Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը
12.02.2019 | 02:23

(Նախորդ մասը)

Թիֆլիսի հայ գրական շրջանակի անդամներից էր Ռուբեն Խանազատը: Կարճահասակ, խոշոր սապատով, մշտուրախ, հաճելի զրուցընկեր և սեղանակից էր, Թումանյանի հետ էլ բարեկամ:
1911-ին Թիֆլիսի Վերայի այգիներից մեկում Շիրվանզադեի հոբելյանական ճաշկերույթն էր: Բացված էր մի երկար սեղան 200-300 հոգու համար: Թամադան, իհարկե, Թումանյանն էր, որ հոբելյարի և մի խումբ գրողների հետ նստած էր սեղանի մեկ ծայրը: Ռուբեն Խանազատը նստած էր երկար սեղանի կենտրոնում:
Բնական է, որ ամեն ոք ուզում էր լսել թամադայի խոսքը, այն էլ այդպիսի հանդիսավոր առիթով:


Հովհ. Թումանյանը ոտքի էր ելել խոսելու, երբ Ռ. Խանազատը իր տեղից խոսք ուզեց: Շուրջինները փորձեցին լռեցնել Խանազատին:
-Սպասեցեք,-ասաց Թումանյանը,-սպասեցեք տեսնեմ թե ինչ ա ասում:
-Հովհաննես,-Թումանյանին դիմեց Ռ. Խանազատը,- այս կողմը նստած ժողովուրդն էլ քո ժողովուրդն է և ուզում է լսել քո խոսքը: Դրա համար առաջարկում եմ, որ սեղանի այդ ծայրից գաս այստեղ, մեջտեղը նստես, որպեսզի ամենքս էլ լսենք քեզ:
-Վերջացրի՞ր,- հարցրեց Թումանյանը, ապա դառնալով ներկաներին և ձեռքը մեկնելով դեպի Խանազատը, ասաց:-Ա՛յ խալխ, էդ մարդը, որ էդտեղից էդպես մեծ-մեծ խոսում ա, չկարծեք թե ինքն էլ մեծ մարդ ա, աթոռի վրա ա կանգնած:
Եվ իրոք, խեղճ Խանազատը իր ձայնը լսելի անելու համար աթոռի վրա էր բարձրացել:
Հոմերոսյան մի ծիծաղ էր, որ պայթեց: Ամենից շատ ծիծաղողը ինքը՝ Ռ. Խանազատն էր, որ քիչ մնաց ցած գլորվեր աթոռից:


Մի ուրիշ անգամ Հովհ. Թումանյանի տան սովորական ճաշկերույթներից մեկին ներկա էին մի խումբ գրողներ և այլ մտավորականներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ և այլն: Ներկա էր նաև Մեսրոպ եպիսկոպոս մագիստրոսը, որ անձնապես մտերիմ էր Թումանյանի հետ: Տնեցիներից սեղանի շուրջն էին տիկին Թումանյանը իր երկու մեծ զավակների՝ Մուշեղի և օրիորդ Աշխենի հետ:
Թամադան, իհարկե, Հովհ. Թումանյանն էր:
Այնպես պատահեց, որ Թումանյանը ներկաներին զույգերի բաժանեց և զույգ-զույգ առաջարկեց ներկաների կենացը:
-Խմենք մեր երկու վիպասանների՝ Շիրվանի (Շիրվանզադե) և Ավետիսի (Ահարոնյան) կենացը… Էս էլ մեր երկու բանաստեղծների՝ Ավոյի (Իսահակյան) և Դերենիկի (Դեմիրճյան) կենացը… Էս էլ մեր երկու բժիշկների կենացը…
Եվ այսպես զույգ-զույգ լրացրեց բոլորի կենացները: Մնաց միայն Մեսրոպ եպիսկոպոսի կենացը:
Թումանյանը բաժակը ձեռքը ոտքի կանգնեց: Ներկաներիս ամեն մեկի մտքում միևնույն հարցը ծագեց, թե Թումանյանը ինչպես պիտի զույգ դարձնի Մեսրոպ եպիսկոպոսին, որ միակ կուսակրոնն էր սեղանի շուրջ:


Սրամիտ Թումանյանը, անշուշտ, արդեն մի ելք գտել էր: Այդ ասում էին իր ժպտուն աչքերը: Բայց ի՞նչ էր այդ ելքը՝ ամենքս անհամբեր էինք իմանալու:
-Հիմա մնաց մեր սրբազանի կենացը,- ասաց Թումանյանը և մի արագ հայացք նետեց մեկ Մեսրոպ եպիսկոպոսի, մեկ՝ իր ավագ դուստր օրիորդ Աշխենի վրա:-Էս բաժակն էլ առաջարկում եմ խմել մեզ հետ սեղան նստած երկու կույսերի՝ Մեսրոպ եպիսկոպոսի և իմ Աշխենի կենացը…
Մեսրոպ եպիսկոպոսը թեև կարմրեց, բայց մյուսների հետ կուշտ ու կուռ խնդաց:

Հովհ. Թումանյանը ինքն էլ էր սիրում իր թամադայությունը: Նա թամադա էր ոչ միայն աշխարհականների ճաշկերույթներին, այլև հոգևորականների կոչունքներին: Մի անգամ Էջմիածնում Թումանյանը թամադայություն է արել վարդապետների, եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների ճաշասեղանի վրա:
Էջմիածնի ընդարձակ կալվածքների հոգատարությունը բաժանված էր մի քանի եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների միջև: Հրազդանից մինչև էջմիածնապատկան հողերը բացված առուների հոգատարությունը, ոռոգման նախարարության պես մի բան, հանձնված է եղել Մատթեոս արքեպիսկոպոսին:


Կովկասում, ինչպես և այլուր, մեր լեզվի մեջ մտած են բազմաթիվ օտար՝ թաթարական, պարսկական և ռուսական բառեր: Հայկական առու-ի փոխարեն ժողովուրդը հաճախ թաթարերեն արխ բառն է գործածում: Վանքի առուի տեղ՝ վանքի արխ են ասում:
Ներկա եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կենացը առաջարկելուց հետո Հովհ. Թումանյանը առաջարկել է Մատթեոս արքեպիսկոպոսի կենացը.
-Էս էլ խմենք մեր սրբազանի՝ Մատթեոս արխ-եպիսկոպոսի կենացը:

1913-ին Գևորգ Ե կաթողիկոսի ընտրության առթիվ Էջմիածնում հավաքված պատգամավորների մեծ մասը, մանավանդ արտասահմանյան թեմերից եկածները, կաթողիկոսական ընտրությունից հետո Թիֆլիս եկան: Թիֆլիսում նրանց ճաշկերույթով հյուրասիրեցին:


Ճաշկերույթին հրավիրվածները, իհարկե, Հովհ. Թումանյանին ընտրեցին թամադա:
Նախքան գործի անցնելը, Հովհ. Թումանյանը ոտքի ելավ և հանդիսավոր կերպով հայտարարեց.
-Էս մարդիկ մի քանի օր առաջ Էջմիածնի մեջ ընտրել են Ամենայն Հայոց կաթողիկոս: Հիմա էդ միևնույն մարդիկ եկել են էստեղ և ինձ ընտրել են իրենց սեղանի թամադա: ՈՒրեմն սրանից հետո ես էլ պարզ թամադա չեմ, այլ թամադա ամենայն հայոց:
Հովհ. Թումանյանը, ըստ երևույթին, գոհ էր իր գյուտից, նա սիրել էր ինքն իրեն տված «Ամենայն Հայոց» տիտղոսը:
Մի ուրիշ անգամ էլ Հովհ. Թումանյանը գործածեց «Ամենայն Հայոց» տիտղոսը, բայց շատ ավելի լուրջ և հուզիչ պայմաններում:
Բայց մենք դեռ պիտի գանք այդտեղ:

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԸ
Իբրև իր ժամանակաշրջանի հայ գրական և հասարակական կյանքի առաջաբեմը գրավող դեմքերից մեկը, Հովհ. Թումանյանը ծանոթ էր և շփում ուներ Կովկասում ապրող կամ Կովկաս այցելող իրեն ժամանակակից բոլոր նշանավոր հայ դեմքերի հետ: Բնականաբար, իր ծանոթությունների շրջանակից դուրս չէին կարող մնալ և աչքի ընկնող հոգևորականները:
Թեև քահանայի որդի և քահանայի փեսա, Հովհ. Թումանյանը միանգամայն ազատ էր եկեղեցու հետ կապված նախապաշարումներից: Եկեղեցին չէր սիրում իբրև ծես, այլ իբրև հայ մշակույթը պահպանող և զարգացնող մի ազդակ: Շատ հազվագյուտ առիթներով էր ոտք դնում եկեղեցի: Հոգևորականությանը չէր սիրում իբրև դաս: Թերևս չէր մոռացել և այն, որ իր կյանքի առաջին ձախողանքը՝ կոնսիստորիայի պաշտոնից զրկվելը, արդյունք էր մի քանի հոգևորականների անհանդուրժող ոգու և սահմանափակ մտածողության: Բայց միաժամանակ գնահատում և սիրում էր արժանիքների տեր և տաղանդավոր հոգևորականներին, որոնց հետ շփվելու առիթներից չէր խուսափում:


Գրագետ կամ հասարակական կյանքի մեջ դեր կատարող հոգևորականների հետ բարեկամական, երբեմն նույնիսկ մտերմական հարաբերություններ ուներ:
Հարգանք և հիացում ուներ Վասպուրականի Արծվի՝ Խրիմյանի հանդեպ: Խրիմյանին այցելելու ոչ մի առիթ չէր փախցնում Հովհ. Թումանյանը, երբ ինքը Էջմիածին էր գնում, կամ երբ Խրիմյանը գալիս էր Թիֆլիս:
Խրիմյանը, որ իր խոր ծերությանն իսկ պահել էր իր սուր մտքի պայծառությունը, անշուշտ, հաճույքով էր ընդունում Հովհ. Թումանյանին: Եվ, բնականաբար, իրենց զրույցները հաճախ գրականության շուրջ էին դառնում:
Այդպիսի այցելություններից մեկի ընթացքում հայոց Հայրիկը առաջարկել է կարդալ Հովհ. Թումանյանի համար իր մեկ նոր գրվածքը:


«Խրիմյանը նստեց, ինձ էլ հրավիրեց նստել ու սկսեց կարդալ,- պատմում էր Թումանյանը:- Սկիզբը ուշադրությամբ լսում էի, բայց գրվածքը շատ երկար էր և շատ էլ հետաքրքրական չէր: Խրիմյանի գրիչն էլ ծերացել էր իրեն պես: Հինգ-տասը րոպե վերջը այլևս ուշադրությամբ չէի լսում: Խրիմյանը այդ նկատեց, բայց զգալ չտվեց և շարունակեց կարդալ: Երբ վերջացրեց, նույնիսկ չհարցրեց, թե ինչպես է իր գրվածքը: Հասկացա, որ ծերունին վշտացել էր և խղճի խայթ զգացի: Բաժանվելիս ասաց. «Երբ նորեն Էջմիածին գաս, չմոռնաս այցելել Հայրիկին»: Խոստացա և մեկնեցի: Մի քանի ամիս հետո, երբ կրկին Էջմիածին հանդիպեցի, գնացի տեսնելու Վեհափառին:
Զրույցի ընթացքին Խրիմյանը հարցրեց.
-Նոր բան մը գրե՞ր ես, բե՛ր, կարդա Հայրիկին համար:
Հաջորդ օրը ձեռագիրը գրպանս՝ գնացի վեհարան:
Խրիմյանն ինձ ընդունեց վեհարանի դահլիճում:
-Նստե, նստե կարդա, նայիմ:
Խրիմյանը նստեց, ես էլ նստեցի ու սկսեցի կարդալ:
Հազիվ էի մեկ-երկու էջ կարդացել, որ կաթողիկոսը ոտքի կանգնեց: Ես էլ քաղաքավարության համար դադարեցի կարդալ:
-Կարդա՛,-ասաց Խրիմյանը:
Ես շարունակեցի կարդալ: Խրիմյանն սկսեց քայլել դեպի ընդարձակ դահլիճի մեկ ծայրը: Ես նորից կանգ առա:
-Կարդա՛, դուն կարդա՛,- կրկնեց Խրիմյանը, շարունակելով քայլել:
Ստիպված եղա շարունակել ընթերցումը:
Խրիմյանը դահլիճից անցավ հաջորդ սենյակ: Ես նորից կանգ առա: Նորից լսվեց Խրիմյանի ձայնը.
-Դուն կարդա՛:
Կարդում էի, ականջս շարունակ Խրիմյանի հեռացող քայլերին:
Վեհարանը ընդարձակ շենք է: Մեկ սենյակից մյուսը անցնող Խրիմյանի քայլերի ձայնը այլևս չէր լսվում: Ես, մենակ նստած ընդարձակ դահլիճում, շարունակում էի կարդալ:
Վերջացրի թե չէ, լսվեց Խրիմյանի ոտնաձայնը:
Ներս մտավ և քմծիծաղը դեմքին դարձավ ինձ.
-Ըշտե ատանկ, Հայրիկ կկարդա, դուն չես լսեր, դուն կկարդաս՝ կուզես որ Հայրիկ լսե՞…
Հայրիկը չէր մոռացել մի քանի ամիս առաջ իմ անուշադրությունը և այժմ իր վրեժն էր առնում»,- վերջացրեց իր պատմությունը Հովհ. Թումանյանը:

1906-ին Կովկասում դեռ շարունակվում էին 1905-ից սկսված հայ-թաթարական արյունոտ ընդհարումները:


Ցարական կառավարության կողմից կազմակերպված թաթար հրոսակախմբերը այդ ընդհարումների առաջին ամիսներին հակարծակիի բերեցին մեծ մասամբ անզեն հայ բնակչությանը: Բաքվի, Շուշվա և Գանձակի առաջին ընդհարումներում տուժողները եղան հայերը: Մի քանի ամիս չանցած, սակայն, Կովկասի հայությունը զինվեց և կազմակերպվեց:
Ջարդ ուտելու հերթը այս անգամ թաթարներինն էր:
Թաթարները, հայերի արթնությունը քնացնելու համար, սկսեցին կիրառել մի նենգ գործելակերպ: Թաթար երևելիները մոտենում էին հայ հասարակական գործիչներին, անիծում «շեյթանին» (սատանային, այսինքն՝ ռուս կառավարությանը), որ պատճառ էր դարձել երկու հարևան ժողովուրդների արյունոտ բախումներին, և առաջարկում հաշտարար հանձնախմբեր կազմակերպել՝ հաշտեցնելու համար կռվող կողմերին:
Կովկասի ռուսական իշխանությունը, որ կարող էր քսանչորս ժամվա մեջ խաղաղություն պարտադրել երկու կողմերին ու վերահաստատել երկրի կարգն ու կանոնը, կամ լուռ հանդիսատես էր, չմոռանալով ձեռքի տակից օգնել թաթարներին, կամ քաջալերում էր «հաշտարար» թափորներն ու ժողովները, այն հույսով, որ հայերը կհավատան, վար կդնեն իրենց զենքերը և թաթարների դժվարացած գործը կդյուրանա:


Հաշտության անունով կատարվող այդ խեղկատակություններից մեկը տեղի ունեցավ կովկասյան փոխարքա Վորոնցով-Դաշկովի պալատում՝ նույն իրեն` փոխարքայի նախագահությամբ: Փոխանակ հայտարարելու, թե իր հարևանի դեմ զենք բարձրացնողը առաջին պատահած սյունից կկախվի, Ռուսաստանի ինքնակալ կայսեր փոխանորդը իր պալատ էր կանչել հայ ներկայացուցիչներին և ջարդարար թաթար բեգերին` լսելու համար հայերի ճառերը այն մասին, թե հայկական գյուղերը սրածության են ենթարկվում թաթարական հրոսակախմբերի կողմից, և թաթար բեգերի պատասխան ճառերը, թե հայ հարուստները Բաքվում շատ նավթահորեր ունեն:
Շատ շուտով պարզվեց, սակայն, որ «հաշտարար» ժողովներին և թափորներին հաջորդում են թաթարների նոր և ավելի կատաղի հարձակումները: Եվ արյունոտ վեճի լուծումը դարձյալ մնաց զենքին: Հայկական զենքի գերակշռությունը վերջիվերջո լուծեց այն կնճիռը, որ Կովկասի փոխարքան ուզում էր «լուծել» ճառերով ու հորդորներով, մոռանալով, որ ինքը բազմահազար բանակ և ոստիկանություն ունի:
Հայերը սկզբում հավատացին, թե հակառակորդը անկեղծ կերպով խաղաղություն է ուզում: Հայկական միամտությունը «՛հաշտարար» խեղկատակություններին մասնակից դարձրեց նույնիսկ ալեհեր ու հիվանդ կաթողիկոսին՝ Խրիմյան Հայրիկին:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ