Կգա՞ Պուտինը
10.09.2019 | 00:38
Իշխանությանը տիրացած ուժերի համար «արջամկան օրեր» են` ոչ մի տեղաշարժ, բացի վարկանիշի կորստից. քանդվող-քայքայվող խորհրդարանական մեծամասնություն, վերադասավորվող Ազգային ժողով, բրգացման գնացող արտախորհրդարանական ընդդիմություն, այդպես էլ չհստակվող աշխարհաքաղաքական խմորումներ:
Սկսենք վերջինից. կրեմլյան որոշ աղբյուրներ սկսել են «շշնջալ»` Վլադիմիր Պուտինը Հայաստան չի գա: Կտեղափոխվի՞ ԵԱՏՄ խորհրդաժողովը Մոսկվա՝ չի ասվում: Ի դեպ, այս համատեքստում բավականին հետաքրքիր քայլ արեց Ռուսաստանը` չեղարկելով Միքայել Հարությունյանի հետախուզումն իր տարածքում: Ասել է` Ռուսաստանը ոչ կոշտ, սակայն խիստ նշանային կիսաքայլերով հասկացնում է հայաստանյան իշխանություններին իր խոր դժգոհության մասին:
Ռուսաստանը «դժգոհ» լինելու հազար ու մի պատճառ ունի, ընդ որում, մենք նրանց թվում չենք, որոնք կարծում են, թե Պուտինի Հայաստան չգալու պատճառը Քոչարյանի կալանքից չազատումը կլինի:
Արձանագրենք նաեւ, որ իշխանական կուլիսները «շշնջում» են` իշխանութունները որևէ ցանկություն չունեն ենթարկվելու ՍԴ որոշմանը` կյանքի կոչել Քոչարյանին կալանքից ազատելու սահմանադրական նորմը, ինչը, այո, կարող է լինել պատճառներից մեկը` Պուտին Վլադիմիրի Հայաստան չգալու, բայց ոչ միակը:
Հայաստան-Ռուսաստան «անհասկացողության» պատն այնքան երկար է, որ թվելն անիմաստ ժամանակի վատնում կարող է լինել, այնուհանդերձ, ոչ անհայտ Շիշկինին քաղաքական ապաստան տալը, հետո դա չեղարկելը (Շիշկինն արդեն մեկնել է Ռուսաստան), Հայաստանը` ռուսական թավշյա հեղափոխության «տյունինգների» հարթակ սարքելը, Փաշինյանի աներձագի հայտնի նամակը (սա, իհարկե, հերքվեց, բայց առանց կրակի ծուխ չի լինում)` «ֆինանսապես օժանդակելու հայ թավշիստներին` Նավալնու հեղափոխությանն օժանդակելու, թավիշը Ռուսաստան արտահանելու մասին, էլ չենք ասում ամենակարևորի, Փաշինյանի` Արցախում արած հայտարարության («Ղարաբաղը Հայաաստան է և վերջ», ինչին առանձին կանդրադառնանք), ինչը ռուսական փորձագիտական շրջանակների համար խիստ անհասկանալի, եթե չասենք` իսպառ անընդունելի մոտեցում համարվեց: ՈՒ թե սրան էլ գումարում ենք «տրոյական ձին», որն Արցախ ուղարկեց Փաշինյանը, որպես Սորոսի աչք (Իոաննիսյան Դանիելի և «Թրանսփերեյսըն ինտերնեշնլի» կազմակերպությունները, որպես դիտորդ), հասկանալի է դառնում, որ Փաշինյանը, ՀԱՊԿ-ը տակնուվրա անելուց հետո, ձեռնամուխ է եղել հեղափոխությունը Ռուսաստան արտահանելուն զուգընթաց Ղարաբաղ արտահանելուն:
Մեկ նրբերանգ ևս, և անցնենք ներքաղաքական բրգացումներին. Փաշինյանը մեկնում է ԱՄՆ` այս պահին «զրո» հանդիպումների մակարդակով: Սակայն հասկանալի է նաև, որ ուսապարկով բարիկադներ գրոհած հեղափոխական Փաշինյանը միայն գլենդելյան միտինգով չի կարող անցնել ոչ անհայտ Բոլթոնի` աշխարհին հայտնի բեղերի կողքով, որից հեղափոխության առաջին իսկ օրերին հանձնառություններ ուներ` «իր ուժեղ մանդատով փակել Իրանի հետ սահմանը, լուծել Ղարաբաղի հարցը, տարածաշրջանից և Հայաստանից հեռացնել Ռուսաստանը»:
ՈՒստի պետք է դեռ սպասել, հասկանալու` ինչ է անում միստր Բոլթոնը սորոսյան փողերով Հայաստանը գունավորած հեղափոխականի հետ յուր երկրում գտնվելու օրերին:
Նշանակալից զարգացումներ են ընթանում նաև ներքաղաքական դաշտում. Այստեղ մասնակի բրգացում, լյուստրացիա տեղի ունեցավ: «Ադեկվատները», որոնք վերջին շրջանում քաղաքական օրակարգ էին ձևավորում, բացեցին Օվերտոնի պատուհան, ինչը ռեզոնանս առաջացրեց ոչ միայն իշխանական թիմում, այլև ընդդիմադիր դաշտում` ցուցանելով ընդդիմադիր կոնտուրները:
Ինքնատիպությամբ անվերջ աչքի ընկնող, Նիկոլ Փաշինյանի երբեմնի լավ ընկեր, ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարակիր «Ադեկվատների» առաջնորդը, ի շարս այլ օվերտոնյան մոտեցումների, տվեց նաև սպասված անունը, որը լուրջ «աշխուժություն» առաջացրեց քաղաքական-ընդդիմադիր` «մինուս մեկ» շրջանակներում:
Այդ կիսաքայլն արված էր ժանրի կանոնների համաձայն` «մտորելու համար»:
Եթե մեզ հարցնեք` փորձարկումը բավականին հաջող էր` ըստ գծագրված-սպասված արդյունքների: Եթե ոչ ավելին:
Այս մասին` հաջորդիվ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ