայն նշված իրադարձություններից մոտ 100 տարի անց, երբ գորբաչովյան վերակառուցման տարիներին մեր մեջ արթնացավ ազատագրվելու գաղափարը, բայց այս անգամ ոչ թե մի քանի հարյուր մարդու մեջ, այլ ամբողջ ժողովրդի շրջանում։ Մարդիկ ոտքի կանգնեցին իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Ես համարում եմ, որ այդ գործընթացը մեզ համար 100 տարի ժամանակ պահանջեց։ Այս հեղափոխությունների մեջ մի քանի բան ինձ համար խիստ կարևորվում է։ Նախ և առաջ՝ գիտակցության փոփոխությունը։ Մի դեպքում մարդկանց գիտակցության մեջ փոփոխությունները շուտ են տեղի ունեցել, մեկ այլ դեպքում՝ ավելի ուշ։ Ես այդ շարժումներում կարևորում եմ հենց գիտակցության փոփոխության հանգամանքը։ Եթե գիտակցության փոփոխությունն արագ է տեղի ունենում, մարդիկ ավելի շուտ են արձանագրում հաջողություններ։ Դանդաղ փոփոխության դեպքում հաջողությունները տեղի են ունեցել դանդաղ կամ ընդհանրապես տեղի չեն ունեցել։ Օրինակ, ԱՄՆ հեղափոխության համար մարդիկ բավականին լայն գիտակցական հենք ունեին։ Այդ մարդիկ ԱՄՆ հիմնականում եկել էին այնպիսի երկրներից, որտեղ ենթարկվել էին ճնշումների և որոշել էին գալ մի երկիր, որտեղ ցանկանում էին ազատ ապրել, և դա նրանց կարող էր հաջողվել»։


Ռուսական հեղափոխության համար, օրինակ, գաղափարական հենքը պատրաստ չէր։ Կայսերական միապետության իշխանության ներքո դժվար թե ժողովուրդը լայն առումով մտածեր ժողովրդավարական ազատության կամ քաղաքական, տնտեսական փոփոխությունների մասին։ Այդ պատճառով այս գաղափարները Ռուսաստանի համար ժամանակավրեպ էին, և փոփոխություններ չարձանագրվեցին, հասարակությունը պատրաստ չէր դրան, գտնվում էր լճացած վիճակում, խավարի մեջ։
Նույնը կարելի է պրոյեկտել նաև հայաստանյան արդի հեղափոխության վրա։ Հայաստանում, ըստ մեր զրուցակցի, տեղի է ունեցել գործընթաց, որը չի ավարտվել։ Այն ընթացքի մեջ է։ Կարեն Սիրունյանը նկատում է, որ հեղափոխությունների ժամանակ լինում են առաջնորդներ, որոնք շատ արագ հասարակության շրջանում իդեալականացվում են, ինչն ունենում է իր դրական և բացասական հետևանքը. «Բացասական հանգամանքը, ըստ իս, ավելի շատ է, որովհետև հասարակությունը մտածելով, որ առաջնորդը իդեալական կերպար է, արդեն ինչ-որ բան սկսում է ձախողել։ Կուռքեր դարձնելուց զատ մարդիկ պետք է հասկանան, որ իրենք էլ իրենց մեջ պետք է փոփոխություններ կատարեն։ Եթե գիտակցական մակարդակում փոփոխություն տեղի չի ունենում, մարդիկ շարունակում են անգործության մեջ մնալ ու վստահել միակ ու եզակի առաջնորդին, որպեսզի նա իրենց փոխարեն գործի։ Ի դեպ, հայկական հասարակության մեջ կա նման մտայնություն։ Մեր հասարակությունն իր առաջնորդին դիտարկում է որպես ամենազորի (խոսքը միայն ներկա առաջնորդի մասին չէ), որ իրենց փոխարեն պետք է լուծի բոլոր հարցերը։ Այժմ մենք ապրում ենք նոր Հայաստանում, բայց մարդիկ չեն ցանկանում փոխվել։ Սա պարադոքս է և հեղափոխության բացասական կողմն է»։


Կարեն Սիրունյանը նշում է, որ իր դիտարկած բոլոր դեպքերում հեղափոխությունները առանց արյունահեղության չեն կայացել։ Հայաստանում, սակայն, արյունահեղություն տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ մարդիկ հասկացան, որ իրար վրա չի կարելի կրակել, չի կարելի սպանել դիմացինին, եղբորը, հայրենակցին։ Բայց այդ դրական մտայնությունը մի տեսակ չեզոքացվում է այն մտայնությամբ, որ կատարելով հեղափոխություն, մասնակցելով հանրահավաքի՝ մարդիկ կարծում են, թե դրանով իրենց առաքելությունն ավարտվել է։
«Եթե նոր Հայաստանում մարդիկ շարժվեն հին կարգերով ու տրամաբանությամբ, պետք է համարենք, որ գրեթե ոչինչ չի փոխվել։ Մարդն ինքը պետք է մտածի, որ չպետք է գողանա, պետք է հարգի դիմացինի իրավունքները, չպետք է կեղտոտի շրջապատը, կարգապահ պետք է լինի։ Եթե գիտակցության մեջ նա չի փոխվել, չի կարող հարմարվել նոր իրավիճակին։ Այս տեսակետից ինձ համար կարևոր է արիստոտելյան մոտեցումը. մարդը ոչ թե պետք է սպանի կամ հանցագործություն կատարի նրա համար, որ հասարակության մեջ կան բարոյական, իրավական նորմեր, այլ չի կատարի այդ քայլերը, քանի որ դրանց ընդունակ չէ։ Եվրոպական հասարակություններում այժմ աշխատում են հենց այդ մեթոդով։ Այս նորմը պետք է կիրառվի մեզ մոտ։ Գիտակցության փոփոխությամբ են պայմանավորված մեր քաղաքական, տնտեսական, հասարական փոփոխությունները, սոցիալ-տնտեսական, քաղաքական հարաբերությունների կարգավորումը։ Եվ ես չեմ կարծում, որ իմ ծանոթին պետք է բերեմ աշխատանքի միայն նրա համար, որ իմ ծանոթն է, այլ նրա համար, որ ինչ-որ որակներ ունի։ Այս մտայնությունը կտա շոշափելի արդյունքներ։ Առայժմ նկատելի է, որ մարդիկ մատնված են անգործության՝ կարծելով, թե իրենց գործը վերջացել է։ Սակայն հեղափոխությունը շարունակական գործընթաց է, և մարդիկ պետք է իրենց վրա աշխատեն։


Իմ բերած օրինակից պարզ էր, որ համընդհանուր հեղափոխության հասնելու համար 100 տարի պահանջվեց։ Ցանկացած քաղաքականություն ճիշտ է, երբ անհնարը դարձնում ես հնարավոր։ Պետք է խելացի լինել, ժամանակը ճիշտ օգտագործել, այդ դեպքում միայն մենք կկարողանանք շատ մեծ դիվիդենդներ շահել այս իրավիճակից։ Պատմությունը մեզ այդ հնարավորությունը տվել է, ուղղակի պետք է աշխատենք։ Ցավոք, այդ աշխատանքը չեմ տեսնում։ Պետք է աշխատել ջանասիրաբար, յուրաքանչյուր մարդու փոփոխության համար։ Եվ դա մի քանի օրվա, մի տարվա, 10 տարվա խնդիր չէ։ Ամեն ինչ իրականում պետք է սկսել դպրոցից, նույնիսկ մանկապարտեզից։ Եթե մենք հենց այսօր սկսենք փոփոխությունները, աշխատենք մտածելակերպի փոփոխության, արատավոր բարքերի վերացման ուղղությամբ, մեզ առնվազն մի երկու սերնդափոխություն պետք կլինի։ Արդյոք այդքան կամք, գիտակցություն ունե՞նք, որպեսզի այդ փուլը հաղթահարենք»,- եզրափակեց պատմաբանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 12924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ